Գրքեր

«Քո բոլոր ճանապարհներում Աստծո՛ւն ունեցիր աչքիդ առաջ»

Պողոս առաքյալի միջոցով ասված՝ Աստծու այն խոսքը, թե՝ ապրեցե՛ք այնպես, ինչպես վայել է ձեր կոչումին, որին հրավիրեց ձեզ Աստված (Եփես. 4:1), ուղղված է բոլորին, քանի որ բոլորն անխտիր կոչում և հրավեր ունեն Աստծու կողմից: Բոլորն առանց բացառության կանչված են Աստծու Արքայություն, քանի որ անհնար է, որ Աստված կողմնակալ լինի, այսինքն՝ մեկին հրավիրի իր Արքայություն, մյուսին ոչ, ոմանց ավելի շատ սիրի, մյուսներին՝ ավելի քիչ: Աստված հավասարապես սիրում է բոլորին, մարդիկ են, որ քիչ կամ շատ են սիրում Աստծուն: Քանի որ բոլորը կանչված են, նշանակում է՝ կրում են Աստծու կոչը մերժելու կամ ընդունելու պատասխանատվությունը: Աստված մարդուն ազատ է ստեղծել և չի ստիպում նրան, որ հետևի Իրեն: Եթե մարդ այս կյանքում վայելում է Աստծու ներկայությունը, ապա այն կվայելի նաև հավիտենական կյանքում, իսկ եթե զուրկ է Աստծու ներկայությունից, ապա այդ ներկայությունից զրկված կլինի նաև հավիտենական կյանքում: Այնտեղ՝ հավիտենական կյանքում, շարունակվելու է այն վիճակը, որի մեջ մարդը գտնվել է երկրային ու ժամանակավոր կյանքում: Դա մարդու ազատ ընտրության պտուղն է:

Քրիստոնյայի կյանքի նախատիպը Հիսուս Քրիստոս է, Նա է ցույց տալիս կյանքն ապրելու կերպը և չկա մեկը, որ ասի՝ ես ոչինչ չգիտեմ, ինձ ոչինչ հայտնի չէ, ոչինչ չեմ տեսել: Աստծու Որդին մարմնացավ և որպես Մարդ՝ օրինակ հանդիսացավ բոլորին, որ գնանք Իր հետքերով: Բազում սրբեր բազում չարչարանքներ կրեցին համբերությամբ՝ իրենց աչքի առաջ ունենալով Քրիստոսին: Պողոս առաքյալն ասել է. «Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ պաշարում է մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ» (Եբր. 12:1):

Պատկերացնենք վազորդի, որ մարզադաշտով վազում է, և իր դիմաց նայելու փոխարեն նայում է հանդիսականներին, ովքեր եկել են իրեն հետևելու և ծափահարելու։ Նա, իհարկե, կսայթաքի և կընկնի, իսկ այն վազորդը, որ վազելիս դեպի վերջնագիծ և պարգև է նայում, չի շեղվի ու սայթաքի: Նույնը տեղի է ունենում քրիստոնյայի հետ։ Եթե նրա առջև Քրիստոս է, նա չի սայթաքի, իսկ եթե իր հայացքը շրջել է Քրիստոսից, ապա, անխուսափելիորեն, կսայթաքի: Հայացքը դեպի Քրիստոս ուղղած անձի հետ ինչ էլ որ լինի՝ ամենամեծ հաջողությունից մինչև ամենամեծ ձախողումը, երբեք չի տատանվի: Ուշադիր չլինելու դեպքում քրիստոնյան թե՛ անհաջողությունից և թե՛ հաջողությունից կարող է վնասվել: Անհաջողության դեպքում մարդ ցավ է ապրում, ինչը նրան սթափեցնում է, իսկ հաջողության դեպքում մարդ Քրիստոսին նայելու փոխարեն, սկսում է այլ բանի նայել, արդյունքում մոլորվում է՝ կորցնելով իր կոչումն ու նպատակը: Եթե անգամ քրիստոնյան ձեռք բերի հարստություն, փառք, իշխանություն, ապա չպետք է մոռանա, որ ամեն ինչ ունայն է ու անցողիկ: Նա, ով ավելի շատ հնարավորություններ ունի, ավելի մեծ պատասխանատվություն է կրում Աստծու, մարդկանց և իր առաջ: Եվ որքան մեծ է հարստությունը, փառքը, իշխանությունը, այնքան առավել մեծ է մարդու պատասխանատվությունը Աստծու, մարդկանց և իր առաջ: Այդ պատճառով քրիստոնյան պետք է ուշադիր լինի թե՛ հաջողության և թե՛ անհաջողության դեպքում: Մարդ ամեն պահի կարող է ծայրահեղ հաջողությունից ծայրահեղ ձախողման մեջ ընկնել: Ո՛չ աղքատությունը, ո՛չ հարստությունը, ո՛չ հաջողությունը, ո՛չ անհաջողությունը, ո՛չ փառքը և ո՛չ անպատվությունը չեն կարող շփոթեցնել քրիստոնյային, եթե նրա առջև Քրիստոս է: Քանի որ ինչ էլ պատահի, նա գիտի, որ ընթանում է այն ճանապարհով, որ դեպի Աստված է առաջնորդում:

Այդպես չէր շփոթվում ու տատանվում Աստծուն վստահող և Նրան միշտ իր աչքի առաջ ունեցող հարուստ գյուղացին, որի մասին պատմվում է մի առակում: Մեծ հարստության տեր գյուղացուն շատերն էին նախանձում գյուղում, նա գեղեցիկ նժույգ ուներ, որ մի օր գնաց տափաստան և չվերադարձավ: Նրան նախանձողներից բացի նաև խղճացողներ ի հայտ եկան, բայց նա չէր տխրել, իսկ այն հարցին, թե ինչու իր դեմքին թախիծ չկա, նա պատասխանեց՝ իսկ ես չգիտեմ՝ դա լավ է, թե վատ: Նախանձող գյուղացիների ուրախությունը կարճ տևեց, քանի որ կորած ձին վերադարձավ տափաստանից՝ իր հետ բերելով վայրի ձիերի երամակ: Բոլորը կրկին սկսեցին նրան նախանձել, բայց ծերունին չէր ուրախանում և հանգիստ էր: Նրան ուղղված այն հարցին, թե ինչու ուրախություն չկա նրա դեմքին, նա նույն պատասխանը տվեց՝ ինձ տրված չէ իմանալ՝ դա լավ է, թե վատ: Մի օր նրա որդին ընկավ հեծելուն անսովոր ձիուց և խեղեց ոտքը, ոմանք տխրեցին, իսկ այլոք թաքուն ուրախացան: Բայց գյուղացին հանգիստ էր: Նրան կրկին հարցնում էին և նա նախկինի պես էր պատասխանում: Պատերազմ սկսվեց և բոլոր երիտասարդներին զորակոչեցին բանակ, իսկ նրա որդուն չվերցրին: Բոլորը կրկին սկսեցին նախանձել նրան: Միայն ծերունին էր, որ ո՛չ տխրում էր, ո՛չ ուրախանում…

Յուրաքանչյուրն իր սրտում կարող է տեղ ունենալ ընտանիքի, աշխատանքի, հայրենիքի համար, բայց ոչինչ չի կարող Աստծու տեղը գրավել: Եթե այն տեղում, որ վերապահված է Աստծուն, այլ բան զբաղեցնի, ապա կսկսվեն խնդիրները և ամեն ինչ կփլուզվի: Ավետարանը չի ուսուցանում չսիրել ընտանիքը, հայրենիքը, աշխատանքը կամ որևէ այլ բան, այլ հակառակը՝ այդ ամենի հանդեպ առողջ սեր ունենալ և իմանալ ամեն ինչի սահմանները: Երբ մարդ սիրում է ինչ-որ մեկին, ով դարձել է նրա կյանքի նպատակը, նրան կուռք է դարձրել ու աստվածացրել, ապա անխուսափելի են խնդիրները: Քրիստոս ասել է. «Ով որ գալիս է Ինձ մոտ և Ինձ ավելի չի սիրում, քան իր հորն ու մորը, կնոջն ու զավակներին, եղբայրներին ու քույրերին և նույնիսկ իր անձը, չի կարող Ինձ աշակերտ լինել» (Ղուկ. 14:26): Սիրել՝ չի նշանակում դիմացինին աստվածացնել կամ ճնշել, այլ հակառակը՝ հարգել նրա ազատությունը: Սերը միավորում է մարդկանց, բայց չի քանդում դիմացինի անհատականությունը: Անհիմն և անխոհեմ սերը ցավ է պատճառում:

Ինչպե՞ս արժանի լինել Աստծուն, այս հարցի մասին էր խորհում ոմն եղբայր և այս հարցն ուղղեց աբբա Անտոնիոսին: Պատասխան տվեց ծերը և ասաց. «Ինչ պատվիրեմ քեզ՝ պահիր և կապրես: Քո բոլոր ճանապարհներում Աստծո՛ւն ունեցիր աչքիդ առաջ, և ինչ էլ որ գործես Սուրբ Գրքի վկայությամբ ձեռնարկի՛ր: Ամեն տեղ, ուր նստես, դյուրաշարժ մի՛ եղիր. այս երեքը պահի՛ր և կապրես»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

19.01.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․