19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր

«Քո բոլոր գործերի մեջ հիշի՛ր վախճանդ, և չես մեղանչի երբեք»

Մարդը փորձում է իր կյանքը հնարավորինս հարմարավետ դարձնել և ապրում է այնպես, կարծես թե երբեք չի բաժանվելու իր սիրելիներից ու մերձավորներից: Երկրային բարիքներին հազար ու մի թելերով կապված մարդը մոռանում է, որ ինքը երկրի վրա «օտար է և պանդուխտ» (Եբր. 11:13): Որոշ քրիստոնյաներ, ինչպես առաքյալները սկզբնական շրջանում, կարծում են, որ Երկնային Արքայությունը և Աստծո փառքը երկրի վրա է հաստատվելու՝ մոռացության մատնելով Տիրոջ հետևյալ խոսքը՝ «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ» (Հովհ. 18:36): Իրապես, աշխարհը լքելը նրա համար է դառնում տառապանք, ով չի նախապատրաստվել մահվան, ով չի հոգացել իր հոգու փրկության մասին, իսկ նա, ով ապրում է աղոթական կյանքով, Աստծո կամքը փնտրելով, այս աշխարհը լքելիս չի կորցնում ոչինչ, այլ հակառակը՝ արժանանում է Տիրոջ կողմից խոստացված երանելի կյանքին:     

Մահվան մասին հիշողությունը, ինչպես մյուս առաքինությունները, Աստծո պարգևն է մարդուն: Աստվածահաճո կյանքն անհնարին է առանց մահվան նախապատրաստության, առանց մահվան և հավիտենական կյանքի մասին հիշողություններ ունենալու: Մի օր եգիպտացի ծերերից մեկը հանդիպում է բազմության, որ հետևում էր դեպի կախաղան ընթացող ավազակին: Բազմության մեջ տեսնում է վանականի և հարցնում՝ ինչո՞ւ ես նրանց հետևում, մի՞թե քեզ հաճելի է տեսնել դատապարտյալի տառապանքները: «Ոչ, հա՛յր,- պատասխանեց վանականը,- ես չունեմ մահվան մասին հիշողություն և հույս ունեմ, որ, տեսնելով դատապարտյալի տառապանքն ու մահը, ձեռք կբերեմ այդ հիշողությունը»: Բոլոր սրբերն ու ճգնավորները տարբեր միջոցներով փնտրել են այդ հիշողությունը՝ փորձելով այն ամրապնդել իրենց մեջ: Սովորաբար մարդն իրենից վանում է մահվան մասին մտքերը և ըստ էության՝ իր կյանքի յուրաքանչյուր օրն այնպես է ապրում, կարծես թե բոլոր մարդկանցից միայն իրեն է շնորհված անմահությունը: Ճշմարիտ քրիստոնյան չպետք է խուսափի այդ մտքից, այլ, եկեղեցու հայրերի հորդորների համաձայն, բոլոր հնարավոր միջոցներով՝ մահամերձին այցելելով, մերձավորի թաղմանը և գերեզմանոց գնալով, ննջեցյալի համար մշտապես աղոթելով, արթուն պահի այդ հիշողությունն իր մեջ: Այդ կերպ մարդը կհաղթահարի երկրի վրա անմահ ապրելու պատրանքը, կկարողանա ճշմարտության երեսին նայել՝ հավատալով միայն հոգու անմահությանը:  

«Քո բոլոր գործերի մեջ հիշի՛ր վախճանդ, և չես մեղանչի երբեք» (Սիր. 7:39): Այսինքն՝ մահվան մասին հոգեշահ մտածումը օգնում է մարդուն սիրով, ջերմությամբ և համբերատարությամբ մարդկանց հետ վարվելու՝ մտածելով, որ թե՛ ինքը և թե՛ իր մերձավորները գուցե տվյալ օրը վերջին անգամ միմյանց տեսնեն և որ իրենց հաջորդ հանդիպումը կլինի արդեն Քրիստոսի Երկրորդ Գալստյան և դատաստանի ժամանակ: Երբեմն մարդն անտարբեր և անուշադիր է գտնվում այլոց հանդեպ, ովքեր հանկարծակի լքում են աշխարհը, և մարդն այդ մասին միայն դառն ափսոսանքով է հիշում, քանի որ ի վիճակի չէ ոչինչ ուղղելու:  

Ըստ հայրաբանական գրականության՝ երբ հոգին հիշում է մահվան մասին, խոնարհվում է, ամեն ինչ հանձնում է Աստծո կամքին, սկսում է սիրո և խաղաղության մեջ ապրել, այլևս չի վախենում մահից, այլ սկսում է պատրաստվել դրան:

Շատ սրբեր և ճգնավորներ նախապես պատրաստում էին իրենց գերեզմանը՝ իրենց մահվան ժամը համարելով որպես իրենց կյանքի կարևորագույն և որոշիչ պահ: Մահվան մասին հիշողությունը մարդուն առաջնորդում է դեպի բարոյական կատարելագործում, հիշեցնում է երկրային կյանքի ունայն լինելը, ստիպում է մտածել հավիտենության մասին: Անչափ կարևոր է, որ մահվան մասին հիշողությունը մարդուն դեպի խոնարհության ու ապաշխարության, այլ ոչ թե հուսահատության առաջնորդի և ծառայի որպես փրկության և ոչ՝ կործանման միջոց: Ի՞նչ է մահը և ինչո՞ւ է մարդ ապրում, այս հարցերի լիարժեք պատասխանը հնարավոր է գտնել միայն հավատքի շնորհիվ: «Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել Քրիստոսի վրա, մարդկանց մեջ ամենից խղճալին ենք»,- ասում է Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 15:19):

Ս. Անտոն Մեծն ասում է, որ մահն անմահություն է նրա համար, ով այն ընկալում է իր ողջ խորությամբ. «Ոչ թե մահից, այլ հոգևոր մահից պետք է վախենալ: Եթե մարդն ամեն ջանք ու միջոց գործադրում է մարմնական մահից խուսափելու համար, ապա առավել ևս պետք է ջանա հոգևոր մահից խուսափել, քանի որ նա, ով ցանկանում է փրկվել, նրա համար չկա արգելք, եթե ոչ միայն հոգու հանդեպ անփութությունն ու ծուլությանն անձնատուր լինելը: Մահկանացուները պետք է հոգան իրենց մասին՝ իմանալով, որ առջևում մահն է: Յուրաքանչյուր նոր բացվող օրվա հետ մտածիր, որ այն քո կյանքի վերջին օրն է և հեռու կմնաս մեղքերից»:

Կարևոր է նաև ականջալուր լինել Ս. Հովհան Ոսկեբերանի հետևյալ հորդորին. «Քրիստոնյա՛, դու զինվոր ես, որ մշտապես կանգնած ես զորաշարքում, իսկ զինվորը, ով վախենում է մահից, երբեք չի կարող որևէ սխրանք գործել: Ոչ թե մահից, այլ մեղքից  է պետք սարսափել և վախենալ: Ոչ թե մահը մեղք ծնեց, այլ մեղքը մահ ծնեց, և մահը դարձավ մեղքի բուժումը: Ոչ թե մահը, այլ անմաքուր խիղճն է տխրություն ու թախիծ պատճառում: Այդ պատճառով դադարիր մեղանչել, և մահը կդառնա քեզ համար ցանկալի: Դադարենք մահվան պատճառով տրտմելուց և սգալուց, ընդունենք ապաշխարության տխրությունը, հոգանք բարի գործերի և լավ կյանքի մասին: Քանի դեռ ժամանակ և հնարավորություն ունենք, փորձենք  բարի պտուղներ տալ և ուղղվել, եթե մեղանչել ենք ակամա, որպեսզի երբ մահվան օրն անսպասելի այցելի մեզ, ստիպված չլինենք ապաշխարության ժամանակ փնտրել և չգտնել, խնդրել ողորմություն և հնարավորություն զղջալու, բայց չստանալ: Պատրաստ եղիր նրան, որ Աստված կարող է ամեն օր հոգիդ պահանջել: Մի արա այնպես, որ այսօր զղջաս, իսկ վաղն այդ մասին մոռանաս: Թող նրանք, ովքեր, որ կգան մեր հոգին տանելու, չգտնեն մեզ այն հարուստի նման, ով անմաքրության խավարի մեջ էր, այլ թող մեզ գտնեն պահեցողության, եղբայրասիրության, ողորմության և աղոթքի մեջ, թող գտնեն որպես ցերեկվա որդիներ և տանեն Ճշմարտության Արեգակի մոտ»,- և որպես վերջաբան սուրբն ասում է՝ միշտ սպասիր մահվանը, բայց մի վախեցիր նրանից:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

18.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․