Քրիստոնյայի իրական կոչումը

Սուրբ Մկրտությամբ յուրաքանչյուր անձ, ջրից ու Հոգուց վերստին ծնունդ առնելով, սրբվում է Ադամից ժառանգած (ադամական) և նաև մինչ մկրտությունը գործած մեղքերից, ընդունում է երկնավոր Հոր որդեգրությունը և դառնում Քրիստոսին ժառանգակից, Սուրբ Հոգու տաճար և քրիստոնյա, այսինքն՝ արժանանում է Քրիստոսի անունը կրելու պատվին: Սուրբ Մկրտությամբ քրիստոնյա անունը ստացած ամեն ոք պետք է խորհի՝ իր կյանքը համապատասխանո՞ւմ է այն անվանը, որ ինքը կրում է: Ս. Գևորգ Զորավարի վարքագրության մեջ կարդում ենք, որ երբ քրիստոնյաների դեմ հալածանք սկսվեց, նա, քրիստոնյաներին քաջալերելով, անձամբ ներկայացավ թագավորական ատյան՝ հարցնելու Քրիստոսի հետևորդների դեմ ուղղված հալածանքի պատճառը: Ս. Գևորգին ուղղված այն հարցին, թե՝ ո՞վ ես դու և ի՞նչ է քո անունը, նա պատասխանեց՝ իմ առաջին անունը քրիստոնյա է, բայց մարդկանց կողմից Գևորգ եմ կոչվում: Սրբի վարքագրությունը հաստատում է այն, որ Քրիստոսի հետևորդը նախ քրիստոնյա անունն է կրում, ապա այն անունը, որ տրվել է իրեն ծննդյան ժամանակ: Ուստի քրիստոնյայի պարտքն է ջանալ նմանվել Քրիստոսին, Ում անունը կրում է ինքը. «Ձեզնից յուրաքանչյուրն իր և ուրիշների մասին թող խորհի այն, ինչ տեսնում է Հիսուս Քրիստոսի մեջ» (Փիլիպ. 2:5): Քրիստոս, խոնարհաբար աշխարհ գալով, խաչի մահվամբ Իր վրա վերցրեց մարդկության մեղքերը՝ փրկություն շնորհելով բոլորին: Երկրի ու երկնքի Տերը լինելով՝ երկրի վրա Իր կացարանը չունեցավ: Նրա սերն այնքան մեծ էր, որ խաչի վրա աղոթեց Իրեն խաչողների համար: Իսկ հնարավո՞ր է Քրիստոսի անունը կրելով, թշնամություն և չարիք տածել մերձավորի հանդեպ: Առաջին դարում շատ մեծ արագությամբ էր քրիստոնեությունը տարածվում, քանի որ հեթանոսության համեմատ մարդիկ տեսնում էին քրիստոնեական ուսմունքի բարձրությունը: Այդ ժամանակահատվածում ոչ նվազ նշանակություն ուներ նաև յուրաքանչյուր քրիստոնայի կյանքը, որ լի էր սիրով, բարությամբ ու կարեկցանքով ոչ միայն մերձավորի, այլ նաև օտարի և այլակրոնի հանդեպ: Քրիստոնյաների հալածիչ Հուլիանոս Ուրացող կայսրը քրիստոնեության տարածման մեջ առանձնահատուկ ուժ էր համարում քրիստոնյաների բարությունն ու սերը բոլորի հանդեպ: Նա հեթանոս մի քրմի հետևյալն էր գրել. «Ուշադրություն դարձրեք նրան, որ ոչինչ այն աստիճան չի նպաստում քրիստոնեության տարածմանը, որքան սերը, որ ցույց են տալիս քրիստոնյաները բոլորի հանդեպ»: Նա մատնանշում էր հեթանոսության անզոր պայքարը քրիստոնեության դեմ և քրմին առաջարկում էր հեթանոսական կրոնի արժեքը բարձրացնելու հետևյալ տարբերակը. «Ես կարծում եմ, որ մեզ հարկավոր է քրիստոնյաներից օրինակ վերցնել և բոլոր քաղաքներում հիվանդանոցներ ու աղքատանոցներ բացել, քանի որ ամոթալի կինի մեզ համար, եթե անտեսենք մեր աղքատներին, մինչդեռ քրիստոնյաները ոչ միայն իրենց հավատակիցներին են խնամում ու օգնում, այլ նաև՝ հեթանոսներին»: Բնականաբար, հնարավոր չէ համեմատել հեթանոսի կողմից կայսրի հրամանի համաձայն արված բարեգործությունը քրիստոնյայի կողմից արված բարեգործության հետ, որ հիմնված է անշահախնդիր սիրո վրա: Կարո՞ղ էր հեթանոսությունն իր հետևորդներից թեկուզ քչերի մոտ պատկերացնել մերձավորի հանդեպ անձնազոհ սիրո այնպիսի բարձրագույն արտահայտություն, որ ցուցաբերում էին քրիստոնյաները հիվանդների հանդեպ երրորդ դարի կեսին Ալեքսանդրիայում բռնկված համաճարակի ժամանակ: Ականավոր եկեղեցական պատմիչ Եվսեբիոս Կեսարացին նշում է, որ համաճարակն ավելի շատ մոլեգնում էր հեթանոսների մեջ և մեջբերելով արհավիրքի ժամանակակից Դիոնիսիոս եպիսկոպոսի խոսքերը՝ գրել է. «Այդ ժամանակ մեր եղբայրներից շատերը, սիրո առատությունից և եղբայրասիրությունից ելնելով, չէին խնայում իրենց, անվախորեն այցելում էին հիվանդներին, անխոջաբար ծառայում նրանց հանուն Քրիստոսի և նրանց հետ էլ միասին ուրախությամբ մահանում: Պատմիչը, շարունակելով, գրել է, որ բոլորովին այլ կերպ էին վարվում հեթանոսները. «Նրանք դուրս էին վռնդում նոր վարակվածներին, փախչում էին անգամ իրենց սիրելիներից, փողոց էին նետում մահամերձներին, առանց թաղման թողնում մահացածներին՝ այսպիսով ամեն կերպ փորձում էին խուսափել մահից, ինչից այդքան էլ հեշտ չէր խուսափել»:    

Քրիստոնյա բարձրագույն անվանումն այն կրողներին պարտավորեցնում է նախ փնտրել Երկնքի Արքայությունը և Աստծու կամքը (Մատթ. 6:33), ողջ սրտով սիրել Աստծուն, հավատարիմ լինել Նրան՝ մշտապես կատարելագործվելով ավետարանական ոգով: Ցավալիորեն, քչերն են անդադրում ձգտում այդ նպատակին. մարդկանցից շատերի սրտում օրերով, տարիներով աճում են կրքերը, ամրանում են արատավոր սովորությունները, իսկ քրիստոնեական նախանձախնդրությունը թուլանում է՝ հոգու հանդեպ անփութության, երկնային բարձրագույն կոչման հանդեպ անհոգության պատճառով: Ինչպես անխնամ արտում են սկսում աճել որոմներ, որ վնասակար են ցորենի համար, այնպես էլ մարդու սրտում են սկսում կրքերի փշեր աճել, որ վնասակար են բարեպաշտության համար, եթե ժամանակին արմատախիլ չարվեն:  

Բազմիցս և բազմազան ձևերով Քրիստոս Իր հետևորդներին կոչ է անում հետևել Իրեն, բայց ոչ աշխարհին կամ կրքերին: «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ»,- ասում է Քրիստոս (Հայտ.3:20): Առաքյալները, արձագանքելով Քրիստոսի կոչին, անմիջապես հետևեցին Նրան՝ չասելով, թե՝ Տե՛ր, թույլ տուր ավարտենք մեր երկրային գործերը, ապա հետևենք Քեզ: Նրանք շատերին էին դեպի Քրիստոս առաջնորդում՝ հոգալով նաև նրանց հոգու փրկության մասին: Քրիստոնյան պետք է խորհի, թե ինչ կոչում ունի այս աշխարհում: Առաջին կոչումն, ըստ Սուրբ Գրքի, մարդու մեջ է. «Սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղևտ. 19:2): Իսկ ինչո՞ւմ է կայանում այս կոչումը. յուրաքանչյուր անձ այս աշխարհում պետք է լինի այնպիսին, ինչպիսին արարվել է, այսինքն՝ յուրաքանչյուրը նախ և առաջ պետք է մարդ լինի: Աստված յուրաքանչյուրին պարգևել է շնորհներ, ընդունակություններ, օրենքներ, և մարդու առաջին պարտքն է Աստծու ձեռքից ստացածը գործածել՝ Նրա կամքի համաձայն: Այս դեպքում մարդը կլինի այնպիսին, ինչպիսին արարվել է, քանի որ Աստծու կամքն է, որ մարդը սրբվի (Ա Թեսաղ. 4:3):

Աստծու կամքն է, որ Իր հետևորդները սիրեն իրենց մերձավորին, ինչպես իրենց են սիրում (Մարկ. 12:31): Եթե ուշադրությամբ նայենք բնությանը, ապա չենք գտնի ոչինչ, որ գոյություն ունենա միայն իր համար, հակառակը՝ կտեսնենք, որ Աստծու ստեղծածները գոյություն ունեն ոչ այնքան իրենց, որքան մեկը մյուսին ծառայելու համար: Ո՞ւմ չեն ծառայում օրինակ՝ ջուրը, կրակը, օդը և այլ տարրեր, ո՞ւմ չեն ծառայում քարերը, բույսերն ու կենդանիները: Բնության մեջ ամեն ինչ միավորված է ամենասերտ և անխզելի կապով, բնության մեջ բոլորը միմյանց նեցուկ են, աճում ու զարգանում են փոխադարձ զոհողությամբ՝ հաճախ նույնիսկ կյանքի զոհողությամբ: Այդպես պետք է լինի և մարդկանց միջև, որ արարչագործության պսակն են:

Քրիստոնյայի բարձրագույն կոչումներից գլխավորը Աստծուն ամբողջ սրտով, հոգով, մտքով և ամբողջ զորությամբ սիրելն է (Մարկ. 12:30): Նա է աշխարհի Արարիչը, Հայրը, Նախախնամողը, որ այն աստիճանի է հոգում բոլորի մասին, որ առանց Նրա կամքի մարդու գլխից մի մազ անգամ չի ընկնում: Եվ ինչպե՞ս կարող է մարդն ամենքից և ամեն ինչից առավել չսիրել Նրան և չարձագանքել Նրա խոսքին, որ ասել է Ս. Պողոս առաքյալի շուրթերով. «Թե՛ կերած-խմած ժամանակ և թե՛ ուրիշ որևէ դեպքում, ինչ էլ որ անեք, ամեն ինչ արեք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10:31): Երկնավոր Հայրը աշխարհի արարումից ի վեր պատրաստել է մարդու համար Երկնային Արքայությունը և գրկաբաց սպասում է յուրաքանչյուրին Իր մոտ՝ անվերջանալի երանությունը վայելելու: Այդպիսի աստվածային, անճառելի սիրո դիմաց մարդ պետք է ջանա Աստծուն հատուցել փոխադարձ սիրով, ապրել ու գործել Նրա կամքի համաձայն՝ ամեն ինչում փառաբանելով Նրան:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

12.03.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․