Գրքեր

«Քրիստոս մեկ մահվամբ բազում մահերի գիրը կնքեց»

Հարուցյալ Փրկչի հարության իրողությունը մեր առջև բացում է մի նոր ուղի, այն ուղղորդում է մեզ դեպի կյանք, դեպի հավիտենություն: Երկրային մեր կյանքը դադարում է լինել սոսկ երկրավոր: Անմահության հասկացողությունը դառնում է մեր արարքների ուղղիչ ուժը: Պողոս առաքյալի խոսքով՝ քրիստոնյայի միակ փափագն է դառնում ճանաչել Քրիստոսին, Նրա հարության զորությունը (Փիլիպպ. 3:10):

Քրիստոս՝ ննջեցյալների առաջին Պտուղը, իր հարությամբ փոխեց, իմաստավորեց, կերպարանափոխեց, հիմնովին վերանորոգեց մարդկային մեր կյանքը. նոր մարդ եղանք նորոգված մտքերով: Պողոս առաքյալը հորդորում է, որ. «ինչպես Քրիստոսը մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք ապրենք մի նոր կյանքով» (Հռոմ. 6:4) և «նոր մարդ եղեք նորոգված մտքերով, որպեսզի իմանալով Աստծո կամքը, ձեր փորձառությամբ ընտրեք լավը, այսինքն՝ ինչ որ բարի է, ինչ որ ընդունելի է նրան և կատարյալ» (Հռոմ. 12:2):

Հույսի այս տոնը հավիտենական հույսով լցրեց մարդկային սրտերը, անմահության հույսը համակեց ճշմարիտ քրիստոնյայի կյանքը: Հարությունը եղավ մեր հույսի հիմնաքարը: «Իր առատ ողորմությամբ վերստին ծնեց մեզ, որպեսզի մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ ունենանք այն կենդանի հույսը, թե ժառանգելու ենք անեղծ, անարատ և անթառամ կյանքը, որ երկնքում պահված է ձեզ համար»,- գրել է Պետրոսը (Ա Պետրոս 1:3-4)։ Ըստ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի՝ հարության հավատքը ատելությունը վերածեց սիրո, վախը՝ արիության, կյանքը՝ առաքինության, գործը՝ առաքելության: Այն դարձավ մեր դավանանքը: Պողոս առաքյալը գրում է. «Եթե քո բերանով խոստովանես, թե Հիսուսը Տեր է, և քո սրտում հավատաս, թե Աստված նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես» (Հռոմ. 10:9): Մեկ այլ տեղ առաքյալը հստակորեն հաստատում է. «Եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է նաև ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:14): Արձագանքելով այս հաստատմանը՝ Քրիստոսի հարությանը հավատալով է, որ պիտի ապրենք, որովհետև հարությունը հավիտենության գրավականն է: Հավիտենությունը մեզ համար իմաստնանում է, եթե ապրում ենք քրիստոնեավայել, քանի որ հավիտենականությունը մեր կյանքի պատասխանն է: Քրիստոս է, որ մեզ հավիտենական կյանք է տալիս և մենք բնավ չենք կորչի, ու ոչ ոք չի կարող հափշտակել մեզ Նրա ձեռքից (Հովհ. 10:28): Առանց հավիտենական կյանքի մարդկային կյանքն անիմաստ ու աննպատակ կլիներ, առանց հարության հավատի՝ անհասկանալի:

Քրիստոս Իր հարությամբ ուրվագծեց անմահության ճանապարհը: Հարության մասին դարձյալ գրում է Պողոս առաքյալը. «Ինչպես մի մարդով սկիզբ առավ մահը, այնպես էլ մի մարդով սկիզբ է առնում մեռելների հարությունը: Ինչպես Ադամից ծնվածները բոլորն էլ մեռնում են, այնպես էլ Քրիստոսից ծնվածները բոլորն էլ կենդանանալու են» (Ա Կորնթ. 15:21-22): Վկայակոչելով այս խոսքերը՝ Սահակ Գ Ձորափորեցի կաթողիկոսը հաստատում է. «Քրիստոս մեկ մահվամբ բազում մահերի գիրը կնքեց»:

Նորոգյալ հոգին, հարության հույսն ու անմահության հավատն իր սրտում, գիտի, որ Քրիստոսը հարություն առավ մեռելներից և այսուհետև չի մեռնի, և մահն այլևս չի կարող տիրել Նրան (Հռոմ. 6:9) և այս համոզումով հետևում է կենսատու այն պատգամին, որ Քրիստոս ասաց. «Ե՛ս եմ հարությունը և կյանքը: Ով որ հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի: Իսկ ով որ ողջ է և հավատում է Ինձ, երբեք չի մեռնի» (Հովհ. 11:25):

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

02.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․