23 Դեկտեմբեր, Բշ
Մաս երկրորդ
Քրիստոսի մասին մարգարեություններ խորագրով առաջին հոդվածում ծանոթացանք Հին Կտակարանում հիշատակված որոշ մարգարեությունների՝ Բանն Աստծու մարմնացումը, կույսից ծնվելը, Բեթղեհեմ ծննդավայրի մարգարեությունը, մոգերի երկրպագության և ընծաներ մատուցելը, Եգիպտոս փախչելը, Բեթղեհեմի մանուկների սպանությունը, մկրտությունը, առակներով խոսելը, Բարի հովիվ կոչվելը, Տեր կոչվելը, Քրիստոսի նախանձախնդրության մարգարեությունը:
Այս հոդվածում պիտի տեսնենք Սաղմոսներում հիշատակված՝ Քրիստոսի օրհնաբանության մարգարեությունը, տարվա ամենասուրբ շաբաթվա՝ Ավագ շաբաթվա մեջ պատահած դեպքերի մարգարեությունները, հասնելով հրաշափառ Հարության մարգարեության:
Քրիստոսի օրհնաբանության մարգարեությունը: Կարդում ենք Սաղմոսաց գրքում օրհներգություն ասող մանկահասակ և կաթնակեր մանուկների մասին. «Մանկահասակ և կաթնակեր մանուկների բերանից թող օրհներգություն ելնի ընդդեմ քո թշնամիների, որ կործանվեն հակառակորդն ու թշնամին» (Սաղմ 8:3): Այս մարգարեությունը իրականացավ, երբ Քրիստոս տաճարում բժշկեց կույրերին և կաղերին, և այնտեղ գտնվող մանուկները աղաղակեցին ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն․...» (Մատթ. 21:15):
Հուդա Իսկարիովտացու դավաճանության մարգարեությունը: Սաղմոսների մեջ կան խաբեբա, մեղավոր, դատապարտյալ, կարճ կյանք ունեցող և իր պաշտոնը ուրիշը առնող մարդու մասին մարգարեություններ, օրինակ. «Քանզի խաղաղության մարդը, որին ես վստահում էի, և որն ուտում էր իմ հացը, իմ դեմ հաճախակի խաբեություն գործեց» (Սաղմ 40:10): «Նրան մեղավո՛ր համարիր, և սատանան թող կանգնի նրա աջ կողմում։ Իր դատաստանից թող դատապարտյալ դուրս գա, և նրա աղոթքները թող մեղք համարվեն։ Թող նրա օրերը նվազեն, նրա պաշտոնը թող ուրիշն առնի» (Սաղմ 108:6-9): Այդ մարգարեությունների կատարումը տեսնում ենք Հուդա Իսկարիովտացու միջոցով: Նա իր ազատ կամեցողությամբ գնաց քահանայապետների մոտ՝ հարցնելով, թե ինչքան դրամ կստանա, եթե մատնի Քրիստոսին (Մատթ. 26:14–16): Նա համբուրելով մատնեց Մարդու Որդուն. «Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում Մարդու Որդուն» (Ղուկ. 22:48): Նա կարճ ժամանակ հետո մեռավ. «Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց» (Մատթ. 27:5): Նրա պաշտոնը առավ ուրիշը՝ Մատաթիան. «Նրանց վիճակ տվեցին, ու վիճակն ընկավ Մատաթիային, և նա գումարվեց տասնմեկ առաքյալներին» (Գործք 1:26):
Քրիստոսին շրջապատելու և ձերբակալության մարգարեությունը: Կա Քրիստոսին շրջապատելու և ձերբակալելու մասին մարգարեություն, օրինակ. «Մի՛ հեռացիր ինձանից, քանզի վտանգները մոտ են, և չկա մեկը, որ օգնի ինձ: Բազում եզներ շրջապատեցին ինձ, և գեր ցուլերը, պաշարելով ինձ» (Սաղմ. 21:12-13): Այդ մարգարեությունը իրականացավ, երբ ջահերով, լապտերներով, մահակներով, սրերով ու զենքերով զինված մեծ ամբոխ մոտեցավ, շրջապատեց՝ պաշարեց, և ձերբակալեց Քրիստոսին (Մատթ. 26:47-56, Մարկ. 14:43-50, Ղուկ. 22:47-53 և Հովհ. 18:1-12):
Սուտ վկաների մարգարեությունը: Կարդում ենք Քրիստոսի դեմ սուտ վկաների մասին մարգարեություն, օրինակ. «Իմ դեմ ելան կեղծ վկաներ և սուտ խոսեցին իրենց անօրենությամբ» (Սաղմ. 26:12): «Ինձ վրա հարձակվեցին չարի վկաները» (Սաղմ. 34:11): Մատթեոս ավետարանիչը խոսում է, թե ինչպես. «Քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի սպանեն նրան, բայց չէին գտնում, չնայած որ բազմաթիվ սուտ վկաներ էին ներկայանում․․․․» (Մատթ. 26:59-60):
Քրիստոսի լռության մարգարեությունը: Դավիթ թագավոր մարգարեն իր սաղմոսներում խոսում է չար մտածողների դիմաց լուռ մնալու մասին. «Իմ մասին չար մտածողները բռնադատում էին ինձ և հոգիս էին ուզում. անօրենություն խոսեցին և զօրհանապազ նենգություն մտածեցին։ Իսկ ես խուլի պես էի, որ չի լսում, համրի պես, որ բերանը չի բացում» (Սաղմ. 37:13-14): Այս մարգարեությունը առնչված է Քրիստոսին, երբ Նա ատյանում լուռ մնաց չար մտածողների՝ քահանայապետների, դպիրների, ծերերի և սուտ վկաների դիմաց. «Վերջապես մոտեցան երկու սուտ վկաներ և ասացին. սա ասում էր. կարող եմ քանդել Աստծու տաճարը և երեք օրում շինել։ Քահանայապետը ոտքի կանգնեց և նրան ասաց. Ոչինչ չե՞ս պատասխանում. դրանք քո մասին ի՞նչ ամբաստանություն են անում։ Հիսուսը լուռ էր մնում․...» (Մատթ. 26:60-63):
Քրիստոսին արհամարհելու մարգարեությունը: Կարդում ենք արհամարհանքի մասին մարգարեություն. «Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ՝ շարժելով շուրթերը և օրորելով գլուխներն իրենց» (Սաղմ. 21:8): Այդ մեկը իրականացավ Ավագ ուրբաթ օրը, երբ Քրիստոս խաչի վրա էր. «Ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան և շարժելով իրենց գլուխները՝ ասում էին. Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում, ազատի՛ր ինքդ քեզ և ցա՛ծ իջիր այդ խաչից» (Մարկ. 15:29-30): Այստեղ տեղին է նշել, որ նախքան խաչելությունը Քրիստոս բազմիցս արհամարհվեց զինվորների կողմից: Նրանք. 1. Քրիստոսին մերկացրին, 2. վրան կարմիր քղամիդ գցեցին, 3. փշերից պսակ դրեցին Նրա գլխին, 4. մի եղեգ տվեցին Նրա աջ ձեռքը, 5. Նրա առաջ ծնկի գալով՝ ասացին․ «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր», 6. թքեցին Նրա երեսին, 7. եղեգը առան ու խփեցին Նրա գլխին, 8. Նրա հագուստի վրա վիճակ գցեցին, 9. Նրա գլխի վերևը դրեցին մի գրություն՝ «Սա՛ է Հիսուսը՝ հրեաների թագավորը», 10. Նրան ասացին արհամարհական խոսքեր և այլն:
Քրիստոսի խաչելության մարգարեությունը: «Շուրջս բազում շներ հավաքվեցին, և չարագործների խմբերն ինձ պաշարեցին։ Ձեռքերս ու ոտքերս ծակեցին» (Սաղմ. 21:17): Այս մարգարեական համարը իրագործվեց, երբ հռոմեացի զինվորները մարմնացյալ Աստծու՝ Քրիստոսի անբիծ ձեռքերն ու ոտքերը ծակեցին մեխերով՝ խաչեցին Նրա խաչափայտի վրա:
Քրիստոսի ծարավի մարգարեությունը: Բժիշկները խորհուրդ են տալիս, որ ամեն անձ օրական մոտավորապես խմի երկու լիտր ջուր: Քրիստոսի մարմնից ջուր պակասեց ֆիզիկական չարչարանքների ենթարկվելու, խաչով Գողգոթա բարձրանալու և խաչվելու պատճառներով: Հովհաննես առաքյալն արձանագրեց այն պահը, երբ Քրիստոս խաչի վրա ասաց. «Ծարավ եմ» (Հովհ. 19:28): Քրիստոսի ծարավ լինելու մարգարեությունը հիշված է սաղմոսներում. «Խեցու նման չորացավ իմ զորությունը, լեզուս քիմքիս կպավ...․» (Սաղմ. 21:16), «.․..ծարավիս պահին քացախ խմեցրին ինձ» (Սաղմ. 68:22):
Քրիստոսին քացախ տալու մարգարեությունը: Սաղմոսներում այնքան կան Քրիստոսի մասին մարգարեություններ, որ նույնիսկ ակնարկվում է Քրիստոսին քացախ տալու մարգարեությունը՝ ասելով. «Ինձ լեղի տվեցին կերակուրի փոխարեն, ծարավիս պահին քացախ խմեցրին ինձ» (Սաղմ. 68:22): Այդ մարագարեությունը իրագործվեց, երբ. «Այնտեղ քացախով լի մի աման կար. լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին, դրեցին եղեգի ծայրին ու մոտեցրին նրա բերանին։ Երբ Հիսուսը լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. ամեն ինչ կատարված է.․..» (Հովհ. 19:29-30):
Քրիստոսի մահվան մարգարեությունը: Քրիստոս խաչի վրա ասաց յոթ նախադասություն: Դրանցից վերջինն էր. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին...․» (Ղուկ. 23:46): Քրիստոսի այս խոսքը որպես մարգարեություն հիշված է Սաղմոսներում. «Եվ քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին...․» (Սաղմ. 30:6):
Քրիստոսի ոսկորներից ոչ մեկը չփշրվելու մարգարեությունը: Հռոմեացի զինվորները կոտրեցին Քրիստոսի հետ խաչված երկու ավազակների սրունքները, որովհետև հրեաների մոտ ընդունելի չէր, որ մարմինները մինչև շաբաթ մնային խաչի վրա, սակայն զինվորները չկոտրեցին Քրիստոսի սրունքները, որովհետև Նա արդեն մեռած էր (Հովհ. 19:28-33): Սաղմոսաց գիրքը ասոււմ է. «Եվ պահպանում է նրանց բոլոր ոսկորները, որպեսզի ոչ մեկը չփշրվի» (Սաղմ. 33:21):
Քրիստոսի կողը խոցելու մարգարեությունը: Արդյոք ի՞նչ է ակնարկում. «Ես հեղվեցի ջրի նման․...» (Սաղմ. 21:15) համարը, եթե ոչ Քրիստոսի կողից ելած ջուրը. «Սակայն զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր ելավ» (Հովհ. 19։34):
Քրիստոսի հարության մարգարեությունը: Քրիստոսի հրաշափառ հարության մասին մարգարեությունները շատ են, սակայն այստեղ կբավարարվեմ հիշելով մի քանիսը. «Զի անձն իմ չես թողնի մեռյալների աշխարհում, Արդարին էլ չես թողնի, որ ապականվի» (Սաղմ. 15:10), «Կարծես թե Տերը քնից արթնացավ, ինչպես հսկան է սթափվում գինուց» (Սաղմ. 77:65): Կարդում ենք Մատթեոսի ավետարանում. «Հրեշտակը դիմեց կանանց և ասաց. դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր» (Մատթ. 28:5-6):
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր