Գրքեր

Քրիստոսի ծնունդը

«Ստուգե՛ք վասն մանկան» (Մտթ. 2:8)

Ծնվել էր Քրիստոս, Նրա աստղը փայլում էր երկնքում, մի աստղ, որը դեպի խաղաղություն, ճշմարտություն, արդարություն ու սրբություն է առաջնորդում, որը մարդկանց սրտերում սփռվող հաշտության և հաճության խորհրդանիշն է, մի աստղ, որը սառնամանիքի և խավարի մեջ կարող է ջերմ լույս և [տաք] հոսանք բխեցնել:

Ի՜նչ հիանալի երևույթ. մյուս կողմից էլ հրեշտակներն իրենց հերթին իջնում և բարձրանում էին, երգում և բերկրում էին այն մանկան համար, որը ծնվել էր Բեթղեհեմում: Անմեղ հովիվների և հրեշտակների հրաշալի գրկախառնություն, հրեշտակները երկնավոր Թագավորի ծնունդն են ավետում այն հովիվներին, որոնք իրենց անմեղ գառնուկների նման ման էին գալիս դաշտերում, և որոնց պաշարը միայն հավատքն էր: Նրանք իրենց հավատքով գոհանում էին և փառավորում ծնված Փրկչին:

Արդյո՞ք արևելքի երեք իմաստուն մոգերը նույն հավատքով են գտնում Փրկչին. ո՛չ. նրանք հովիվների նման տգետ և պարզամիտ չէին, նրանք հովիվների նման հրեշտակների երգերով չառաջնորդվեցին. ընդհակառակը, նրանք գիտնականներ էին, իրենց դարի գիտությունները լավ էին ուսանել, և կարողացան հասնել իրենց Փրկչին՝ մարմնացյալ Աստծուն: Գիտության մարդը և հավատքի մարդը, թեև տարբեր լույսերով են առաջնորդվում, թեև տարբեր ճանապարհներով են ընթանում, բայց միևնույն տեղն են հասնում՝ միևնույն Փրկչին են գտնում:

Սակայն Հերովդեսը, որը ոչ հավատք ունեցավ և ոչ էլ ճշմարիտ գիտություն, չկարողացավ նույնիսկ հագուրդ տալ իր փափագին. ընդհակառակը. խռովվեց, սասանվեց, անձկացավ և ցանկացավ նենգ դիտավորությամբ երկրպագել Մանկանը: Եվ հենց սրա համար էր, որ իր մոտ հրավիրեց քահանայապետերին, ռաբբիներին, դպիրներին, օրենսգետներին, որպեսզի գրքերում «մանկան վերաբերյալ» կարևոր տեղեկություններ ստուգեն:

Բայց գրքերի մեջ եղածը քննելով՝ անկարելի է հասնել այն ցանկալի կետին, որտեղ միայն հավատով կարելի է հասնել՝ դեպի մեր կյանքի հարացույցը:

Ի՞նչ օգուտ կա միայն գրքերից, միայն գրքե՞րը պիտի հավատ ներշնչեն անհատին, միայն գրքե՞րը պիտի կազմեն հավատը և հաստատուն հիմքերի վրա դնեն մեր կյանքի նպատակը և հենց նույն կյանքը: Հովիվներն առանց գրքի հավատ ունեին և գտան Սրբին և երկրպագեցին Նրան: Դպիրները և փարիսեցիները ամենքից առավել էին քննում գրքերը, բայց նրանք չէին հավատացյալները և անմեղները. նրանք քննեցին, բայց ոչ մի բան չկարողացան հասկանալ: Միայն գրքերի քննությամբ չէ, որ Փրկիչը պիտի գտնվի, այլ պետք է մեր սիրտն ու հոգին հավատով պատրաստված լինեն, քանի որ, երբ հավատով ենք պրպտում գրքերը՝ էլ ավելի է զորանում մեր հավատքը, բայց առանց հավատքով լեցուն հոգու՝ քննությունը բոլորովին աննպատակ է:

Այսօր մենք էլ ենք գալիս եկեղեցի «Մանկան վերաբերյալ տեղեկանալու», Նրա մասին գրվածները կարդալու, Նրա բարձրության և մեծության մասին լսելու և ըմբռնելու համար:

Հավատքո՞վ ենք գալիս Նրա առջև երկրպագության, թե՞ Հերովդեսի պես առանց հավատքի ենք ներկայանում: Հոգով և ճշմարտությա՞մբ ենք երկրպագում Նրան, և հավատքո՞վ ենք տեղեկանում «Մանկան վերաբերյալ»:

Ո՜վ հավատացյալներ, երբեք հերովդեսներ չլինենք, սուտ երկրպագողներ չլինենք նրանց պես, ովքեր իրենց մարմինները խոնարհում են Նրա առջև, բայց իրենց սրտերը՝ ոչ, չլինենք սուտ երկրպագողներ նրանց պես, ովքեր միայն շրթունքներով են օրհնում Փրկիչ մանկանը և ոչ հոգով, չլինենք նրանց պես, որոնք կեղծ քրիստոնյաներ են և Փրկչի ծննդյան փոխարեն, իրենց «ես»-ն են փառաբանում:

Պարզամիտ հովիվների և իմաստուն մոգերի նման լինենք. նրանց նման, ովքեր բացում են իրենց սրտերը և տալիս են իրենց գանձերը, նվիրում են իրենց ամենաթանկագին ընծաները, զոհում են իրենց եսասիրության հետևանքով պաշտած կուռքերը:

Հավատքո՞վ ենք գալիս երկրպագելու Նրան, Ով մեր կյանքի Փրկիչը եղավ, Ով ազատեց մեզ մահվան ճիրաններից: Հավատքո՞վ ենք «տեղեկանում Մանկան մասին», հետամո՞ւտ ենք լինում, փափագո՞ւմ ենք հովիվների և մոգերի նման գնալ և Նրան գտնել և Նրա կամքը կատարել:

Անտարակույս, բոլորս էլ հավատում ենք, որ Նա է մեր Տերն ու Դատավորը, և մեր հավատքով վստահանում ենք, որ Նա է մեր Փրկիչը, սակայն ե՞րբ ենք լիովին կատարել Նրա կամքը, ե՞րբ ենք պահել Նրա պատվիրանները: Ասում ենք, որ Նա մեր Տերն է, սակայն ե՞րբ ենք հպատակվել Նրա իշխանությանը: Ասում ենք՝ Նա մեր Փրկիչն է, սակայն ե՞րբ ենք ճշմարտապես պաշտել Նրան՝ անկեղծորեն իմանալով, որ փրկված ենք:

Երանի թե մեզնից յուրաքանչյուրը հովիվների հավատքը և մոգերի գիտությունն ունենար. այն ժամանակ կնդրուկի և զմուռսի փոխարեն մեր սրտից պիտի ճշմարիտ աղոթք վերառաքեինք առ Աստված, մեր հաճույքներից մի բան պոկեինք և կարոտյալներին տայինք, և երջանկությունը միայն մեզ չվերապահելով՝ նրանից պիտի բաժին հանեինք որբերի և սգավորների համար՝ խեղճերի արցունքը սրբելու և անոթիներին կերակրելու համար: Նվիրվել, ընծայվել, պատարագվել, ահա՛ անկեղծ երկրպագությունը:

Ուրեմն հավատքով ստուգենք, թե մեզնից ինչ է պահանջում մեր Փրկիչը, թե որոնք են Նրա պատվիրանները, թե որն է Նրա կամքը, որպեսզի կարողանանք լիովին կատարել այն և հասնենք Նրա արյան գնով մեզ համար պատրաստված հավիտենական կյանքին: Ամեն:

 

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

 

07.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․