Ս. Խաչի երևման տոն | S Khachi Erevman Ton



Գրքեր

Ս. Խաչի երևման տոն

«Այսօր ընդ ամպս լուսաւորս երեւեալ նշան տէրունական սուրբ խաչին, զի հաղթեսցուք նովաւ անօրէն թշնամւոյն…» (Շարակնոց):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի սուրբ և հրաշափառ Հարության տոնից հետո, հիսուն օր շարունակ մեր Եկեղեցու սուրբ Խորանից, խաղաղության հետ մեկտեղ, բաշխվում է Փրկչի հարության բարի լուրը կյանքի տևականությունն ու հավերժությունն ազդարարող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Ամեն տարի Սուրբ Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Դ դարում՝ 351 թվականին, Երուսաղեմում տեղի ունեցած տերունական Ս. Խաչի երևման տոնը: Աննյութական Ս. Խաչի մեղավոր մարդկանց երևալու և նրանց հոգիներն իր կենսատու լույսով ջերմացնելու հիշատակումն է այսօր: Եվ մեր պարտքն է հիշել, օրհներգել և վերապրել այդ իրողությունը՝ մտածումները սևեռելով խաչի մեծագույն՝ փրկագործության խորհրդին և յուրաքանչյուրի սեփական խաչը կրելու անհրաժեշտության գիտակցմանը:

«Եթե մեկը կամենում է հետևել Ւնձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից», - ասում է մեր Տերը (Մատթ. ԺԶ. 24): Կյանքի առաջնորդող և ներքին խաղաղության հասնելու այլ ճանապարհ չկա՝ բացի Խաչի ճանապարհից: Քրիստոնեության պատմության ողջ ընթացքում խաչի իմաստը նույնը եղավ աշխարհի բոլոր քրիստոնյաների, մասնավորապես՝ մեր ժողովրդի համար: Մեր պատմության ամենադաժան և օրհասական պահերին ապավինեցինք խաչի զարմանահրաշ զորությանը: Եվ այդ զորությունն անբաժան մնաց մեր ժողովրդից հավատի ու հայրենյաց պաշտպանության բոլոր մարտերում: Խաչն ու նրանով սրբագործված մեր հավատը պահեց, պահպանեց ու հարություն տվեց մեր ժողովրդին՝ դառնալով մահվանից դեպի կյանք տեղափոխման մի իմանալի կամուրջ: Մեկ անգամ չէ, որ անցանք խաչելության ճանապարհը և չափեցինք մահվան վիհի խորությունը: Վկա են մեր պատմության հերոսապատումները, երբ մարտնչել ենք «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց», քանզի հայի համար իր գոյությունը, պայքարը, ապրումն ու ողջ գիտակցությունը հիմնված է եղել այս երկու նվիրական արժեքների վրա հավատք ու հայրենիք, հավատք և ժառանգություն:

Այո՛, սիրելինե՜ր, քրիստոնեությունը նահանջի կրոն չէ, այն պայքարի, հաղթանակի կրոն է, չարի ու բռնության դեմ մարտնչելու կրոն: Հայ ժողովուրդը երբեք չի ընկճվել կյանքի հարվածներից և գիտի ինչպես իր նահատակությունն անգամ վերածել հաղթանակի: Երբ մի ժողովուրդ հանուն մեծագույն արժեքների պայքարում, նույնիսկ նահատակվում է, չի կորչում, չի սպառվում նահատակությամբ, ապրում է, քանզի հավատում է, որ մարմնավոր խաչելությանը պետք է հետևի հոգևոր հարությունը, մահվան մռայլ ու խավար գիշերվան պետք է հաջորդի հարության լուսապայծառ առավոտը: Այս գիտակցումը, հոգեկան այս վստահությունը մի անառիկ բերդ է, որին չի կարող տիրել ոչ մի չար ուժ, ոչ մի ոսոխ ու թշնամի: Նրան, ով միշտ և ամենուր տեսնում է Աստծո զորությունը, չեն կոտրի որևէ սպառնալիք և փորձություն. նա մխիթարվում է, քանզի նրա մեջ է ճշմարտությունը: Զենքի ու բիրտ ուժի դիմաց կա ոգու ուժը, որն արտահայտվում է հավատի զորությամբ: Ոգեղեն այս ուժի մեջ է հայ ժողովուրդը գտել իր փրկությունը, իր հավերժության և կենսունակության գաղտնիքը:

Սիրելինե՛ր, խաչի զորության գիտակցումը գեղեցիկ և հուսադրող է: Ս. Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետն ասում է. «Դավանում եմ Խաչը, քանզի գիտեմ Հարությունը»: Վերցնելով մարդկային մեր մեղավոր բնությունն ու այն գամելով խաչին՝ Քրիստոս Ւր մահվամբ և փառավոր հարությամբ կենսագործեց մեր բնությունը՝ նրան տալով հավիտենական կյանք: Այդպիսով, խաչը տառապանքի ու մահվան գործիքից վերածվեց Կենաց ծառի, հույսի, սիրո, հաղթանակի ու փրկության նշանի: Յուրաքանչյուր ոք կյանքում իր պատասխանատվության գիտակցման չափով իր խաչն է կրում, այն տանում դեպի Գողգոթա, որտեղ իր կյանքով ու մահվամբ, իր զոհողությամբ պետք է կարողանա արդարանալ, սրբվել և արժանանալ աստվածային հավիտենական փառքին ու լուսեղեն տեսությանը:

Վերստին դառնալով տոնի պատմությանը՝ հիշենք, որ Սուրբ Խաչի երևման պահն ամփոփում է զարմանահրաշ մի խորհուրդ ևս: Լուսեղեն նշանը երևում էր Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Գողգոթան Հիսուսի խաչի ճանապարհի գագաթն էր, իսկ Ձիթենյաց լեռն այն սրբազան վայրն է, որտեղից երկինք համբարձվեց մեծագույն Խաչակիրը՝ Հիսուս Քրիստոս: Դա ևս մի աստվածային նշան էր, որ հաստատում է խաչի ճանապարհը հավերժության ճանապարհն է, հավիտենական կյանքի ճանապարհը: Ուրեմն, եկեք մեր կյանքի փորձությունները հաղթահարելու ճանապարհին զինվենք Քրիստոսի փրկարար Խաչի զորության հանդեպ ամուր հավատով, մեր բարի պատերազմը մղենք՝ պահելով մեր հավատը, այնուհետև սպասենք արդարության փառաց պսակին, որ Տերը՝ արդար Դատավորը, պիտի պարգևի Իր փառահեղ երկրորդ գալուստին:

Թող Տիրոջ ամենազոր Ս. Խաչը հանապազ պահապան և հովանի լինի մեզ, ներգործի մեր ժողովրդի կենսակերպի վրա և հաղթության գիտակցմամբ փառավոր հաղթանակների առաջնորդի այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Տ. Մինաս աբեղա Հախվերդյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Խաչի երևման տոնի առիթով, 14 մայիսի, 2017 թ.)

 

29.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․