Գրքեր

Սաղմոս ՀԹ

Այսուհետև՝ անցած ժամանակների մասին Ասափի վկայությունը. սաղմոս եթովպացիների մասին: Իսրայելացիների Բաբելոն փոխադրվելը և նրանց աղոթքներն է խորհրդանշում, ինչպես նաև վերադարձը, և Գոգի ու յուրայինների կորուստը, որ Եթովպիայից և Թարոսից էին եկել: Նաև բոլոր արդարների աղոթքն է Քրիստոսի գալստյան համար:

1. Որ հովուեսդ Իսրայէլի՝ նայեա՛ց, որ առաջնորդես որպէս խաշին Յովսեփու:

Դու, որ հովվում ես Իսրայելին՝ ո՛ւշ դարձրու, դու, որ առաջնորդում ես Հովսեփի ցեղին ինչպես հոտ:

Նայի՛ր և տե՛ս մեր տառապանքները: Հովսեփի հոտը Իսրայելն է, որովհետև փրկեց սովից Եգիպտոսի շնորհիվ, և Տերն ինքն էլ հաց եղավ իր ժողովրդի համար:

2. Որ նստիսդ ի քրովբէս՝ յայտնեա՛ առաջի Եփրեմի, Բենիամինի և Մանասէի:

Դո՛ւ, որ քերովբեների վրա ես նստում՝ հայտնվի՛ր Եփրեմի, Բենիամինի ու Մանասեի առջև:

Որ տեսավ Եզեկիելը, և դեռևս այն չէր տեսել, երբ Մովսեսը պատվիրեց այդպես անել և դնել տապանակի վրա, և նույն հոգին էր Դավիթ թագավորի մեջ: Կոչվեց հովիվ և քերովբեների վրա նստած, քանզի նման չէր այստեղի հովիվներին, որովհետև այն ժամանակ Իսրայելի հովիվները ապառաժների վրայով էին շրջում, ինչպես որ այժմ՝ ամբողջ աշխարհի [հովիվները]: Եփրեմի տասը ցեղերը նկատի ունի և Մանասեի, իսկ Բենիամինը և Հուդան տասը ցեղերից բաժանվեցին Ռոբովանի միջոցով, ուստի և աղաչում է վերադարձի և միավորման համար: Նորից, Եփրեմը Ռուբենի հետ գերվեց Թիկլաթպալասարի կողմից, Մանասեն այլոց հետ՝ Սաղմանասարի, Բենիամինը Հուդայի հետ՝ Նաբուգոդոնոսորի կողմից, թերևս նաև Մանասեի ցեղի կեսն էլ՝ Հուդայի հետ:

3. Զարթո՛ զզօրութիւն քո, և եկ ի կեցուցանել զմեզ:

Արթնացրո՛ւ քո զորությունը և արի՛ մեզ փրկելու:

[Արթնացի՛ր] համբերատար լինելուց, արի՛ և անձամբ փրկիր մեզ:

4. Աստուած զօրութեանց, դարձո՛ զմեզ, երևեցո զերեսս քո ի մեզ՝ և կեցցուք:

Զորությունների՛ Աստված, մեզ ե՛տ դարձրու, ցույց տուր մեզ երեսը քո, որ ապրենք:

Ետ դարձրու Երուսաղեմ, իսկ մեր բնությունը՝ վերին [Երուսաղեմ]: Քո երեսը միայն ցույց տալը բավական է անելու համար այն, ինչ կամենում ես:

5. Տէր Աստուած զօրութեանց՝ մինչև յե՞րբ բարկանաս յաղօթս ծառայից քոց:

Զորությունների Տե՛ր Աստված, մինչև ե՞րբ պիտի բարկանաս քո ծառաների աղոթքի վրա:

Մենք աղոթում ենք, իսկ մեր թշնամիները ճոխության մեջ են:

6. Ջամբեցեր մեզ հաց արտասուաց. և արբուցեր մեզ արտասուս չափով:

Մեզ արտասվախառն հացով սնեցիր, և անչափ արտասուք խմեցրիր մեզ:

Մարգարեները, ըստ մեղքի չափի, արտասուքը խառնելով հացի հետ ուտում էին, իսկ երբ իմացան Քրիստոսի գալստյան մասին՝ արտասուքով էին հաց ուտում՝ տառապելով կարոտից, ինչպես որ ինքն ասաց, թե մարգարեներն ու թագավորները ցանկացան տեսնել և լսել (տե՛ս Մատթ. 13:17):

7. Արարեր զմեզ նախատինս դրացեաց մերոց, այպն կատականաց թշնամեաց մերոց:

Մեզ դարձրիր նախատինքը մեր հարևանների և ծաղրուծանակը մեր թշնամիների:

Դևերի, և ծաղրուծանակը՝ փղշտացիների ու քաղդեացիների:

8. Աստուած զօրութեանց, դարձո՛ զմեզ, երևեցո՛ զերեսս քո ի մեզ և կեցցուք:

Զորությունների՛ Աստված, մեզ ե՛տ դարձրու, ցո՛ւյց տուր մեզ երեսը քո, որ ապրենք:

Բոլորի զորությունը Քրիստոսից է:

9. Այգի յԵգիպտոսէ փոխեցեր. հաներ զհեթանոսս՝ և զնոսա տնկեցեր, և առաջնորդեցեր նմա:

Դու Եգիպտոսից այգի փոխադրեցիր, վռնդեցիր հեթանոսներին և այդ որթատունկը տնկեցիր: Առաջնորդեցիր նրան:

Աբրահամի որթատունկից: Վռնդեցիր հեթանոսներին՝ քանանացիներին, և այդ որթատունկը տնկեցիր, ըստ Եսայու. «Այգի եղավ սիրելիիս համար» (Ես. 5:1): Եվ առաջնորդեցիր նրան, այսինքն՝ ճանապարհ ցույց տվեցիր:

10. Հաստատեցեր զարմատունս նորա՝ և ելից զերկիր. ծածկեաց զլերինս հովանի նորա. և բարունակ նորա զմայրս Աստուծոյ:

Հաստատուն դարձրիր նրա արմատները, և այն լցրեց երկիրը: Նրա ստվերը ծածկեց լեռները, և նրա բարունակը՝ Աստծու մայրիները:

Հաստատուն դարձրիր՝ կառուցելով Երուսաղեմը և տաճարը, և այն լցրեց երկիրը. նրա ստվերը ծածկեց լեռները՝ հովանի եղավ նրան՝ Մովսեսին՝ Սինայում, Քորեբում և Նաբավում, հետո բոլոր թագավորներին, ովքեր հարկ և նրա բարունակն էին տալիս հրեա թագավորներին: Աստծու մայրիները քահանաներն են, որոնք պատվի են արժանանում որպես անթառամ և անուշահոտ բույսեր:

11. Ձգեաց զորթ իւր մինչև ի ծով. մինչև ի գետս են շառաւիղք նորա:

Որթատունկն իր ճյուղերը ձգեց մինչև ծով, և մինչև գետերն են շառավիղները նրա:

Ազգը [ձգեց]՝ մինչև Հնդկական օվկիանոս, մինչև Եփրատ գետ են ժողովրդի շառավիղները: Նաև՝ այգին Քրիստոսն է, իսկ որթատունկը՝ առաքյալները, ինչպես նաև հավատացյալները, որ այգուց որսվեցին՝ դևերի կողմից չարչարվելով տանջարար կրքերի պատճառով: Եվ ծածկեց լեռները՝ հրեշտակները հովանի լինելով Տիրոջը, իսկ բարունակ մեր բնությանն է կոչում, որ միավորվելով միացավ Բանին, որ ծնող է աստվածացնող, և ինչպես մայրի անփտելի, տարածեց իր ճյուղերը՝ հավատքի խոստովանությունը, մինչև ծովը հրեղեն երկնքի և մինչև գետերը՝ Հորդանանի, որ երկու ակունք ունի՝ Իար և Դան կոչված, որտեղից սկսեց մկրտությունը և տարածվեց ամբողջ աշխարհով մեկ:

12. Ընդէ՞ր քակեցեր զանկ նորա, և կթեն զնա անցաւորք ճանապարհի:

Ինչո՞ւ քանդեցիր ցանկապատը նրա, ճանապարհի անցորդները պոկոտում էին այն:

Խնամակալությունը, և օրենքները, և ժամանակ առ ժամանակ՝ եկեղեցու խնամակալությունը՝ խրատելու համար: Ճանապարհի անցորդները պոկոտում էին այն՝ Մանասեից մինչև Սեդեկիա, նաև՝ հեթանոս թագավորները որպես անցանկապատ այգի՝ եկեղեցուն, և դևերն էլ՝ չար իշխանների միջոցով քրիստոնյաներին:

13. Ապականեաց զնա խոզ անտառի, և երէ վայրի արածեցաւ ի նմա:

Ապականեց նրանց խոզն անտառի, և վայրի երեն արածեց նրա մեջ:

Նաբուգոդոնոսորը, և վայրի երեն կամ վարազը՝ Անտիոքոսը, որը Նաբուգոդոնոսորից առավել վայրենի էր և էգ առյուծի էր նմանեցվում, իսկ այստեղ [ապականում են]՝ սատանան և դևերը:

14. Աստուած զօրութեանց՝ դարձ, հայեա՛ց յերկնից և տե՛ս, ա՛յց արա այգւոյս այսմիկ,

և դարման տար սմա, զոր տնկեաց աջ քո:

Զորությունների՛ Աստված, դարձի՛ր, նայի՛ր երկնքից ու տե՛ս, այցելի՛ր այս որթատունկին, և խնա՛մք տար նրան, որին տնկեց աջը քո:

Կարծես թե երես է դարձրել, [այդ պատճառով էլ] դարձի՛ր, ասում է, և հատկապես մերձավորիդ, ինչպես որ այստեղ է ասում. խնամք տար, որ քո աջը տնկեց՝ Հիսուս Քրիստոսը:

15. Ի վերայ որդւոյ մարդոյ՝ զոր զօրացուցեր զնա ի քեզ. այրեցեալ ի հուր և աւերեալ, ի սաստէ քումմէ կորիցէ:

Նաև մարդու որդուն, որին դու զորացրիր քեզնով: Այլապես հրով վառված ու ավերված, պիտի կորչեն քո խստությունից:

Զորաբաբելին՝ զորացնելով նրան Արտաշեսի աչքին: Քաղդեացիները հրով այրվելով ու ավերվելով պիտի կորչեն Կյուրոսի միջոցով: Նաև Տիրոջ մասին է սա, որ եղավ Ադամի որդին, որին զորացրեց՝ ասելով «Դա՛ է իմ սիրելի Որդին» (Մատթ. 3:17): Սատանան հրով պիտի վառվի քո խստությունից՝ դատաստանի օրը:

16. Եղիցի ձեռն քո ի վերա առն, աջ քո ի վերա որդւոյ մարդոյ, զոր զօրացուցեր զնա ի քեզ:

Քո ձեռքը թող լինի մարդու վրա, քո աջը՝ այն մարդու որդու վրա, որին դու զորացրիր քեզնով:

Դավթին տրված խոստումը, որ խոստացար. «Ձեռքս կընդունի նրան, և բազուկս նրան կզորացնի» (Սաղմ. 88:22), քո աջը՝ այն մարդու որդու վրա՝ Զորաբաբելի, որի մասին Եսային ասաց. «Բռնեցի քո աջ ձեռքից» (Ես. 42:6): Դարձյալ՝ երկու անգամ է ասում ձեռքը, որ ստեղծեց Ադամին, ըստ այնմ, թե՝ «Տեր Աստվածը մարդուն ստեղծեց երկրի հողից» (հմմտ. Ծննդ. 2:7), և աջը, որը երկրորդ Ադամն է՝ կուսական արգանդից, որ ասաց. «Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ» (Ղուկ 1:35), հենց ինքը՝ Միածին Որդին, Հոր աջն է և զորությունը:

17. Ո՛չ ևս ի բացեայ եղիցուք մեք ի քէն. կեցուսցես դու զմեզ, և զանուն քո, Տէր, կարդասցքուք:

Մենք այլևս չենք հեռանա քեզանից, դու պիտի փրկես մեզ, և մենք քո անունը պիտի կանչենք, Տե՛ր:

Իսրայելն ու մեր բնությունն է այսպես ասում, թո՛ղ մեր մեղքերը որոշիչ չլինեն, դու պիտի փրկես մեզ, և մենք քո անունը պիտի կանչենք՝  իշխան կյանքի և մահվան:

18. Աստուած զօրութեանց դարձո զմեզ, երևեցո՛ զերեսս քո ի մեզ և կեցցուք:

Զորությունների Տե՛ր Աստված, մեզ ե՛տ դարձրու, ցո՛ւյց տուր մեզ երեսը քո, որ ապրենք:

Չորս անգամ է կրկնում դա՝ փնտրելով Տիրոջ գալուստը չորս ժամանակներում՝ Նոյի, Աբրահամի, Մովսեսի և մարգարեների, սակայն Տերը եկավ տասնմեկերորդ ժամին:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

16.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․