22 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր

Սաղմոս ԺԵ

Ի կատարած Սաղմոս Դավթի, արձանագիր:

Արձանը ոչ միայն քարե արձանն է, որ գերեզմանի վրա են դնում, այլ, որ գրում կամ արձանագրում են պատերազմում տարած հաղթանակների մասին, քաղաքների ավերելու մասին: Ինչպես որ այս սաղմոսը բովանդակում է Քրիստոսի մարդեղությունը, չարչարանքները, մահվան հանդեպ հաղթությունը, դժոխքի կործանումը և մեռելներից հարությունը: Եվ որպես մարմնի գլուխ՝ մեր փոխարեն դիմում է Հորը՝ աղոթքով, ինչպես որ ասում է Պողոսը. «Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ ու պաղատանքներ էր մատուցում… և նա լսելի եղավ» (Եբր. 5:7):

1. Պահեա՛ զիս Աստուած իմ, զի ես ի քեզ յուսացայ. ասացի Տեառն, Տէր իմ ես դու, և բարիք իմ ինձ ի քէն են:

Պահպանի՛ր ինձ, Աստված, քանզի քեզ վրա դրի հույսն իմ: Տիրոջն ասացի. «Իմ Տերն ես դու, ինձ արված բարիքները քեզնից են»:

«Հայր սուրբ, պահի՛ր նրանց քո անվամբ», Տերն աղոթեց Հորը՝ ուսուցանելով մեզ, որպեսզի նրա բոլոր պատվիրանների միջոցով մեր հույսը դեպի Հորն ուղղենք: Տիրոջն ասացի. «Իմ Տերն ես դու»: Մենք քարին ու փայտին ենք ասում հայր և տեր, իսկ նա ասաց. «Ես բարձրանում եմ դեպի իմ Հայրը և ձեր Հայրը, դեպի իմ Աստվածը և ձեր Աստվածը» (Հովհ. 20:17): Եվ ինձ արված բարիքները քեզնից են. քեզ հարկավոր չեն հրեաների զոհաբերություններն ու խնկերը, ինչպես որ ինքն է ասում, նաև տարաբնույթ այլ բաներ, ինչով որ պարծենում է մարդ արարածը: Նա իր բնույթով ոչնչի կարոտ չէ, որովհետև երբ Աստված մեզ բարիք է անում, փոխհատուցում ստանալու ակնկալիք չունի, և մենք էլ, որ ինչ-որ կերպ փոխհատուցենք, մեզ համար ենք անում դա, այլ ոչ թե նրա, որովհետև նա ոչնչի կարիք չունի:

2. Սրբոց քոց՝ որք են յերկրի քում. սքանչելի արարեր զամենայն կամս իմ ի նոսա:

Քո սրբերին, որոնք քո երկրում են, սքանչելագործությամբ ցույց տվիր իմ բոլոր ցանկությունները:

Եկեղեցու առաքյալները քո երկրում են, այլ ոչ թե օտարի: Սքանչելագործությամբ ցույց տվիր. որովհետև այն հրաշագործությունները, որ առաքյալներն էին կատարում, Տիրոջ կամքով էր լինում՝ մարդկանց փրկության համար:

3. Յաճախեսցին հիւանդութիւնք նոցա. յետ այսորիկ ապա վաղվաղեսցեն:

Շատացան նրանց հիվանդությունները, որ այսուհետև հաճախակի են դառնալու:

Բազում փորձություններ այսուհետև հաճախակի են լինելու հանուն մարդկանց փրկության՝ բացելու համար նրանց մտքի աչքերը:

4. Ոչ ժողովեցայց ի ժողովս նոցա յարեանց. և ո՛չ յիշեցից զանունս նոցա ի շրթունս իմ:

Չեմ մասնակցի նրանց արյունալի հավաքներին և նրանց անունը չեմ հիշատակի իմ շրթունքներով:

Ովքեր որ հավաքվում են արյունալի զոհաբերություններ անելու, ինչպես հրեաներն ու հեթանոսներն էին, ես չեմ մասնակցի նրանց արյունալի հավաքներին, և նրանց չեմ հանձնի քեզ, Հա՛յր, այլ քո ձեռքը կհանձնեմ նրանց, ովքեր հավաքվում են մատուցելու անարյուն պատարագ: Եվ դարձյալ վկաներին է արյունահեղված կոչում:

5. Տէր բաժին ժառանգութեան իմոյ՝ և բաժակի իմոյ դու ես, որ այսրէն դարձուցանես զժառանգութիւն իմ յիս:

Տե՛ր, իմ ժառանգության և իմ բաժակի բաժին, ժառանգությունս դու ես կրկին ինձ վերադարձնելու:

Իմ մահվան գինը եկեղեցին է, - ասում է Որդին Հորը: Դու ես կրկին այն ինձ վերադարձնելու, ոչ թե տալու, այլ՝ վերադարձնելու մարդկանց, նաև դրախտը, որ Ադամը սկզբում ուներ, բայց հետո կորցրեց, - այս ամենն Իմ մահով կրկին ետ ես վերադարձնելու, - ասում է:

6. Վիճակք ելին ինձ ընդ ընտիրս, և ժառանգութիւն իմ հաճոյ եղեւ ինձ:

Ինձ վիճակ ընկավ ընտրյալների մեջ լինելու, և իմ բաժին ժառանգությունը հաճելի եղավ ինձ:

Ինձ վիճակ ընկավ ընտրյալների, այսինքն՝ թագավորների, քահանաների և մարգարեների մեջ լինելու: Իմ բաժին ժառանգությունը հաճելի եղավ ինձ. նրանք չէին հոտը, որովհետև վարձկաններ էին և նրանց հաճելի չեղավ [իրենց հոտի համար] մեռնելը, բայց ինձ հաճելի եղավ [հանուն նրանց մեռնելը], որովհետև, Հա՛յր, դու ինձ տվեցիր հեթանոսներին:

7. Օրհնեցից զՏէր՝ որ իմաստուն արար զիս, մինչ ի գիշերի ևս խրատեցին զիս երիկամունք իմ:

Պիտի օրհներգեմ Տիրոջը, որ իմաստուն դարձրեց ինձ, և գիշերն անգամ երիկամներս ինձ խրատում էին:

Եկեղեցու միջոցով է [օրհներգում]: Գիշերն անգամ. Տիրոջից սովորեցի մինչև գիշերվա չորրորդ ժամը հույսով արթուն մնալ, որը խորհրդանշում է մեր այս կենցաղը և ժամանակը: Երիկամներ ասելով նկատի ունի երկնավոր ցանկությունները, որոնք անցավոր ցանկություններից առավել են:

8. Յառաջագոյն տեսանէի զՏէր առաջի իմ յամենայն ժամ. զի է ընդ աջմէ իմմէ, զի մի՛ սասանեցայց:

Սկզբից ևեթ Տիրոջը մշտապես տեսնում էի իմ առջև. նա իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ:

Սա նաև ինքն էր ասում. «Ես միայնակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է» (Հովհ. 16:32), իսկ այժմ՝ եկեղեցու աջ կողմում, այդ պատճառով էլ Հայրը նրան երկինք կանչեց, որպես թե նա այնտեղ անսասան կլինի: Ամո՛թ Արիոսին, որ Տիրոջը ստեղծված համարեց, և քանի որ Տերը մահացավ, Աստծո բնությունը հավասարեցրեց արարածների բնությանը:

9. Վասն այսորիկ ուրախ եղեւ սիրտ իմ. և ցնծացաւ լեզու իմ, եւս և մարմին իմ բնակեսցէ յուսով:

Դրա համար ուրախ եղավ սիրտն իմ, և ցնծաց լեզուն իմ, իսկ մարմինն իմ կհանգստանա հույսով:

Այսինքն՝ Սուրբ Հոգին՝ կենդանարար Հոգով: Եվ ցնծաց լեզուն իմ, երբ Հայրը կանչեց նրան: Իսկ մարմինն իմ կհանգստանա. որովհետև դեռ մարմնով այնտեղ չենք, քանզի, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Մեր մեջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը, որովհետև հույսով փրկվեցինք» (Հռոմ. 8:23-24):

10. Զի ոչ թողցես զանձն իմ ի դժոխս. և ոչ տացես սրբոյ քում տեսանել զապականութիւն:

Քանզի դժոխքում չես թողնի դու ինձ, և քո սրբին ապականություն տեսնել չես տա:

Այս գլուխը Պետրոսն է մեկնում՝ ասելով. «Նրա անձը գերեզմանում չթողնվեց, և ոչ էլ նրա մարմինը ապականություն տեսավ» (Գործք 2:31): Քանզի եթե ապականվել է նրա մարմինը գերեզմանում, ապա ի՞նչ է ուտում եկեղեցին և անմահանում:

11. Ցուցեր ինձ զճանապարհս քո կենաց, լցուցեր զիս ուրախութեամբ երեսաց քոց ի քաղցրութենէ վայելչութեան աջոյ քո մինչև իսպառ:

Ինձ ցույց տվեցիր կյանքի քո ճանապարհները, քո աջի քաղցրությունից ու վայելչությունից լիովին հագեցրիր ինձ երեսիդ ուրախությամբ:

Եկեղեցին է այսպես ասում, որ սովորել է նրա ճանապարհը, ինչպես որ ասաց. «Ես եմ ճանապարհը» (Հովհ. 14:6): Հագեցրիր ինձ երեսիդ ուրախությամբ. քանզի տեսա քո երեսը, ինչը ցանկանում էին տեսնել բոլոր արդարները, ըստ քո քաղցրության և ոչ թե ըստ իմ արժանիքների: Քո աջով կկանգնեցնես ինձ, որպեսզի վայելենք նաև հավիտենական [կյանքում]: Այս սաղմոսը նաև Ապողինարի դեմ է ուղղված, որ ասում էր, թե հոգի չառավ Քրիստոսը: Եվտիքեսին նույնպես հանդիմանում է, որ ասում էր, թե մարմին չառավ, նաև Սիմոնին, որ ասում  էր, թե երկու որդի են՝ միշտ միավորված:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

18.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․