Գրքեր

Սբ. Տրդատ թագավորի, առաքինազարդ Աշխեն թագուհու և աստվածասեր Խոսրովիդուխտի հիշատակության օր

Քաջազոր ու բարեհաղթ Սուրբ Տրդատ Գ հայոց մեծ արքային է պատկանում Հայոց երկրի առաջին քրիստոնյա թագավորը լինելու և իր երկիրը պետականորեն քրիստոնյա հռչակելու պատիվը: Ծնվել է 250-ական թթ-ին, որդին է Խոսրով Ա Արշակունի հայոց արքայի: Տրդատն ու նրա քույր Խոսրովիդուխտը մանուկ էին, երբ նրանց հայրը սպանվում է Սբ. Գրիգոր Լուսավորչի հոր՝ Անակի կողմից: Արտավազդ Մանդակունի հայոց նախարարը, մտահոգվելով արքայորդու կյանքի համար, մանուկ Տրդատին փախցնում է Կապադովկիայի Կեսարիա քաղաք, ճիշտ ինչպես որ մանուկ Գրիգորն էլ իր ծնողների սպանությունից հետո փախցվեց նույն քաղաք: Իսկ քրոջը՝ Խոսրովիդուխտին, ազատում է Օտա Ամատունին, և տանում Անի ամրոցը, որտեղ պահում է գաղտնի:

Տրդատը որոշ ժամանակ անց Կեսարիայից տեղափոխվում է Հռոմ: Այստեղ նա կրթվում է հռոմեական արքունիքում Լիկինոսի մոտ, ով 313թ-ից դարձավ Հռոմեական արևելյան կայսրության տիրակալը: Տրդատը տիրապետել է լատիներենին, հունարենին և պատերազմներում աչքի է ընկել իր արտակարգ ուժով: Թիկնավետ, հաստաբազուկ, զորավոր, հսկա ու փառավոր Տրդատը անպարտելի էր: Հաջողակ էր զինավարժության մեջ և առաջադեմ ամեն ուղղությամբ:

274թ-ին կայսեր կողմից Տրդատը նշանակվում է հռոմեական կայսրությանը ենթակա հայոց երկրամասի թագավոր, իսկ 287թ-ին՝ Դիոկղետիանոսի կողմից ճանաչվում ամբողջ Հայաստանի թագավոր: Տրդատն ամուսնանում է Ալանների թագավորի դստեր՝ Աշխենի հետ: Շուրջ տասը տարի պայքարելով պարսիկների դեմ՝ Տրդատն ի վերջո նրանց ստիպում է հրաժարվել իրենց տիրապետությունից Հայաստանում և ճանաչել Տրդատ Գ-ին իբրև հայոց թագավոր: Նա տիրում է Հայաստանին՝ մեկ ծայրից մյուսը, և արժանապես գրավում հայրենի թագավորության գահը: Տրդատը, նույնպես լինելով հեթանոս, իր գահակալության առաջին տարիներին հալածում է քրիստոնյաներին Հայաստանում և նրա զոհն են դառնում Սբ. Հռիփսիմյանց կույսերը: Սակայն նրանց նահատակությունից հետո հայոց արքան և արքունիքի այլ անդամներ դիվահարվում են և ոչ միջոցով հնարավոր չի լինում նրանց բժշկել: Երկրի բնակիչները պաշարվում են ահով ու երկյուղով: Այս անմխիթար աղետների մեջ Տերն այցելում է Իր ողորմությամբ: Խոսրովիդուխտ արքայաքույրը երազում հրաման է ստանում Սբ. Գրիգորին հանել Արտաշատի բանտի Խոր Վիրապից, ուր շուրջ տասներեք տարի առաջ նրան գցել էր Տրդատը, քանի որ ըստ այդ երազի միայն Գրիգորը կարող էր բժշկել արքային: Սբ. Գրիգորին վիրապից հանում են և նա 65 օր շարունակ քարոզում է քրիստոնեությունը պահքով ու աղոթքներով, բժշկում հայոց արքային և մնացած հարվածյալներին: Տրդատ արքան և նրա ընտանիքն իրապես դարձի են գալիս, ապաշխարում և ի վերջո Սբ. Գրիգորի ձեռքով մկրտվում Արածանիի ջրերում: Սբ. Տրդատը իր ձեռքերով Մասիս լեռից մեծ քարեր է բերում իր հրամանով սպանված Սբ. Հռիփսիմյանց կույսերի վկայարանները կառուցելու համար և անձամբ մասնակցում դրանց կառուցմանը: Հայոց Տրդատ արքան հավատն ու քաջությունն է ունենում հռոմեական կայսրությունում դեռ հալածվող քրիստոնեությունը հռչակելու իր երկրի պետական կրոն: Այդուհետ միշտ աջակցում է Սբ. Գրիգոր Լուսավորչին վերջինիս բոլոր գործերում՝ իրեն դրսևորելով իբրև ճշմարիտ աստվածասեր թագավոր:

Ագաթանգեղոսը այսպես է վկայում Սբ. Տրդատի մասին. «Աստվածասեր թագավոր Տրդատը սպասավորում էր բարեպաշտությամբ՝ բարի օրինակ լինելով: Քաջ տեղյակ լինելով հունական դպրությանը՝ նա փութաջանորեն ուսումնասիրում էր աստվածային գրքերը: Ուներ նաև փիլիսոփայական հանճարամտություն: Ընդունելով երկնավոր պարգևների շնորհը՝ մերկացավ հեթանոսական ցանկություններից և սկսեց պաշտել Խաչյալին: Եվ այսպես, ծառայելով Ավետարանին, աջակից և գործակից եղավ Սուրբ Գրիգոր Լուսավորչին, որից հետո Սբ. Արիստակեսին, իսկ հետո էլ՝ Սբ. Վրթանեսին, որն իր եղբորը հաջորդեց»:

Երբ ծերանում է, ինքն էլ իր գահը թողնելով, հեռանում է Սեպուհ լեռ՝ Սբ. Գրիգորի ճգնարանը՝ տրվելու աղոթական կյանքի: Նրանից շատ ավելի առաջ նույն այս կյանքն է ընտրում նաև առաքինազարդ թագուհին՝ Սբ. Աշխենը, ով ճգնողական կյանքին է նվիրվում Գառնիի ամրոցում, Խոսրովիդուխտ արքայաքրոջ հետ: Տրդատը վախճանվում է հայ պարսկամետ նախարարների ձեռքով թունավորվելով, ովքեր դժգոհ էին նրա վարած քրիստոնեամիտ քաղաքականությունից: Հայոց արքան թաղվում է Դարանաղյաց գավառի Թորդան ավանում Սբ. Գրիգոր Լուսավորչի կողքին:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սբ. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և արքայաքույր Խոսրովիդուխտի հիշատակը տոնախմբում է միասնաբար:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

08.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․