Գրքեր

Սեբաստացիներն ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

Նոյեմբերի 14-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի և Արևելյան դպրոցի աշակերտները, կրթահամալիրի 30-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում, ուխտի էին եկել Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Եկեղեցում աշակերտներին ողջունեց և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը փոխանցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տեր Հայրը պատանի ուխտավորներին ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը, Զորավոր անվան բացատրությունը և թե ինչ սրբություններ, ուխտի օրեր ունի Երևանի հնագույն սրբավայրը: Տեր Հայրն ուխտավորներին մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը և ասաց, որ իրենց հավատքի շնորհիվ նրանք կկարողանան ապրել որպես ճշմարիտ քրիստոնյա, որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ՝ Հայ ազգի և Հայոց եկեղեցու արժանի զավակը լինելով:

Այնուհետև ուխտավորները, կրթահամալիրի երգչախմբի մանկավարժ Մարինե Ոսկանյանի գլխավորությամբ, շարականներ և Սուրբ Պատարագից հատվածներ երգեցին: Երգչախմբի մանկավարժն ասաց, որ Զորավոր Ս. Աստվածածինն այն յոթ եկեղեցիներից մեկն է, որ կրթահամալիրի 30-ամյակին նվիրված սեբաստացիներն ուխտ են արել այցելել:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի տնօրեն Նառա Նիկողոսյանը, կարևորելով աշակերտների ուխտագնացությունը, նշեց, որ իրենց այսօրվա քայլը պատասխանն է այն բուռն քննարկումների, թե անհրաժե՞շտ է, որ աշակերտը դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան անցնի: «Մեր կրթահամալիրում եկեղեցու պատմությունը միայն գրքով չի սահմանափակվում, եկեղեցու պատմությանը մեր աշակերտները հաղորդ են դառնում նաև եկեղեցում: Կարևոր է գիտելիքը գործունեության վերածել, որպեսզի այն նաև ուսուցում դառնա»,- հավելեց տիկին Նառան:

Պատանի ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու զորությանն ու օրհնությանը հաղորդ դարձած և հոգեպես զվարթացած վերադարձան իրենց ուսումնական առօրյային:

 

Կարինե Սուգիկյան

14.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․