Սիրելի երիտասարդներ,
Իմ քահանայագործության շրջանին բազմիցս հանդիպեցի երիտասարդ զույգերի հետ և նույնիսկ երկար տարիներ ապրող ամուսինների, որոնք ճիշտ չըմբռնելով սիրո և սիրահարվածության տարբերությունը՝ կանգնում են ամուսնալուծության առջև: Վստահաբար այդ երևույթը այսօր միայն Հայաստանում տարածում չի գտել, այլ՝ ողջ աշխարհում: Եվ հիմնականում դրսից ներմուծված կեղծ գեղեցիկ բարքերն են պատճառը՝ մեր ընտանիքների քայքայման:
Բոլորս էլ գիտենք, որ թե՛ հոգևորականի և թե՛ աշխարհիկ մարդու համար երկու ընտրություն կա՝ ամուսնանալ կամ չամուսնանալ: Հոգևորական, որ կարող է լինել կուսակրոն կամ ամուսնացյալ քահանա: Եվ աշխարհիկ, որ կարող է ամուսնանալ կամ չամուսնանալ՝ ապրելով մաքուր և ողջախոհ կյանքով աշխարհիկ կյանքում կամ որևէ մի վանքում իր ծառայությունը անցկացնելով:
Երկու պարագայում էլ պետք է մեծ վստահություն ունենալ և ամուսնանալ սիրով: Առավել ևս երիտասարդների ամուսնության համար՝ շատ կարևոր է սերը: Գրեթե անհնարին է ամուսնանալ և ապրել չսիրած մարդու հետ: Եվ եթե նույնիսկ մեկը կարող է այդպիսի քայլի գնալ` անցանկալի է: Այսօր Հայաստանում շատ են դեպքերը, երբ երկար ժամանակ անձը չի կարողանում ամուսնանալ և վերջապես ամուսնանում է առաջին պատահածի հետ, ով նրան առաջարկություն է անում: Պարզ է, որ սա ստիպված քայլ է: Վստահաբար, եթե տարիքը չստիպեր, նա այդ քայլին չէր գնա:
Այսօր իմ նպատակն է խոսել ձեզ հետ մի կարևոր իրողության մասին: Ես չեմ վախենա ասելու, որ այդ իրողության չիմացությունն է պատճառը բոլոր բաժանումների:
Ուրեմն ո՞րն է այդ իրողությունը: Ինչքանո՞վ է այն կարևոր մեզ համար:
Որքան էլ ձեզ տարօրինակ թվա, բայց ես ասում եմ, որ.
Ամուսնանալ սիրելով՝ անհնար է:
Ասեմ ավելին, որ երկրի վրա ոչ մի մարդ սիրելով չի ամուսնացել: Գիտեմ խորթ և տարօրինակ է հնչում, բայց այդպես է: Երիտասարդները, որ մտածում են, թե սիրում են, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:
Որպեսզի ես հիմնավորեմ իմ ասածները, և ձեր դեմքերից էլ անհետանան զարմացած արտահայտութունները՝ կխոսեմ տերմիններով:
Բոլորդ էլ գիտեք, որ մի բառը տարբեր իմաստներով կարելի է օգտագործել: Այդ իսկ պատճառով ես կփորձեմ ձեզ բացատրել, թե ինչ է նշանակում Սեր:
Շատ հաճախ մարդիկ սխալ են պատկերացնում սերը, և սեռական հարաբերությունները համարում են սեր: Հաճախ իմ այն հարցին, թե ի՞նչ է ձեզ համար ամուսնությունը, ինձ պատասխանում են ֆիզիկական պահանջ:
Ուրեմն իրականում ի՞նչ է սերը:
Կան երկու հիմնական հասկացողություններ, որոնք բնորոշում և որակում են երկու տարբեր փոխհարաբերություններ՝ տղամարդու և կնոջ միջև: Դա «սերն» է և «սիրահարվածության զգացմունքը»:
Երբ Մոսկվայում մասնակցեցի «Քրիստոնյա ընտանիք» թեմայով սեմինարին, բանախոսը հետաքրքիր մի բաժանում կատարեց, որն էլ հիմա կներկայացնեմ ձեզ և դրա հիման վրա կկառուցեմ խոսքս:
Խնդրում եմ ուշադիր նայել այս կետերին.
Զգացմունք (սիրահարվածություն) Սեր
Սկսենք զգացմունքից, քանի որ բոլորս էլ մեր կյանքում զգացմունք ունեցել ենք: Ես չեմ թաքցնի և կասեմ, որ առաջին անգամ սիրո զգացմունք ունեցել եմ մանկապարտեզում, հետո դպրոցում, ուսանողական կյանքում և ավելի ուշ: Վստահ եմ նաև ձեզանից շատերը:
Քանի որ այսօր շատ արդիական է երիտասարդների համար շքեղ մեքենաների թեման, օրինակը բերեմ հենց այդտեղից:
Ամեն մեկն էլ ցանկանում է լավ մեքենա վարել, ասենք «Բի Էմ Դաբլյու Իքս 6»: Եվ իրականում, երբ փողոցով անցնում է այսպիսի գեղեցիկ մի մեքենա, բոլոր այն վարորդները որոնք ավելի համեստ մեքենայի ղեկին են նստած, թեքում են իրենց գլուխները և նախանձով նայում այն երջանիկ վարորդին, ով վարում է այդ շքեղ մեքենան:
Եթե մարդու առջև կանգնեցնեն մի շարք մեքենաներ և ասեն` ընտրիր, ապա իհարկե կընտրի ամենալավ, ամենագեղեցիկ և ապահով մեքենան: Նույն տրամաբանությունն է գործում սիրո զգացմունքում: Երիտասարդը մտնում է դասարան, հայացք է գցում իր դասարանցիների վրա, ընտրում է ամենագեղեցիկին և ինքն իրեն ասում. «Ուզում եմ, որ իմը լինի»: Ինչո՞ւ ամենագեղեցիկը չլինի:
Հիմա մեր առջև հարց դնենք: Կարո՞ղ է այդպիսի զգացմունքը հիմք հանդիսանա իսկական ամուր ընտանիքի համար: Իհարկե ո՛չ: Ինչքան էլ գեղեցիկ լինի մեքենան, դրանից ավելի մեծ հնարավորություններ ունեցող մեքենաներ կան:
Օրինակ` «Բի Էմ Դաբլյու Իքս 6» վարող վարորդը գնում է ամառանոց` իր ընկերոջը հյուր: Եվ ճանապարհին սկսում է նախանձել իր կողքով անցնող «Բենթլիի» վարորդին և գալիս է մի եզրակացության, որ իրեն մի քանի տարբեր մեքենաներ են պետք: Եթե հնարավորությունները թույլ են տալիս, ապա մի մեքենա՝ քաղաքի համար, մեկը` գյուղ կամ ամառանոց գնալու, մի բեռնատար` իրերը տեղափոխելու և մեկն էլ` սիրողական իր հաճույքների համար:
Այդպես է և զգացմունքի ժամանակ: Մարդը ընտրում է երկու կամ երեք կին: Մեկը, որ զավակ ունենա, ճաշ պատրաստի, լվացք անի, քանի որ նա հիանալի տնային տնտեսուհի է:
Մյուսի հետ, որ ռեստորան գնա, որովհետև նա շատ գեղեցիկ ու հմայիչ է և այնպես է կարողանում պահել իրեն, որ կողքից բոլորը նախանձում են:
Եվ վերջապես երրորդի հետ կարելի է համարձակ և վստահ գնալ ցուցահանդես, օպերա կամ բալետ, որովհետև նա հեշտությամբ է տարբերում Վան Գոգին` Գոգենից, Դեբյուսիին` Շոպենից:
Ամենապարզ դեպքում դա գեղեցիկ դեմքն է ու մարմինը: Լավագույն դեպքում` խելքը, բնավորությունը և այլն: Ամեն դեպքում սիրահարվածը սիրահարվում է ինչ-որ բանի:
Ի՞նչ եք կարծում: Կարո՞ղ է նման զգացմունքը լինել գրավական՝ ճիշտ ամուսնության: Իհարկե ո՛չ:
Շատ ժամանակ, երբ երիտասարդները գալիս են եկեղեցի՝ Պսակի Խորհրդի համար գրանցվելու և երբ առիթ է լինում նրանց հետ զրուցելու, այն հարցին, թե ինչո՞ւ ես սիրում, տղաների մեծ մասի պատասխանն է լինում՝ նրա ներքին գեղեցկության համար:
Սա վատ բան չէ, բայց մարդու ներքինը հնարավորություն ունի փոխվելու: Օրինակի համար` առաջին երեխայի ծնունդը կարող է փոխել կնոջը: Հայտնի է, որ շատ կանայք հղիության շրջանում գիրանում են, ծննդաբերությունից, երեխային կերակրելուց հետո ֆիզիոլոգիապես փոխվում են և չեն կարողանում վերականգնել իրենց նախկին տեսքը: Բայց սա կնոջ մեղքը չի, որ նա իրեն «թույլ է տվել», փոխվում է ոչ միայն մարմինը, այլև դեմքը, մազերը:
Ես սիրում եմ բերել ծիրանենու օրինակը: Երբ գարնանն այն ծաղկում է, ինձ համար այն ամենագեղեցիկ ծառն է, որովհետև զարդարված է գեղեցիկ ծաղիկներով և հրաշալի բույր ունի: Սակայն սա տևում է մինչև այն պահը, երբ դուրս են գալիս պտուղները: Պտղի դուրս գալուց հետո այն դառնում է սովորական մի ծառ:
Նույն պարագան է նաև սիրահարված նորապսակների մոտ: Առաջին շրջանին շատ գեղեցիկ, սիրալիր կյանք են վարում, սակայն հղիությունից սկսյալ և առավել ևս զավակի ծնունդից հետո, հարաբերությունները փոխվում են: Մի քանի տարի հետո, երբ երեխան արդեն երկու-երեք տարեկան է, այդ մարդու «աչքն արդեն դուրսն է», քանի որ իր կինն արդեն այն գեղեցկությունը չունի, իսկ դրսում գեղեցիկ աղջիկները շատ են:
Եթե նույնիսկ մարդը սիրահարված է խելքի և շնորհքի վրա` սա ևս կարելի է կորցնել: Օրինակի համար, Աստված մի արասցե, մարդն ընկնում է դժբախտ մի պատահարի մեջ և կորցնում իր գիտակցությունը: Ուրեմն ի՞նչ է դուրս գալիս: Եթե սիրահարվել եք մարդու խելքին կամ շնորհքին, այլևս նրան չե՞ք սիրելու, քանի որ զրկվել է դրանցից:
Այստեղից պարզ է դառնում, որ հարգանքը, խելքն ու գիտակցությունը հերիք չեն ամուր, սիրով ընտանիք կազմելու համար:
Իմ դեմքին միշտ ժպիտ է հայտնվում, երբ տեսնում եմ նոր սիրահարված զույգեր: Նրանց գեղեցիկ և ջերմ վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ, ձեռք-ձեռքի բռնած քայլելը, իրարից համբույր փախցնելը…
Շատերի համար սա դիտվում է, որպես կատարյալ սիրո արտահայտություն, բայց իրականում ինձ համար պարզ է, թե ինչքան հեռու է այն իրական սիրուց:
Գոգոլը շատ լավ գիտեր հոգևոր կյանքում գործող մի օրենքի մասին. «զգացումների խորությունը, ներքին ուժը ոչ մի կապ չունի զգացմունքների արտաքին դրսևորման հետ»:
Վստահաբար ձեզ մոտ հարց կառաջանա, եթե դա իրական սեր չէ, այլ սիրահարվածություն, ապա ինչպե՞ս է, որ այն չի մոռացվում:
Մենք բոլորս էլ շատ ենք լսել, որ առաջին սերը չի մոռացվում և հետք է թողնում ամբողջ կյանքի ընթացքում: Ի՞նչ է առաջին սերը: Ի՞նչն է նրանում զարմանալի և անմոռանալի:
Եթե հիշում եք, ես սկզբում ասացի, որ մի բառի տակ ի հայտ են գալիս տարբեր բացատրություններ: Տվյալ պահին կարելի է ասել, որ առաջին սերը տարբեր է լինում, սկսած շատ խորը և մաքուր զգացմունքից, մինչև՝ անխելք ու թռուցիկ հրապուրանք: Երկու դեպքում էլ առաջին զգացմունքն իհարկե չի մոռացվում և թողնում է խորը հետք:
Հիշելով սիրո և սիրահարվածության բանաձևումը, իհարկե պետք է ճշտել, թե ինչ է առաջին սերը. դա դեռ սեր չէ, դա միայն առաջին լուրջ սիրահարվածությունն է, առաջին զգացմունքը՝ ծնվող սիրո: Հենց զգացմունքը սիրո, ոչ թե հենց սերը, քանի որ սերն ինքը զգացմունք չէ, այլ վիճակը՝ իրար միացած երկու հոգիների:
Ուրեմն ի՞նչ յուրահատուկ բան կա «առաջին սիրո» մեջ: Պատասխանը շատ պարզ է: Առաջին հերթին դա առաջին զգացմունքն է, այն ինչ կատարվում է առաջին անգամ, միշտ թողնում է խորը հետք:
Երբևէ նկատե՞լ եք, ճանապարհը, որով գնում եք առաջին անգամ, միշտ երկար է թվում, քան երկրորդ անգամ, երրորդ, չորրորդ:
Ինչ-որ եղել է առաջին սիրո ժամանակ, կրկնել երբեք չի ստացվի:
Երբ ես երեք տարի առաջ առաջին անգամ նստեցի մեքենայի ղեկին, առաջին անգամ զգացի, որ մեքենան ենթարկվում է ինձ, որ նրանում կա հետաքրքիր մի ուժ, և այդ ամբողջ ուժը քո ձեռքերում է: Ի՞նչ արագություն ես հավաքեցի առաջին անգամ. 40-50կմ/ժ: Ավելի ուշ 70կմ/ժ: Բայց ես միշտ հիշում եմ այդ առաջին վարումը, չնայած հետո հազար անգամ կրկնեցի նման երթեր, բայց 70կմ/ժ արագությունն արդեն շատ դանդաղ էր թվում ինձ համար: Մեքենայի ուժի զգացողությունը ավելի լուրջ զգացի և արդեն գիտեմ մեքենայի բոլոր կարողությունները: Կրկնել այդ նույն զգացողությունը երբեք արդեն չի ստացվի, եթե իհարկե չփորձեմ նստել ինքնաթիռի ղեկի առջև:
Այստեղ բացվում է ևս մի շատ կարևոր իրողություն: «Առաջին սերը»՝ զգացմունքը, որպես օրենք, շուտ մարում է, որը դեռ երեկ վառել էր մարդը, և մեզ թվում է, որ սերը հեռանում է:
Խոսքս զգացմունքի մասին ավարտելով, անցնեմ իրական սիրո բացատրությանը:
Հիշում եք սիրո նախապայմանները.
Կորնթացիներին ուղղված առաջին նամակում կարդում ենք. «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի անհետանում.» (Ա Կորնթ. 13:4-8):
Այն ինչ հավիտենական չի կարող լինել, իրավունք չունի սեր կոչվելու: Իրական ամուսնությունը պետք է հավիտենական լինի: Բոլորդ էլ գիտեք, որ եկեղեցում բաժանում չկա: «Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. 19:6): Հավատարմությունը կողակցի հանդեպ պահել ողջ կյանքում, նույնիսկ մեկի մահից հետո: Իհարկե ոչ բոլորն են կարող սրան գնալ, դրա համար էլ եկեղեցին այդ պարագային երկրորդ անգամ ամուսնացնում է: Լավ կլինի, որ մարդ երկրորդ անգամ չամուսնանաս, բայց եթե չի կարող տանել այդ դժվարությունը, ապա թող ամուսնանա:
Սակայն հոգևորականի պարագային այլ է, ով պետք է օրինակ լինի իր համայնքի համար, չի կարող երկրորդ անգամ ամուսնանալ: Իսկ եթե նա ցանկանա դա անել, ապա պետք է հրաժարվի իր հոգևոր կոչումից:
Մտածել եք երբևէ, թե ինչի՞ համար եք սիրում ձեր մորը. գեղեցկությա՞ն, բարությա՞ն, խելացիությա՞ն: Մենք բոլորս էլ գիտենք, որ մեր մայրերից ավելի խելացի և գեղեցիկ կանայք կան, բայց վստահաբար ամեն մեկիս համար ամենագեղեցիկն ու ամենախելացին մեր մայրն է: Հնարավոր է, որ նույնիսկ նրանք շատ դաժան և կոշտ լինեն, բայց միևնույն է մենք սիրում ենք նրանց:
Ինչի՞ համար ենք մենք սիրում մեր զավակին: Նրանք կարող են շատ չարություններ անել, բայց մենք նրանց սիրում ենք:
Կարելի՞ է ասել, որ մենք մեր մորը սիրում ենք, որովհետև նա մեզ ծնել է, կամ մեր երեխաներին սիրում ենք, որովհետև մենք ենք ծնել նրանց: Ո՛չ մի դեպքում: Կան նաև որդեգրած զավակներ: Կամ օրինակի համար, ինչո՞ւ ենք մենք սիրում մեր քրոջը: Ո՛չ ես եմ նրան ծնել, ո՛չ ինքը` ինձ: Բայց նա իմ քույրն է և ես նրան սիրում եմ: Այսպես շատ օրինակներ կարող ենք բերել, բայց պատճառ չենք կարող գտնել: Պատճառ չկա, սիրում եմ նրա համար, որովհետև նա իմն է և վերջ: Լավ, թե վատ` իմն է:
Իսկ կողակի՞ցը: Իրական սիրո ժամանակ քո ամուսնուն կամ քո կնոջը պետք է սիրել միայն նրա համար, քանի որ նա քոնն է:
Տեսնենք ի՞նչ է ասում Աստվածաշունչը. «Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը՝ պոտք է միանա իր կնոջը, և երկուսը պետք է լինեն մի մարմին» (Ծննդ. 2:24):
Ուշադի՛ր լսեք. «երկուսը պետք է լինեն մի մարմին»: Հիշենք այս խոսքերը և մտածենք, թե ինչ է այն նշանակում: Ի՞նչ է նշանակում «լինել մի մարմին»:
Նայեք ինձ: Ես երկու ձեռք ունեմ: Ոչ ոք չի ասի, որ ես մի երկար ձեռք ունեմ` երկու վերջավորությամբ: Ես երկու ոտք ունեմ: Բայց երկու ձեռքերն ու ոտքերը ամբողջացնում եմ մի մարմինը:
Պատկերացնենք, որ աջ ոտքը ձախին ասում է. «Ես հիմա աջ եմ գնում, դու ձախ գնա, հոգնել եմ միշտ քեզ հետ քայլելուց, մի քիչ էլ մենակ քայլեմ»:
Կամ պատկերացնենք ձախ ոտքը մեխի վրա է դուրս եկել և մեծ վերք է բացվել, իսկ աջը նրան ասում է. «Պետք է ոտքիդ տակ լավ նայես, հիմա գնա ոնց ուզում ես…»: Նման բան չի կարող լինել: Հայտնի է, որ ցավը զգում է նախ ողջ մարմինը և երկրորդ՝ մյուս ոտքը ամբողջ ծանրությունը վերցնելով իր վրա, տանում է դարմանելու մյուսին:
Այսպես պետք է լինի նաև ընտանիքում: Երբ ամուսինը հոգնած գալիս է աշխատանքից և ջղայնացած ավելորդ բառեր է ասում, կինը պետք է համբերատար գտնվի և ավելորդ վեճի առիթ չստեղծի: Սակայն այստեղ կարևոր պայման է, որ երբ ամուսինը հանգիստ լինի, գիտակցի իր կատարած սխալը և ներողություն խնդրի կնոջից: Եթե կինն է հոգնած գալիս, ապա ամուսինը հանգիստ գնա խոհանոց և օգնի: Կինն ու ամուսինը դրանք մի մարմին են, ավելի հարազատ և մոտ իրար, քան՝ ծնողը և զավակը: Ծնողի և զավակի մեջ մեկ պորտ կա և նույնիսկ քրոջ և եղբոր մեջ, բայց ամուսինների մեջ` ոչ:
Իմացեք, որ ամուսինը տղայից հարազատ է և նույն ձևով կինը` աղջկանից: Եվ ավելի քան հարազատը:
Վստահաբար սա ձեր ականջին խորթ է հնչում, բայց այն 100 տարի առաջ հայտնի էր ցանկացած քրիստոնյայի:
Եթե այն ժամանակ կինը ուզեր հեռանալ ամուսնուց և հետ գնար ծնողների մոտ, նրան ուղղակի չէին ընդունի` ասելով. «Դու ամուսին ունես, վերադարձիր նրա մոտ: Եթե դու ամուսնուցդ հեռանաս, մենք քեզ չենք ճանաչի»:
100 տարի առաջ բաժանվելն անիմաստ էր: Դա ուղղակի ոչ մեկի մտքով չէր անցնում: Ինչի՞ համար էր այն անիմաստ:
Պատկերացնենք մի մայր, որը մեծացնում է իր երեխային: Մեկ տարեկանում ամեն ինչ լավ է՝ հրաշք է:
Երկու-երեքում՝ պրոբլեմները շատանում են, բայց տանելի են:
Յոթում արդեն լուրջ պրոբլեմներ կան:
Իննում մայրը հայտարարում է. «Երեխաս ինձ դուր չի գալիս, արդեն բղավում է, լավ չի սովորում: Ինչքա՞ն է հնարավոր տանել: Վերջ, հոգնել եմ: Վաղը գնում եմ ԶԱԳՍ՝ բաժանվեմ: Ինձ այսպիսի զավակ պետք չէ»:
Մենք հասկանում ենք, որ սա խելքին մոտ չէ: Զավակից բաժանվել չի կարելի: Ապա ինչո՞ւ ամուսնուց կարելի է:
Հիմա արդեն մեր բարոյական նկարագիրը ընկել է, ամուսինները հեշտությամբ թողնում են մեկը մյուսին:
Եվ այսպես զույգերը դառնում են մեկ մարմին: Իսկական ամուսինը սիրում է իր կնոջը նրա համար, որ նա իր կինն է, որովհետև նրանք մի մարմին են: Իհարկե եթե կինն ունի գեղեցիկ մարմին և լավ բնավորության գծեր՝ դա ուղղակի հիանալի է: Բայց նույնիսկ, եթե դրանք չկան, իսկական ամուսինը ամեն պարագայում կսիրի իր կնոջը:
Հավատարիմ ամուսինների մեջ ի հայտ է գալիս ոչ միայն մի զգացմունք, այլ մի միտք ու ցանկություն:
Հարազատ մարդուն մենք չենք գնահատում իր գեղեցկության համար, այլ՝ նրա հոգու:
Մարդու ներքինը նման է մուգ ապակու: Հեռվում դու տեսնում ես միայն ապակին, իսկ նրանից հետո ինչ կա` տեսնել չես կարող: Իսկ երբ անցնում ես այն կողմ, դու տեսնում ես միայն այն, ինչ որ գտնվում է այդ ապակուց ներս, իսկ ապակին այլևս չես տեսնում:
Եթե իրական սեր կա զույգերի մեջ, ուրեմն նրանք պետք է զգան միմյանց: Այստեղ ինձ կհասկանան ավելի շատ մայրերը: Վստահաբար լսել եք, երբ զինվորական ծառայության մեջ գտնվող զավակը հիվանդանում է, մայրն՝ անմիջապես զգում է դա: Ես կարող եմ նաև իմ օրինակը փաստել, երբ ուսանում և ապրում էի Գևորգյան հոգևոր ճեմարանում և ամեն անգամ, երբ որ հիվանդանում էի՝ մայրս դա զգում էր: Որովհետև իմ մայրն էր:
Իրական սիրո ժամանակ նույն զգացողությունը պետք է լինի ամուսինների մեջ: Նրանք պետք է զգան իրար:
Հիմա խոսենք երրորդ կարևոր կետի մասին:
3. Ինքնազոհաբերություն
Իսկական սերն անիմաստ է առանց զոհաբերության:
Ի՞նչ է դա և ի՞նչ եք կարծում. ինքնասպանությունը զոհաբերությո՞ւն է, թե՞ ոչ:
Օրինակի համար երիտասարդը խոստովանել է իր սիրո մասին, նրան մերժել են և իր համար կյանքը կորցրել է իմաստը: Եվ մարդը զոհաբերում է իր կյանքը սիրո համար: Սա զոհաբերությո՞ւն է, թե՞ ոչ: Տեսնում եմ, որ ձեզանից շատերը համաձայն չեն, որ ինքնասպանությունը զոհաբերություն է: Ճի՛շտ եք: Ինքնասպանությունը զոհաբերություն չէ:
Ինքնասպանությունը սիրո համար` հիմարություն է: Նրանք մտածում են, թե. «Ես սրանով ցույց կտամ, թե ոնց եմ տանջվում»: Ինքնասպանության մեջ չկա խնամքն ուրիշի հանդեպ, հակառակը, դրա պատճառով հարազատներն ավելի վատ վիճակի մեջ են հայտնվում:
Զոհաբերությունը դա այն է, երբ մեկը զրկում է իրեն ինչ-որ բանից` մյուսի համար:
Զոհաբերությունը դա մեծ քայլ է՝ մտածված:
Այստեղ ես կբերեմ նաև իմ կյանքից մի օրինակ, բայց նախապես ասելով, որ դեռ չեմ հասել և չունեմ այն կատարյալ սիրո զգացումը, որի մասին ասում եմ ձեզ:
Տարիներ առաջ, երբ Վեհափառ Հայրապետն ինձ ուղարկեց անգլերեն լեզվի դասընթացների, որպեսզի ուսումս շարունակեմ արտերկրում, ես արդեն կուսակրոն դառնալու դիմում էի գրել: Դասընթացների նույն խմբում սովորում էր նաև ապագա կինս, ով ևս պետք է ուսումը շարունակեր արտերկրում: Մենք այնտեղ հանդիպեցինք իրար, սիրահարվեցինք և ամուսնանալու որոշում կայացրինք: Ինչի արդյունքում, երկուսս էլ մեր արտերկրում սովորելու հնարավորությունը, ապագայի հեռանկարները զոհաբերեցինք՝ հանուն սիրո:
Սակայն, իրական սերն ամուսինների մեջ դրսևորվում է 10-15 տարի հետո: Երբ այս նյութի համար գրականություն էի ուսումնասիրում, ռուս Ուղղափառ Եկեղեցու մի հոգևորականի մոտ հետաքրքիր պատասխանի հանդիպեցի: Մի երիտասարդ հարցրել էր. «Իսկ Դուք սիրո՞ւմ եք Ձեր կնոջը»: Ի պատասխան հարցին նա հետևալ պատմությունն էր պատմել. «Մի օր երեկոյան կինս գեղեցիկ ընթրիք էր պատրաստել: Երբ նստեցինք ընթրելու, տեսա, որ մոռացել է ինձ համար պատառաքաղ դնել և խնդրեցի, որ բերի: Երբ վեր կացավ պատառաքաղը բերելու, նոր անդրադարձա այն փաստին, որ նա հղի է, և որ ավելի ճիշտ կլիներ, որ ես վեր կենայի վերցնելու, այլ ոչ թե նա, որքան էլ որ այն նրան ավելի մոտ լիներ»:
Տեսնո՞ւմ եք, թե մինչև ուր պետք է հասնի կատարյալ սիրո զգացումը:
Երբ երկու ծառ իրար կողք-կողքի աճում են և հյուսվում մեկը մյուսին` դառնում են մի ծառ: Եթե առանձին երկու ծառ լինեն կողք-կողքի, մի ծառը կտրեն, մյուսը կարող է նույնպես ընկնել, որովհետև հենարան չունի: Բայց երբ երկու ծառ միասին աճում են և նրանցում հոսում է նույն հյութը, սա արդեն լրիվ ուրիշ է: Այստեղ արդեն առանց մյուսին վնասելու չես բաժանի:
Եվ վերջում ուզում եմ խոսքս ավարտել Տիրոջ հայտնի խոսքերով. «Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք» (Հովհ. 13:34):
Պատրաստեց՝ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանը