21 Դեկտեմբեր, Շբ
Սբ. Եփրեմ Ասորին նշում է` ինչպես բոլոր առաքինություններից վեր սերն է, այդպես էլ բոլոր մեղքերից առավել ծանրը եղբորն ատելն է, քանի որ իր եղբորն ատողը մարդասպան է, ինչպես առաքյալն է նշում (Ա Հովհ. 3.15): Ով իր եղբորն ատում է, նա նաև հենց Աստծուն է ատում: Եթե սատանան մեզ ատելություն ներշնչի, կյանքի ապաքինումը մեզ համար սերը կլինի: Ատելությունը չի հանդուրժում դատողություն ու ուսուցում, ընդհակառակը, շտապում է մեղք գործել և կործանել: Հոգևոր պտուղների մեջ երրորդը` խաղաղությունն է (Գաղ. 5.22), բայց ապրում ենք մի աշխարհում, որտեղ միմյանց նկատմամբ թշնամությունն է տիրում: Շատ սուրբ հայրեր նշում են, որ խաղաղությունը հոգևոր խոնարհության և հնազանդության պտուղն է: Եթե չենք հնազանդվում Հիսուս Քրիստոսին, ապա ներքին և արտաքին թշնամություն ու ագրեսիա է տիրում: Իսկ եթե հնազանդվում ենք Քրիստոսին, այդժամ թե´ մեր ներսում, թե´ մեր շրջապատում խաղաղություն է տիրում: Եվ մենք պետք է ձգտենք այդ հոգևոր խաղաղությանը, սիրով ու բարությամբ գոյակցությանը: Ռուս հոգևորական Վալերի Դուխանինը մի առակ է պատմում, որում մի մարդ իր համար բերքատու այգու հետ միասին մի տուն է գնում: Նրա հարևանը նախանձ մարդ է լինում և մշտապես ուզում է նրա տրամադրությունը փչացնել: Երբեմն աղբն է թափում դարպասի մոտ, երբեմն այլ վատ արարք է գործում: Երբ մի անգամ լավ տրամադրությամբ արթնանում է, դուրս գալիս պատշգամբ, կեղտաջրով լի դույլ է տեսնում: Դույլը վերցնում է, լվանում, մաքրում փայլեցնում, այդ դույլով լավագույն խնձորներից հավաքում և գնում հարևանի մոտ: Հարևանը լսելով դռան թակոցը չարախնդորեն մտածում է. «Վերջապես նրան հունից հանեցի»: Բացում է դուռը վիճաբանելու հույսով, սակայն տեսնում է, որ այդ մարդն իրեն խնձորներով լեցուն դույլն է փոխանցում և ասում. «Ով ինչով հարուստ է, դրանով էլ կիսվում է»: Բարի մարդը իր բարի սրտի գանձերից բարին է հանում, իսկ չար մարդը իր սրտից իր չար ունեցածն է հանում (Ղուկ. 6.45): Այս ամենը մարդկային հարաբերությունների ընդհանուր օրենք է: Երբ չարանում ենք ինչ-որ մեկի վրա, եթե նույնիսկ որևէ պատճառ կա այդ ամենի համար, այնուամենայնիվ մեզ ենթարկում ենք մի վտանգավոր կրքի ազդեցությանը` հիշաչարությանը: Թվում է, թե հիշաչարությունը առանձնանում է ատելությունից, բայց այն միահյուսված է ատելության հետ: Այդժամ մարդու մտքում շարունակաբար եռում է հիշաչարությունը, թե ինչպես վրեժ լուծել այն մարդուց կամ մարդկանցից, որոնց նկատմամբ լավ տրամադրված չէ և կարծում է, որ իրեն վնաս են պատճառել: Եթե որևէ մեկի հետ վիճում է կամ վատ փոխհարաբերությունների մեջ հայտնվում, ապա մտքով հայտնվում է երկխոսության մեջ վիճաբանողի հետ` ցանկանալով ինքն իրեն արդարացնել և հաղթող դուրս գալ այդ իրադրության մեջ, ինչպես նաև մեղադրելով հակառակ կողմին: Եվ հանդիպելով այդ մարդուն՝ աչքերը հեռացնում է նրանից, որովհետև ծանր ու դժվար է նայել նրան: Այդժամ որտե՞ղ է ներքին ազատությունը, ո՞ւր է ներողամտությունը, սիրո լույսն ու խոնարհությունը: Ամբողջ աշխարհը չարով է լցված: Պետք չէ այդ խաղի կանոններին ենթարկվել: Աստված մեզ պատգամում է ազատվել չարից: Եթե որևէ մեկը վիրավորում է, մարդիկ հաճախ տրվում են ատելությանն ու չարությանը ու միանգամից հայտնվում նրա իշխանության ներքո, ով վիրավորել է: Եթե մարդ անհաղորդ է մնում ու չի վիրավորվում, ապա ազատ է մնում, ներքին լիակատար ազատություն է ունենում: Ատելության հակաթույնը սերն է: Եթե սերն ուղղված է դեպի կյանքը, ապա ատելությունը` դեպի ավերումը: Ատելությունը մշտապես ոտնձգություն է ուրիշի կյանքի հանդեպ, որովհետև ատողը ցանկանում է, որ իր կողմից ատելության արժանացած անձը չունենա որևէ բարիք, իսկ առաջին բարիքը` կյանքն է: Ատելություն տածողը նույնիսկ չի ցանկանում տեսնել իր կողմից ատելի մարդուն, այլ խոսքով` նա ուզում է, որ այդ մարդը նույնիսկ գոյություն չունենա, քանի որ ատելությունը ոչնչացման, ավերման ծարավ է: Սուրբ Գրքում տեսնում ենք, թե Կայենն իր եղբորն ինչպես սպանեց, իսկ Սավուղի ատելությունը Դավթի հանդեպ իրեն ուր հասցրեց:
Ինչո՞ւ են մարդիկ ատում միմյանց: Պատճառները կարող են շատ լինել: Սակայն մի իրողություն հստակ է: Դրա մասին Սբ. Բարսեղ Կեսարացին նշում է` որտեղ սերը նվազում է, այդտեղ դրա փոխարեն ատելությունն է անպայման մուտք գործում: Մենք միմյանց ատում ենք սիրո պակասության պատճառով: Ատելությունը հիմնավորվում է այնտեղ, որտեղ ի սրտե ներքին ջերմությունը և մտերմությունը բացակայում է, որտեղ թագավորում է օտարացումը, խստասրտությունը, ուրիշներին դատելու սովորույթը և այլն: Պատկերացրեք, որ երկար ժամանակ փնտրել եք ձեզ հարազատ մի մարդու` եղբորը կամ քրոջը, ումից մանկության ժամանակ բաժանվել եք: Մեծ ջանքեր եք գործադրել նրան գտնելու համար, բայց անարդյունք է եղել: Եվ նրան այնքան եք սիրում ու ցանկանում հանդիպել, որ այդ հանդիպումից չափազանց ուրախ և երջանիկ կլինեք: Բայց հանկարծ պարզվում է, որ այլ հանգամանքներում հանդիպել եք ձեզ հարազատ մարդուն, բայց նրան չեք ճանաչել և նույնիսկ վիճել եք նրա հետ ու հիշաչարություն և ատելություն կա ձեր սրտում այդ մարդու հանդեպ: Եվ հետո պարզվում է, որ այդ մարդը հենց այն անձն է, ում մանկությունից ի վեր ձգտել եք մեծ սիրո սպասումով հանդիպել: Այդ դեպքում կարո՞ղ եք նորից հարություն տալ ձեր սրտում այն սիրո սպասումը և մտերմության զգացումը, որը տածում էիք ձեր սրտերում ու պատկերացումներում:
Պետք է հասկանալ, որ մենք բոլորս Երկնավոր Հոր զավակներն ենք, ու միմյանց պետք է վերաբերվենք սիրով ու բարին կամենալով, սակայն հաճախ մոռանում ենք այդ հանգամանքը և միմյանց օտարությամբ ու թշնամությամբ վերաբերվում: Ատելությունը միշտ պատճառներ է փնտրում իրեն արդարացնելու համար: Երբեմն դժվար է լինում պահել զայրույթը և բարկանում ենք, բայց հետո՝ զղջում: Բայց եթե դա ժամանակավոր վրդովմունքի պայթյուն է, ապա ատելությունը խորքային հակակրանք է և ոչնչացման ծարավ: Այնուամենայնիվ, վրդովմունքը և բռնկումը, որոնք հեշտությամբ առաջանում են, մատնանշում են, որ մարդու սիրտը դեռեւս չի ճանաչում ճշմարիտ հոգևոր գանձերը: Եվ դա փաստ է: Այդ պատճառով անհրաժեշտ է աշխատել ինքներս մեզ վրա` ուժեղացնելով մեր հոգու երկնային հատկությունները: Անբարյացկամությունը մյուս մարդկանց հանդեպ կարող է ինտուիտիվ, չգիտակցված կերպով ծնվել: Եվ անհատը կարող է չընկալել, որ իր հոգևոր անլիարժեքությունից է, որ այն արտահայտվում է մերձավորի հանդեպ: Վալերի Դուխանինը պնդում է, որ ի վերջո մարդը հակված է ատել ուրիշներին այն բանի համար, ինչն իր ներսում է, բայց նա չի ուզում տեսնել կամ ճանաչել իրեն: Եթե անկեղծ լինենք, կհամաձայնենք` մեզանից յուրաքանչյուրի կյանքում կա մի բան, որ ամաչում ենք ասել, բայց հենց որ իմանում ենք, որ այն տեղի է ունեցել մեկ ուրիշի հետ, անմիջապես մեր խիստ դատավճիռն ենք կայացնում, քանի որ մարդը հաճախ հակված է ատել մյուսների մեջ այն, ինչն իսկության մեջ իր ներսում է առկա, որն ինքը չի ուզում որևէ կերպ ընդունել և խոստովանել: Ինչ էլ լինի, սա մեր կյանքի իրականությունն է: Անկախ նրանից, ուզում ենք, թե չենք ուզում` սիրել կամ ատել, ներել կամ վրեժխնդիր լինել, մտերմություն ցուցաբերել, թե հեռանալ, ամեն դեպքում պիտի որոշում կայացնենք: Այդ որոշումներից է կախված` գնում ենք առ Աստվա՞ծ, Ով սեր է (Ա Հովհ. 4.8), թե՞ հակվում ենք դեպի չարը, սատանան, որն ի սկզբանե մարդասպան է եղել (Հովհ. 8.44): Չկա ավելի մեծ երջանկություն, քան սրտում սեր, խաղաղություն, խնդություն, բարու պահպանումն ունենալը, և չկա ավելի մեծ դժբախտություն, քան սրտում ատելություն, չարություն, հիշաչարություն և եսասիրություն պահպանելը, երբ հատկապես հիշաչարությունն ու ատելությունը բազմապատկում են հոգու տառապանքները:
Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը