22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Աստվածային շնորհն ամեն անգամ ինքն է մատնանշում՝ ինչպես ճիշտ վարվել։ Բայց նրան գրավելու համար հարկավոր է աստվածային սեր, փափագ։ Աստծու շնորհին անհրաժեշտ է ջերմ ցանկություն դեպի Աստված։ Սերը մեզ բերում է մտքի ու սրտի տրամադրության, որն անհրաժեշտ է աղոթքի համար։
Քրիստոս Ինքը կմտնի ու կբնակվի մեր հոգում, եթե միայն գտնի Իր համար որոշակի հաճելի բաներ՝ բարի կամք, խոնարհություն ու սեր։ Առանց դրա անհնար է ասել՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։ Օրինակ՝ մենք ունենք ռադիոընդունիչ։ Երբ կարգավորումը 1 նիշի վրա է, ասենք, որտեղ շատ ռադիոկայաններ կան, ապա ալիքների ընդունումն ավելի լավն է։ 2 նիշի վրա այդքան էլ կայաններ չկան, և լսելիությունն էլ ավելի վատն է։ Իսկ 3-րդ նիշի վրա համարյա ոչինչ չի լսվում։
Նույնն է տեղի ունենում Աստծու հետ հաղորդակցվելու ժամանակ։ Երբ հոգին թիվ 1 նիշի վրա է, հաղորդակցությունը շատ լավն է։ Դա երկու հիմնական պատճառով է լինում՝ սիրո և խոնարհության։ Այդ պատճառներով է հոգին հաղորդակցվում Աստծուն, լսում Նրա ձայնը, ընդունում Նրա խոսքը, ստանում զորություն ու աստվածային շնորհ, փոխակերպվում է։ Նա աստծուն դիմում է հեշտորեն ու անկաշկանդ, սիրտը գորովով է լցվում։
Երբ սերն ու խոնարհությունը ավելի պակաս են, դա 2-րդ նիշն է, այդ ժամանակ հաղորդակցությունն Աստծու հետ ավելի թերի է։ Իսկ երբ հոգին անցնում է թիվ 3 նիշի վրա, այդժամ կապը բոլորովին վատն է, որովհետև հոգին լի է կրքերով, ատելությամբ, թշնամանքով ու չի կարող պոկվել երկրից։
Սիրտը ռադիոընդունիչ է, իսկ կրքերը՝ խանգարումներ եթերում․․․ Որպեսզի Քրիստոս բացահայտի Իրեն մեզանում, երբ կանչում ենք Նրան «Տե՛ր Հիսուս Քրիստոս» աղոթքում, մեր սիրտը պետք է մաքուր լինի, ազատ՝ ամեն տեսակի խանգարումներից, ազատ՝ ատելությունից, եսասիրությունից, չարությունից։ Հարկավոր է, որ մենք սիրենք Նրան, Նա էլ՝ մեզ։
Բայց եթե խանգարումները ներթափանցել են մեր հոգի, այսինքն՝ մեզանում կա քննադատության արժանի մի բան, ապա կրկին հարկավոր է դիմել խորհրդին։ Եվ գաղտնիքն այն է, որ ներողություն խնդրես կամ խոստովանահորդ ասես դրա մասին։ Իսկ այդ ամենի համար, ինչպես ասացինք, հարկավոր է խոնարհություն։
Եթե Աստծու պատվիրանները կատարելով՝ հարմարվում ես դրանց ու խղճի խայթ չես ունենում, ներքին խաղաղություն ես զգում ու բարիք գործում, ապա ինքդ էլ չնկատելով՝ դյուրությամբ ես մտնում աղոթքի մեջ։ Հետո ուղղակի սպասում ես մինչև կամաց-կամաց շնորհը գա։
Ինչ էլ որ պատահի, ձեզ մեղադրեք։ Աղոթեք խոնարհությամբ ու մի՛ արդարացեք։
Ահա աղոթքի մի դաս․ օրինակ՝ մրցակցություն ու թշնամա՞նք եք տեսնում հակառակ կողմից։ Աղոթեք սիրով, որպեսզի սիրով պատասխանեք մրցակցությանն ու թշնամանքին․ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։
Զրպարտա՞նք եք լսում ձեր հասցեին։ Մի՛ քննեք՝ արդարացի է, թե ոչ, այլ աղոթեք․ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։
Բայց ձեր սրտին ուշադրությամբ հետևեք, քանի որ «քրթմնջյունն ու շշնջյունն անգամ չեն մնա ծածուկ» (Իմաստ․ Սող․ 1։10)։ Մերձավորի հասցեին ամենափոքր քրթմնջոցն անգամ ազդում է հոգու վրա, և դուք չեք կարողանա աղոթել։ Սուրբ Հոգին չի մոտենում նման հոգուն։ Սրանք նուրբ բաներ ենք, բայց հենց դրանք են ամենակարևորը․․․
Հայր Պորֆիրոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը