Գրքեր

ՈՒՍՈՒՄ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

- Հա՛յր, շատ երիտասարդներ, երբ դեռ չեն որոշել, թե որ ճանապարհը պետք է ընտրեն, դժվարանում են իրենց ուսման մեջ առաջ գնալ: Նրանց շարունակ մտահոգում է ընտրության հարցը և ընթերցանության վրա չեն կարողանում կենտրոնանալ:

- Երբ որևէ երիտասարդ այդպիսի խնդիրներ ունի, ես ասում եմ. << Գիտե՞ս որ այսօր կան մեծ սառնարաններ: Ուրեմն այդ հարցը դիր այդպիսի մի սառնարանի մեջ, մինչև որ վերջացնես ուսումդ: Չեմ ասում, որ մի կողմ նետես այն հարցերը, որոնք քեզ մտահոգում են, այլ պահպանես սառնարանում, մինչև որ վերջացնես ուսումդ: Եթե այժմ ուշադրություն չդարձնես քո ուսմանը, քո ընկերները կկարգավորեն իրենց կյանքը, կխաղաղվեն և հետո կաղոթեն քեզ համար, որպեսզի դու էլ կանոնավորես քո կյանքը>>: Անհրաժեշտ է, որ երիտասարդները շատ ուշադիր լինեն, որովհետև դա մարդու թշնամու` սատանայի նենգությունն է, որպեսզի երիտասարդների համար փորձություններ ստեղծի:

- Հա՛յր, մի աղջկա ասացի.<<Եթե մտածում ես ամուսնության մասին, մի՛ սովորիր>>:

- Իսկ մինչև ամուսնանալն ի՞նչ անի:

- Ավելի լավ է, որ մի համալսարան ավարտի կամ մի արհեստ սովորի, որովհետև նրա կյանքում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ իր ստացած ուսման կարիքն ունենա: Մի անգամ ինձ մի աղջիկ ասաց. <<Մտածում եմ միանձնուհի դառնալ, սակայն շարունակ փոխում եմ միտքս>>: Նրան հարցրեցի. <<Ո՞ր դասարան ես>>: Պատասխանեց. <<Տասնմեկերորդ դասարան, սակայն չեմ ցանկանում սովորել>>: Ասացի նրան.<<Չե՞ս ցանկանում սովորել: Այդ դեպքում եկ ասեմ քո հորը, որ քեզ համար այծեր գնի, տա մի հովվաշուն, մի սրինգ, որպեսզի նվագես և արածեցնես նրանց: Դա քեզ դու՞ր է գալիս: Հետևաբար, մի արհեստ սովորիր>>: Պատասխանեց.<<Հա՛յր, այդ դեպքում, մինչև միանձնուհի դառնալու կամ ամուսնանալու որոշում կայացնելը, մնամ վանքում և սովորեմ խոնարհության արվեստը>>: Ասացի նրան. <<Այդ արվեստը կարող ես սովորել նաև քո տանը, եթե ուրախությամբ ես ընդունում այն ամենը, ինչ որ ծնողներդ ասում են: Սկզբում վերջացրու դպրոցը, համալսարան ընդունվելու համար քննությունները տուր և երբ վերջացնես, կտեսնենք թե ինչ կանես>>: Պատասխանում է. <<Հա՛յր, սակայն հինգ տարին շատ չէ՞ որոշում կայացնելու համար>>: Ասացի. <<Շատ է, սակայն ի՞նչ անենք, քանի որ դեռ ոչինչ չես որոշել>>: Աղջիկն ասաց. <<Դրա համար ե՞ս եմ մեղավոր, քանի որ անկայուն եմ>>: Պատասխանեցի. <<Ոչ, սակայն կշեռքը մինչև հիմա չի թեքվում ոչ մի կողմը, ոչ էլ մյուս կողմը>>:

Նման դեպքերում պետք է ասենք երեխաներին, որ ուշադիր լինեն և ժամանակը աննպատակ չանցկացնեն: Ուսման ընթացքում ինչքան հնարավոր է ապրեն հոգևոր կյանքով, վերցնեն դիպլոմը, որը պարտադիր է, իսկ հետո Աստված մեծ է: Այդ ժամանակահատվածում գտնեն մի լավ խոստովանահայր, որպեսզի իրենց օգնի, որ հեշտությամբ մի ճանապարհով կամ մյուսով չոգևորվեն, բայց նաև չհուսահատվեն: Լցվեն համբերությամբ, որպեսզի ավարտեն ուսումը և այդ ժամանակ այլևս հասուն կերպով կկարողանան որոշում կայացնել ավելի շատ նախապայմաններով կա՛մ մի ճանապարհի, կա՛մ մյուս ճանապարհի համար և անեն այն, ինչ որ կարծում են, որ լավ է Աստծու փառքի համար: Այսօրվա աշխարհի պատկերն այնպիսին է, որ երիտասարդների հասունացումը նպաստող հանգամանք է, որ հետագայում նրանց համար ամեն ինչ լավ լինի: Մասնավորաբար, երբ մեկը ոգևորվող է, պետք է շատ ուշադիր լինի, որպեսզի ոչ հասուն որոշումներ չկայացնի:

- Հա՛յր, կան երեխաներ, որ իրենց դասերը չեն սովորում, որովհետև նախընտրում են հոգևոր ուսումնասիրություններն ու աղոթքը:

- Ոչ, չպետք է թողնեն դասերը: Թող իրենց դասերին զուգահեռ հայրաբանական գրքերից ինչ-որ զորավոր գործ կարդան, աղոթեն, խոնարհվեն, որպեսզի հոգևոր կյանքի մեջ էլ հաստատուն մնան: Երբ շատ դասեր ունեն, կարող են ընդմիջումներ անել և աղոթել կամ սաղմոսներ կարդալ: Եթե ուզում են որևէ բան անել, որը հետագայի համար, դա էլ չեն կարող ճիշտ անել, որովհետև կմտածեն ընթերցանության մասին, իրենց ուսման մեջ առաջ չեն գնա և արդյունքում ոչինչ չեն անի: Մինչդեռ եթե սովորում են, շուտ կվերցնեն իրենց դիպլոմը և հետո կանեն այն, ինչ ուզում են: Ես երբ առողջարանում էի, ոչ աղոթում էի, ոչ էլ պահք էի պահում, ուտում էի այն, ինչ ինձ տալիս էին, որովհետև մտածում էի, որ ավելի լավ է այժմ օգնել բժիշկներին, որպեսզի նրանք էլ ինձ օգնեն, որ առողջանամ, իսկ հետո անեմ այն, ինչ ուզում եմ:

Ինձ մոտ գալիս են երեխաներ և գանգատվում, որ իրենց ծնողները շատ են ստիպում, որ կարդան: Եթե ես էլ նրանց ստիպեմ, չեմ օգնի: Որպեսզի հասկանան, որ չպետք է թողնեն իրենց ընթերցանությունը, նրանց այնպիսի երեխաների օրինակներ եմ բերում, որոնք չէին կարդում և հետագայում տանջվեցին, նաև այնպիսի երեխաների օրինակներ, որոնք կարդալու շնորհիվ հաջողության հասան: Մի դեպք պատմեմ:

Մի քաղաքում երկու հարևան տղաներ կային: Մեկը շատ խելացի էր: Սակավ ընթերցանությամբ առաջին դասարանից մինչև վերջին դասարանը շարունակ բարձր գնահատականներ էր ստանում: Մյուսը, որն այնքան էլ խելացի չէր, ջանասիրությամբ խելացի ընկերոջն էր հետևում: Այն աշակերտը, որ խելացի էր, հենց վերջացնում է տասներորդ դասարանը, մտնում է շրջապատ, թողնում դպրոցը, իսկ հետագայում ստիպված է լինում աշխատել մի ձեռնարկությունում որպես հավաքարար: Ամուսնանում է, ունենում երկու երեխա, սակայն ամեն ինչ դժվարությամբ է ձեռք բերում: Մյուսը վերջացնում է իրավաբանության ֆակուլտետը, բարձրագույն կրթություն ստանալու համար գնում է նաև Եվրոպա: Մի օր այն ձեռնարկությունում, ուր աշխատում էր այդ խելացի երիտասարդը, սպասում էին նոր տնօրենին: Բոլորն ասում էին, որ նոր տնօրենը բարձրագույն կրթություն ունի: Եվ ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ այդ նոր տնօրենը իր համադասարանցին էր: Հենց որ հավաքարարը տեսավ նրան, ճանաչեց: Նրան այնպիսի հուսահատություն համակեց, որ ինքնասպանության երկու-երեք փորձ արեց: Մի մարդ նրան խորհուրդ տվեց, որ գա ինձ մոտ: Նա խոսեց ու ասաց.

- Իմ համադասարանցին իմ տնօրենն է:

- Դու նրանից ավելի բարձր պաշտոնի կլինեիր: Դու և քո երեխաները լավ կյանք կունենայիք և բարիքներ կգործեիք: Բավական չի՞, որ պատճառ դարձար, որ ընտանիքդ տանջվի, այժմ էլ ուզում ես ինքնասպա՞ն լինել, որ մահացու հարվածես նրանց և երեխներդ ո՞րբ մնան: Քեզ համար չեմ ցավում, որովհետև քո խելքից է տեղի ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Քո երեխաների համար եմ ցավում: Հասկանո՞ւմ ես: Այժմ համբերությամբ լցվի՛ր: Ես հավատում եմ, որ Աստծու օգնությամբ նոր տնօրենն էլ քեզ լավ կվերաբերվի: Կարող է քեզ լավ պաշտոնի էլ դնել և եթե հանկարծ չհանգստանաս, մի ուրիշ աշխատանք գտիր: Քո երեխաներին մի՛ լքիր: Այդ ձևով շտկվեց:

Դրա համար ասում եմ, որ այն երեխաները, որոնք սովորում են, կարդում և չարչարվում են իրենց ուսման ընթացքում, առարկաներ պարտք չեն մնա, շուտ կավարտեն և հետագայում չեն տխրի: Ինչքա՜ն երեխաներ կան, որ ուսման ընթացքում առարկաներ են պարտք մնում և երբ վերջացնում են և որևէ գործի են նշանակվում, կրկին առարկաներ են պարտք մնում և խնդիրներ են ունենում:

- Հա՛յր, եթե մի երիտասարդ իր ուսման ընթացքում ծանոթացել է մի լավ մարդու հետ, ճի՞շտ է, որ ուսման ժամանակ ընտանիք ստեղծի:

Կարծում եմ, որ ինչքան էլ լավ մարդ լինի, դա կկատարվի ուսման հաշվին: Եթե նույնիսկ գտնի ամենալավ կողակցին և ամուսնանա, կլինի մի տանջանք և՛ կնոջ և՛ երեխաների համար: Ավելի լավ է, որ իր ամբողջ հոգևոր և մարմնական ուժերը կենտրոնացնի իր ուսման վրա, որպեսզի հանգիստ ավարտի իր ուսումը և հետո միայն կարգավորի այդ հարցը: Որովհետև եթե իր ուժերը ցրված են, շարունակ և՛ հոգեպես, և՛ մարմնապես կոտրված կլինի:

 

Հունարենից թարգմանեց՝ Էդգար սրկ. Ծատուրյանը

29.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․