21 Դեկտեմբեր, Շբ
Լինում են պահեր, երբ մարդ ակտիվ ու եռանդուն գործում է, լինում են պահեր, երբ նա դադարում է այդպիսի եռանդուն գործունեությունը, բայց կան անձինք, ովքեր մշտապես, անկախ հանգամանքներից, եռանդով ու խնդությամբ լեցուն գործում, աշխատում են: Վերջիններս նրանք են, որոնք հասել են հոգևոր բարձր գիտակցության և կյանքում հասկացել ու արժևորել են իրենց գործունեության գլխավոր իմաստն ու նպատակը, և նրանց համար խորթ է ծուլությունը, որը համարվում է յոթ մահացու մեղքերից մեկը:
Էական նշանակություն ունի այն, որ մարդու գլխավոր նպատակը հոգևոր է, որովհետև երկրային բոլոր նպատակներն ու նպատակադրումները ժամանակավոր են, և անձը, կենտրոնանալով դրանց իրագործման վրա, մի օր դրանք կորցնում է կամ էլ` ձանձրանում, որովհետև իր հոգու խաղաղության և կենսախնդության համար երկրային իրողությունները ընդամենը ժամանակավոր իմաստ են ունենում: Ավետարանում Հիսուս հորդորում է. «Գնացեք աշխատեցե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված» (Հովհ. 6.27):
Երբ մարդու գիտակցությունը հոգևոր հասունություն է ապրում, այդժամ իր բոլոր նպատակներն ու ծրագրերն իրագործում է հանուն Աստծո փառքի, ինչպես սբ. Պողոս առաքյալն է ասում. «Արդ, ուտեք, թե խմեք, կամ ինչ էլ անեք, ամեն ինչ արե՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10.31), այդժամ մարդու գործունեությունը և նպատակը լեցուն է լինում եռանդով և ջանասիրությամբ, որպեսզի գործի հանուն Աստծո փառքի` ունենալով անսպառ հոգևոր խնդություն, սրտի բերկրանք ու զորություն իր հոգում: Առակաց գիրքն ասում է. «Սրտի բերկրանքից ծաղկում է դեմքը, իսկ տրտում հոգին շրջում է թախծոտ» (Առակ. 15.13): Սբ. Պողոս առաքյալը զգուշացնում է, որ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում (Բ Կորնթ. 7.10): Սուրբ Գիրքը խորհուրդ է տալիս օրինակ վերցնել աշխատասեր մրջյունից և մեղվից (Առակ. 6.6-11): Մեղվի մասին խոսելիս նշում է. «Կամ մեղվի մո՛տ գնա, տե՛ս, թե ինչպե՜ս գործունյա է նա և թե ինչպիսի ջանասիրությամբ է գործում, որի վաստակը մատուցում են թագավորներին և տնանկներին՝ բժշկության համար։ Թեպետև թույլ է ուժով, բայց սիրելի է ու մեծարելի բոլորի համար, որովհետև ինքը հարգեց իմաստությունը և արժանի եղավ հարգանքի» (Առակ. 6.8): Հիսուս երեք ծառաների առակի մեջ ցույց է տալիս անգործունյա մարդու բնորոշումը` կոչելով չար և ծույլ ծառա (Մատթ. 25.26): Այսպիսով տեսնում ենք, որ Ավետարանում ծուլությունը նույնպես ընդունելի չէ և դատապարտելի է:
Հասկանալու համար, թե ինչու են մարդիկ մատնվում ծուլության, անհրաժեշտ է տեսնել դրդապատճառները, որոնք հիմնականում թաքնված են տրտմության, ցանկասիրության, ձանձրույթի, վհատության, հուսահատության մեջ և այլն, իսկ ավելի խորքային իմաստով` մարդու հոգում գործող հպարտության մեջ: Մեր ժամանակների մարտահավերներից մեկը ծուլությունն է, որովհետև ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական զարգացումները մարդուն կտրում են անհրաժեշտ ֆիզիկական աշխատանքից և առաջարկում չափից ավելի հարմարավետություններ, որոնք էլ մարդուն ծուլության են մատնում: Այդ պատճառով Երկնային Նախախնամությունը երբեմն թույլ է տալիս, որ մարդ ենթարկվի փորձությունների, դժվարությունների, հիվանդությունների, որպեսզի արթնություն ապրի և ծուլության մատնող հարմարավետության շղթաներից զերծ լինի` ձեռք բերելով հոգևոր, ներքին ազատություն և սթափություն: Մյուս կողմից` ծուլությունը ծնվում է հոգու տրտմությունից և ձանձրությունից: Ծայրահեղ տրտմության մեջ հայտնված մարդուն դևերը տիրապետում են հենց տրտմության միջոցով: Ըստ Եվագր Պոնտացու՝ տրտմությունն ու ձանձրությունը նույն երևույթն են, որովհետև տրտմությունը բարու պակասից է, իսկ ձանձրությունը` բարիքի ավելցուկից: Դրա համար այն ծուլություն է կոչվում: Այն երկու դեպքում է արտահայտվում` նախ, երբ մարդը հեռանում է հոգևոր բարուց և այն գործելուց, այսինքն` պահք պահելուց, աղոթելուց և այլ բարի գործեր գործելուց և ծուլանում է, որի պատճառով կոչվում է տրտմություն: Երկրորդ` երբ հեշտալին, այսինքն` մարմնին հանգիստ է ցանկանում, ուստի բարին գործելուց ծուլանում է, որի պատճառով կոչվում է ձանձրություն: Իսկ սբ. Նեղոս Սինայեցին նշում է. «Տրտմությունը անձի տխրությունն է, որը բաղկացած է բարկության և իրերի պակասության խորհուրդներից»: Եվ կարդալով սուրբ հայրերի գրվածքները նկատում ենք, որ ծուլությունն իրոք սերտորեն առնչվում է տրտմության և ձանձրության հետ: Սբ. Ամբրոսիոս Օպտինացին ասում է, որ ձանձրույթը տրտմության թոռն է և ծուլության աղջիկը: Եվ որպեսզի այն վանես, ջանադրությամբ աշխատիր, աղոթիր և մի ծուլացիր, այդ ժամանակ ձանձրույթը կանցնի և եռանդը կժամանի: Եթե այդ ամենին համբերություն և խոնարհություն ավելացնես, այդժամ շատ չարիքներից կձերբազատվես: Տրտմության դեմ առաջարկում է համբերություն, սաղմոսերգություն և աղոթք: Նաև այսպես է նկարագրում` տրտմությունը նույն ծուլությունն է, սակայն դրա ավելի ծանր վիճակում: Տրտմությունից մարմինը տկարանում է, մարդ հոգով ընկճվում է: Աշխատելու, աղոթելու ցանկություն չի առաջանում, մարդը եկեղեցի է գնում անփութությամբ և ամբողջովին տկարանում է: Պատմում են, որ մի ճգնավոր անապատում էր ապրում, որը ջրհորից երկու մղոն հեռու էր գտնվում: Երբ մի օր ջուր էր հանում, տրտմության մեջ է ընկնում և ասում. «Ի՞նչ իմաստ ունի ջրից այսքան հեռու ապրելը: Կգնամ, ջրին ավելի մոտ կմնամ»: Այս ասելուց հետո շրջվում է և տեսնում, որ ինչ-որ մեկը գալիս է իր հետևից և ավազի վրա իր քայլերն է հաշվում: Ճգնավորը հարցնում է նրան, թե դու ո՞վ ես: Եկվորը պատասխանում է. «Ես Տիրոջ հրեշտակն եմ, ուղարկվել եմ քո քայլերը հաշվելու և դրա համար վարձատրություն տալու»: Երբ ճգնավորը սա լսում է, ոգևորվում և եռանդով է լցվում, և հինգ մղոն չափով ջրից ավելի հեռու վայրում բնակություն հաստատում»:
Ծուլությունը չեզոքացնելու հարցում մեծ դերակատարություն ունի աշխատասիրությունը, որը վանում է ծուլությունը և իմաստավորում մարդու կյանքը: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Աղքատությունը ստիպում է աշխատել, այլ ոչ թե գողանալ: Գողությունը տեղի է ունենում ծուլությունից, աղքատությունը մղում է ոչ թե գողության, այլ աշխատասիրության, և այսպես, գողության պատճառը անհոգությունն է»: Պողոս առաքյալը հորդորում է հեռու մնալ ծուլությունից և երբեք չծուլանալ, նույնիսկ ասում է, թե ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի (Բ Թեսաղ. 3.6-10): Եվ այսպես է շարունակում. «Արդ, ձեզնից ոմանց մասին լսում ենք, թե ծույլ կյանքով են ապրում, որևէ գործ չեն անում, այլ ծույլ-ծույլ շրջում են՝ դատարկ բաներով հետաքրքրվելով։ Այդպիսիներին պատվիրում ենք և հորդորում Տեր Հիսուս Քրիստոսով, որ աշխատեն հանդարտությամբ և իրե՛նց հացն ուտեն» (Բ Թեսաղ. 3.11-12):
Եթե մարդ ձգտի միշտ պահպանել հոգևոր խնդությունը, ուրախ լինի, մշտապես աղոթի և ամեն ինչի համար Աստծուն գոհություն հայտնի, ծուլությունը կհաղթահարի, ինչպես առաքյալն ասում է. «Ուրա՛խ եղեք միշտ, անդադար աղոթեցե՛ք, ամեն ինչում գոհությո՛ւն մատուցեցեք, որովհետև ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թեսաղ. 5:16-18):
Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը