23 Դեկտեմբեր, Բշ
Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում (Իմաստ. Ա 4)։
Աստվածաշունչը հասկանալ կամեցողը ոչ այնքան պետք է տրվի մեկնությունների ընթերցմանը, որքան` մարմնական արատներից սրտի մաքրագործմանը: Եթե այս արատներն արմատախիլ արվեն, ապա կրքերի ծածկոցը վերցվելուն համապատասխան հոգևոր աչքերը պարզ կտեսնեն Ս. Գրքի գաղտնիքները: Քանզի Սուրբ Հոգին հայտնել է այն, որպեսզի մենք այն ճանաչենք: Իսկ չենք տեսնում այն պատճառով, որ մեր հոգևոր աչքերը ծածկված են արատների ծածկոցով: Իսկ եթե նրանց վերադարձվի իրենց բնական առողջությունը, ապա միայն Ս. Գրքի ընթերցանությունն էլ բավարար կլինի նրա ճշմարիտ իմաստն ընկալելու համար, և մեկնիչների գրքերի կարիք չի զգացվի, ինչպես մարմնական աչքերը տեսնելու համար ոչ մի գիտելիքի կարիք չունեն, եթե միայն մաքուր են, ու խավար չկա նրանցում (ս. Իոան Կասիան):
Երբ Տերն ամենայն աշխարհիկ բաներից ու վարդապետություններից մաքուր սիրտ է տեսնում, ապա նրա վրա, ինչպես մաքուր փոքրիկ տախտակի, գրում է Իր վարդապետությունը: Այս բանը ասում եմ նրա համար, որ որևէ մեկը չկարդա ոչ աստվածահաճո գրքեր:
Սուրբ Գրքում անթեղվածը ճանաչելու համար պետք է սրբակենցաղ կյանքով ապրել: Սակայն, մաքուր կենցաղավարությունից զատ, պետք է հարատևել Աստվածաշնչի ուսման մեջ, որպեսզի անդադրում ընթերցանության միջոցով Աստծու կարևոր ու խորհրդավոր խոսքերը դաջվեն մեր հոգիներում (ս. Բարսեղ Կեսարացի):
Բոլոր երգերն էլ Սաղմոսարանի մի-մի կտակ են` մարդկության համար կենդանագրված, որ, սակայն, միայն տեսանելի են մաքուր սրտերին (ս. Գրիգոր Նարեկացի):
Քրիստոնյա՛, երկյուղածությամբ ընթերցելով Սուրբ Հոգու խոսքերը` հիշի՛ր, որ մեր տկար, մեղավոր միտքն ի զորու չէ պարփակել Աստծու խոսքի մեջ ամփոփված իմաստության բովանդակ խորությունը: Գրված է. «Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում» (Իմաստ. Ա 4), քանզի ինքն իմաստությունը մարդու համար նախ և առաջ բարեպաշտություն է. «Աստվածպաշտությունն է իմաստություն» (Հոբ ԻԸ 28) (ս. Իգնատի Բրյանչանինով):
Թո՛ղ մեղսալից կյանքը, թո՛ղ աշխարհասեր մոլություններն ու հաճույքները, ուրացի՛ր անձդ, այդժամ Ավետարանը քեզ համար մատչելի ու հաճելի կդառնա:
Տերն ասում է. «Ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար» (Հովհ. ԺԲ 25) (այն անձը, որի համար անկումից ի վեր մեղսասիրությունը բնական ապրելակերպ դարձավ): Փակ է Ավետարանը նրա համար, ով սիրում է իր անձը, ով չի վճռում ինքնուրաց լինել: Նա կարդում է տառը, բայց կյանքի խոսքը, ինչպես Հոգին, նրա համար մնում է անթափանց ծածկոցի տակ:
Երբ Տերն Իր սուրբ մարմնով աշխարհում էր, շատերն էին տեսնում Նրան, բայց միաժամանակ և չէին տեսնում: Ո՞րն է օգուտը, երբ մարդը նայում է այն մարմնավոր աչքերով, որոնցից կենդանիներն էլ ունեն, բայց ոչինչ չի տեսնում հոգու աչքերով` մտքով և սրտով: Այսօր էլ շատերը ամեն օր կարդում են Ավետարանը, բայց միաժամանակ երբեք չեն կարդացել, ամենևին ծանոթ չեն նրան (ս. Իգնատի Բրյանչանինով):
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից