Սուտն առաջ եկավ այն ժամանակ, երբ առաջ եկավ չարը: Սուտը չարից է, քանի որ նա «սուտ է և ստի հայր» (Հովհ. 8:44): Մարդն աստվածային բարիքից հեռացավ այն ժամանակ, երբ հեռացավ Աստծուց՝ կեղծ բարիք փնտրելով: Աստվածային բարիքից առաջինը հեռացավ անկյալ հրեշտակը՝ չարը՝ ինքն իրեն խաբելով: Հետագայում նրան հաջողվեց իր հետևից տանել առաջին մարդկանց (Ծննդ. 3): Նա նրանց գայթակղեցրեց ստով: Սուտն այնտեղ է, որտեղ բացակայում է ճշմարտությունը: Այն չար հերյուրանք է, երևակայություն, խաբկանք և զրպարտանք: Չարից խաբված նախածնողները ստեցին Աստծուն, հետո միմյանց և իրենք իրենց: Վերադառնալով ստին՝ մարդը հեռանում է Նոր Ադամից՝ Քրիստոսից, որ ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14:6): Մի վանական ասել է՝ սուտը հին մարդն է, իսկ ճշմարտությունը՝ նոր մարդը: Սուտը հակադիր է մարդկային բնությանը, որը կրում է Աստծո պատկերն ու նմանությունը: Նայե՛նք երեխաներին. նրանք աշխարհ են գալիս, ստել չգիտեն, որը սովորում են մեծանալուն զուգընթաց: Ստելիս նրանք հաճախակի շփոթվում են և կարմրում, ինչը ցույց է տալիս, որ մաքուր հոգին աղտոտվում է և ապականվում:
Այսօր մարդիկ դժվարությամբ են միմյանց վստահում, քանի որ սուտը դարձել է ժամանակակից «բարոյականության» մի մասը և որոշ մարդկանց համար առանց այդ «հմտության» դժվար է որևէ հաջողության կամ պաշտոնի հասնել: Ստախոսության մեղքի մեջ ընկնում է նա, ով խոստում է տալիս, ապա մոռանում այդ մասին: Ստի տեսակներից մեկն է նաև կեղծավորությունը: «Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առջև»,- ասում է առակագիրը (Առակ. 12:29): Հայր Պաիսիոս Աթոսացին դարաշրջանի ամենածանր հիվանդություններից մեկը համարում է անհիմն և սխալ մտքերը. «Մարդիկ ամեն ինչ ունեն, բացի բարի մտքերից: Նրանք տանջվում են, քանի որ իրադրությունների նկատմամբ հոգևոր մոտեցում չունեն: Օրինակ՝ մարդը մեքենայով ինչ-որ տեղ է գնում, ճանապարհին շարժիչը սկսում է վատ աշխատել, և նա ուշացումով է տեղ հասնում: Եթե նա բարի միտք ունենա, կասի՝ հավանաբար, Աստված կասեցրեց ընթացքս, ով գիտի, եթե այդ ուշացումը չլիներ, գուցե ավտովթարի ենթարկվեի: Այդպիսի մարդը փառաբանում է Աստծուն, որ իրեն հեռու պահեց վտանգից: Իսկ նա, ով չունի բարի միտք և իրադրությունների հանդեպ հոգևոր մոտեցում, ուշացման համար կսկսի մեղադրել Աստծուն»:
Հին Կտակարանի Ելք գրքում կարդում ենք, որ երբ Եգիպտոսի փարավոնը մանկաբարձներին հրամայեց եբրայեցի նորածին արուներին սպանել, նրանք, աստվածավախ լինելով, չկատարեցին փարավոնի հրամանը, ստեցին և ասացին, որ եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք ծննդաբերում են մինչ մանկաբարձների՝ իրենց մոտ գնալը, և Աստված բարություն արեց մանկաբարձներին (Ելք 1:15-21): Մի՞թե Աստված օրհնեց նրանց սուտը: Իհարկե ո՛չ: Աստված օրհնեց մանկաբարձներին այն պատճառով, որ նրանք, իրենց կյանքը վտանգելով, չսպանեցին երեխաներին:
Դեռևս քրիստոնեության արշալույսին առաջին քրիստոնյաները գերադասում էին մահը, քան ճշմարտությունից հեռանալը: Տերտուղիանոսի խոսքի համաձայն՝ հեթանոսների մեջ կային այնպիսիք, որոնք քրիստոնյաներին առաջարկում էին խոսքով ուրանալ, բայց հոգով հավատարիմ մնալ Քրիստոսին: Բայց քրիստոնյաները հասկանում էին, որ նրանց առաջարկը՝ ստով պահպանելու հավատը, չարից է գալիս, այդ պատճառով վճռականորեն մերժում էին այդ ուղին: Սուտը չարի նախընտրած զենքերից մեկն է քրիստոնյաների դեմ պայքարում: Այդպես չարը դրդեց առաջին քրիստոնյաներից Անանիային և Սափիրային ստել, ինչի դիմաց նրանք կյանքով վճարեցին (Գործք Առաքելոց 5:1-11): Եկեղեցու հայրերը սուտը համարում են հոգևոր և ֆիզիկական մահվան պատճառ, այն աղբյուրն է և պատճառը հավիտենական մահվան, իսկ հերետիկոսությունը նրանք դիտում են որպես սուտ ուսուցում՝ մերժված հոգիների և մարդկանց կողմից հորինված:
«Ո՞ւմից ենք հեռանում և ո՞ւմ միավորվում ստով,- ասում է երանելի աբբա Դորոթեոսը,- զգո՛ն լինենք, որ չհափշտակվենք ստի կողմից, քանի որ ստախոսը չունի Աստծո հետ հաղորդակցություն: Սուտը օտար է Աստծուն»: Երանելին նշում է, որ ստի երեք տեսակներ կան՝ երբ մարդը ստում է մտքով, խոսքով և կյանքով: Մտքով ստում է նա, ով իր ենթադրությունները, դատարկ կասկածները որպես ճշմարտություն է ընդունում, այդպիսին, երբ տեսնում է, որ ինչ-որ մեկը զրուցում է իր եղբոր հետ, ենթադրություն է անում և ասում՝ նա իմ մասին է խոսում: Եթե դադարեցնում է զրույցը, նորից է ենթադրում՝ թե իմ պատճառով դադարեցրին զրույցը: Եթե ինչ-որ մեկը խոսք է ասում, նա կրկին կասկածում է, որ դա ասվեց իրեն վիրավորելու համար: Եվ ընդհանրապես նա իր մերձավորին միայն այդ տեսանկյունից է դիտում ՝ ասելով, թե հանուն ինձ ասաց կամ արեց: Այդպիսինը ստում է մտքով, քանի որ ոչ մի ճշմարտություն չի ասում, այլ, միայն իր կասկածի վրա հիմնվելով՝ չարախոսում է, դատում և թշնամություն տարածում: Ձգտենք երբեք չհավատալ մեր ենթադրություններին, քանի որ ոչինչ մարդուն այնպես չի հեռացնում Աստծուց և մեղքի նկատմամբ ուշադրությունից, որքան այս կիրքը: Եթե հավատանք մեր ենթադրություններին, ապա նրանք վերջ չունեն և երբեք էլ թույլ չեն տա հոգուն խաղաղություն ունենալ:
Խոսքով ստելու մասին երանելին ասում է, որ յուրաքանչյուր մեղք ծնվում է կա՛մ ցանկասիրությունից, կա՛մ դրամասիրությունից, կա՛մ փառասիրությունից: Մարդը ստում է, որպեսզի չհնազանդվի, որպեսզի իր ցանկությունն իրականացնի և այնքան ժամանակ է խոսքով խորամանկում, քանի դեռ չի իրականացրել իր ցանկությունը: Այդպիսի մեկին ոչ ոք չի հավատում, անգամ եթե նա ճիշտ էլ խոսի: Իսկ երբ ճշմարիտ խոսքից հրաժարվելու մեծ անհրաժեշտություն է առաջ գալիս, ապա այդ դեպքում մարդ պետք է անտրտում մնա, ապաշխարի և Աստծո առջև լաց լինի՝ այդ դեպքը ժամանակավոր փորձություն համարելով: Երանելին նշում է, որ նման դեպքերը չպետք է հաճախակի լինեն, այլ միայն բացառիկ դեպքերում, այլ խոսքով ասած՝ նա, ով ստիպված է եղել ստել, պետք է ապաշխարի:
Կյանքով ստում է նա, ով, շահասեր լինելով, խոսում է ողորմության մասին և գովում այն, կամ ամբարտավան լինելով՝ հիանում է խոնարհամտությամբ: Այդպիսի մեկը գովաբանում է առաքինությունը, որպեսզի ծածկի իր ամոթը կամ որևէ մեկին գայթակղեցնի և վնասի: Հերետիկոսը կամ դևը չի կարող այլ կերպ գայթակղեցնել, եթե ոչ՝ առաքինության քողի ներքո: Առաքյալն ասում է, որ ինքը դևն էլ «կերպարանավորվում է որպես լուսո հրեշտակ», այդ պատճառով զարմանալի չէ, որ «նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվեն որպես արդարության պաշտոնյաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի» (Բ Կորնթ. 11:14-15): Այդպես և ստախոս մարդը կա՛մ վախենում է ամոթից, որպեսզի չխոնարհվի, կա՛մ, ինչպես ասացինք, ցանկանալով որևէ մեկին գայթակղեցնել կամ վնասել, գովաբանում է առաքինությունը և հիանում, կարծես թե ինքն է այդպես վարվել և իր փորձառությամբ է ծանոթ առաքինություններին: Այդպիսինն իր կյանքով է ստում:
Այսպիսով փախչենք ստից, քանի որ ստախոսների բաժինը, ըստ Ս. Գրքի, «ծծմբով և հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է» (Հովհ. 21:8) և ձեռք բերենք ճշմարտությունը, որպեսզի Աստծո հետ միավորյալ կյանք ունենանք, քանի որ Աստված է ճշմարտությունը (Հովհ. 14:6):
Կազմեց Կարինե Սուգիկյանը