Սուրբ Արքիպասի և Փիլիմոնի վկայաբանությունը | Surb Arqipasi Ev Pilimoni Vkayabanutyuny



Գրքեր

Սուրբ Արքիպասի և Փիլիմոնի վկայաբանությունը

Քրիստոսի սուրբ վկաները Կողոսա քաղաքից էին, սուրբ Պողոս առաքյալի աշակերտները, ամբարիշտ Ներոն արքայի օրոք: Եղավ որ Հովհաննես առաքյալն ու ավետարանիչը գնաց Եփեսոս քաղաքը, այնտեղից հալածեց դևերին, խորտակեց Արտեմիդեսի բագինները և քանդեց ու ավերեց կուռքերի տաճարը: Եվ դիցապաշտ մարդիկ, որ աղանդված էին կուռքերի մոլորությամբ, չունեին դիվական զոհ մատուցելու տեղ: Եվ այնուհետև գնում էին Կողոսա քաղաքը` կատարելու աղտեղի տոնը, քանի որ դեռևս կային Արտեմիդեսի տաճարն ու բագինը: Ու մինչդեռ պղծության զոհ էին մատուցում, սուրբ Արքիպասն ու Փիլիմոնը և այլ քրիստոնյաների բազմությունը եկեղեցում աղոթում էին Աստծուն` կատարելու [իրենց] ուխտը: Եվ հանկարծակի կուռքերին զոհ մատուցելու եկածները քինախնդրությամբ վառված դիմեցին եկեղեցի, մտնելով բռնեցին սուրբ Արքիպասին, տարան Անդրոկղիտիոս դատավորի ատյանը և խիստ ամբաստանում էին նրան: Իսկ նա, Սուրբ Հոգով լցված, դատավորի հարցաքննությունից առաջ սկսեց հանդիմանել նրանց ամբարշտությունը և սնոտի կուռքերի տկարությունը: Դատավորն ասաց. «Առաջ ընկնելով օգուտ չես ստանա, որովհետև եթե զոհ չմատուցես աստվածներին` ապրել չես կարող»: Եվ բռնանում և ստիպում էր Արքիպասին զոհ մատուցել կուռքերին, իսկ նա առավել ևս անարգում էր նրանց կռապաշտությունը:

Այնժամ [դատավորը] հրաման տվեց կապել նրան երկաթե շղթաներով և քարշ տալ մինչև մեհյանի դուռը, որ կոչվում էր Մինաս: Եվ այնտեղ խիստ չարչարեցին նրան տեսակ-տեսակ տանջանքներով և ստիպում էին զոհ մատուցել կուռքերին, իսկ սուրբը չէր դադարում դատավորին ու նրա աստվածներին կշտամբելուց:

Եվ նա բարկանալով` հրամայեց, և սրբին դուրս հանեցին Կողոսա քաղաքից մոտ մեկ մղոն հեռու, այն գյուղը, որ կոչվում էր Արքիպիանա: Այդտեղ մի խոր փոս փորեցին տղամարդու հասակի կեսի չափ, նրան դրեցին փոսի մեջ և քարով ամրացրին մինչև գոտին, ձեռքերը հետևը կապած: Եվ հրաման տվին դպրոցի երեխաներին, որ երկաթե գրիչներով ծակեն գլխի գագաթը` հասնելով մինչև ուղեղը: Եվ քարկոծեցին նրան նույն տեղում` մինչև ավանդեց հոգին: Այնտեղից գնացին, բռնեցին Փիլիմոնին ու սպանեցին նրան: Իսկ Սոփի անունով մի բարեպաշտ կին երկյուղած մարդկանց հետ վերցրեց սրբերի մարմինները և մի պատվական ու սուրբ վայրում գերեզման դրեց:

Այսպես վախճանվեցին Քրիստոսի սուրբ վկաներն ու աշակերտները նոյեմբերի 22-ին ի փառս Քրիստոս Աստծու, հավիտյանս. ամեն:

 

Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.

02.06.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․