Գրքեր

Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը

«Աստվածածին, դու լույսի սյուն և հովանի ամպ, դու, որ բնակարան եղար Իր խոսքով ողջ Իսրայելին խնամող Աստծո Բանի, բարեխոսի՛ր Նրան մեր անձերի համար» (Շարակնոց):

Բարեպա՛շտ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Փա՜ռք և գոհություն մեր Երկնավոր Հորը, որ կրկին արժանացրեց մեզ սուրբ Պատարագին մասնակցելու՝ եկեղեցու բակում կամ տանը, և կրկնակի ստանալու երկնային օրհնությունները մեր սիրելի Մոր և երկնային արարչընկալ Տիրուհու բարեխոսությամբ, քանի որ այսօր նշում ենք Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը, որի առթիվ էլ շնորհավորում եմ ամենքիս:

Սուրբ Աստվածածնին նվիրված ներբողում սուրբ Եպիփան Կիպրացին խոստովանում է, որ անսահման երկյուղածության պատճառով լեզուն պապանձվում է և չի կարողանում խոսքեր գտնել՝ Աստվածամոր մասին խոսելու: Եվ ասում է, որ անգամ. «Հրեշտակները, Հրեշտակապետերը, Պետությունները, Իշխանությունները, Զորությունները, Տերությունները, Սերովբեները, Քերովբեներն ու Աթոռները շվարեցին նրա առջև: Հրեշտակային բոլոր գնդերը մեծագույն ահ ու սարսափով լցվեցին: Նրանք երկրի վրա՝ նրա մեջ, տեսան այն, ինչը Երկնքում է և շփոթության մատնվեցին: Կույսին տեսան, որ Երկինք ու Աթոռ է դարձել, և վախով լցվեցին՝ տեսնելով, որ քերովբեկան գահին նստող Անսկիզբը Կույսի արգանդում է բնակվել»: Եվ եթե ընդհանրական եկեղեցու վարդապետն է երկնչում Աստծու անբիծ հարսին գովերգելուց, ապա մեզ՝ տկար մեղավորներիս համար առավել դժվար է արժանի խոսքեր գտնել մեր սիրասուն մոր մասին պատմելու համար:

Սիրելինե՛ր, երևի թե կարիք չկա՝ ասելու, թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ինչպիսի՜ սիրով ու մեծարանքով է պատվում Ամենասրբուհի Կույսին: Դրա համար բավական է միայն մեր եկեղեցիների սուրբ սեղաններին ուղղել մեր հայացքը. ամենասիրելի, ամենահարազատ, ամենանուրբ ու քնքուշ պատկերը՝ միշտ վեհ ու վսեմաշուք և միևնույն ժամանակ՝ խոնարհ ու հեզահամբույր, ամենավճիտ ջրից էլ զուլալ հայացքով նայում է ուղիղ մեր սրտի խորքը՝ մոր աննահանջ հավատով հուսալով՝ այնտեղ տեսնելու իր գրկում պահած մանկան սուրբ պատկերի արտացոլանքը: Այդպիսին է Ամենասուրբ Կույս Մարիամը՝ մի ձեռքով Մանուկ Քրիստոս կրծքին սեղմած, մյուսով մնացյալ զավակներին իր մայրական տաքուկ ու ապահով գիրկը կանչող: Այդպիսին է Սրբուհի Մայրը՝ երբեք չհուսահատվող, երբեք չընկրկող, երբեք չձանձրացող, այլ միշտ աղոթող, անդադար բարեխոսող և հույսով սպասող՝ իր որդեգիր զավակների դարձին: Այսպիսին է Քրիստոսի Մայրը՝ Անբովանդակ Աստծու և Անպարագրելի Մեծության համար իր սրբասուրբ կրծքի տակ տեղ գտած մայրը: Այսպիսին է իր անապական զավակի՝ խաչի չարարանքով մահը վերապրած մայրը, որի հենարանը եղավ Հայր Աստծու սուրբ աջը, որի զորակցությամբ և կարողացավ աչքերը մշուշող ու ականջները խցանող լացի շղարշի միջից զանազանել սիրելի զավակի շուրթերից հնչած վերջին պատգամը. «Ահա՛ քո որդին» (Հովհ. 19:26): Այս էր ժառանգությունը, որ Միածինն ավանդեց Իր սիրելի Մորը՝ վստահ լինելով, որ որքան չքնաղագեղ ու նազելի է Աստծու անթառամ Ծաղիկը, այնքան էլ զորեղ ու անսասան է նրա սրտում բաբախող ամենակարող սերը: Աստծու Մոր գիրկն ի զորու եղավ՝ համայն մարդկությունն ընդունելու որպես ժառանգություն և նրա սիրտն ընդունակ՝ յուրաքանչյուրի համար բաբախելու:

Այսօրվա գեղեցիկ տոնն էլ, սիրելի՛ հավատացյալներ, ևս ժառանգության տոն է՝ հիշատակն այն սակավ, բայց անգին իրերի, որ Աստվածածնից ժառանգություն մնաց մեզ՝ նրա որդեգիրներին: Այսօր մենք հիշատակում ենք այն տուփը, որում սուրբ Աստվածամոր ննջումից հետո պահվեց նրա զգեստը, այնուհետև՝ գլխանոցն ու գոտին: Եվ այս անգին մասունքները ժառանգելով՝ ժառանգեցինք նաև Բարձրյալն Աստծու սիրելի մորը մեծարելու ու պատվելու մեծագույն պատիվը: Այսօր մենք որդիական սիրով ու երկյուղածությամբ խոնարհվում ենք Երկնային շքեղաշուք հարսի առջև և օրհնում նրան սուրբ Նարեկացու շուրթերով. «Ո՜վ շնորհաշուք գեղով, լուսավոր ծածկույթով, անմատույց գեղեցկությամբ փողփողյալ զարդ, ո՜վ համեստ հեզությամբ, խոնարհ անբծությամբ, լույսի կերպասով, Հոգուց պարասքողված, ո՜վ երկնային զարդերով ոսկեզօծ սրբություն, արծաթափայլ մաքրությամբ, իբրև փառքի ակնահուռ պսակ Բարձրյալի հովանին գլխիդ վրա ընդունող, ո՜վ նշուլափայլ մաքուր ուլունքներից եռված քառամանյակյալ, Աստծու, հոգու և մարմնի խառնմամբ, եռահյուս էությամբ Որդուց շնորհոք առլցյալ սուրբ լանջք»: Սակայն միայն այսօր կամ Աստվածամորը նվիրված մյուս տոներին չէ միայն, որ պիտի օրհնենք ու գովաբանենք մեր ամենասուրբ Մորը, սիրելինե՛ր, այլ Որդու պարգևած յուրաքանչյուր օր մեր սիրտը նաև նրա համար բաբախելու և նրանով ջերմանալու ժամանակ պիտի գտնի:

Եկեղեցու սրբազան ավանդությունը լի է Սուրբ Մարիամ Աստվածածնի արագահաս օգնության ու բարեխոսության վկայություններով: Բոլոր ժամանակների վանական հայրերը, որ առանձնահատուկ սեր ու նվիրվածություն են ցուցաբերել սրբուհի Մոր նկատմամբ, բազում վկայություններ են թողել Նրա կենդանի ներկայության, խրատների և հրաշքների մասին, որոնց միակ նպատակը օգնելն ու փրկության ճանապարհին կանգնեցնելն է: Հիշո՞ւմ եք սրբերից մեկի տեսիլքը, որում նա հայտնվում է դրախտում և հրեշտակը նրան ցույց է տալիս դրախտային օթևաններն ու բազմաթիվ սրբերի և բավականին շրջելուց հետո, երբ այս սուրբը հարցնում է, թե որտեղ է Աստվածամայրը, հրեշտակը պատասխանում է, որ «վշտերով լի աշխարհ է իջել՝ կարիքավորներին օգնելու և սգավորներին մխիթարելու»:

Սուրբ Ասվածամայրը երկիր է շտապում՝ մեկին մի հաց փոխանցելու, մյուսի թիկունքից թշնամու դաշույնը հեռացնելու, երրորդի զավակին հիվանդության ճիրաններից փրկելու, որի համար պարտավոր ենք մշտապես երախտագիտությամբ խոնարհվել և օրհնել մեր սիրող ու հոգատար Մորը: Սակայն, այս ամենից զատ, մշտապես պիտի հիշենք այն պատգամը, որ նա տվեց մեկ անգամ, բայց հավիտենության համար. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք» (Հովհ. 2:5): Եվ այս մի խոսքով Երանելի Կույսը տվեց աշխարհի ու դարերի բոլոր հարցերի միակ պատասխանը. ուզո՞ւմ ես ապրել, պահի՛ր Տիրոջ պատվիրանները, ուզո՞ւմ ես երջանիկ լինել, պատասխանը նույնն է, ուզո՞ւմ ես լավ ընտանիք, բարի զավակներ, անանց հարստություն, անստվեր ուրախություն, երանելի անուն և օրհնված կյանք ունենալ, ուրեմն արա այն, ինչ քեզ սիրող, քեզ կյանք տվող Արարիչն է ասում: Իսկ դրանում առաջին և մեծագույն օգնականը «մաքուր զարմից և զանգվածից ընտրված» Աստվածածինն է, որ իրեն խնդրող յուրաքանչյուր հոգու փրկության համար անգամ Որդու ոտքերը գրկած է աղերսում: «Երբ Աստծու ցասումը կախված է մեզ վրա, հոգին հատկապես ողորմության կարիք ունի: Եվ ինչո՞վ կարելի է Աստծու ցասումը ողորմության փոխել, երբ կորցնում ենք Աստծու առջև կանգնելու համարձակությունը, երբ անգամ սրբերը չեն բարեխոսում մեզ համար. մեղքերի պարտքը սահմաններ չունի, և ողջ կյանքը չի բավականացնի դրանք մարելու համար: Ի՞նչ անել, ո՞ւմ դիմել, ումի՞ց փրկություն ակնկալել: Նման իրավիճակներում մեր միակ հենարանը մեր հովանավոր Մայրն է: Նա, ով շնորհով դարձել է մեր Մայրը: Երկնային Թագուհին է հուսահատների հույսը, մեղավորների ապաստանը, քրիստոնյաների Մայրը, Մարիամը՝ Անարատ Տիրուհին», - ասում է սուրբ Հովհան Ոսկեբերանը: Եվ պիտի գիտենանք, սիրելի՛ հավատացյալներ, որ եթե սրբերն անասելի ուրախանում են, և ավելի մեծ եռանդով են մեզ համար աղաչում Քրիստոսին, երբ հոգևոր բժշկություն ենք խնդրում նրանցից, ապա Աստծու անեղծ ու սրբաբույր Անոթն առավել մեծ ուրախությամբ և փութով է շտապում մեզ օգնության, երբ նրան ենք դիմում մեր հոգևոր տկարությունները հաղթահարելու և հոգևոր ախտերը բուժելու խնդրանքով, քանի որ այդպիսով ամոքվում և սպիանում են նաև նրա սիրելի Որդու մարմնի վերքերը, որ ամեն անգամ նորանում ու արնահոսում են մեր մեղքերի հետևանքով: Ավանդությունը մի հրաշալի ու խիստ ազդեցիկ պատմություն է պատմում սրա մասին՝ ասելով. «Մեղավոր կրքով բռնված մի մարդ կար, որ բարի սովորություն ուներ՝ ամեն օր արտասվալից սրտով խոնարհվելու Տիրամոր պատկերի առջև այն եկեղեցում, որի մոտով մշտապես անցնում էր: Եվ ահա մի օր, երբ այս մեղավոր մարդը կրկին եկեղեցի է մտնում՝ խոնարհվելու Աստվածածնի պատկերին, գլուխը բարձրացնելով՝ տեսնում է, որ Մանուկ Քրիստոսի շապիկը պատռված է և ձեռքերի, ոտքերի ու խոցված կողի վերքերից արյուն է հոսում: Մեղավորը վախեցած բացականչում է. «Այս ո՞վ է արել, Տիրուհի՛»: «Դո՛ւ և քեզ նման մեղավորները»,- պատասխանում է Աստվածամայրը սրբապատկերից»:

Ես ուզում եմ, որ դուք հիշեք այս պատմությունը, սիրելի՛ հավատացյալներ, և ձեր յուրաքանչյուր միտք, խոսք ու գործ քննեք՝ բացառելու, որ այն ևս մեկ նիզակ չէ՝ պատրաստ Աստվածորդու վերքի մեջ խրվելու: Եվ ուզում եմ, որպեսզի օգտվեք Աստվածածնին՝ որպես անգին օգնական ունենալու ձեր հնարավորությունից, քանի որ ո՞վ, եթե ոչ Աստծու Մայր կոչվելու մեծագույն ու անճառելի պատվին արժանացած սրբասուրբ էակը կարող է ձեզ օգնել՝ սրբության և առաքինության ճանապարհին առաջադիմելու հարցում: Եկեղեցու հայրերը յոթ մահացու մեղքերի դեմ պայքարում առաջարկում են դրանց հակադիր առաքինությունները գործել. հպարտության դեմ` խոնարհություն, նախանձի դեմ` եղբայրասիրություն, բարկության դեմ` հեզություն, ծուլության դեմ` աշխատասիրություն, ագահության դեմ` ողորմածություն, որկրամոլության դեմ` ժուժկալություն, բղջախոհություն դեմ` ողջախոհություն: Եվ ո՞վ, եթե ոչ այս բոլոր առաքինություններով լիուլի զարդարված Աստվածածինը կարող է օգնել մեզ այս հարցում: Ուստի ձեր հոգևոր պայքարում անվարան կերպով դիմեք ամենքիս Մորը, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս: Խնդրե՛ք, աղերսե՛ք, որպեսզի ամենակարող մայրական արտասուքը ձեզ համար ևս հեղվի Երկնակալի գահի առջև և վստահություն ունեցեք, որ Տերը երբեք չի մերժի Իր սիրասուն Մոր աղերսը: Մշտապես հիշե՛ք, պատվե՛ք ու մեծարե՛ք Երանելի Մորը, քանի որ ոչ միայն մենք ենք նրա ժառանգությունը, այլև նա՝ մերը: Սիրե՛ք Երկնավոր Մորը, այնպես ինչպես ձեր երկրավոր մայրերին եք սիրում և առավել, քանի որ ձեր երկրային մայրերը ձեզ երկրի վրա ծնեցին, իսկ սրբուհի Աստվածամայրն իր կուսական փեշի մեջ առած՝ մեզ երկինք է բարձրացնում: Արդ թող որ հավետ օրհնյալ լինի «կաթնամատույց տիեզերքի ստեղծողի մայրը» և «աշխարհի ծովից ընտրված պատվական ակը» բոլոր կանանց մեջ: Թող նրա սրբալույս կերպարը հավետ շողարձակի ու սերունդների մեջ փառաբանվի քրիստոնյա բոլոր կանանց ու աղջիկների միջոցով և բոլորիս շուրթերով երգվի նրա օրհնությունը. «Աստվածածի՛ն, անբովանդակելի Կյանքի Արևի դու Լույսի՛ Խորան, որ արևելք եղար Արդարության Արեգակի համար և խավարի մեջ եղողներիս վրա լույս ծագեցրիր, ինչի համար որ մենք ամենքս միշտ օրհնաբանում ենք քեզ:

Անապակա՛ն տաճար և մորենի՛ անկիզելի, դու քո մեջ կրեցիր Աստվածության անկեզ հուրը, որի շնորհիվ մարեց մեր մեղքի կրակը, ինչի համար որ մենք ամենքս միշտ օրհնաբանում ենք քեզ:

Կենդանաշո՛ւնչ տապանակ դու Նոր Ուխտի, դու մեզ համար դուռ բացեցիր դեպի Ավետյաց երկիր՝ Սուրբ Հոգով քո մեջ կրելով Աստծո Բանին ինչի համար որ մենք ամենքս միշտ օրհնաբանում ենք քեզ» (Շարակնոց). ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

05.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․