29 Դեկտեմբեր, Հիսնակի Զ Կիրակի
Երբ ես մտքիս աչքերը Գրքերի խորհրդով վեր բարձրացրի` տեսնելու շնորհների գիտության անքննելի խորքը, բացեցի սիրտս` հավաքելու ներսում դժվար տեսնվածը և քննելու, տեղեկանալու և հասու լինելու նրա գիտության խորքին, իմ տկար մտքի հասողությունից դուրս մնացածն այնպես զարհուրեցրեց ինձ, որ կարծես թե այն ճանաչելու համար պատրաստ էի մոռանալ այն գիտությունը, որը ստացա բացելու պահին:
Ինչպես որ հարբածը որքան խմում, այնքան ավելի է ծարավում, նույնպես և նա, ով Աստվածաշնչի խորհուրդների շուրջ խորհում է և խոկում, որքան ուսանում է, այնքան առավել է ցանկանում ուսանել, քանզի գիտե, որ չի հասնի Սուրբ Գրքի գիտության լրմանը, և մտքի այդ ցանկությունն այրում է, ինչպես հոգեմաշ ցավը, քանզի սակավ հասողության միջոցով ճանաչում է մնացած անբավելին և այդ գիտության ցանկությամբ վարակվում, ինչպես ցավով: Սակայն այդ ցավերն ու հոգսերն առողջության պատճառ են լինում (ս. Գրիգոր Նարեկացի):
Ինչպես որ անուշահոտ նյութերն ինչքան շատ են հարվում մատների մեջ, այնքան ավելի են բուրում, այնպես էլ Սուրբ Գիրքն է. որքան շատ ես ջանում խորասուզվել նրա մեջ, այնքան շատ գանձեր ես գտնում:
Աստվածաշնչի ընթերցանությունը նման է գանձի: Ինչպես որ գանձի մի փոքրիկ մաս կարող է շատ հարստացնել ստացողին, այդպես էլ Սուրբ Գրքի կարճ ասույթում կարելի է մեծ զորություն և մտքերի անճառելի հարստություն գտնել: Ս. Գրքում ոչինչ չի ասված հենց այնպես և առանց պատճառի, այլ նույնիսկ ամենակարճ խոսքը մեծ գանձ է պարունակում: Աստծու խոսքը նման է ոչ միայն գանձի, այլև հարահոս ջրառատ աղբյուրի (ս. Հովհաննես Ոսկեբերան):
Կարելի է մի ամբողջ դար ապրել և անդադրում կարդալ միայն Ավետարանը կամ Նոր Կտակարանը և այդպես էլ մինչև վերջ չյուրացնել: Թեկուզ հարյուր անգամ կարդա, բայց կարդալու շատ-շատ բան կմնա (եպիսկոպոս Ֆեոֆան):
Եթե կարդալ չգիտես, մի՛ հեռացիր այնտեղից, որտեղ կարելի է լսել և օգուտ ստանալ, քանզի գրված է. «Եթե իմաստուն մարդ տեսնես, առավոտից նրա մո՛տ եղիր, և թող քո ոտքը մաշի նրա դռան սեմը» (Սիրաք Զ 36): Սա օգտակար է ոչ միայն կարդալ չիմացողների, այլև իմացողների համար, քանզի շատերն են կարդում և չգիտեն, թե ինչ են կարդում (ս. Եփրեմ Ասորի):
Պետք չէ կարծել, թե որոշ չափով ճանաչելով ավետարանական ճշմարտությունը` կարելի է հանգստանալ` համարելով այն լավագույնս սերտված, և այլևս չկարդալ սուրբ Ավետարանը:
Առաջին` մեր հիշողությունը մտապահում է միայն այն, ինչը միշտ կրկնում ենք և ինչով միշտ հետաքրքրվում ենք:
Երկրորդ` ճշմարտությունը նույնքան անսպառ է, որքան անսպառ է աստվածգիտությունը:
Ինչպես գրում է ս. Իսահակ Ասորին. «իմաստության շավիղը վերջ չունի. նա անընդհատ վեր է ընթանում մինչև իրեն հետևողին Աստծու հետ միավորելը: Նրա հայտանիշը հենց այն է, որ նրա ճանաչողությունն անսահման է, քանզի Իմաստությունն Ինքն Աստվածն է»:
Ս. Գրքում, անշուշտ, խորություններ կան, բայց՝ այնպիսիք, որոնց մեջ փղերը ընկղմվում են, իսկ գառնուկները լողում, ինչպես դիպուկ ասել է Օգոստինոս Երանելին՝ կամենալով զուգահեռ անցկացնել Ս. Գրքի վրա մեծագույն ամբարտավանությամբ հարձակվող այս աշխարհի իմաստունների և Քրիստոսի որդիների միջև, որոնք խոնարհ և ուսանելու պատրաստ հոգով են ձեռնամուխ լինում Աստվածաշնչին:
Եվ որքան առավել է մարդը հարստանում ճշմարտությամբ, այնքան առավել է ձերբազատվում մեղքից, այնքան առավել է լուսավորվում նրա բանականությունը և մաքրագործվում նրա սիրտը, այնքան առավել է մերձենում Աստծուն արդեն այս աշխարհում:
Օպտինյան մենաստանի ծերերից մեկն ասում է. «Բովանդակ Աստվածաշունչը գաղտնիքներով է պարուրված: Նա խորություն ունի: Նրա իմաստն անսպառ է: Անկարելի է հասկանալ ամբողջը: Ինչպես մեկը մյուսի հետևից կարելի է հանել սոխի կեղևները, այնպես էլ Սուրբ Գրքի պարագայում է. մարդը հասկանում է մի իմաստ, որի տակ անթեղված է մեկ ուրիշը` ավելի խորը, երկրորդին հաջորդում է երրորդը, և այդպես շարունակ:
Ահա այդպես է Տերը լուսավորում Իրեն փնտրողների բանականությունը: Աստվածաշնչում բացի արտաքին երեսից կա նաև ներքինը, այսինքն` բացի առանձին փաստերից կա նաև այդ նույն փաստերի խոր նախօրինակային իմաստը: Այդ իմաստը բացահայտվում է մարդու մտքի մաքրագործման համապատասխան»:
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից