Գրքեր

Սուրբ Խաչի երևումը. վկայություն երկնքից

«Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերի հայրն է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է» (Սբ. Հովհան Ոսկեբերան):

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Խաչին նվիրված ունի չորս տոն՝ Խաչվերաց, Գյուտ Խաչի, Երևումն Սբ. Խաչի և Վարագա Սուրբ Խաչ: Սուրբ Խաչի երևման տոնը Հայ եկեղեցին նշում է Հինանց շրջանի չորրորդ կիրակի օրը: Այս տոնը Երուսաղեմի երկնքում «բոցանիշ փայլմամբ» խաչի լուսեղեն նշանի հրաշալի երևման հիշատակությունն է: Այդ երևույթը տեղի ունեցավ 351թ-ին մայիսի 7-ին՝ ցերեկվա երրորդ ժամին, Կոստանդին Բ կայսեր օրոք (351-361թթ.), Հոգեգալստյան օրերին: Երուսաղեմի երկնակամարում լուսափայլ խաչը տարածվում էր Գողգոթայից՝ Քրիստոսի խաչելության վայրից, մինչև Բեթանիայի մոտ գտնվող Ձիթենյաց լեռան կողմը, որտեղից Տերը դեպի երկինք բարձրացավ: Տիրոջ նշանն իր բոցաճաճանչ փայլով հաղթեց արեգակի ճառագայթներին և արձակած լույսով ծածկեց արեգակը:

Երկնքում փայլող խաչը երևաց գրեթե քաղաքի ողջ բնակչությանը և տեսանելի էր բավական երկար ժամանակ: Արտասովոր այդ հրաշքը մարդկանց մեջ երկյուղ ծնեց և ամրապնդեց հավատը, որ արդեն գնալով մարում էր: Շատերը ուրախությամբ շտապեցին տաճար՝ խոստովանելու իրենց մեղքերը և գոհություն մատուցելու Աստծուն, իրենց պարգևած այս հրաշալի մխիթարության համար:

Երկնային այդ պատկերը տեսնելուց հետո շատ հրեաներ ու հեթանոսներ քրիստոնեություն ընդունեցին ու մկրտվեցին Սուրբ Կյուրեղի ձեռքով՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով:

Այս հրաշալի դեպքը այնքան խոր տպավորություն թողեց երուսաղեմացիների վրա և մասնավորաբար Երուսաղեմի Կյուրեղ պատրիարքի, որ իր պարտականությունը համարեց զարմանահրաշ դեպքի մասին պաշտոնական նամակով ներկայացնել Կոստանդին կայսեր: Վերջինս ձգտում էր վերականգնել արդեն դատապարտված արիոսականությունը՝ դրանով մեծապես վտանգելով եկեղեցին: Ուստի Կյուրեղ պատրիարքը նամակով վայելուչ, բայց խստորեն մատնանշեց նրա հոր՝ Կոստանդիանոս Մեծի պաշտպանած կրոնի ճշմարիտ էությունը, որպես ապացույց բերելով Խաչի երևումը: Սքանչելի երևույթը բացատրեց իբրև ուղղափառ դավանության պաշտպանություն արիոսականության դեմ և հորդորեց կայսեր ետ կանգնել արիոսականներին պաշտպանելուց: Այս հրաշալի դեպքի միակ աղբյուրը պահպանվել է նաև հայերեն թարգմանությամբ և ընթերցվում է Սուրբ Խաչի երևման տոնին առավոտյան ժամերգության ընթացքին:

Սուրբ Կյուրեղը այդ օրը եկեղեցական տոն դարձրեց և մինչև օրս այն հայտնի է նույն անվամբ:

Ի տարբերություն առաքելական և ուղղափառ եկեղեցիների, կաթոլիկ եկեղեցին չունի «Երևումն Սբ. Խաչի» անունով տոն:

0րթոդոքսները այն տոնում են մայիսի 7-ին, Հայ Եկեղեցին՝ Սբ. Զատկից 28 օր հետո՝ Հինանց չորրորդ կիրակի օրը:

Այս կիրակի «Խաչի խորհուրդը» լուսեղեն ու տեսանելի կերպարանք ստացավ: Այս կիրակի տոնված խաչը ավելի լուսավոր է քան արեգակը, ավելի թեթև՝ քան եթերը և ավելի գեղեցիկ քան աստղերը: Հոգեպարար երևույթ է այն, որի ականատեսը լցվում է երգելու, Աստծուն փառք տալու տրամադրությամբ:

Լուսավոր խաչը, ցոլալով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը, ցույց տվեց, որ դա նշանն է Նրա, Ով խաչվեց Գողգոթայի վրա և համբարձվեց Ձիթենյաց լեռան վրայից: Եվ այդ նշանն է առաջնորդում մարդկանց դեպի Խաչյալի հավատը, ինչպես լուսեղեն ամպը հրեաներին, դուրս բերելով եգիպտական անհավատությունից, առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր:

Խաչի երևումը անցյալ կիրակիի իմաստի շարունակութունն ու լրումն է: Քրիստոնեական կյանքը պայքար է ազնիվ նպատակներ իրագործելու համար, պայքար է՝ մարդկության մեջ սեր, եղբայրություն, խաղաղություն հաստատելու համար: Եվ անհրաժեշտ է հոգեկան ուժ, քաջություն, զոհողություն և համազոր է «Խաչը առնել և Քրիստոսին հետևել» ավետարանական խոսքին: Խաչի ճանապարհը վերածվում է հաղթանակի, ու նեղ ճամբան դեպի երկինք առաջնորդող լուսավոր ճանապարհի: Խաչի երևման մեջ նշանակալից պարագան այն է, որ լուսեղեն սուրբ նշանը երևաց Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռան կատարը: Գողգոթան Հիսուսի Խաչի ճանապարհի գագաթն է, իսկ Ձիթենյաց սարը այն կատարն է, որտեղից երկինք համբարձվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Համբարձման լեռը, այլաբանորեն երկնքի մուտքն է: Ինչը նշանակում է, թե Խաչը առաջնորդում է մեզ դեպի հավերժություն, դեպի հավիտենական կյանք:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

24.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․