Գրքեր

Սուրբ Կույսի ամենօրհնյալ ծննդյան տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

«Այսօր ցնծան երկնայինքն և պար առեալ ի բարձունս: Երգեն զերգս հոգևորս հավուր ծննդյան Սրբուհւոյն». շարականագիրն այս տողերով նկարագրում է այն մեծ ցնծությունը, որ ապրել են երկնային զորքերը Աստվածամոր ծննդյան օրվա առթիվ: Մեր եկեղեցու հայրերի կողմից Աստվածամորը ձոնված սքանչելահյուս շարականները, մեղեդիներն ու տաղերը, նրան նվիրված յոթ տոները, նրա անունը կրող բազում սրբավայրերը վկայում են հայ քրիստոնյայի խորին հարգանքն ու ջերմ սերը Ամենասուրբ Կույսի հանդեպ: Այդ հարգանքի ու սիրո վկայություններից է Երևան քաղաքի հնագույն սրբավայրերից Զորավոր Ս. Աստվածածինը, որ Սուրբ Կույսին նվիրված տոներին մեծ թվով ուխտավորների է հյուրընկալում իր բազմադարյան սուրբ հարկից ներս:

Հերթական ուխտի օրը սեպտեմբերի 8-ին էր՝ Աստվածամոր ծննդյան օրը, որ նշանավորվեց ուխտի Սուրբ Պատարագով՝ Տեր Վահան քահանա Առաքելյանի մատուցմամբ: Տեր Հայրը, տոնի առթիվ իր շնորհավորանքը հղելով ուխտավորներին, մասնավորաբար ասաց. «Մարդը կյանքի տարբեր իրավիճակներում հենարան է փնտրում և հենվում ծնողների աջակցության կամ ունեցվածքի վրա, բարեկամների կամ ծանոթների վրա, սեփական իմաստության վրա, բայց ամենահիմնավոր հենասյունը մարդու համար միմիայն Աստված է, և դեպի այդ հենարանը տանողը Աստվածածնի բարեխոսությունն է մեզ համար: Ու սա կասկածից վեր է, որովհետև ամեն մի քրիստոնյա իր կյանքում զգացել և տեսել է, թե ինչ պատվար ու հենարան է Սուրբ Կույսին դիմելը, իր աղոթքի պատասխանը ստանալը: Սուրբ Մարիամը քաջության, համբերատարության, հեզության և խոնարհության մարմնացում է և մեզ նույնպես սովորեցնում է լինել քաջ, համբերատար, հեզ ու խոնարհ, չընկճվել ու չվհատվել, չհուսահատվել և չհիասթափվել, այլ հարատևել քրիստոնեական պատվիրանների կատարման մեջ, անմնացորդ կերպով հավատալ և վստահել Աստծուն»:

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհավորեց ուխտավորներին տոնի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց տարվա խաչքավոր Գագիկ Ավետիսյանին՝ տոնի առթիվ եկեղեցու Սուրբ Սեղանը ծաղիկներով զարդարելու համար, համայնքի անդամ Արամ Ֆրանկյանին, ում մեկենասությամբ տպագրվել է Պողոս եպիսկոպոս Ադրիանուպոլսեցու «Հինգ դարերի զանազանություն» գրքի երկրորդ հատորը՝ ի հիշատակ իր սիրելի ծնողների` Հայկ Ֆրանկյանի և Ֆենյա Կարապետյանի: Այնուհետև Տեր Հայրն ուխտավոր կանանց ու աղջիկներին նվիրեց «Հինգ դարերի զանազանություն» հոգեշահ գիրքը և ծաղիկներ, որ եկեղեցուն էր նվիրաբերել Ավետիսյան ընտանիքը:

Եկեղեցին, տոնելով հիշատակն իր սրբերի, մեծարում ու գնահատում է նրանց ապրած և դավանած ավետարանական, քրիստոնեական կյանքն ու սկզբունքները: Եկեղեցու կողմից սրբերի և մանավանդ Աստվածածնին ընծայված հարգանքը, ինչպես նշել է Թորգոմ արք. Գուշակյանը, հեռու է պաշտամունք լինելուց, այն փրկագործության խորհրդի միջոց է:

Եկեղեցական տոնացույցում Աստվածամոր ծնունդը մարդկության հոգևոր փրկության օրվա սկիզբն է. «Ցնծացէք որդիք մարդկան այսօր ծննդեամբ Սրբուհւոյ Կուսին», որովհետև «ուրախութիւն աշխարհի ծնաւ այսօր զՄարիամ ամուլն Աննա»: Ս. Գրիգոր Նարեկացու համար Աստվածամոր ծնունդը «ցաւոց անիծից արմատ օրհնութեան հօրն Ադամայ որդի բերկրութեան է»:

Աստվածամոր անունը Քրիստոսի անվան պես հոգևոր զորություն ունի, այս մասին Հայր Պաիսիոս Աթոսացին վկայել է և ասել. «Նա, ով պատվում է Աստվածամորը, բավական է միայն նրա անունը լսի՝ միանգամից վերափոխվում է, իսկ Աստվածածնի սրբապատկերը համբուրելիս այնպիսի զգացողություն ունի, որ ոչ թե սրբապատկերի առջև է խոնարհվում, այլ հենց Տիրամոր»:

 

Կարինե Սուգիկյան

08.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․