16 Նոյեմբեր, Շբ
Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր եկեղեցիները անփոփոխ կերպով տոնում են Սբ. Կույս Մարիամի «ամենօրհնյալ» ծնունդը: Նա զավակն էր բարեպաշտ ծնողներ Հովակիմի, որ սերում էր մարգարե ու թագավոր Դավթի ցեղից և քահանայապետ Ահարոնի ցեղի դուստր՝ Աննայի:
Ամուսինները հայտնի էին իրենց բազում առաքինություններով: Նրանք զավակ չունեին և միշտ աղոթում ու խնդրում էին Աստծուն, որ իրենց զավակ պարգևի՝ խոստանալով մանկանը Աստծուն ընծայել: Այն ժամանակ անզավակությունը անպատվություն էր:
Մի օր, երբ Հովակիմը տաճարում Տիրոջը զոհ էր մատուցում, քահանայապետը չընդունեց այն, պատրվակելով, որ Աստծուց «անիծվածը» արժանի չէ ընծա մատուցելու: Հովակիմը տխուր ու տրտում դուրս եկավ տաճարից և տուն վերադառնալու փոխարեն առանձնացավ անապատում, ուր անդադար աղերսում էր Աստծուն հանել իրենից անզավակության այդ անպատվելի վիճակից: Աննան էլ իր հերթին անտրտունջ Տիրոջ բարեգթությունն էր խնդրում: Նրանց աղոթքները լսելի եղան. Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Հովակիմին ու Աննային և հայտնեց, որ նրանք դուստր կունենան և կանվանեն Մարիամ, իսկ ժողովուրդները կցնծան այդ ծնունդով, քանի որ նրա միջոցով ողջ աշխարհին փրկություն կշնորհվի:
Ծնողները իրենց աստվածընծա մանկանը երեք տարի պահելուց հետո, ի կատարումն ուխտի, տարան Երուսաղեմի տաճար՝ Տիրոջն ընծայելու:
«Անապական կոյս» Մարիամի հանդեպ ունեցած քրիստոնյաների ակնածալից պատկառանքն ու սերը ծագում է առաջին հերթին այն պատճառից, որ Աստված նրան ընտրեց որպես «տաճար լուսոյ» և նրա միջոցով երկիր առաքեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Սբ. Կույսը դարձավ այն Աստվածային դուռը, որի միջոցով փայլեց «Արդարության Արեգակը»՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը:
Դեռևս տարբեր մարգարեների կողմից կանխատեսվել էր Սբ. Մարիամ Աստվածածնի մասին, ուստի նա այն «Կույսն էր, որ պիտի հղիանար ու որդի ծներ և նրա անունը պիտի լիներ Էմմանուել» (Եսայի 7:14):
Այսպիսով, այս տոնը առաջագույն տոներից է, որովհետև «Աստվածածնի միջոցով նորոգվեց ողջ մարդկային ցեղը և նախամայր Եվայի տխրությունը՝ ուրախության վերածվեց»:
Հայ եկեղեցում Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը հաստատուն կերպով սկսել է տոնվել 13-րդ դարից:
Կազմեց Կարինե Սուգիկյանը