Սուրբ Նունե և Սուրբ Մանե կույսերի հիշատակության օր

Սբ. Նունե և Սբ. Մանե կույսերը Սբ. Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որոնք 70 հոգով Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Հռոմից կույսերն անցնում են Եգիպտոս, այստեղից էլ՝ Երուսաղեմ: Երուսաղեմում նրանց տեսիլքով երևում է Տիրամայրը և պատվիրում գնալ Հայաստան: Ճանապարհին նրանցից ոմանք բաժանվում են խմբից, ոմանք մնում Եդեսիայում, ոմանք՝ լեռներում ու քարայրներում, ոմանք էլ՝ Վարագա վանքի մոտ և միայն նրանցից 37-ն են հասնում Վաղարշապատ: Ճանապարհին խմբից բաժանված կույսերից միայն երկուսի անունն է հայտնի պատմությունից: Նրանցից մեկը Նունեն է, մյուսը՝ Մանեն:

Նունե կույսը համաքրիստոնեական սուրբ է: Սրբուհուն նվիրված տոներ ունեն հայերը, վրացիները, ռուսները:

Նունե կույսը, Վարագ լեռան մոտ առանձնանալով ընդհանուր խմբից, գնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում է քրիստոնեությունը, «Սուրբ Հոգու զորությամբ» կատարում բժշկություններ և ողջ ժողովրդին դարձի բերում: Նրա մասին Մովսես Խորենացին գրում է. «Մի կին, Նունե անունով, Սուրբ Հռիփսիմյանների ցրված ընկերներից, փախչում հասնում է Վրաց աշխարհը»:

Սբ. Նունեին հաջողվում է բժշկել վրաց Նանա թագուհուն, նրա զավակին ու թագավորին և այդպես ողջ արքունիքին հավատքի է բերում: Նա հրաժարվում է բոլոր թանկարժեք նվերներից և քարոզում Տիրոջ Ավետարանը:

Վրաց թագավոր Միհրանն օրերից մի օր որսի ժամանակ թանձր մառախուղի պատճառով կորցնում է ճանապարհը: Օգնության է կանչում իրենց հեթանոս աստվածներին, սակայն, օգուտ չի լինում: Հանկարծ հիշում է իր կնոջը բժշկած Աստծուն և Նրա օգնությանը դիմում՝ խոստանալով այդ վտանգավոր վիճակից ազատվելու դեպքում հավատալ և ընդունել Նրան: Նրա ձայնը լսվում է. հանկարծ անթափանց մշուշը իսկույն ցրվում է և ապահով պալատ վերադարձից հետո Միհրանը թագուհու հետ գնում է Նունեի մոտ և լսում նրա քարոզը Քրիստոսի մասին: Թագավորը նույնպես իր պատրաստակամությունն է հայտնում քրիստոնյա լինելու:

Նունեի խորհրդով պատգամավորներ են ուղարկում Կոստանդիանոս Մեծ կայսեր մոտ, ըստ վրացական վարքի, կամ Սբ. Գրիգոր Լուսավորչի մոտ, ըստ հայկականի և խնդրում հոգևորականներ ուղարկել Վրաստան: Հոգևորականները ժամանում են և Կուր գետում մկրտում ամբողջ արքունիքն ու մեծամեծներին, ինչպես նաև հազարավոր ուրիշ մարդկանց, կառուցում առաջին վրացական եկեղեցին Մծխեթում: Իսկ Նունեն շարունակում է իր ճգնողական կյանքը և խաղաղ մահվամբ հեռանում այս աշխարհից: Նրա գերեզմանի վրա կառուցվում է եկեղեցի, որը դառնում է մեծ ուխտատեղի: Տարին երկու անգամ, այդ եկեղեցում ցուցադրվում է Սբ. Նունեի խաչը: Հիշատակի տոնը Վրաստանում նշում են Սուրբ Նունեի մահվան օրը՝ հունվարի 14-ին, ռուսները նշում են հունվարի 27-ին:

Նունե կույսը համարվում է Վրաստանի առաջին առաքելուհին և պահապան սուրբը: Նրա անվան վրացական ձևն է Նինո:

Իսկ Սբ. Հռիփսիմյանց կույսերից Մանեն մնում է Հայաստանում և բնակություն հաստատում Բարձր Հայք նահանգի Եկեղյաց և Դարանաղյաց գավառների սահմանում գտնվող Սեպուհ լեռան մի քարայրում: Այստեղ ճգնողական և աղոթական կյանքով ապրում է մինչև իր մահը: Սբ. Գրիգոր Լուսավորիչը, ծերանալով և փափագելով առանձնության մեջ ճգնել, Սուրբ Հոգու առաջնորդությամբ գալիս է Սեպուհ լեռ, ուր գտնում է Մանեին: Սակայն Մանեն թույլ չի տալիս նրան մոտենալ քարայրին, այլ, ձայնելով, խնդրում է երեք օրից գալ իր մոտ: Երեք օր հետո Լուսավորիչը գալիս է և սրբուհուն վախճանված գտնում: Սաղմոսներով ու օրհնությամբ թաղում է նրան նույն քարայրում, իսկ ինքը բնակվում այնտեղ՝ տրվելով աղոթական կյանքի: Այդ քարայրը Մանեի անունով հետագայում կոչվում է Մանյա այր, այսինքն Մանեի քարայր:

Սբ. Մանե և Սբ. Նունե կույսերի հիշատակը Հայ եկեղեցին տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երեքշաբթի օրը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

05.06.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․