Գրքեր

Տասը կույսերի առակի պատկերագրությունն ու խորհուրդը

Ծաղկազարդին Երուսաղեմ հաղթական մուտքով սկսվում է Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին՝ Չարչարանաց շաբաթը, որն անվանվում է Ավագ շաբաթ: Ավագ երեքշաբթի ընթերցվում է տասը կույսերի առակը, որին էլ նվիրված է այդ օրվա խորհուրդը:

Առակում ասվում է, որ հարսանյաց օր էր, և տասը կույսեր, լապտերներ առած, ելան դիմավորելու փեսային: Կույսերից հինգն իմաստուն էին, իսկ մյուս հինգը՝ հիմար: Իմաստունները լապտերների հետ ամաններով ձեթ վերցրեցին, իսկ հիմարները՝ ոչ: Փեսան ուշացավ, և կույսերը քնի մեջ ընկան: Կեսգիշերին ձայն լսվեց, թե՝ «Ահա փեսան գալիս է, ընդառաջ ելեք նրան»: Այնժամ կույսերն ելան և կարգի բերեցին իրենց լապտերները: Քանի որ հիմար կույսերը ձեթ չէին վերցրել, նրանց լապտերները սկսեցին մարել: Ուստի և իմաստուն կույսերից ձեթ խնդրեցին: Իսկ իմաստուն կույսերը պատասխանեցին. «Գուցե մեզ և ձեզ չբավականացնի, գնացեք վաճառականների մոտ և ձեզ համար գնեք»: Երբ նրանք գնացին ձեթ գնելու, փեսան եկավ: Պատրաստ կույսերը նրա հետ հարսնատուն մտան, և դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերը և ասացին. «Տե՜ր, Տե՜ր, բա՛ց դուռը»: Իսկ փեսան պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ձեզ չեմ ճանաչում»: Առակը վերջացնելուց հետո Հիսուս ավելացրեց. «Արթո՛ւն եղեք, քանի որ ո՛չ օրը գիտեք և ո՛չ՝ ժամը» (Մատթեոս 25:1-13):

Մինչ տասը կույսերի առակը պատմելը Հիսուս նկարագրում է նաև Իր Երկրորդ գալուստը: Արևելքից մինչև արևմուտք ձգվող փայլակի նման է լինելու Քրիստոսի գալուստը, սակայն երբ է այդ լինելու, ոչ ոք չգիտի: Այդ օրը նրանք, ովքեր իմաստուն կույսերի պես կլինեն, այսինքն՝ բավարար չափով ձեթ կունենան, Քրիստոս մասնակից կդարձնի Իր Երկնքի Արքայության հարսանեկան խնջույքին, իսկ հիմար կույսերին նմանվողները կմնան խավարում: Այստեղ ձեթը խորհրդանշում է բոլոր քրիստոնեական առաքինությունները՝ հավատք, հույս, սեր, խոնարհություն, արիություն, աղոթք, ողորմություն, պահք, պարկեշտություն, համբերություն և այլն:

Ըստ Զաքարիա Ձագեցու մեկնության՝  տասը կույսերը խորհրդանշում են ամբողջ աշխարհը, քանի որ տասը թիվը հրեական մտածողության մեջ ամբողջության խորհրդանիշ է: Եվ տասը կույսերով օրինակ է բերում մարդկային ազգը, որոնք իրենց լապտերներն առած ընդառաջ ելան փեսային դիմավորելու: Մարդկային ազգն իր կատարած յուրաքանչյուր գործով պիտի կանգնի Քրիստոսի ահավոր ատյանի առջև: Նրանցից հինգը, ովքեր երկրավորն էին խորհում և կորցրին իմանալին՝ հիմար էին, իսկ հինգը, որոնք բարի գործեր արեցին, որպեսզի երկնավորների մոտ մտնեն՝ իմաստուն: Հիմարները վերցրեցին իրենց ամանները և ձեթ չլցրեցին դրանց մեջ, միայն այս խեցեղեն մարմինները բերեցին առանց իրենց մեջ կրելու բարի գործեր: Իսկ խոհեմագույներն իրենց ամանների մեջ ձեթ էին լցրել, այսինքն՝ հողեղեն մարմինները դարձրել էին արդարության կրողներ և փեսայի ուշանալու պատճառով բոլորը նիրհել ու քնով էին բռնվել, այսինքն՝ բոլոր մարմինները դեպի գերեզման էին գնացել և տապանի մեջ դրվել: Երբ փեսայի գալուստը հայտարարվեց և բոլորը զարթնեցին, ինչը խորհրդանշում է հարությունը, բոլորն էլ տեսան, որ արդեն հնարավորություն չկա որևէ բան փոխելու: Մեկնության շարունակության մեջ ասվում է, որ ովքեր բարի գործեր են արել կյանքի հարության կարժանանան, իսկ ովքեր չար գործեր՝ կդատապարտվեն հավիտենական տանջանքների:

Տասը կույսերի առակը ներկայացնող նկարները միջնադարյան պատկերագրության մեջ սովորաբար ունեն երկմաս կառուցվածք: Նկարի ներքևի մասում հիմար կույսերն են, որոնց առջև փակվեց Երկնային Արքայության դուռը: Իսկ վերևում՝ փեսայի հետ Երկնային Արքայություն մտած իմաստուն կույսերն են: Իմաստուն կույսերը պատկերվում են վառված, իսկ հիմար կույսերը հանգած և մարող լապտերներով: Լապտերները երբեմն վառվող մոմեր են հիշեցնում: Եթե այս պատկերը բերվում է ավետարանական շարադրանքի համապատասխան հատվածի լուսանցքում, պատկերվում են միայն հինգ իմաստուն կույսերը վառվող լապտերներով: 1432թ-ին Ղրիմում գրված ձեռագրում Ներսես Շնորհալու՝ «Կույսերի լապտերները պայծառ վառվում են» տողը լապտերների բոցի նման ոսկե դեղինով է գրված:

1306թ-ին Վասպուրականում գրված և այժմ Երևանի Մատենադարանում պահվող մի ձեռագրում տասը կույսերը որպես տղամարդ են ներկայացված՝ մորուքավոր, հոգևորականի հանդերձով և սրբերի լուսապսակներով: Սա բացատրվում է նրանով, որ բոլոր տասն էլ իրենց անձերը սրբությամբ են պահել: Այստեղ կույս բառը մեկնաբանվել է կուսակրոն իմաստով և վերաբերվում է չամուսնացյալ այն հոգևորականներին, ովքեր իրենց անձը նվիրել են Քրիստոսին սպասավորելուն: Նման մեկնաբանությունը եզակի չէ միջնադարյան արվեստում: Հովհանավանքի 1217թ-ին կառուցված գլխավոր Կաթողիկե եկեղեցու արևմտյան մուտքի ճակատամասին տասը կույսերի առակը վերստին ներկայացված է մորուսով ու սքեմով հոգևորականների պատկերներով: Կենտրոնում գահին նստած Քրիստոսն է, երկու կողմերում՝ իմաստուն և հիմար կույսերը, իմաստուն կույսերը վեհ պարզած լապտերներով են, իսկ հիմարները գլխիկոր հեռանում են: Այստեղ հարսանիքի սենյակի՝ Երկնային Արքայության դուռը չկա, քանի որ պատկերը հենց դռան վերևում է: Քրիստոս մի ձեռքով դեպի ներս է հրավիրում իմաստուններին, իսկ մյուս ձեռքով դեպի դուրս ցույց տալիս հիմար կույսերին:

14-րդ դարում Վասպուրականում գրված և այժմ Երևանի Մատենադարանում պահվող մի ձեռագրում այս թեմայով մանրանկարը նույնպես երկմաս կառուցվածք ունի: Ներքևում միաժամանակ ներկայացված են թե՛ իմաստուն և թե՛ հիմար կույսերը, մինչև փեսայի գալը: Իմաստունները հիմարներից տարբերվում են իրենց հանդերձով և ձեռքում բռնած մոմերով: Հիմար կույսերի հագուստն ավելի ուրվագծային, ստվերային բնույթ ունի: Նկարի վերին մասում պատկերված է փեսայի հետ հարսանեկան սենյակ մտած իմաստուն կույսերը և փակ դռան առջև գտնվող հիմար կույսերը: Գործողությունների զարգացման այս ընթացքն առավել վառ է արտահայտվում մանրանկարների պատմողական մակագրություններով: Իմաստուն կույսերի գլխավերևում գրված է՝ իմաստուն կույսերն են, որ փեսայի հետ առագաստ մտան: Հիմար կույսերի գլխավերևում գրված է՝ հիմար կույսերը քուն մտան և հետո զարթնելով գնում են դեպի դուռը: Վերևում նրանք արդեն պատկերված են դռան առջև ծնկած և ձեռքերը աղերսանքով վեր պարզած: Նրանց գլխավերևում գրված է՝ բաց Տեր: Ի պատասխան հնչում են Հիսուսի խոսքերը՝ գնացեք, Ես չգիտեմ ձեզ: Երկնքի Արքայությունը խորհրդանշող սենյակում մի ծաղկած ծառ է պատկերված: Այն ներկայացնում է դրախտի վերստին ծաղկած ծառը, և ինչպես դրախտի դուռն է բոցեղեն սրով հսկում հրեշտակը, այնպես էլ այստեղ Երկնային Արքայություն տանող դռան վերևում Գաբրիել հրեշտակը սուրը ձեռքին հեռու է վանում հիմար կույսերին:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

11.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․