24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքը՝ Սուրբ Հարության տոնի կապակցությամբ

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցնծում է իր հավատավոր զավակների հետ միասին, և այս սքանչելի ավետիսը բերում համայն հայությանն ու աշխարհին: Այսօր եկեղեցիների տոնական զանգերի ղողանջի ներքո բոլորս միասին մեծ ցնծությամբ ու սրտի խանդաղատանքով վկայում ենք Հարուցյալ Աստծո մասին: Երկինքն ու երկիրը խնդությամբ փառաբանում են Կենդանի ու կենդանություն պարգևող Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, Որի Սուրբ Հարության տոնն է այսօր:

Մեր նախահայրերի ընտրած անհնազանդության ուղին փակեց նրանց առջև դրախտի դարպասները, հեռացրեց նրանց իրենց կյանքի կոչած Արարչից և դեպի անխուսափելի մահ ուղղեց նրանց ու իրենց ժառանգների քայլերը: Հավիտենական երանության համար արարված կատարյալ մարդն ախտահարվեց մեղքի խայթոցից, երբեմնի լույսը կլանվեց ու կորավ խավարի մեջ, ի սկզբանե անմահ արարված մարդու կյանքը հանդիպեց մահվան պատնեշին: Եվ սկսեցին իրար հաջորդել մարդկության պատմության տառապալից ու մութ դարերը: Եվ եթե նրանց մեծամասնությունը կորցրել էր փրկության հույսը, որոշները՝ նույնիսկ մոռացել դրա մասին, իսկ ոմանք էլ համակերպվել իրենց կորստյան մատնված կյանքերի հետ, ապա Սիրող Հայրը վայրկյան անգամ չէր մոռացել Իր սիրելի զավակներին, և հարմար ժամին կատարվեց այն մեծախորհուրդ իրողությունը, որ սկիզբը հանդիսացավ մարդկության փրկության:

Ամենքի ու ամենայնի Արարիչը, անպատմելի Իմաստությունն ու խորախորհուրդ Էությունը, անպարփակելի Մեծությունն ու անպարտելի Զորությունն այնքան սիրեց Իր անհնազանդ, մեղավոր, Իրեն մոռացած ու անիրավության մեջ թաղված զավակներին, որ թողեց երկնային անհաս բարձունքները, խոնարհվեց՝ մարդանալու աստիճան, պարփակվեց Սուրբ Կույսի որովայնում, որպեսզի այնուհետև աստվածային սիրո կենաց լույսն ուսուցանի մարդկանց, ցույց տա կորսված դրախտը վերագտնելու ուղին, բժշկի նրանց հոգևոր ու մարմնական ախտերն ու հարություն տա մեռելներից: Եվ այս ամենից հետո հալածվի, չարչարվի ու խաչի վրա անարգ մահվան ենթարկվի, Իր սուրբ Մարմինն ու Արյունը զոհի հանուն Իրենից երես թեքածների: Որպեսզի այնուհետև հարություն առնի մեռյալներից՝ ցույց տալով, թե Ո՛վ է Միակ, Ճշմարիտ և Ամենազոր Աստվածը, որ ջախջախում է դժոխքի դռներն ու փառապանծ հաղթանակ տանում չարի ու մահվան նկատմամբ: Տիրոջ հարության լույսն անմար կրակ է վառում աշխարհի խավարում և Իր հավատարիմ զավակներին առաջնորդում դեպի այն կյանքը, ուր մեղքն ու մահը գոյություն չունեն:

Արդ, Սուրբ Հարության հաղթական ու փրկչական լույսը թող առաջնորդի ձեզ դեպի սեփական հարություն, հույս պարգևող փարոս դառնա մեղքի խավարում, զորացնի փորձության ժամին, օգնի չխոտորվել ու չնահանջել Քրիստոսի մատնանշած ուղուց և անսասան պահի ձեզ ձեր ճշմարիտ հավատքի ու բարի ընթացքի մեջ:

Բոլորս միասին ցնծանք և ուրախանանք, սիրելինե՛ր, քանզի ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈւԹՅՈւՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածաին եկեղեցու հոգևոր հովիվ

 

 

 

 

15.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․