Տեր Հրանտ քհն. Մանուկյանի անդրանիկ քարոզը խոսված Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցում | Ter Hrant Qhn Manukyani Andranik Qarozy Khosvats Erevani Zoravor Surb Astvatsatsin Ekeghecum



Գրքեր

Տեր Հրանտ քհն. Մանուկյանի անդրանիկ քարոզը խոսված Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցում

Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ,

Գոհություն և փառք եմ մատուցում Երկնավոր Հորը, որ այսօր որպես օծյալ քահանա կանգնած եմ այս Սուրբ Սեղանի առջև և կոչված եմ լինելու առաքելական և սրբազան հայրերի տիրավանդ առաքելության լծակիցը։

Վստահ եմ, որ ձեզանից շատերը կհիշեն, թե ինչպես 20 տարիներ առաջ հենց այս եկեղեցում` Սուրբ խորանի առջև, սկսվեց իմ եկեղեցական ծառայութունը, և Փառք Բարձյալին, որ անարժանս շուրջ քառասուն օրեր առաջ Մայր Տաճարի ավագ խորանում քահանայական ձեռնադրության և օծման արժանացա։

Այս բաղձալի օրվան հասնելու համար նախ և առաջ խոնարհումս եմ բերում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վեհափառ հայրապետի հայրական հոգածության և մշտարթուն հայացքի շնորհիվ է, որ այսօր կոչված եմ լինելու առաքելահիմն սուրբ եկեղեցու քահանա:

Որդիական խոնարհումս եմ հայտնում  ծնողներիս և մեծ ընտանիքիս բոլոր անդամներին՝ ինձ դեռ մանկուց խոհեմաբար եկեղեցուն նվիրաբերելու և հոգևոր ծառայության ամբողջ ընթացքում թե՛ հոգեպես, և թե՛ ֆիզիկապես աջակցելու և խրախուսելու համար: Շնորհակալ եմ նաև երեցկնոջս՝ ինձ հետ նույն ճանապարհով ընթանալու և Տիրոջը ծառայելու քաղցր առաքելությանը լծակից  դառնալու համար:

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Սևանի Վազգենյան դպրանոցին, Գևորգյան հոգևոր ճեմարանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների Վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպս․ Սարոյանին, լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպս․ Հակոբյանին և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին, որոնց առաջնորդությամբ անցան իմ ուսումնառության և ծառայության շուրջ 12  տարիները:

Խոնարհումս եմ բերում իմ հոգևոր ծնողին՝ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արք․ Չուլջյանին, ում ձեռամբ Մայր Տաճարի սուրբ խորանին արժանացա քահանայական ձեռնադրության և Օծման։

Որդիական շնորհակալությունս եմ հայտնում նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ՝  Գերաշնորհ Տ. Նավասարդ արք․ Կճոյանին և Սուրբ Զորավոր եկեղեցու քահանայից դասին՝ գլխավորությամբ Արժանապատիվ Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանի, որոնց օրհնությամբ այսօր պատարագում եմ այս սուրբ կամարների ներքո։

Եվ վերջում իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր հավատավոր համայնքին ու բոլոր նրանց, որոնք այս տարիների ընթացքում թե՛ հոգևոր, և թե՛ նյութական աջակցություն են բերել և իրենց աղոթքով մշտապես իմ կողքին եղել:

Աղոթում և հայցում եմ Բարձյալ Աստուծո զորակցությունը, որպեսզի իրապես լինեմ Հայոց ազգի և սուրբ եկեղեցու արժանի որդին և խոնարհ սպասավորը։

Սիրելինե՛ր, այսօր ինձ համար կրկնակի տոն է, քանի որ երջանիկ պատահականությամբ համայն հայությունը տոնում է Հայոց Բանակի հիմնադրման 26-րդ տարեդարձը: Մեր քաջարի մարտիկներին մաղթում եմ բարի և անսասան ծառայություն: Թող սբ. Վարդանանց և սբ. Ղևոնդյանց բարեխոսությունը միշտ իրենց ուղեկից լինեն:

Շնորհակա՛լ ենք ձեզ, քա՛ջ մարտիկներ, մեր երկիրը խաղաղ և անվտանգ պահելու համար: Ձեր շնորհիվ է, որ Հայաստան աշխարհում խաղաղությունն է տիրում և մենք էլ այսօր այստեղ  խաղաղ և անհոգ փառք ենք տալիս Աստծուն և աղոթում ձեզ համար:

«Զի կերայք ի հացէ անտի ևւ յագեցաք»

«Որովհետև կերաք այն հացից և կշտացաք» (Հովհաննես 6.26)։

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, հացի բազմացման հրաշքի հաջորդ օրը, երբ Տիբերիայից գնացել էր Կափառնայում, ժողովրդի մի հոծ զանգված վարդապետին էր փնտրում: Եվ երբ Քրիստոս տեսավ նրանց, որ հետևում էին իրեն, ասաց. «Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք»: Առաջին հայացքից թվում է, թե խոսվում է պարզ հացի և ֆիզիկական հագեցվածության, կշտանալու մասին, սակայն շարունակելով այս հատվածը, պետք է տեսնենք, որ մեր Տերը մեզ է տալիս սբ. Հաղորդության գաղափարի նախատիպը, որը պետք է որպես խորհուրդ հաստատվեր վերջին ընթրիքի ժամանակ:

Այսօր, ինչպես և ամեն կիրակի, առաքելական սրբությունն իր մեջ կրող այս զորավոր եկեղեցում մատուցվում է հոգեթով երգեցողությամբ և խնկաբույր աղոթքներով ուղեկցվող Սուրբ Պատարագը, որը ոչ այլ ինչ է, քան Հիսուս Քրիստոսի Վերջին Ընթրիքին տրված պատգամի կատարում: Մեր Տերը վերցնելով բաղարջ հացն ասաց. «Առեք կերեք, այս է իմ մարմինը», որից հետո վերցնելով գինին ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մատթ. 26:27-29): Հաղորդության խորհրդի հաստատումից հետո մեր Տերն այն շարունակաբար կատարելու համար պատգամեց.  «սա արե՛ք իմ հիշատակի համար»:

Վերնատանը կատարված և հաստատված խորհուրդը չպետք է մնար որպես եզակի իրադարձություն: Այն պետք է շարունակվեր առաքյալների միջոցով, շարունակվեր պատմության ընթացքում և լիներ այն խորհուրդը, որով ամեն մի նոր սերունդ կհաղորդակցվեր Մեր Տիրոջ մարմնին և արյանը, որն իրեն զոհեց մեր մեղքերը քավելու և մեզ փրկելու համար:

Երկու հազար և ավելի տարիներ են անցել, փոխվել են ազգերը, մարդիկ, փոխվել և բաժանվել են քրիստոնեական եկեղեցիները, փոխվել է անգամ սբ. պատարագի կանոնը, բայց մեր կյանքի աղբյուր և փրկության միջոց հանդիսացող Սուրբ Հաղորդությունը մնացել է անփոփոխ:

Մեր եկեղեցու վարդապետներից Գևորգ Սկևռացին մի գեղեցիկ և դիպուկ համեմատություն է անում ասելով. «Ինչպես որ մանուկը մայրական կաթն ուտելով է սնվում, մեծանում և ծնողի նման հասուն մարդ դառնում, և նաև կաթի միջոցով սիրում իր մորը, այդ նույն կերպ Հիսուս Քրիստոսն է մեզ կերակրում՝ կամենալով որ սիրենք, փարվենք, և ձգտենք նմանվել իրեն՝ ինչպես մեր ծնողին»: Եվ մենք, սիրելի՛ հավատացյալներ, այսօր հաղորդվելով հավատում ենք, որ իրապես մասնակիցն ենք լինում Վերջին Ընթրիքին, իրապես հաղորդվում և միանում ենք Հիսուս Քրիստոսին, ինչպես Մեր Տերն է ասում. «ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես՝ նրա մեջ» (Հովհ. 6:57): Այս ամենն ամբողջապես ըմբռնելու համար մարդկային միտքն անշուշտ շատ տկար է, և անհնար կլինի հավատալ, եթե չնայենք մեր հոգու աչքերով: Պատահական չէ, որ Սուրբ Պատարագն սկվսում է մեղեդիի հետևյալ բառերով՝ «Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբն», որ նշանակում է, թե այս խորհուրդը երբեք էլ ամբողջապես հասանելի չի լինի մահկանացուներիս համար, եթե հույս դնենք մեր գիտության և բանականության վրա: Ընդամենը կարող ենք մեր հոգևոր կյանքի փորձառությամբ որոշակի եզրահանգումներ անել: Կարևոր պայմանն այստեղ մեր կատարյալ և անկասկած հավատն է, որ ճաշակում ենք ոչ թե հաց և գինի, այլ Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը:

Սուրբ Հաղորդությունը մեր մեղքերի քավության և թողության միջոց լինելուց բացի նաև հաղորդակցություն է Հիսուս Քրիստոսի, և նրա միջոցով նաև ողջ քրիստոնեական համայնքի հետ:

Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ բացի մեղքերի թողությունից Սուրբ Հաղորդությամբ կայանում է երեք տարբեր հարաբերության հաստատում՝ Աստված – մարդ, մարդ – Աստված և մարդ – մարդ:

Սուրբ Հաղորդությունն այլ կերպ ասած՝ հանդիպում է Աստծո հետ՝ մեր մեջ կրելու միջոցով: Մեր առօրյա կյանքում ցանկացած հանդիպմանը նախորդում է պատրաստությունը, և հենց պատրաստության ընթացքից արդեն իսկ երևում է տվյալ հանդիպման կարևորությունը: Մեր Տիրոջ հետ հանդիպումը կարևորելով էր, որ եկեղեցական հայրերը սահմանեցին նախապատրաստության շղթան՝ որ է մկրտված քրիստոնյա լինել, սրտանց և իրապես զղջալ գործած մեղքերը, ապաշխարել և ծոմ պահել և նոր միայն մոտենալ Սուրբ Հաղորդության:

Սիրելի՛ հավատացյալներ, աղոթքս է առ Աստված, որ մեր հանդիպմանը երբեք Տիրոջը  չտրտմեցնենք, այլ թողնելով մեր անցած մեղքերն ու չարիքները՝ բաց սրտով և ջինջ հոգով ասենք. «Տե՛ր, ամեն ժամ տու՛ր մեզ այդ հացը, որպեսզի ուտենք և հագենանք»:

Թող Հայր Աստծո ամենազոր աջը, Մեր Տիրոջ զորավոր խաչը և Սուրբ Հոգու շնորհները հավիտենապես ուղեկից լինեն ձեզ, այժմ և միշտ և հավիտյանս։ Ամեն:

 

 

Տեր Հրանտ քհն. Մանուկյան

28.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․