Գրքեր

«Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն»

«Տէ՛ր, զօրութիւն իմ և օգնութիւն իմ և ապաւէն իմ յաւուր չարեաց»։

«Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն» (Երեմիա 16։19)։

Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ․

Այսօր մեզ համար դժվար է, անչափ դժվար, քանի որ ոչ մեկ չէր պատկերացնում պատերազմի այսպիսի տխուր վերջաբան։ Մենք ազգովի տխուր ենք, բայց հարկավոր չէ, որ ընկճվենք, թևաթափ ենք եղել, բայց պետք չէ, որ հուսահատվենք։ Մեկ անգամ արդեն ասել ենք, որ մենք էլ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի նման բազում խաչի ճանապարհներ ենք անցել և կրկին անցնում ենք։ Հիշենք, որ Քրիստոս էլ մենակ էր իր տառապանքի մեջ, իր խաչելության ճանապարհին։ Իր աշակերտները թողեցին և թաքնվեցին։ Տերը լքվեց։ Աստծո Որդին ոչ մի մեղք չուներ, սակայն Նրան խաչեցին։ Աշխարհն է այդպես կառուցված։ Մենք էլ այդպես չարչարանքի միջով ենք անցնում, տանջվում ենք ողջ ժողովրդով թե՛ մեր զավակների, եղբայրների, հայրերի անդառնալի կորստյան վշտից, թե՛ մեր հայրենի Արցախ աշխարհի բռնազավթման գիտակցումից։ Անասելի է մեր ցավը, մեր վանքերի ու եկեղեցիների ճակատագիրը՝ անհայտ։ Անսպասելի ավարտ էր մեզ համար, բայց ինչպես 1915 թվականից հետո մեր ժողովուրդը կարողացավ իր կենսական գոյությունը պահպանել, այնպես էլ հիմա պետք է աղոթքով միավորվել և չկորցնել լուսավոր ապագայի հույսը։ Աստված ողորմած է։

Այո՛, մենք բոլորս էլ հարցեր ունենք մեր մեջ։ Մենք ցանկանում էինք, որ պատերազմը ավարտվի, բայց չէինք կարծում, որ այսպես կավարտվի, և մեր սրտերը մթամած կլինեն։ Քրիստոս անգամ Ձիթենյաց պարտեզում աղոթում էր. «Հա՛յր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպես ես եմ կամենում, այլ՝ ինչպես դու» (Մատթեոս 26։39)։ Բայց գիտեր, որ աշխարհ է եկել հենց այդ առաքելությամբ։ Տխրությունն ու նեղությունը բնական են, և Քրիստոս Ինքը չխուսափեց դրանից, Իր սիրելի Ղազարոսի համար լաց եղավ, միայնակ կանգնեց փարիսեցիների և հռոմեացիների մեղադրանքների և գանահարումների առջև, անպատմելի չարչարանքներ կրեց՝ հանուն իր առաքելության և մարդկանց հոգիների փրկության։

Հրեա ժողովուրդը Քրիստոսի մահից հետո Նրա գերեզմանի մոտ զինվորներ էր կարգել, որպեսզի Նրա աշակերտները Նրա մարմինը չգողանան և հայտարարեն, թե Հիսուս Քրիստոս հարություն է առել։ Աստվածային Նախախնամության առջև, սակայն, նրանք անզոր էին, Քրիստոսը հարություն առավ։ Այնպես էլ հիմա թշնամին կարող է կարծել, թե հասավ իր բաղձալի նպատակին՝ ինչ-որ առումով պատժեց մեզ և հաջողության հասավ, աշխարհն էլ իր հերթին կարող է անտարբեր հայացքով նայել մեզ, սակայն Աստծո Նախախնամությունը փոխել չեն կարող։ Ինչքան էլ մեզ համարեն, և մենք ինքներս մեզ համարենք կոտրված, այնուամենայնիվ Աստծո հարության առավոտը մեզ վրա միշտ էլ բացվել է, և մենք հավատում ենք, որ կրկին բացվելու է։

Եկեղեցին ևս բոլոր ժամանակներում հալածվել է, սակայն մահ չի տեսել, որովհետև նրա գլուխը Քրիստոսն է։ Նա անսասան վեր է հառնել բոլորի աչքի առջև։ Մեր ժողովրդի համար էլ կգա դեռ այդ հարության պահը։ Աստված մեզ համբերություն տա, մենք բոլորս իսկապես դրա կարիքն ունենք։ Այս ընթացքում միասնականության, աղոթքի, համախմբվածության, միմյանց օգնելու կոչեր արել ենք, այժմ էլ դրանք անհրաժեշտ են մեզ՝ իբրև ժողովուրդ, իբրև հերթական վշտի և կորստի մեջ գտնվող ազգ։ Թող այն, որ իրադարձությունները մեր ուզածով չեն ընթացել, չփոխի մեզ, չդարձնի մեզ անողոք կամ անտարբեր միմյանց հանդեպ, սիրո պակաս չլինի երբեք։ Այսօր, առավել քան երբևէ, մեր արցախցի հայրենակիցները մեր օգնության կարիքն ունեն, լինի նյութական թե հոգեբանական, որովհետև մարդիկ կորցրել են ոչ միայն հարազատներ, այլ նաև տունուտեղ։

Հիմա մեր ժողովուրդը կանգնած է անասելի խավարի մեջ և լույս է փնտրում։ Մենք ուղղակի պետք է մեր աղոթական կյանքով միշտ զգոն լինենք իբրև ազգ, որովհետև ժամանակները չար են։ Այն ամենը, ինչ որ դրսից մատուցվում է մեր ժողովրդին, պատրաստի ընդունել պետք չէ։ Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Տեսեք, թե ինչպիսի զգուշությամբ պետք է ընթանաք. ոչ թե ինչպես անմիտներ, այլ՝ ինչպես իմաստուններ. ժամանակն օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են. դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ինչ է Տիրոջ կամքը» (Եփեսացիներ 5։15-17)։ Համբերություն է անհրաժեշտ մեզ բոլորիս, իմաստություն՝ չարը բարուց և բարին չարից զանազանելու և նորանոր մեղքեր ու սխալներ թույլ չտալու համար, որովհետև մենք պետք է կենտրոնանանք ոչ միայն անհատական-անձնային մեղքերի վրա։ Մենք պիտի ապաշխարենք և հետադարձ հայացքով հասկանանք մեր մեղքերը, զղջանք դրանց համար։ Այո՛, Սուրբ Հարության տոնից առաջ հիսնօրյա Մեծի Պահոց շրջանով մենք անհատապես անդրադառնում ենք մեր մեղքերին, զղջում և ապաշխարում ենք, բայց հարկ է, որ անդրադառնանք նաև մեր ընդհանրական մեղքերին։ Որովհետև կան թե՛ անհատական և թե՛ ընդհանրական մեղքեր, որոնք ևս քավություն են պահանջում։ Պետք է հասկանանք, թե ազգովի ինչ սխալներ ենք թույլ տալիս։ Իրականում հավատքը և պատվիրանապահությունը օգնում են նաև հայրենասիրության ճիշտ արտահայտության համար։ Աստծո շնորհած իմաստությունը խթան է հանդիսանում նաև համաժողովրդական արդարության և ճշմարտության հաստատման համար։

Մենք պիտի մեր աղոթքը կրկնապատկենք, եռապատկենք, որովհետև ներկա պայմաններում այլընտրանք չունենք։ Համբերություն պիտի ունենանք, որ Աստված մեր սրտերին մխիթարություն շնորհի։ Աստծո բարեգթությունը անսահման է, և բոլորը դեռ տեսնելու են հայ ժողովրդի վերածնունդը։ Սուրբ Հակոբոս առաքյալը համբերության մասին ասում է. «Եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղեք մինչև Տիրոջ գալուստը։ Մշակն ահա համբերությամբ սպասում է երկրի պատվական պտղին, մինչև որ ստանա առաջին և վերջին անձրևը։ Համբերեցե՛ք և դուք, ամրացրե՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտեցել է։ Մի՛ տրտմեցրեք միմյանց, եղբայրնե՛ր, որպեսզի չդատվեք։ Ահավասիկ դատավորը դռանն է։ Եղբայրնե՛ր, չարչարանքների և համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով։ Ահա երանի ենք տալիս համբերողներին։ Լսել եք Հոբի համբերության մասին և տեսել, ինչ որ Տերը նրան արեց վերջում, քանի որ Տերը բազմագութ է և ողորմած» (Հակոբոս 5։7-11)։ Սիրելինե՛ր, կարծում եմ, որ ներկա պայմաններում ոչ մեկը մյուսից առավել չէ իր կարգավիճակում, բոլորս էլ հավասարապես սգում ենք, որովհետև բոլորս էլ կորցրել ենք մեր ազգի զավակներին։ Հետևաբար կարևոր է ներկա պայմաններում յուրաքանչյուրիս հավասարակշռությունն ու համբերությունը։ Խունկ ու աղոթք մեր զոհված նահատակների հիշատակին, որոնց արյունը մեզ բոլորիս համար թանկ է և պարտավորեցնող։ 

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

15.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․