19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Թիթեռը

Խավար էր, գիշեր: Մի կին` մոմը ձեռքին, մտավ գետնափոր մառանը: Մոմը դրեց մառանում գտնվող սեղանին ու սկսեց փնտրել ինչ-որ բան:

Ծառերի տերևների տակ թաքնված մի թիթեռ մառանի փոքրիկ բաց պատուհանից տեսավ լույսը ու շտապեց այնտեղ: Մոմի լույսի շուրջ սկսեց պտույտներ գործել, պարել ու ոգևորվել:

Ցանկացավ համբուրել մոմի լույսը, ավելի ջերմանալ լույսից այնքան, ինչքան կարող է, վայելել, բայց վառվեց կրակից, ցած ընկավ...

Խավարում դեգերող մի ուրիշ թիթեռ նկատեց մառանի լույսը ու շտապեց ազատվել գիշերվա մթից: Մոտեցավ վառվող մոմին, բայց շատ չմոտեցավ, սակայն անմոռաց պար բռնեց մոմի կրակի լեզվի հետ մեկտեղ:

Մեկ այլ թիթեռ ևս նկատեց լույսը մառանում, մոտեցավ փոքրիկ պատուհանին, բայց ներս չմտավ, պտտվեց խավարում ու հիշեց բնության խրատը, որ պետք է վայելել ցերեկվա լույսը: Սակայն չդիմացավ մոմի խաղացող լույսի հմայիչ ալիքներից ու շտապեց դեպի մառանի փոքրիկ պատուհանը: Բայց դիպավ պատուհանի ապակուն, ետ նահանջեց, քանի որ կինն արդեն փակել էր պատուհանը:

Այնուհետև կինը հանգցրեց մոմը, դուրս եկավ մառանից` դուռը փակելով ու մառանում թողնելով խավարի մեջ խարխափող ու դեգերող թիթեռին...

Ցերեկը բացվեց, մի թիթեռ տեսավ ցերեկվա լույսը, մյուսը` մառանի խավարը...

Գրավիչ է մեղքը ու գայթակղիչ, բայց մահաբեր ու կործանիչ, ինչպես առաջին թիթեռը հրապուրվեց մոմի վառվող լույսով:

Հմայիչ է աշխարհը` զվարճանքներով ու վայելքներով կլանող, սակայն կարճ ու անցողիկ, ինչպես երկրորդ թիթեռը մնաց մառանում բանտարկված:

Գրավիչ է մեղքը ու աշխարհը` հմայիչ, բայց Աստծուն ապավինողն ու համբերողը հավիտենապես կապրի, եթե նույնիսկ երբեմն էլ սխալվի. Աստված նրան կխրատի ու կպահպանի, ինչպես երրորդ թիթեռը շտապեց դեպի մառանը, բայց դեմ առավ փակ պատուհանին, որը փակեց նրա ճանապարհը դեպի խավար:

 

Հովհաննես Մանուկյան

 

19.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․