Գրքեր

Տխրությունը

Տխրությունն ունի տարբեր անվանումներ և աստիճաններ, ինչպես՝ տրտմություն, թախիծ, վիշտ, ցավ, կսկիծ և այլն: Երբեմն հուսահատությունը անվանում են տխրություն, սակայն իրականում դրանք տարբեր հոգեվիճակներ են: Այսօր տխրությունը հաճախ դեպրեսիա են անվանում, բայց այստեղ էլ կարող ենք տեսնել տարբեր մոտեցումներ: Այս կյանքում չկա այնպիսի մարդ, որ տխրությունը շրջանցի: Մենք չենք կարող անտարբեր լինել կյանքի ծանր ցնցումների հանդեպ: Առաջին հերթին մեր էմոցիաները մեզ օգնում են տանել սթրեսները, երկրորդ՝ ուժերը կենտրոնացնել դժվարությունները հաղթահարելու համար, մղել մեզ որոշակի գործողությունների: Բայց լավ չէ, երբ զգացմունքները գերիշխում են մեզ: Երբ հայտնվում ենք տխրության երկարատև վիճակում, այն արդեն հեռու չէ դեպրեսիայի վիճակից: Դեպրեսիան մի տեսակ ազդակ է, որ մարդու հոգին բարենպաստ վիճակում չի գտնվում: Բայց սա մեղքերի հանդեպ ապաշխարություն չէ, այլ չապաշխարած մարդու հոգու տառապանք, որը չար ոգիները հաճախ ավելի են թեժացնում` տարբեր մտքեր ներշնչելով և ասելով, թե ամեն ինչ վատ է, որևէ բան չես կարող հուսալ: Եվ մեզ թվում է, թե դրանք մեր մտքերն են, սակայն իրականում այդպես չէ: Իսկ ի՞նչ է տխրության, դեպրեսիայի կիրքը: Այն հոգու երկարատև, հիվանդագին վիճակ է: Տխրությունը դառնում է կախվածություն: Մենք սկսում ենք ծառայել նրան և ինչպես յուրաքանչյուր կուռք, այն պահանջում է զոհեր: Այն անձինք, ովքեր հայտնվել են դեպրեսիայի մեջ, այնուհետև Աստծո օգնությամբ հաղթահարել այն, հասկացել են, թե ինչպիսի հոգեկան տանջանքի մեջ են եղել, երբ իրենց հույսը դրել էին այս աշխարհի և իրենց վրա, այլ ոչ թե Աստծու աջակցության: Սբ. Նեղոս Սինայեցին տխրությունն անվանում է «որդ սրտում», որը կրծում է մարդու հոգին: Այն կարող է առիթ դառնալ, որ մարդ կորցնի իր առողջությունը, նույնիսկ մահվան մատնվի: Թեև մարդը ստեղծված է եղել երջանկության և երանության համար, սակայն ինչպես Սբ. Գիրքն է ասում. «Կնոջածին մարդն է սակավակյաց ու լի դառնութեամբ» (Հոբ 14.1): Բայց գոյություն ունի տխրության, տրտմության երկու տեսակ` աստվածահաճո և աստվածահակառակ: Հետևաբար, Պողոս առաքյալը նշում է, որ տրտմությունը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում (Բ Կորնթ. 7.10):  Տառապանքի և տրտմության ժամանակ մարդը երբեմն դառնում է անտարբեր շատ կրքերի հանդեպ իր հոգու ներսում: Ինքնասիրությունը, փառասիրությունը, ցանկասիրությունը, փողը և մնացյալ գայթակղությունները ետին պլան են մղվում: Մարդը սկսում է անդրադառնալ իր անձին, տառապանքի պատճառներին և հետևանքներին, հասկանում իր մեղավոր վիճակն ավելի խորքային կերպով: Իսկ եթե այս ամենը չկա, և տրտմությունն ուղղակի տրտմության համար է, և ապաշխարությունը փոխարինվում է նյարդային ինքնադրսևորմամբ, որը բացի ավերումից այլ բան չի տալիս հոգուն, այդպիսի տրտմությունը մեղավոր կիրք է դառնում: Տրտմությունը և հուսահատությունը խուսափում են ամուր հավատք ունեցող մարդուց: Սրանք արմատներ են ձգում այն մարդու հոգում, ով կենտրոնացած է այս աշխարհի, այլ ոչ թե Աստծո Արքայության վրա: Երբ մարդիկ կենտրոնանում են նյութական արժեքների, հոգսերի վրա, ապա այդպիսի տրտմությունը կարող է հիվանդագին դառնալ: Սակայն Աստծու կամքին համապատասխան տրտմությունը մարդու ներքին լուսավորումն է, երբ անձը տեսնում է իր մեղավոր վիճակը և ձգտում փոխել իր մտքերը, ցանկությունները, ուղղվում առ Աստված: Այսպիսի տխրությունից անբաժան է Աստծո ողորմածության և իմաստության լույսը: Իսկ Աստծուն հակառակ տրտմությունը մարդուն հեռացնում է հավատքից և հույսից, պատում տագնապով և հուսահատությամբ: Այդպիսի տրտմության օրինակ կարող ենք տեսնել Հիսուսի մատնությունից հետո Հուդայի մոտ: Արդյունքում նման հոգեվիճակը նրան տարավ ինքնասպանության (Գործ. 1.18): Սակայն ուրացության մեկ այլ դեպքում` այս անգամ Պետրոսի մոտ, տեսնում ենք Աստծու ուզածի պես տրտմություն, երբ լաց եղավ և ապաշխարության ուղին բռնեց: Երբ մարդը կորցնում է հույսը, փակվում ինքն իր մեջ, տեսնում միայն ինքն իրեն ու հայտնվում վհատության, տագնապի ապրումների մեջ, նա արդեն մեղքի մեջ է հայտնվում: Տրտմությունը սովորաբար ափսոսանք է որևէ կորցրած կամ չիրականացած, կամ սխալ քայլի համար: Իսկ դրա խորացումը բերում է հուսահատության, որն առնչվում է ծուլության, անգործության, եսասիրության, ինքնասիրության հետ: Ըստ Սուրբ Հայրերի՝ տրտմությունը գալիս է այն ժամանակ, երբ որևէ կրքի հագուրդ չի տրվում: Ինչպես օրինակ` մարդը չստացավ իր ցանկացած գումարը կամ իր զգացմունքները մերժված են, կամ իր պաշտոնը չեն բարձրացրել և այլն: Այն անձը, ով ուզում է ազատվել տրտմությունից, պետք է սովորի տեսնել յուրաքանչյուր պահի իմաստավորումը և ուրախությունը յուրաքանչյուր ակնթարթի մեջ: Կարողանալ դրականը տեսնել յուրաքանչյուր օրվա մեջ, արդեն իսկ մարդուն հեռացնում է տխրության ճիրաններից: Սակայն ի՞նչ անել, երբ մեզ համակում է տխրությունը: Սուրբ հայրերից մեկը նշում է, որ վիշտն ու տխրություն անէանում են սաղմոսերգությամբ  և առաքինություններով: Սաղմոսերգություն ասելով հասկանում ենք աղոթքը, որն իսկապես օգնում է մարդուն դուրս գալ նման անելանելի թվացող վիճակներից: Հույսի, հավատքի և սիրո գիտակցությունն ու ապրումը ամենօրյա կյանքում վանում են տխրությունն ու հուսահատությունը: Երբ քո կյանքի նպատակը դառնում է Աստծու հետ լինելը և Նրան մոտենալը, այդ լույսի մեջ աշխարհի տխրությունը և հատկապես հուսահատությունն այլևս տեղ չունեն: Նաև կարևոր է բարի գործեր անելը, լինեն փոքր, թե մեծ, որովհետև դրանք ուրախություն են պարգևում մարդու հոգուն և հեռացնում տխրության ստվերում հայտնված անձին այդ գորշ իրականությունից: Արդ, երբ գալիս է տխրությունը, պետք չէ ինքնամփոփվել, պետք չէ շարունակաբար մտածել, թե ինչու այդպես եղավ, պետք չէ հակառակության ոգով լցվել: Էական է այդժամ ուժ գտնել կարդալու Աստվածաշունչը, սուրբ հայրերի խրատները, աղոթել, զբաղվել որևէ աշխատանքով, թեկուզ տանը, քանի որ եթե մեր շուրջը նայենք, կտեսնենք, թե ինչքան բան կա անելու հենց մեր շուրջը, թեպետ կենտրոնացել ենք դեպի այլ հորիզոններ և մտածումներ: Մենք տարվում ենք հոգսերով, առօրյա խնդիրներով, աշխարհի երազանքներով, բայց կյանքի իմաստն Աստծո հետ լինելն է, որովհետև այն գեղեցիկն ու բարին և արժեքները, որոնց ձգտում ենք, հենց Երկնավոր Հոր կողմից են ստեղծված: Այդ բոլոր իրողությունների աղբյուրն Իր ձեռքում է, բայց մենք հաճախ ձգտում ենք ոչ թե դեպի այդ արժեքների Հեղինակի հետ հաղորդակցությանը, այլ դեպի ստեղծվածները, որոնք մի օր սպառվում են և կյանք չեն հաղորդում և մարդու հոգուն տխրություն պատճառում: Մեր տխրության, վհատության, հուսահատության և տագնապալի վիճակները ցույց են տալիս, թե որքան թերահավատ ու ինքնակենտրոն ենք, որ չենք տեսնում, նկատում յուրաքանչյուր ակնթարթում Աստծո ներկայությունը և հոգևոր ուրախությունը մեր կյանքում: Սակայն հիշենք առաքյալի խոսքը և այսուհետ ձգտենք մշտապես այդպես ապրել. «Ուրա՛խ եղեք միշտ, անդադար աղոթեցեք, ամեն ինչում գոհություն մատուցեցեք, որովհետև այդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թեսաղ. 5.16-18):

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

06.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․