1 Հունիս, Բշ, Բ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Տնտեսի կիրակի

Զորավորի բարեպա՛շտ համայնք,

Ամենակալ Աստծու հոգածու Աջի հովանու ներքո Մեծ պահքի նավը հասցրեց մեզ այս հոգենորոգ շրջանի չորրոդ նավահանգիստը, որ կոչվում է «Տնտեսի կիրակի»: Եկեղեցու աստվածազգյաց հայրերն օրվա ավետարանական ընթերցանության մեջ ներառել են Ղուկասի Ավետարանում ներկայացված «Անիրավ տնտեսի» և «Աղքատ Ղազարոսի» առակները, որ հաջորդաբար պատմեց մեր Տեր Հիսուս Քրիստոս:

Խոսքն առակների ու այլաբանությունների միջոցով ունկդրին հասցնելու այս կերպը բավականին ընդունված էր ու լայն տարածում ուներ Արևելքում: Մարդիկ սովոր էին խոսքի այս պատկերավոր տեսակին, ուստի Տեր Հիսուս էլ շատ հաճախ Իր խոսքը համեմում էր առակներով՝ ուղիղ նշանառության տակ առնելով աստվածային պատկերի հետքերը կրող սրտերը:

Այսպիսով, Տեր Հիսուս առաջին առակում պատմում է ոմն տնտեսի մասին, որի պարտականությունն իր տիրոջ ունեցվածքի խելամիտ և օգտավետ կառավարումն էր, որը, սակայն, ձախողել էր՝ անիրավությամբ այն վատնելով: Եվ երբ տիրոջը հայտնի են դառնում տնտեսի անիրավությունները և նա վերջինից պահանջում է հանձնել հաշիվներն ու հեռանալ աշխատանքից, տնտեսը, վերլուծելով և ճիշտ գնահատելով այն բարդ իրադրությունը, որում հայտնվել էր, նժարին դնելով ստեղծված իրավիճակից ելքի հնարավոր տարբերակները, ի վերջո որոշում է ներկայիս շահույթը զոհել հանուն ապագայի և ներկայի ժամանակավոր նեղությամբ ապահովագրում է իր ապագա գոյությունը, ինչի համար էլ գովասանքի է արժանանում տիրոջ կողմից: Եվ Տեր Հիսուս Քրիստոս առակն ամփոփում է ամենքիս հայտնի խրատով. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ: …. Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետև, եթե մեկին ատի, մյուսին կսիրի. կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարհի: Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային» (Ղուկ. 16:1-9, 13):

«Մամոնա»-ն հարստության չաստվածություն էր մի շարք հին ազգերի մոտ, այսինքն՝ կուռք էր, ուստի Տեր Հիսուս Քրիստոս պատահականորեն չէ, որ այստեղ հենց այս անվանում է գործածում դրամի համար, քանի որ դրանով ցույց է տալիս, թե երբ է դրամը կամ հարստությունը մերժելի Աստծու առջև. երբ մարդը պաշտելու աստիճանի է սիրում ունեցվածքն ու հարստությունը՝ կուռքի վերածելով դրանք: Եվ հաստատելով այս միտքը՝ ավետարանիչն ասում է. «Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, նրան պախարակում էին, քանի որ արծաթասեր էին» (Ղուկ. 16:14):

Իսկ Քրիստոս, շարունակելով պատռել նրանց կեղծ արդարության ու բարեպաշտության դիմակն ու միևնույն ժամանակ փրկության ճանապարհը ցույց տալով, մեկ այլ առակ էլ է պատմում, որը ցանկանում եմ ամբողջությամբ մեջբերել. «Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապէս ուրախություն էր անում: Եվ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վերքերով ծածկված: Եվ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափվում էին մեծահարուստի սեղանից: Եվ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վերքերը: Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռավ և թաղվեց: Եվ դժոխքում, մինչ սա տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած: Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ և ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուս, որովհետև այս տապից պապակում եմ»: Եվ Աբրահամը նրան ասաց. «Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակում ես: Եվ այս բոլորից բացի, մեծ վիհ կա մեր և ձեր միջև. եթե ուզենան այստեղից ձեզ մոտ անցնել, չեն կարողանա. ոչ էլ այդտեղից մեկը կարող է մեզ մոտ անցնել»: Մեծահարուստն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, - որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, - որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»: Եվ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսես և մարգարեներ, թող նրա՛նց լսեն»: Եվ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն»: Եվ Աբրահամը նրան ասաց. «Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն»» (Ղուկ. 16:19-31):

Ինչպիսի՜ սարսափելի ճշմարտություն, որ մերկացնում է մարդկային անզգամությունն ու խստասրտությունը, սիրելի՛ հավատացյալներ: Եթե նախորդ առակում հարստության տենչը տնտեսին անիրավության էր մղել, ապա այստեղ այն վերջնականորեն կուրացրել ու խլացրել էր մարդկային սիրտը՝ այն զրկելով խղճմտանքի վերջին նշույլներից անգամ: Այս երկու առակները սերտորեն շաղկապված են, քանի որ երկուսում էլ խոսվում է մարդուն տրված կյանքի, հատկացված ժամանակի ու կարողությունների և այն ապագայի մասին, որը ձևավորվում է՝ կախված այդ ամենի տնօրինման կերպից: «Աղքատ Ղազարոսի առակի» մեծահարուստը քրիստոնեական տեսանկյունից ևս տնտես էր, որին Աստված բավականին մեծ տնտեսություն էր վստահել՝ լայն հնարավորություն ընձեռելով՝ ցուցաբերելու իր մարդկային հատկանիշներն ու վերաբերմունքն իր նմանների նկատմամբ: Եվ մեծահարուստը ձախողեց իր առաքելությունը, քանի որ չհասկացավ իր իրական դերն ու նշանակությունն այս կյանքում:

Նայե՛ք նորածնին, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս: Ինչպիսի՞ն է նորածին մանուկն աշխարհ գալիս. ադամական մեղքի ժառանգությունը մի կողմ դնելով՝ անմեղ, լուսավոր, հրեշտակային տեսությանն արժանի մաքուր մտքով ու սրտով և մերկ՝ առանց որևէ ինչքի: Իսկ ինչպիսի՞ն է մարդը, երբ հեռանում է այս աշխարհից: Անճանաչելիորեն փոխված իր ծննդյան օրվանից: Խոսքս հոգու հատկանիշների մասին է իհարկե, սիրելինե՛ր: Բնականաբար կան եզակիներ, որ իրենց հոգին Տիրոջ հոգածու ձեռքն են ավանդում մանկան անմեղությունը վերստին ձեռք բերած, սակայն մեծամասնության պարագայում դրա հետքն անգամ չի երևում կուտակված մեղքերի ու կրքերի աղտեղության տակ: Եվ ընդամենը մի բան է, որ չի փոխվում և անխտիր նույնն է բոլորի պարագայում. ինչպես մերկ եկել ենք, այնպես էլ մերկ գնում ենք այս աշխարհից: Մահվան համար նշանակություն չունի հագինդ ցնցոտի է, թե բեհեզ ու ծիրանի: Նա ասում է. «Աշխարհում ձեռք բերած նյութական ունեցվածքդ փոշի է հոգեղեն աշխարհում, ուստի թո՛ղ ամեն ինչ և ի՛նձ հետևիր այնպես, ինչպես աշխարհ ես եկել»: Եվ մարդուց մնում է միայն մի քիչ մեծ կամ փոքր տապանաքարը՝ անվան ու կյանքի օրերի հիշատակությամբ:

«Աղքատ Ղազարոսի առակը» մեկնող հայրերն ասում են, որ մեծ խորհուրդ կա այն փաստի մեջ, որ Տեր Հիսուս Քրիստոս հիշատակում է աղքատի անունը, իսկ հարուստինն՝ անտեսում: Աշխարհն ամեն ժամանակաշրջանում և ամեն անկյունում փողահարում է հարուստների անունները՝ մեծարելով ու շողոքորթելով նրանց: Եվ Քրիստոս աշխարհի կարծիքին հակադրում է Երկնքինը՝ ցույց տալով, թե ում անունն է այնտեղ գնահատվում: Որքան աշխարհն ավելի է մեծարում ու վայելքների արժանացնում մարդուն, այնքան նրա անունը խունանում և ի վերջո ջնջվում է Կյանքի գրքից: Աշխարհի զավակին Երկինքը պետք չէ, և նա ինքն է դրա դռները իր առջև փակում: Սակայն թյուրըմբռնումից խուսափելու համար, հարկ է հստակեցնել, որ սա չի նշանակում, թե բոլոր հարուստները դժոխք են գնալու, իսկ աղքատները՝ դրախտ: Ամենևին ո՛չ, սիրելի՛ հավատացյալներ: Այլ դժոխքի ու դրախտի ճանապարհը որոշում ենք մենք՝ կախված այն բանից, թե ինչպիսի տնտեսներ ենք Աստծուց մեզ պարգևված այս կյանքում:

Մեծահարուստը հսկայական կարողություն ուներ իրեն վստահված, որով կարող էր ցոփ ու շվայտ կյանք վարել, ողջ ունեցվածքը ծառայեցնել միմիայն իր և իր նմանների հաճույքներին՝ անտեսելով մերձավորների կարիքները, ինչն էլ արեց և դժոխքի «ուղեգիր» ձեռք բերեց: Եվ կարող էր բոլորովին այլ կյանք վարել՝ գիտակցելով, որ այն ամենն, ինչ ունի՝ Աստծու պարգևն է, և իրեն է վստահվել, որպեսզի գործածի ոչ միայն իր, այլ նաև Աստծու փառքի և Աստծով եղբայրակիցների կարիքները հոգալու համար: Ահա այս գիտակցումով ապրած կյանքը նրա համար կբացեր դրախտի դարպասները և Ահեղ դատաստանի օրն էլ բոլոր կարիքավորները՝ Ղազարոսի գլխավորությամբ, որոնց նա կօգներ, Տիրոջ առջև կվկայեին նրա օգտին ինչպես երանելի վարդապետ Գրիգոր Մարաշեցին է նշում. «Ահա գնում եմ և այլևս չեմ վերադառնալու ձեզ մոտ, եթե բարի բան եմ կատարել, այժմ միայն դա եմ շահելու: Ի՞նչ օգուտ այժմ ինձ. Եթե ողորմել եմ, այժմ ողորմություն կգտնեմ, եթե մեկին ոտքի եմ կանգնեցրել, այժմ կհասնի ինձ, եթե մերկին հագցրել եմ, այժմ գալով կծածկի ինձ: ….աղքատները, Քրիստոսի եղբայր պանդուխտները, որբերը, այրիները, օտարները, տկարները, հիվանդները, կույրերը, գերիները, անհույսները… բանտարկյալները, աքսորի մեջ գտնվողները, ովքեր անիրավություն են գործել և քեզանով փրկվել են ու ողորմություն գտել, այսպիսիններն այն կյանքում մեծ ձեռք մեկնող կլինեն, մեծ հույս, մեծ օգնական՝ հայտնելով Փրկիչ Քրիստոսին այն, ինչ դու նրանց տվել ես, դարմանել, ծառայել… երբ Քրիստոս նստի դատավորի աթոռին, նրանք ներս են մտնելու, իսկ Նա շտապելու է նրանց ընդառաջ ելնել, ողջունել… և ուրախությամբ կանչելով նրանց անունները… համբուրելու է և ասելու. «Բարով եկաք իմ սիրելիներ, բարիներ և հավատարիմներ, բարով եկաք ինձ կերակրողներ, հյուրընկալներ, հագցնողներ, գոհանում եմ ձեր բարի գործերի համար և չեմ մոռանա ձեր սերը…»»

Իսկ ինչ վերաբերում է չքավորությանը կամ հիվանդությանը, ապա դրանք իրենցով չեն կարող փրկություն նշանակել մարդու համար, քանի որ տարբեր կերպ են ապրվում մարդկանց կողմից: Հիշե՛ք ձեզ տկարության ու նեղության պահին: Մարդկանց մեծամասնությունը շատ արագ չարանում ու հուսահատվում է՝ չդիմանալով ցավին ու դժվարություններին: Տրտնջում է Աստծու դեմ՝ հարցնելով՝ ինչո՞ւ ես, իսկ այդ հարցը նշանակում է «Ես լավն եմ ու արժանի չեմ այս բոլոր նեղություններին, հետևաբար Դու՝ Տեր Աստված, անարդարացի ես»: Մեղա՜, մեղա՜, երիցս մեղա՜ Քեզ Տեր: Ահա այս է, որ աղքատ Ղազարոսին, Հոբ Երանելուն ու աջակողմյան ավազակին տարանջատում է մեզնից. միևնույն դրության տարբեր ընկալումը, վերաբերմունքն ու ապրումը: Մեկը ցավից անիծում է իր բախտ ու ողջ աշխարհը, իսկ մյուսը լուռ ու համբերությամբ սպասում է՝ վստահելով Աստծու ողորմածությանն ու մեղմիկ փառաբանելով Նրան: Մեկը հերթական առանձնատունը, մեքենան կամ մուշտակն է գնում իր համար, իսկ մյուսը նկատում է իր տան աստիճանների մոտ պառկած Ղազարոսին և նույն գումարը ծախսում է իր մերձավորին բժշկելու, կերակրելու և ծածկով ապահովելու համար: Ըստ մերօրյա հայրերից մեկի՝ առաջինն իրեն ապահովում է այս անցողիկ կյանքում, իսկ երկրորդը խնայողական հաշիվ է բացում երկնային դրամատանը՝ ապահովելով հավիտենական ապագան: Եվ վերջում՝ «Մեր կյանքի օրերի թիվն է յոթանասուն տարի, կամ առավելագույնը՝ ութսուն տարի, որոնց մեծ մասն անցնում է ցավով ու հեծությամբ»,- երգում է սաղմոսերգուն (Սղմ. 89:10) և եթե չենք կարող հավիտենությունը պատկերացնել, գոնե պատկերացնենք ութսուն տարվա երկրային կյանքի հարաբերակցությունը ութսուն հազար տարվա երկնայինի համեմատությամբ և ապաշխարության այս օրերը խելամտորեն օգտագործենք՝ ինքներս մեզ համար որոշելու՝ արժե՞ ութսուն հազարը զոհել հանուն ութսունի: Կարծում եմ պատասխանն ակնհայտ է:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերն ու խաղաղությունն ամենքիդ. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

15.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․