21 Դեկտեմբեր, Շբ
- Դո՛ւ սիրիր բոլորին,- խորհուրդ էր տալիս հայր Պորֆիրիոսը։- Բայց միևնույն ժամանակ աղոթքն ուշադրությամբ պահպանիր սրտումդ։
Երջանիկ է այն վանականը, որը սովորել է բոլորին սիրել ծածկաբար։ Նա ուրիշներից սեր չի պահանջում, նրան չի հետաքրքրում՝ սիրում են իրեն, թե ոչ։
Դու բոլորին սիրիր, և գաղտնի պահիր աղոթքը սրտումդ, միայն հարատև աղոթքով կարող ես պահպանել այդ սերը․․․ Սերդ հղիր բոլորի վրա։ Եվ կգա ժամը, երբ արդեն չես հարկադրի քեզ սիրել։ Եվ կզգաս, որ բոլորը սիրում են քեզ։
Մի աշխարհիկ երգում նման բառեր կան․
Դու մի փնտրիր իմ սերը,
Չես կարող ստիպել սիրել,
Այլ կենդանացրու սրտիդ խորքերը
Այնտեղ է ծլարձակում սերը։
Կիրառիր սա հոգևոր կյանքում և չես սխալվի։ Իսկ ինչպե՞ս։
Պետք է այդպես աղոթքով կենդանացնես սիրտդ, որպեսզի սերը բնական կերպով հեղվի նրանից։
Որոշ վանականներ, հատկապես միանձնուհիներն, ասում են․
- Դու ինձ սիրո՞ւմ ես։
- Ինչո՞ւ չես սիրում ինձ։
Ինչպե՞ս կարելի է նման վիճակի հասնել։ Որքա՜ն հեռու է դա Քրիստոսի սիրուց։ Դա չքավորություն է, հոգևոր չքավորություն, և նշանակում է, որ մարդ բոլորովին դատարկ է ներքուստ․․․
Թող քեզ երբևէ չհուզի՝ սիրում են քեզ, թե ոչ։ Բայց ինքդ Քրիստոսի սիրով լի եղիր բոլորի հանդեպ։ Այդ ժամանակ խորհրդավոր կերպով փոփոխություն է տեղի ունենում, ամեն բան փոխվում է լիովին։ Հենց դա է լավագույն միսիոներական գործունեությունը։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը