19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Տոն Քրիստոսի տասներկու առաքյալների և տասներեքերորդի՝ սբ. Պողոս առաքյալի

Տասներկու առաքյալներն ընտրվեցին Հիսուսի կողմից: Նրանք կոչվեցին առաքյալներ, որովհետև ուղարկվեցին՝ Աստծու պատվիրանները քարոզելու մարդկանց: Առաքյալները Քրիստոսի անմիջական առաջնորդությամբ պատրաստվեցին իրենց ապագա մեծ առաքելության համար. ականջալուր եղան Նրա քարոզությանը, ականատեսը՝ Նրա հրաշքների և վկաները՝ Քրիստոսի հարության: Քրիստոս Իր համբարձումից առաջ առաքյալներին պատգամեց՝ ասելով. «Ամեն իշխանություն տրվեց Ինձ երկնքում և երկրի վրա: Ինչպես որ Հայրն Ինձ ուղարկեց, այնպես էլ Ես ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտնե՛րը դարձրեք: Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28:18-19):

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի տասներկու առաքյալների և Պողոս առաքյալի հիշատակը տոնախմբում է Վարդավառի Բարեկենդանը կանխող շաբաթ օրը:

Պետրոս առաքյալը գլխավորն էր 12 առաքյալների մեջ թե՛ խոսքով, թե՛ գործով և թե՛ հեղինակությամբ: Եղբայրն էր Անդրեաս առաքյալի: Երկու եղբայրները ծնունդով Գալիլեացի էին՝ Բեթսայիդա գյուղից, որդիները Հովնան անունով մարդու: Նրանց գլխավոր զբաղմունքն ու ապրուստի միջոցը ձկնորսությունն էր:  Երբ առաջին անգամ Հիսուս հանդիպում է Պետրոսին, ասում է. «Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս», որ նշանակում է վեմ, քար, հունարեն՝ Պետրոս: Քրիստոսի կոչով Պետրոսը եղբոր՝ Անդրեասի հետ թողեց ձկնորսությունն ու դարձավ Հիսուսի ամենամոտ երեք առաքյալներից մեկը: Պետրոսի գործը եղավ այն, որ աստվածային թելադրանքով և հատուկ տեսիլքով հեթանոսներին ընդունեց Եկեղեցու գիրկը (Գործք 10): Իր քարոզության ճանապարհին Պետրոսն Անտիոքից հասնում է Հռոմ և գլխիվայր խաչվելով՝ նահատակվում: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվում է Հռոմի Սբ. Պետրոս եկեղեցին: Պետրոս առաքյալի անունով մեզ է հասել Նոր Կտակարանի գրքերի մաս կազմող երկու թուղթ նամակ:

Անդրեաս առաքյալը Պետրոս առաքյալի եղբայրն էր և արհեստակիցը: Նա էր, որ Պետրոսին ծանոթացրեց Հիսուսի հետ: Կոչվում է «նախակոչ» առաքյալ, քանի որ նա էր, որ առաջինը ծանոթացավ Հիսուսին և հետևեց Նրան Հովհաննես Մկրտչին աշակերտելուց հետո: Անդրեաս առաքյալը Հոգեգալուստից հետո քարոզել է Փոքր Ասիայում, Թրակիայում, Մակեդոնիայում, ըստ Ռուսաց եկեղեցու ավանդության՝ հասել մինչև Կիև քաղաք, ուստի և համարվում է Ռուսաց երկրի առաքյալը: Այնուհետև Անդրեաս առաքյալը քարոզել է Հռոմում, Բյուզանդիոն քաղաքում, Հյուսիսային Հունաստանում և սկյութացիների երկրում: Նահատակվել է Բաթրաս քաղաքում՝ X ձևով խաչի վրա. խաչ, որն այդ պատճառով կոչվում է սբ. Անդրեասի խաչ:

Հակոբոս առաքյալը Գալիլեացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Հովհաննես ավետարանչի ավագ եղբայրը: Ըստ ավանդության՝ նրանք ազգականներն էին Սբ. Մարիամ Աստվածածնի: Հիսուս Հակոբոսին և Հովհաննեսին տվեց «որոտման որդիներ» մականունը, քանի որ նրանց բնավորությունը շատ բռնկուն էր: Հակոբոսը Պետրոսի և Հովհաննեսի հետ կազմում է առաքելական այն եռյակը, որն ամենամտերիմն էր Տեր Հիսուսի հետ Նրա երկրային կյանքի շրջանում: Հակոբոսի մահվան մասին գրված է Գործք Առաքելոցում (12:1-2): Նրան գլխատել տվեց Հերովդես Ագրիպպաս Ա թագավորը Երուսաղեմում: Այս պատճառով Հակոբոսը հայերիս մեջ հայտնի է գլխադիր անվամբ և ավանդությունը պատմում է, որ նրա գլուխը հետագայում բերվել է և տրվել է Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տեառնեղբորը, ով այն թաղել է իր տան պարտեզում, ուր և հետո կառուցվել է Երուսաղեմի հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց մայր տաճարը:

Հովհաննեսը կրտսեր եղբայրն էր Հակոբոս առաքյալի: Նա ձկնորս էր և Հիսուսի երեք  ամենամտերիմ առաքյալներից մեկը: Հովհաննեսը չորս Ավետարաններից մեկի, Հայտնության գրքի և երեք կարճ նամակների հեղինակն է: Ինչպես ինքն է վկայում Ավետարանում, նա Հիսուսի ամենասիրելի աշակերտն էր: Ավետարանում Հովհաննեսը երբեք չի նշել իր անունը, այլ օգտագործել է «Հիսուսի սիրելի աշակերտը» արտահայտությունը: Տարիքով ամենակրտսերն էր տասներկու առաքյալների մեջ: Հիսուսի ձերբակալման գիշերը Հովհաննեսը հավատարմորեն հետևում է իր վարդապետի չարչարանքներին՝ ուղեկցելով Նրան մինչև Գողգոթա, որտեղ Հիսուս Իր մորը հանձնում է Հովհաննեսին՝ «Սա է քո մայրը», իսկ մորը ասում է. «Սա է որդի քո»: Հովհաննես առաքյալը կոչվում է նաև սիրո առաքյալ, քանի որ խոսքով թե գրով ամենից շատ քարոզել է սիրո մասին: Հովհաննեսը միակ առաքյալն է, որ չի նահատակվել արյամբ, այլ վախճանվել է Պատմոսում խոր ծերության հասակում, խաղաղ պայմաններում:

Մատթեոսը, ում սկզբնական անունը Ղևի էր, ապրում էր Կափառնայում քաղաքում և մաքսավոր էր, երբ կոչվեց հետևելու Հիսուսին: Մի անգամ, երբ Հիսուսն անցնում էր այն մաքսատան մոտով, ուր նստած էր Մատթեոսը, դիմելով վերջինիս, կանչում է իր հետևորդը լինելու: Մատթեոսն անմիջապես արձագանքում է, հրաժարվում ամեն ինչից և Հիսուսի ու բազմաթիվ հարկահավաքների համար իր տանը խնջույք կազմակերպում: Հոգեգալուստից հետո Մատթեոսը քարոզում է նախ Պաղեստինի երկրում, ապա Ասորիքում, Պարսից և Պարթևաց երկրներում, այնուհետև անցնում է Եթովպիա, ուր և նահատակվում է: Հեղինակն է առաջին Ավետարանի:

Բարդուղիմեոս առաքյալը Հայաստանում քարոզած երկու առաքյալներից մեկն է: Նրա անունը նշանակում է Թոլոմեի որդի, և ըստ եկեղեցու մի շարք հայրերի՝ Հովհաննեսի Ավետարանում հիշատակված Նաթանայելը Բարդուղիմեոսն է: Նրան Հիսուսի մոտ է բերում Փիլիպպոս առաքյալը: Երբ Հիսուս տեսնում է Նաթանայելին, ասում է. «Ահա մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»: Բարդուղիմեսոը ստանում է Նախադավան առաքյալի փառավոր կոչումը, քանի որ առաջինն էր աշակերտներից, որ խոստովանեց Քրիստոսի աստվածությունը: Հոգեգալուստից հետո Բարդուղիմեոսը քարոզում է Եգիպտոսում, Միջագետքում, Պարսից երկրում և հետո գալիս Հայաստան, ուր և նահատակվում է Սանատրուկ թագավորի հրամանով՝ Աղբակում: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Սբ. Բարդուղիմեոս վանքը:

Փիլիպպոսն առաջինը կանչված առաքյալներից է: Նա է, որ Բարդուղիմեոս առաքյալին բերում է Հիսուսի մոտ: Փիլիպպոսը նույնպես Գալիլեայի Բեթսայիդա բնակավայրից է, ինչպես Պետրոսը և ուրիշ առաքյալներ ևս: Հավանաբար նա նույնպես սկզբում աշակերտել է Հովհաննես Մկրտչին: Հոգեգալուստից հետո քարոզել է Հունաստանում, Փոքր Ասիայում և խաչելությամբ նահատակվել Ասորիքի Հիերոպոլիս քաղաքում:

Թովմաս առաքյալն Ավետարանում մի տեղ ներկայացվում է իբրև Քրիստոսի համար մեռնելու պատրաստ քաջարի հետևորդ, իսկ մի ուրիշ տեղ մեկը, ով Քրիստոսի հարությունից հետո թերահավատություն է ցուցաբերում Տիրոջ հարության նկատմամբ՝ ասելով. «Մինչև իմ աչքերով չտեսնեմ Նրան և ձեռքս չմտցնեմ նրա խոցված կողի մեջ, չեմ հավատա»: Հիսուսը, հայտնվելով առաքյալների առաջ, դիմում է Թովմասին և ասում. «Մատներդ բեր, դիր այստեղ և տես ձեռքերս: Ձեռքդ բեր և մխիր կողիս մեջ և մի եղիր անհավատ, այլ՝ հավատացյալ»: Սրան ի պատասխան՝ Թովմասը ծնրադրում ու բացականչում է. «Տեր իմ և Աստված իմ»: Հոգեգալուստից հետո Թովմաս առաքյալը քարոզում է Պարթևստանում, ապա Հնդկաստանում, ուր և նետահարվելով նահատակվում է: Համարվում է Հնդկաստանի առաքյալը:

Թադեոս առաքյալը Բարդուղիմեոս առաքյալի հետ համարվում է հայոց առաջին լուսավորիչը: Թադեոսն Ավետարանում հիշվում է մի քանի անունով՝ Հուդա Հակոբյան, Ղեբեոս: Ըստ ավանդության, Թադեոս առաքյալը գալիս է Եդեսիա, ուր Քրիստոսի խոստման համաձայն, բժշկում է Աբգար թագավորին: Այնուհետև անցնում է Հայաստան և հասնում Վասպուրական նահագի Արտազ գավառը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Սանատրուկ արքան: Թադեոսի քարոզությամբ Սանատրուկի դեռատի դուստր Սանդուխտը հավատում է Քրիստոսին: Սանատրուկ թագավորի հրամանով մահապատժի են ենթարկվում և՛ Սանդուխտը և՛ Թադեոս առաքյալը: Թադեոս առաքյալի գերեզմանը գտնվում է այժմյան Իրանի տարածքում գտնվող Սբ. Թադեի վանքում:

Հակոբոս Ալփյան, Շմավոն և Մատաթիա առաքյալների միայն անուններն են հիշատակվում Ավետարանում: Իսկ եկեղեցու ավանդությունը պատմում է, որ Հակոբոս առաքյալը՝ Ալփեոսի որդին, եղբայրն է Մատթեոս ավետարանչի: Հակոբոսն Ավետարանը տարածել է Պաղեստինում և Եգիպտոսում, ուր և նահատակվել է:

Շմավոն առաքյալը ծանոթ է Կանանացի մակդիրով, ինչպես նաև Սիմոն Նախանձահույզ անվանումով: Նա պատկանում էր Հրեաստանում գործող մի կուսակցության, որի նպատակն էր հռոմեական օտար լծից ազատել իրենց հայրենիքը: Շմավոնը քարոզել է Եգիպտոսում, ապա Պարսկաստանում, ուր և նահատակվել է: Ըստ այլ ավանդությունների՝ քարոզելով հասել է Բրիտանիա և խաչվելով՝ նահատակվել այնտեղ և կամ քարոզել է Աբխազիայում, նահատակվել այնտեղ՝ Սուխումի քաղաքի մոտ: Հետագայում 19-րդ դարում Տիբերիական լեռան մոտ կառուցվել է Նոր Աթոսի Սիմոն Կանանացու անունով վանքը:

Մատաթիա առաքյալն ընտրվել է առաքյալների կողմից, մատնիչ Հուդայի փոխարեն: Լինելով Հիսուսի 72 աշակերտներից մեկը՝ հենց սկզբից հետևել է Նրան: Ըստ եկեղեցու ավանդության՝ Մատաթիան Բեթղեհեմացի է: Հոգեգալուստից հետո քարոզել է Եթովպիայում և նահատակվել այնտեղ:

Պողոս առաքյալին հաճախ կոչում են Քրիստոսի տասներեքերորդ առաքյալ: Նրա սկզբնական անունն էր Սողոս: Ծնվել է հրեա ծնողներից հռոմեական կայսրության մաս կազմող Կիլիկիայի Տարսոն քաղաքում: Նա և՛ հրեա էր, և՛ Հռոմի քաղաքացի: Նա պատկանում էր Բենիամինի ցեղին: Պողոսը սովորել է Տարսոնի հունական համալսարանում, իսկ կրոնական կրթությունը ստացել է  Երուսաղեմում՝  հրեա ռաբբի Գամաղիելի մոտ: Պողոս առաքյալն իր ապրուստը հոգում էր վրանագործությամբ, որն այն ժամանակ տարածված արհեստ էր Տարսոնում: Լինելով մոլեռանդ և իր կրոնին նախանձախնդիր հրեա ու փարիսեցի՝ հալածում էր քրիստոնյաներին: Սակայն մի անգամ, երբ Սողոսը գնում էր Դամասկոս՝ քրիստոնյաներին հալածելու, հանկարծ շլացուցիչ լույս է տեսնում ու լսում Հիսուսի ձայնը. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես հալածում Ինձ»: Սողոսը լույսից կուրանում և տարվում է Դամասկոս, որտեղ Անանիան վերականգնում է նրա տեսողությունը: Այս ամենից հետո Սողոսը, ով հետո վերանվանվում է Պողոս, հավատում է Քրիստոսին և դառնում Նրա մոլեռանդ աշակերտն ու քարոզիչը: Քարոզում է տարբեր երկրներում: Նահատակվել է 67թ-ին Հռոմում, Ներոն կայսեր հրամանով: Պողոս առաքյալից մեզ հասել են Նոր Կտակարանի մաս կազմող 14 թուղթ-նամակներ:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

16.07.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․