Գրքեր

Ծաղկազարդ. «Մուտք Երուսաղեմ» պատկերի խորհուրդը

Ավետարանական պատկերները պատմում են Հիսուսի երկրային կյանքի դրվագները, ներկայացնում անհասանելին ու անտեսանելին: Նկարները օգնում են հավատացյալին ըմբռնելու աստվածայինը և տեսանելի կերպով հետևելու Հիսուս Քրիստոսի կյանքի պատմությանը:

Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության գլխավոր և վերջին իրադարձությունները ծավալվում են Երուսաղեմում: Խաչելությունից առաջ Քրիստոսի վերջին անգամ Երուսաղեմ գալն անվանվում է Մուտք Երուսաղեմ:

Երանելի ավետարանիչները, իրենց հրաշապատում գրերում այս մասին ավետարանալով, գրում են, որ Քրիստոս, մոտենալով Երուսաղեմին, Իր աշակերտներին պատվիրում է մի ավանակ բերել և երբ բերում են, նստում է այդ ավանակին և մտնում քաղաք: Հիսուսին ընդառաջ ելած ժողովրդից շատերն իրենց զգեստները փռում են ճանապարհի վրա, իսկ ուրիշները ծառերից ճյուղեր են կտրում և սփռում ճանապարհի վրա: Առջևից ու ետևից գնացող ժողովրդի բազմությունն աղաղակում էր ու ասում. «Օրհնյալ է այդ թագավորը, որ գալիս է Տիրոջ անունով»:

Հիսուսի այս հանդիսավոր մուտքը Երուսաղեմ քրիստոնեական արվեստում պատկերվում է դեռևս 4-5-րդ դարերի հուշարձաններում: Դրանցից վաղագույնը Յունիուս-Բասսիուսի սարկոֆագն է՝ 359թ.: Հայկական արվեստում հայտնի հնագույն օրինակը պահպանվել է «Էջմիածնի Ավետարանի» 6-րդ դարի փղոսկրե դրվագազարդ կազմի վրա: Մանրանկարչության մեջ այս թեմայով կատարված առաջին պատկերը գտնվում է «Ռաբուլայի Ավետարանում», իսկ հայկական հնագույն պատկերազարդ մատյաններից մեկում՝ 11-րդ դարի սկզբների «Վեհափառի Ավետարանում» (ՄՄ Nº 10780) տեսարանը պատկերված է երկու անգամ՝ Մատթեոսի և Մարկոսի ավետարանների համապատասխան մասերում:

Ավետարանական այս դրվագը ներկայացվում է հիմնականում հետևյալ կառուցվածքով. կենտրոնում պատկերվում է ավանակի վրա նստած, քաղաքին մոտեցող Քրիստոս, օրհնող աջը բարձրացած: Մյուս ձեռքում երբեմն պահում է գալարափաթեթ կամ գիրք: Տիրոջ կողքին և թիկունքում առաքյալներն են, իսկ դիմացը՝ Երուսաղեմի բնակիչները, ովքեր իրենց հանդերձներն են գետնին փռում և ոստեր ընծայում: Երուսաղեմ քաղաքը ներկայացվում է պարսպապատ քաղաքի կամ տաճարի պատկերով: Ծաղկազարդի պատկերներում Քրիստոսի երկու կողմերում պատկերվում են Պետրոսը և Հովհաննեսը՝ խորհրդանշելով, որ նրանք են գլխավորում առաքյալների երկու խմբերը: Սահակ Ձորափորեցի կաթողիկոսը գրում է, որ առջևից և ետևից գնացող ժողովուրդ ասելով պետք է հասկանալ հոգևոր երկու խմբերը՝ մարգարեություն և քահանայություն, որ նախքան Տիրոջ մարմնանալը խոստովանեցին Նրա գալուստը, իսկ ետևից գնացող ժողովուրդը երանելի առաքյալներն են և սուրբ եկեղեցու բազմությունը, որ Նրա տնօրինությունից հետո Դավթի Որդի են խոստովանում Նրան, որ անբաժանաբար հայրական ծոցում մնալով՝ կատարելապես ծնվեց կուսական որովայնից, եղավ կատարյալ մարդ՝ առանց մեղքերի:

Այս տեսարանի պատկերագրության որոշ տարբերությունները կապվում են տարբեր ավետարաններում եղած մանրամասների հետ: Քրիստոս մտնում է Երուսաղեմ նստած ավանակի վրա՝ հաստատելով մարգարեական կանխասացությունը: Ըստ Մատթեոսի՝ Քրիստոս պատվիրում է, որ բերեն էշը և քուռակը, «որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, որ ասում է. «Ասացե՛ք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորը՝ հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա» (Մատթեոս 21:4-5): Որոշ մանրանկարներում հենց այդպես էլ պատկերվում է՝ Քրիստոս նստած է էշին, իսկ կողքից գալիս է քուռակը, իսկ երբեմն այս վերջինի վրա են դրված լինում Հիսուսի ոտքերը: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ այս դրվագում էշը խորհրդանշում է հրեաներին, քուռակը՝ հեթանոսներին: Մյուս երեք ավետարանիչները քուռակի մասին ոչինչ չեն գրում:

«Էշն ու նոր քուռակը հրեա և հեթանոս ժողովրդի նորահավատներն են, որոնք, ընդունելով Նրա վարդապետությունը, սուրբ եկեղեցու մարմինը և անդամները կոչվեցին, իսկ կենդանիների վրա զգեստներ գցելը հոգու և մարմնի մաքրության ընծայումն է նրանց, որոնց վրա պիտի նստեր ու հանգչեր աստվածորդին» (Սահակ Ձորափորեցի կաթողիկոս):

Մանրանկարիչները Քրիստոսի խոնարհության մեջ իսկ ցանկացել են ցույց տալ մահվանը հաղթած թագավորի աստվածային փառքը և Քրիստոսին այնպես են պատկերել ասես ավանակի փոխարեն նա նստել է գահին և ոտքերն էլ դրել է քուռակին՝ որպես մի պատվանդանի: Հիսուս ընտրում է կենդանի, որը վաղուց ի վեր  խաղաղության խորհրդանիշ էր: Ավանակը՝ որպես խաղաղ երթի խորհրդանիշ, առաջին անգամ հիշատակվել է Զաքարիայի մոտ (Զաքարիա 9:9): Թեև Հիսուսի մուտքը հաղթանակած թագավորի մուտք է խորհրդանշում, Նա Երուսաղեմ է մտնում ոչ թե պատերազմում հաղթած թագավորի նման, այլ որպես խաղաղության իշխան: Ավանակին նստելն ունի նաև հետևյալ խորհուրդը. Քրիստոս երկնքից երկիր խոնարհվեց մարդկության փրկության համար և այս խոնարհությամբ անցավ Իր երկրային կյանքի դեպի խաչելություն տանող ճանապարհը: Երուսաղեմ մուտքով սկսվեց Չարչարանաց ճանապարհը: Սահակ Ձորափորեցի կաթողիկոսը Ծաղկազարդին նվիրված իր ճառում ասում է. «Երուսաղեմ մտնելը, Բեթփագե և Ձիթենյաց լեռ գալը պետք է հասկանալ որպես աստվածորդու մերձակա չարչարանքները և Իր մահվամբ մարդկային բնության ազատագրումը մահվանից»:

Մատթեոս և Մարկոս ավետարանիչների համաձայն՝ ոստեր կտրատելու համար ծառ են բարձրանում քաղաքի բնակիչներից ոմանք, իսկ ըստ Ղուկաս ավետարանիչի՝ այդ անում է Զակքեոս կարճահասակը՝ Քրիստոսին տեսնելու համար, բայց ոչ թե Երուսաղեմում, այլ նախքան այդտեղ հասնելը՝ Երիքովում (Ղուկաս 19:1-10): Մանրանկարիչներն այս դրվագը միացրել են Երուսաղեմի մուտքին և որպեսզի մաքսավորը չշփոթվի ոստեր կտրող բնակիչների հետ, նրա բարձրացած ծառի վերևում գրվում է «Զակքեոսն է»: Կիլիկյան որոշ օրինակներում պատկերվում է նաև աշակերտների՝ ավանակը բերելու դրվագը:

Սակայն չնայած Իր շուրջ տիրող բերկրալի հուզումներին, Երուսաղեմին նայող Հիսուսի դեմքը տխրություն էր արտահայտում: Նրա հայացքում ասես արտացոլված էր քաղաքին սպասվող մոտալուտ ավերումը: Ալեքսանդր Մենը նշում է, որ Նա ողբում էր Երուսաղեմը, Ավետումի քաղաքը և կույրերի քաղաքը:

- Գոնե այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղությունը,- ասաց Նա,- բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից, որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն… և հիմնահատակ պիտի անեն քեզ և սպանեն քո մեջ քո որդիներին. և քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ քո այցելության ժամանակը չճանաչեցիր:

Երուսաղեմ մտնող Քրիստոսի առջև հանդերձները նետելը, ըստ Գրիգոր Տաթևացու, խորհրդանշում է մեղքի հանդերձից մերկանալը և խոստովանությամբ Տիրոջ ոտքերի առջև տարածելը, որ Հիսուս ջնջի այդ մեղքերը և ճշմարիտ ճանապարհը ցույց տա: Ահա այս պատճառով մանրանկարիչները հատուկ ընդգծում են զգեստներն ավանակի ոտքերի առջև նետելը, որ այն կենդանին, որին նստած էր Հիսուս, կոխկրտելով ջնջի այդ մեղքերը: Հանդերձներն այսպես նետելը հաղթանակած թագավորի առջև խոնարհվելու խորհուրդն ունի նաև: Մամբրե Վերծանողի մեկնության համաձայն՝ զգեստների տարածումը նշանակում է հոգով և մարմնով հիվանդացածներին, որոնք, հավատով մոտենալով Հիսուսին, բժշկվեցին:

Ձիթենու և արմավենու դալար ոստերի կտրատումը բազմիմաստ է. հնում ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Հին հույները ձիթենու և դափնու պսակներով էին պատվում օլիմպիական խաղերում հաղթած ըմբիշներին: Բայց հիշյալ տեսարանում առաջին հերթին խորհրդանշում է «Հաղթող թագավորի» գալստյան իրողությունը: Ըստ Տաթևացու՝ ձիթենին ծերերի լուսավոր և հասուն իմաստությունն է խորհրդանշում, որն ընծայում էին Աստծուն, իսկ նորափթիթ և պտղաբերող արմավենին՝ տղաների: Միաժամանակ այս ընծայումը ևս թագավորական փառաբանության խորհուրդն ուներ: Ուստի, ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին՝ որպես խաղաղության իշխանի, խորհրդանշում է Ղազարոսին հարություն պարգևելով, մահվան հանդեպ Տիրոջ տարած հաղթանակը:

Զաքարիայի մարգարեության «Ուրախ եղիր, դուստրդ Սիոնի» (Զաքարիա 9:9) և Եսայու մարգարեության «Ասացեք Սիոնի դստերը, ահավասիկ գալիս է քո փրկիչը» (Եսայի 62:11) խոսքի հետևողությամբ՝ Հիսուսին դիմավորողների թվում պատկերվում է և մի կին, որն անվանվում է Սիոնի դուստր: 13-րդ դարում նկարազարդված Հաղպատի ավետարանում նա բարձր աշտարակից ցնծությամբ դիմավորում է եկող Տիրոջը: Երգ Երգոցի «Ելեք ով Սիոնի դստրեր և նայեցեք Սողոմոն արքային ու նրա պսակին» (Երգ Երգոց 3:11) տողերը ևս քրիստոնեական խորհրդաբանությամբ վերաբերվում են Քրիստոսի Երուսաղեմ մուտքին: Այս պատճառով Սիոնի դուստրերից բացի, պատկերվում են ևս մի քանի կանայք: Հին և Նոր Կտակարանների այս զուգահեռով Երուսաղեմի դարպասների մոտ Հիսուսին դիմավորողների շարքը գլխավորում է Հին Ուխտի մարգարեներին բնորոշ դիմագծերով Զաքարիան, որ կանխաճառել էր Հիսուսի մուտքը Երուսաղեմ:

Փարիսեցիներին ու սադուկեցիներին քարոզելով համատիեզերական հրավերը՝ Քրիստոս ասում է. «Եթե այդ մանուկները դադարեցնեն օրհնաբանությունը, քարերը կաղաղակեն»: Մամբրե Վերծանողը մեկնում է, որ դրանով ցույց է տալիս անպտուղ հեթանոսների պտղավետող բարեպաշտ հավատքը,  ինչպես նաև քարերը նշանակում են երանելի առաքյալների ամուր և հիմնադրիչ քարոզությունները: Քարերը պետք է հասկանալ մարգարեները, որոնք աշխատեցին հավատքի շինության վրա և նրանց մարգարեական խոստովանությունները, որոնք ամբողջ տնօրինությունը մարգարեական գրավոր հիշատակություններով որպես անկողոպտելի գանձ ավանդեցին գալիք սերունդներին երկու հավատարիմ վկաներով՝ մարգարեական և ավետարանական աստվածխոսության գրքերով: Աշակերտների բազմությունը նշանակում է հավատացյալների գալիք համատիեզերական հրավերը, իսկ Ձիթենյաց լեռը՝ ձեթն արեգակի գործի մասնակիցն է, լեռը նշանակում է աստվածային վարդապետության բարձրությունը, ձեթ է տերունական լուսափայլ բերանը, որի աստվածխոսությունը լուսավորում է շրջապատը, իսկ ճյուղերը ոտքերի առաջ տարածելը նշանակում է երկրի փշաբեր անեծքից նախկին ծաղկավետությանը դառնալը, և ճյուղերի վերածվելը մեծ ու ճյուղատարած ծառերի՝ պտղալից և սախարթագեղ վերածնունդով, որ ժողովուրդը վերցնում, ընծայում է անեծքը վերացնողին ու երկիրն առաջին արարչագործության պես նորոգողին:

Գրիգոր Տաթևացին, զուգահեռ անցկացնելով Ծաղկազարդի և նրան հաջորդող Ավագ շաբաթվա միջև, ասում է. «Ծաղկազարդին Հիսուսին մեծ հանդիսությամբ ընդառաջ ելան Երուսաղեմից, իսկ Ավագ ուրբաթին, Երուսաղեմից անարգելով, տարան Գողգոթա: Ծաղկազարդին աշակերտները շրջապատել էին իրենց Ուսուցչին, իսկ մատնությունից հետո՝ թողեցին և փախան: Երուսաղեմ մտնելիս Քրիստոսին ընդառաջ ելնողներն իրենց հագուստներն էին փռում Տիրոջ առջև, իսկ խաչելության ժամանակ, խաչը հանելով, մերկացրեցին: Ծաղկազարդին օրհնում էին, իսկ խաչելությանը՝ անիծում: Ծաղկազարդին ոստեր էին մատուցում, իսկ խաչի վրա՝ տեգով ու եղեգով տանջում: Ծաղկազարդին որպես թագավորի դիմավորեցին, իսկ խաչ հանելիս ասացին, թե՝ չկա այլ թագավոր, կայսրից բացի: Եվ վերջապես ծաղկազարդին Օվսաննա, Փրկիչ էին անվանում, իսկ խաչ հանելիս՝ մոլորեցուցիչ կոչում»:

Տարբեր ժամանակներում նկարիչների կատարած նորամուծությունները հիմնականում արտաքին բնույթ են կրել, բայց բուն տեսարանի կոմպոզիցիոն հիմնական կառուցվածքը մնացել է անփոփոխ: Արվեստագետներից ոմանք Քրիստոսի մուտքը Երուսաղեմ ներկայացրել են իբրև ժողովրդական տոնախմբություն հիշեցնող ուրախ ու ջերմ ընդունելություն (օրինակ՝ «Հաղպատի Ավետարան» 1211թ., ՄՄ Nº 6288): Մյուսները շեշտել են պահի խորհրդավորությունը, պատկերել սրբազան երթ, ուր նկատվում է Երուսաղեմում Քրիստոսին սպասվող տանջանքների ու մահվան կանխազգացումը:

«Մուտք Երուսաղեմի» տոնը Հայ եկեղեցին նշում է Ս. Զատկից մեկ շաբաթ առաջ: Այն անվանվում է Ծաղկազարդ կամ ինչպես ժողովուրդն է ասում Ծառզարդար: Սա իր արտացոլումն է գտել նաև հայկական մանրանկարչությունում, ուր տարբեր մանրանկարների բացատրական մակագրություններում այն անվանվում է Մուտք Երուսաղեմ, Արմավենյաց տոն, Ծաղկազարդ  կամ Ծառզարդար:

 

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Հոդվածի նկարը՝ Մուտքն Երուսաղեմ, ՄՄ ձեռ. Հմր. 6698, թ. 6բ, Ակոռի, 1671թ., ծաղկողներ՝ հայր և որդի Մուրատ և Պետրոս

09.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․