Գրքեր

Ծաղկազարդյան տոնակատարությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Ապրիլի 2-ին Հայ եկեղեցու կամարների ներքո հնչեցին «Օրհնեալ, որ գայ յանուն Տեառն. օրհնութիւն ի բարձունս» փառաբանական խոսքերը, որոնք ազդարարեցին Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդի տոնը մեծ թվով ընտանիքների էր համախմբել Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում՝ մասնակիցը դարձնելու վաղ առավոտից մինչև երեկո կատարվող արարողությունների և տոնական միջոցառման: Վաղ առավոտյան Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին և ներկաներին բաժանվեցին արմավենու ճյուղեր, ապա տոնական Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն: Ներկաները տոնի խորհրդանիշ արմավենու ճյուղերով մասնակցեցին տոնական Սուրբ Պատարագին, որ մատուցեց Տեր Խորեն քահանա Պերթիզլյանը:

Տարիներ շարունակ Ծաղկազարդի տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Հավարտ Ս. Պատարագի հոգևոր դասը եկեղեցու բակում կատարեց մանուկների օրհնության կարգ:

Այնուհետև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները հանդես եկան տոնական ելույթով. փառաբանական սաղմոսներ արտասանեցին, երգեցին, սաներից մեկը բալետային գեղեցիկ համարով ներկայացավ: Ներկաները ծանոթացան նաև կիրակնօրյա դպրոցի սաների՝ աստվածաշնչյան թեմաներով կատարված նկարչական աշխատանքներին:

Այս տարի ևս Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը Ծաղկազարդի տոնը մանուկների համար վերածել էր ուրախ տոնախմբության: Եկեղեցու շրջափակը զարդարվել էր ծաղկազարդյան տեսարանի հարթապատկերներով, տոնական տաղավարներով և բազմազան խաղային դաշտերով: Տաղավարներից մեկում երեխաները հաղորդ էին դառնում հայկական ավանդական հացի՝ լավաշի պատրաստման ընթացքին. երկանքով ցորեն էին աղում, խմորի գունդ գրտնակում:

Հաջորդ տաղավարը, որ ապաշխարության խրատներով զարդարված ծառերի տաղավարն էր, առանձնահատուկ էր, քանի որ ծառերը թե՛ ծաղկած էին և թե՛ պտղաշատ: Տիկնանց միության ատենապետ Սաթենիկ Սիմոնյանն ասաց, որ ծառերի ծաղկաշատ և պտղաշատ լինելը պայմանավորված է նրանով, որ քրիստոնյային խորհրդանշող ծաղկած ծառը, սուրբգրային և եկեղեցու հայրերի պատգամներին անսալով ու կյանքի կոչելով, միանգամից պտուղ է տալիս: Այս տաղավարում տոնակատարության մասնակիցները զամբյուղներից վերցնում էին ապաշխարության վերաբերյալ որևէ խրատ, որ մեջբերված էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ Արևշատյանի կողմից կազմած «Խրատանի ապաշխարության» գրքից:

Փոքրիկներին գրավել էր նաև հեքիաթի տնակը, որտեղ նրանք հանդիպեցին իրենց համար սիրելի հեքիաթի կենդանի հերոսին՝ Կարմիր Գլխարկին: Կարմիր Գլխարկը երեխաներին պատմում էր իր մասին հեքիաթը, իսկ տատիկի համար պատրաստած կարկանդակները բաժանում էր երեխաներին:

Փոքրիկների համար սիրելի անկյուն էր դարձել նաև բակի այն հատվածը, ուր նրանք գունավոր կավիճներով նկարում էին, ավազի հետ խաղում, օճառի պղպջակներ բաց թողնում:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների, արև-երեխաների և բազմաթիվ մանուկների համար պատրաստված ուրախալի անակնկալները հաջորդում էին մեկը մյուսին. տոնական տորթը ճաշակելուց հետո հետաքրքիր խաղերով, երգ ու պարով մանուկների տոնական օրը հարստացրին «Բումբումիկ»-ի հերոսները: Իսկ տոնակատարության ավարտին ազգային երաժշտությունը հայկական ավանդական պարի շուրջը համախմբեց երեխաներին:

Սուրբ Գիրքը հորդորում է ծնողներին մեծացնել իրենց զավակներին Տիրոջ խրատով և ուսումով (Եփես. 6:4): Ծնողական առաքելության մեջ հաջողելու համար՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը հետևյալ հորդորն է ուղղում ծնողներին. «Երեխաները մեր՝ ծնողներիս օրինակով են սովորում և հաճախ ուղղակի պատճենում մեր վարքը: Ուստի աստվածահաճո և առաքինի վարքն այն անգնահատելի հարստությունն է, որ կարող ենք փոխանցել մեր զավակներին: Դեռ վաղ մանկուց սովորեցնենք նրանց ճանաչել, սիրել ու վստահել մեզ անչափ սիրող, խնամող ու բարի Աստծուն: Սովորեցնենք չարը զանազանել բարուց, կեղծիքը՝ ճշմարտությունից: Երեխաների հոգում զարգացնենք սերը, բարությունը, ազնվությունը, կարեկցելու, ամաչելու կարողությունը, հեզությունը, երախտագիտության, պատասխանատվության զգացումը և նրանց Քրիստոսի հոգատար խնամքին հանձնենք՝ վստահ լինելով, որ բարի զավակներ կմեծանան առաջին հերթին Աստծու, ապա և մեզ համար, և Տիրոջ փառավոր գալստյան օրը նրանց շուրթերից հնչող «օվսաննա»-ները, հավիտենության մեջ տարածվելով, այլևս ուրիշ ոչնչի չեն փոխվի»:

 

Կարինե Սուգիկյան

 

02.04.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․