Գրքեր

Տյառնընդառաջ և Բուն Բարեկենդան

«Դու լուսաւոր առնես զճրագ իմ Տէր,

Աստուած իմ լոյս արա ինձ ի խաւարի»։

«Դու լույս ես տալիս իմ ճրագին, Տե՛ր,

Աստվա՛ծ իմ, լուսավորի՛ր ինձ խավարում» (Սաղմոս 17։29)։

Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տյառնընդառաջը և Բուն Բարեկենդանը, իսկ վաղվանից կսկսվի Մեծ պահքը։ 

Այսօր մենք եկել ենք Տիրոջն ընդառաջ։ Այսօր Տյառնընդառաջին լսում ենք ու հասկանում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին Սիմեոն ծերունու մարգարեությունը, իսկ Մեծ պահքի ավարտին՝ Սուրբ Հարության տոնին, արդեն տեսնելու ենք այդ մարգարեությունը ամբողջովին կատարված։ Մեզ հարկավոր է  Տյառնընդառաջի լույսով վառել մեր սրտի ջահերը, որպեսզի կարողանանք այդ լույսով առաջնորդված անցնել Մեծի պահոց ապաշխարության շրջանը։

Վեհափառ հայրապետի տնօրինությամբ Տյառնընդառաջը հայտարարված է նորապսակների օրհնության օր։ Բոլոր նորապսակներին, ամուսնական զույգերին մաղթում ենք արժևորել «ընտանիք» հասկացությունը, ընտանեկան երջանկությունը, զավակների ու ծնողների փոխհարաբերությունը:

Ընտանիքի ստեղծումը լուրջ քայլ է և պատասխանատվություն։ Պարտադիր պայման է լծակցի ջանքերը գնահատելը։ Ընտանիքը փոքր թագավորություն է, որտեղ Աստվածային պատվիրանների և առաքելական հորդորների կատարմամբ ստեղծվում է Երկնային Արքայություն։ Այո՛, Երկնային Արքայություն, որտեղ ամենակարևորը չմարող սերն է ու նրա գործադրումը, Աստծու օգնությամբ խնդիրների հաղթահարումը, ներման և հավատարմության ուխտի կատարումը, «ես»-ի փոխարինումը «մենք»-ի, քանի որ կյանքն այլևս միայն մեկինը չէ, այլ մարդու կյանքից անբաժան են դառնում կինը կամ ամուսինը, զավակները, նաև ընտանիքի մյուս անդամները։ Կյանքն ամուսնությունից առաջ և ամուսնությունից հետո այլևս նույնը չէ, և դա վերաբերում է թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց։ Եթե մենք ընտանիք ենք կազմում երջանիկ լինելու համար, ապա ամեն օր ինքներս մեզ պիտի հարց տանք՝ ինչ ենք անում այդ երջանկությունը ստեղծելու և պահպանելու ուղղությամբ։ Չէ՞ որ այդ երջանկությունը ինքնին գոյություն ունեցող երևույթ չէ, այլ մարդկային ջանքերով ստեղծվող իրականություն։ Տյառնընդառաջը մեզ հենց դա է սովորեցնում՝ Աստծուն ընդառաջ գնալ ընտանիքով, ընտանիքով սովորել Նրա փրկության Ավետարանը, Նրա պատվիրանները, որպեսզի ընտանիքի կառուցման և բարօրության ջանքերը բոլորինը լինեն, ոչ թե մեկինը։ Տերը եկավ բոլորի փրկության համար և ցանկանում է բոլոր ընտանիքների փրկությունը, երջանկությունն ու միասնությունը։ Հովհաննես Սարկավագը Սուրբ Երրորդությանն ուղղված իր աղոթքում ասում է, որ Տիրոջ «փրկության հույսը միշտ ուրախացնում է ինձ, Որին հիշելով՝ հանապազ մխիթարվում եմ հեղձուցիչ և խավարական տրտմությունիցս»։ Ուստի հարկավոր է ամեն ինչ անել Աստծով և Աստծու օրհնությամբ, ձեռնարկած բոլոր գործերում հայցել Երկնավոր Թագավորի ներկայությունը, միջնորդությունն ու աջակցությունը և ոչ թե հիշել ընտանեկան դժբախտությունների կամ հիվանդությունների ժամանակ կամ ապաշխարությանն ու սեփական մեղքերի քննությանը անդրադառնալ տխրության և նեղության ժամանակ։

Վաղը սկսվում է Մեծ պահքը, որը ամենամյա մեծ հնարավորություն է հոգին մաքրելու, մտքերն ու սիրտը քննելու համար։ Մեզ հաճախ կարող է թվալ, թե մենք Աստծու հետ ենք, մեր ինքնաճանաչողությունը բավարար է, սակայն դա այդպես չլինի։ Իրականում, երբ ինքնակամ բռնում ենք ապաշխարության ճանապարհը, Աստված, հօգուտ մեզ և մեր փրկության, մեր առջև բացում է մեր հոգու խորությունները, որտեղ մենք կտեսնենք թաքնված կամ ամուր պահված, մեր հոգու մաքրությունն աղտոտող բազում մեղքեր։ Այդ մեղքերը՝ որպես կուտակված աղբ, մեր հոգու տաճարից դուրս թափվելու պետք ունեն։ Մեր հոգու մաքրությունը մեզ օգնում է ապրել անկեղծ և ազնիվ՝ առանց սրտի նենգության, խաբեության և խարդախության, առանց ձանձրույթի, առանց ցուցամոլության և ձևականությունների, որովհետև մեր ունեցած ազնվության և անկեղծության ետևում էլ էլի տեղ կա ճշմարտությունը սեփական անձին և Աստծուն խոստովանելու և իրական խոնարհություն դրսևորելու, ու դա մենք հասկանում ենք քահանայի առջև խոստովանության ժամանակ։ 

Մեկ անգամ իրական ապաշխարություն ապրած մարդը երկրորդ անգամ ևս դրան կձգտի, որովհետև ճիշտ է, թեպետ դա ինչ-որ առումով նաև բարդ ճանապարհ է, բայց միաժամանակ նաև քաղցր և ցանկալի։ Այդ ժամանակ Աստված է առաջնորդում մեզ այն ուղով, որը բացահայտում է մեզ համար մեր իսկ հոգու էությունը։ Սուրբ Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված նամակում գրում է. «Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր. և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. Նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները։ Եվ Նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ  ամեն ինչ պարզ ու հստակ է Նրա աչքերի առաջ, Նրա մասին են մեր այս խոսքերը։ Ուրեմն, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դավանած հավատը. քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ՝ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։ Ուրեմն, համարձակությամբ մոտենանք Նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք» (Եբրայեցիներ 4։12-14)։

Աստծուց պետք չէ թաքնվել Ադամի ու Եվայի նման, որովհետև Աստված ամեն ինչ տեսնում է ու սիրում է մեզ ու մեր փրկության համար ուղարկել է Իր Միածին Որդուն, Որին էլ պիտի վստահենք մեր հոգու ապաքինումը մեղքերի հիվանդություններից։ Նրա շնորհիվ, ողորմածությամբ և խաչելությամբ պիտի մաքրվենք պահքի ընթացքում և վերջում հաղորդվենք Նրան։ Հոգու մաքրությունը աշխարհի ամենաքաղցր զգացողություններից մեկն է, որը մենք զգում ենք Մեծ պահքի ապաշխարության շրջանն անցնելուց հետո՝ Սուրբ Հարության պատարագին մասնակցելով։ Առանց այդ մաքրության Տերը չի գա՝ բնակվելու մեր մեջ։ Երբ Հիսուս Քրիստոս մտավ տաճար, աղավնավաճառներին, լումայափոխներին վռնդեց, որովհետև Աստծու տունը, այսինքն՝ մեր հոգին պետք է առևտրի վայր չլինի։ Երբ որ ամեն տեսակի աղբից մաքրվեն մեր հոգին ու սիրտը, և Աստված գա բնակվի մեր մեջ, մենք կզգանք Աստծու հետ բնակություն դրախտային վայելքը։

Հետևաբար, սիրելինե՛ր, ցանկանում եմ բոլորիս արդյունավետ պահոց և ապաշխարության շրջան։ Թող որ, ինչպես այսօր եկել ենք Տիրոջն ընդառաջ, այնպես էլ աղոթքի, եկեղեցական արարողությունների, Սուրբ Գրքի ընթերցանության, ինքնաքննության, ապաշխարության և մեղքերի խոստովանության միջոցով Սուրբ Հարության տոնին արժանանանք Աստվածային հաղորդությանը և լցվենք Սուրբ Հոգու նորանոր շնորհներով, որոնք անհրաժեշտ են մեր հոգու փրկության համար։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. ամեն։   

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

          

14.02.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․