22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Վիշտ ունեցողի մխիթարությունը

- Հա՛յր, որքա՜ն մեծ ուժ է հարկավոր մարդկանց, որպեսզի չվախենան հանկարծամահ լինելուց:

- Եթե մարդիկ հասկացել են կյանքի գլխավոր իմաստը, ապա ուժ են գտնում մահվանը ճիշտ վերաբերվելու համար: Քանի որ կյանքի իմաստը հասկանալով՝ հոգևոր տեսանկյունից են վերաբերվում մահվանը: Գիտե՞ք, թե քանի՜-քանի՜ պատանի է ջարդուփշուր լինում մոպեդներով: Գիտե՞ք, թե քանի՜ երիտասարդ է ավտովթարի ենթարկվում մոտոցիկլետների վրա: Նրանք մոտոցիկլետը հետևի անիվի վրա են բարձրացնում և այդ վիճակում շատ հեշտ է շրջվել ու գլուխը կոտրել՝ ասֆալտին հարվածելով: Նրանք դեռ մի բան էլ հերոս են համարում նրան, ով մոտոցիկլետը բոլորից վեր է հանում: «Ես,- գլուխ են գովում այդպիսի երիտասարդները,- ստիպել եմ, որ մոտոցիկլետը հետևի անիվի վրա այնպես գնա, ասես հետևի թաթերի վրա լինի, բայց հետո շուռ եմ եկել»: Տեսնո՞ւմ ես, թե սատանան նրանց ինչ է սովորեցնում, կամենալով, որ գլուխները ջարդեն: Քանի որ, եթե սովորականի պես վարեն երկու անիվների վրա ու նույնիսկ ավտովթարի ենթարկվեն, հնարավոր է, որ ոչ թե գլխով հարվածեն, այլ մարմնի մեկ այլ մասով ու ողջ մնան: Սակայն, եթե Աստված սատանային թույլ է տալիս չարիք գործել, կամ ինչ-որ մեկին թույլ է տալիս անուշադիր լինել, նշանակում է, որ սատանայական չարիքից կամ մարդկային անուշադրությունից ինչ-որ լավ բան դուրս կգա:

- Հա՛յր, այդ դեպքում մեր Եկեղեցին ինչո՞ւ է աղոթում «Պահպանիր մեզ»-ը հանկարծամահ լինելուց պաշտպանվելու համար:

- Դա ուրիշ հարց է: Եկեղեցին Աստծուն խնդրում է, որպեսզի մահը մեզ անպատրաստ վիճակում չգտնի:

- Հա՛յր, մի կին է այստեղ գալիս ու անդադար սգում, որովհետև իր երեխային գործերով տեղ էր ուղարկել, իսկ նա մեքենայի տակ էր ընկել ու մահացել:

- Նրան հարցրու. «Վարորդը չարությունից մղվա՞ծ է երեխայիդ վրաերթի ենթարկել: Ոչ: Դու նրան գործերով ուղարկեցիր, որպեսզի մեքենայի տա՞կ ընկնի: Ոչ: Ուրեմն «Փառք Քեզ, Տե՛ր» ասա, որովհետև, եթե մեքենայի տակ չընկներ, հնարավոր է, որ վատ ուղի բռներ: Իսկ հիմա Աստված նրան ամենաճիշտ ժամանակին տարավ: Այժմ նա Երկնքում է, և այն կորցնելու վտանգն իրեն չի սպառնում: Ինչո՞ւ ես լաց լինում: Մի՞թե չգիտես, որ քո լացով տանջում ես երեխայիդ: Ի՞նչ ես ուզում, որ երեխադ տանջվի՞, թե՞ ուրախանա: Մտածիր քո մյուս երեխաներին օգնելու մասին, որոնք հեռացել են Աստծուց: Նրանց համար պետք է լաս, այլ ոչ թե մահացածի»: Երեկ էլ մեկ այլ լացակումած մայր եկավ: «Աստված իմ միակ որդուն տարավ»,- լաց էր լինում նա և Աստծուն էր մեղադրում դրանում: «Եթե ինչպես հարկն է մտածես, թե քեզ հետ ինչ է կատարվել,- ասացի նրան,- ապա կհանգես այն եզրակացությանը, որ Աստված քեզ պատիվ է արել: Նա Իր մոտ փոքրիկ հրեշտակի է տարել, մկրտված երեխայի, թույլ չի տվել, որ նա մեղքեր ու կրքեր ձեռք բերի: Աստված հրեշտակի է վերցրել Իր մոտ, իսկ դու դրա համար բարկանո՞ւմ ես Նրա վրա: Շուտով կզգաս, որ մահացած որդիդ աղոթում է Աստծուն քեզ համար»: Հետո այդ կինն իր կյանքի մասին պատմեց: Ասաց, որ երիտասարդ տարիքում կարող էր շատ երեխաներ ունենալ, բայց այն ժամանակ չի ցանկացել:

Գիտե՞ք, թե որքա՜ն մայրեր են աղոթում ու խնդրում, որպեսզի իրենց զավակներն Աստծու հետ ապրեն: «Աստված իմ, չգիտեմ, թե ինչ կանես,- ասում են այդ կանայք,- բայց ուզում եմ, որ երեխաս փրկվի ու Քեզ հետ լինի»: Սակայն, եթե Աստված տեսնում է, որ երեխան շեղվելու է ճշմարիտ ուղուց, որ դեպի կործանում է գլորվում և նրան փրկելու այլ միջոց չկա, ապա անսպասելի մահվամբ Իր մոտ է վերցնում: Օրինակ՝ Նա հարբած վարորդին թույլ է տալիս երեխային վրաերթի ենթարկել և այդկերպ Իր մոտ է տանում: Եթե երեխան հնարավորություն ունենար ավելի լավը դառնալու, ապա Աստված թույլ չէր տա, որպեսզի դժբախտ պատահարը տեղի ունենար: Այնուհետև գինովությունը երեխային վրաերթի ենթարկողի գլխից դուրս է թռչում: Մարդը սթափվում է, և ողջ կյանքը խիղճը տանջում է նրան: «Ես հանցագործություն եմ գործել»,- ասում է այդպիսի մարդն ու անընդհատ խնդրում Աստծուն, որ ների իրեն: Այդկերպ այդ մարդն էլ է փրկվում: Իսկ մահացած երեխայի մայրը, հոգեկան ցավից տանջվելով, սկսում է ավելի հավաք ապրել, մտածում է մահվան մասին ու պատրաստվում մյուս կյանքին: Նա էլ է այսկերպ փրկվում: Տեսնո՞ւմ եք, թե մայրական աղոթքների արդյունքում Աստված ինչպես է դասավորում, որպեսզի մարդկային հոգիները փրկվեն: Սակայն, եթե մայրերը դա չեն հասկանում, սկսում են Աստծուն մեղադրել: Ինչե՜ր ասես, որ չի լսում Աստված մեզանից:

Եթե մարդ դադարում է իրերին աշխարհիկ տեսանկյունից վերաբերվել, ապա նրա հոգին հանգստություն է գտնում: Քանի որ ինչպե՞ս կարող է մարդը իրական մխիթարություն գտնել, եթե չի հավատում Աստծուն ու ճշմարիտ կյանքին՝ մահվանից հետո գոյություն ունեցող կյանքին, հավիտենական կյանքին: Երբ ես Ստոմիոն վանքում էի, ոչ հեռու՝ Կոնիցայում մի այրի էր ապրում, որ մշտապես գնում էր գերեզմանատուն ու մի քանի ժամ շարունակ ողբաձայն լալիս էր այնտեղ: Նա գլուխը գերեզմանաքարին էր զարկում և իր աղաղակներով անհանգստացնում էր բոլորին: Նա գերեզմանատանը ազատություն էր տալիս իր ցավին: Մարդիկ գնում էին այնտեղ, նրան տուն տանում, իսկ նա, միևնույն է, վերադառնում էր: Եվ այսպես տարիներ շարունակ: Այդ կնոջ ամուսնուն գերմանացիներն էին սպանել, իսկ աղջիկը, հոր մահվանից մի քանի տարի անց, հազիվ տասներկուսը բոլորած, մահացել էր սրտի հիվանդությունից: Այսպես այդ խեղճ կինը միայնակ էր մնացել: Եթե մեկը նրա հետ կատարվածին միայն արտաքնապես նայի, ապա կասի. «Աստված ինչո՞ւ դա թույլ տվեց»: Եվ այդ կինն էլ իր հետ կատարվածին հենց այդկերպ էր վերաբերվում ու չէր կարողանում մխիթարվել: Մի անգամ, երբ ես էլ գերեզմատանուն գնացի, որպեսզի տեսնեմ, թե ինչ է կատարվում, նա սկսեց ինձ ասել. «Աստված ինչո՞ւ այսպես արեց: Ես միամորիկ դուստր ունեի: Աստված նրան էլ ինձանից վերցրեց…»: Նա խոսում ու խոսում էր՝ Աստծուն մեղադրելով: Թողնելով, որ մի քիչ էլ խոսի, ասացի. «Ես էլ քեզ մի բան կասեմ: Ամուսնուդ ճանաչում էի: Նա շատ լավ մարդ էր: Նա պատերազմում հայրենիքի համար զոհվեց՝ իր սուրբ պարտքը կատարելով: Աստված նրա հետ անարդարացի չի վարվի: Հետո ամուսնուդ մահվանից հետո Աստված դստերդ մի քանի տարով քեզ մոտ թողեց: Նա քեզ հետ էր ապրում ու դու որոշակի մխիթարություն ունեիր: Սակայն հետո, Աստված տեսնելով, որ հնարավոր է աղջիկը (մոտ ժամանակներում) շեղվի ճիշտ ուղուց՝ Իր մոտ տարավ այն բարի վիճակում, որում նա գտնվում էր: Նա աղջկադ փրկելու համար այդպես վարվեց»: Այդ այրին մի քիչ աշխարհիկ մարդ էր, չնայած, որ նրա ամուսինը շատ հանգիստ մարդ էր եղել: Իհարկե ես նրան ուղղակիորեն չասացի դա, չասացի «դու աշխարհիկ մարդ էիր», սակայն հարցրի. «Այժմ ինքդ ինչի՞ մասին ես մտածում: Սիրո՞ւմ ես աշխարհը»: «Չեմ ուզում ոչինչ ու ոչ ոքի տեսնել»,- պատասխանեց նա: «Տեսնո՞ւմ ես,- ասացի նրան,- քեզ համար էլ է աշխարհը մահացել: Ցավն օգնում է քեզ և աշխարհիկ ոչինչ քեզ չի հետաքրքրում: Այսկերպ շատ շուտով բոլորդ միասին Դրախտում կլինեք: Աստված քեզանից բացի է՞լ ում է այդպիսի պատվի արժանացրել»: Այդ խոսակցությունից հետո նա դադարեց գերեզմանատուն գնալ: Հենց նա կարողացավ կյանքի գլխավոր իմաստը հասկանալ, թեկուզ ուրիշի օգնությամբ, միանգամից հանգստացավ:

- Հա՛յր, լսել եմ, որ եթե մարդը բռնի մահով է մահանում, ապա նա քավում է իր մեղքերը, որովհետև մարդասպանն է դրանք իր վրա վերցնում:

- Սպանված մարդը մեղմացուցիչ հանգամանքներ ունի, եթե կարելի է այդպես արտահայտվել: Նա Աստծուն այսպես կարող է ասել. «Ես կապաշխարեի, եթե նա ինձ չսպաներ»: Այսկերպ (նրա մեղքերի) ծանրությունը մարդասպանի վրա է ընկնում: Սակայն ոմանք, որ ըմբռնելու ընդունակ չեն, ասում են. «Եթե Աստված գոյություն ունենար՝ թույլ չէր տա, որպեսզի այսքան հանցագործություններ տեղի ունենային: Նա կպատժեր հանցագործներին»: Այդպիսի մարդիկ չեն հասկանում, որ Աստված հանցագործներին թույլ է տալիս ապրել, որպեսզի Ահեղ Դատաստանի օրն արդարանալու բան չունենան, որ թեև Աստված նրանց երկար տարիներ է տվել, սակայն չեն ապաշխարել: Իսկ նրանց, ում հանցագործները սպանում են, Աստված նույնպես չի մոռանա:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

30.09.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․