21 Դեկտեմբեր, Շբ
«Ընտրյալը նա է, ում Աստված է գովում» (Բ Կորնթ. 10:18)
«Несвятые Святые» գրքում Տիխոն եպիսկոպոսը մի դեպք է պատմում, երբ հոգևոր ակադեմիան ավարտած երիտասարդը մոտենում է սրբակյաց ծեր Հովհան վարդապետ Կրեստյանկինին և պարծենալով ասում, որ ինքն աստվածաբան է: Հովհան Կրեստյանկինը զարմանք է արտահայտում և հարցնում, թե չորրո՞րդն ես: Երիտասարդն ասում է, թե ի՞նչ է նշանակում չորրորդը: Եվ ծեր վարդապետը բացատրում է, որ մենք և եկեղեցին երեք աստվածաբան ենք ճանաչում, առաջինը՝ Հիսուս Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննես Աստվածաբան առաքյալին, երկրորդը՝ Գրիգոր Աստվածաբան Նազիազանցուն և երրորդը՝ Սիմեոն Նոր Աստվածաբանին: Սուրբ Եկեղեցին իր երկհազարամյա պատմության ընթացքում այս երեք անձանց է որոշել կոչել աստվածաբան անվամբ: Այսպիսով, ուրեմն դուք չորրո՞րդն եք: Բնականաբար այս խոսքերից հետո երիտասարդը գլուխը կախում է և չի շարունակում պարծենալ:
Ավետարանում Հիսուս նշում է. «Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում» (Հովհ. 7.18): Քրիստոնյայի համար կարևոր է հասկանալ, թե ով ինչ հոգուց է խոսում, որովհետև կարող ենք հանդիպել երեք հիմնական հոգևոր խոսքի, առաջին` երբ մարդն ինքն իրենից է խոսում, երկրորդ` երբ չար ոգիների ներշնչմամբ է խոսում և երրորդ՝ երբ Աստծո շնորհի միջոցով է խոսում: Այս երեք ձեռագրերի կամ խոսքի տարբերելու ունակությունը կարևոր է այնքանով, որ ներկա ժամանակներում կեղծ ուսուցիչներն ու մարգարեները ոչ թե պակասում են, այլ տեղեկատվական աշխարհում ավելի բազմապատկվում են և հասանելի դառնում յուրաքանչյուր անհատի: Եթե մենք սույն ձեռագրերը չտարբերենք, կարող ենք մոլորության մեջ ընկնել, որովհետև Պողոս առաքյալն ընդգծում է, որ սատանան լուսե հրեշտակի կերպարանքով էլ կարող է հայտնվել (Բ Կորնթ. 11.14), որպեսզի մոլորեցնի մարդկանց: Իսկ ինչպե՞ս տարբերել, երբ հաճախ արտաքին հանգամանքներից կողմնորոշվելը դժվար է լինում: Մաքուր սիրտ և մաքուր միտք ունեցող անձանց Երկնավոր Հայրը պարգևում է խորագիտության և իմաստության շնորհով, որպեսզի կարողանան տեսնել, թե ում հետ գործ ունեն իրականում, ինչպես նաև զգուշացնեն իրենց հավատակիցներին, որպեսզի մարդիկ խաբկանքի ու մոլորության մեջ չհայտնվեն: Համենայնդեպս, ընդհանուր առմամբ հատկանշական է, որ այն մարդիկ, ովքեր խոսում են իրենք իրենցից, հակված են իրենց խոսքով և արարքներով մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել իրենց անվան, անձի շուրջը: Այսպիսի անհատը հնարավոր է շատերին զարմացնի իր ճարտասանությամբ և հոգևոր գիտելիքներով, սակայն նրա խոսքը չունի այն հոգևոր զորությունն ու բժշկությունը, որն Աստծո միջոցով պիտի փոխանցվի դիմացի մարդուն և դարմանի նրա հոգու վերքերը: Արդ, այն անձը, ով սկսում է իր անձը փառաբանել տարբեր կերպերով՝ Աստծուց չի գործում, այլ գործում է ինքն իրենից կամ չար ոգիների ներշնչմամբ: Նա մարդկանց ոչ թե եկեղեցի է բերում, այլ ուղղում է դեպի իր անձը: Ուստի, մարդկանց ուշադրությունն ուղղորդում է ոչ թե դեպի Քրիստոսը և եկեղեցին, այլ դեպի իր անձը, թեև ամեն օր կարող է խոսել և´ եկեղեցուց, և´ Ավետարանից, և´ քրիստոնեական արժեքներից: Այդպիսի մարդն ինչ-որ անում է, կազմակերպում, անում է իր անունից ու անունով, այլ ոչ թե եկեղեցու կամ որևէ աստվածահաճո կազմակերպության կողմից: Իսկ սուրբ հայրերը յուրաքանչյուր խոսք, գործ կամ նախաձեռնություն իրականացնելիս մշտապես իրենց անձերը մղել են հետին պլան և նույնիսկ չեն ցանկացել, որպեսզի հնչի իրենց անունը, այլ՝ եկեղեցու կամ Աստծու անունը: Ի՞նչն է հիմնական պատճառներից մեկը, որ մարդ շարունակում է փառք փնտրել մարդկանցից և աշխարհից, թեև խոսում է հոգևոր արժեքներից: Ամենագայթակղիչ ծուղակներից մեկը, որը սատանան աշխարհի միջոցով հյուսում է և մեծ ու համեղ թխվածքաբլիթի պես առաջարկում մարդուն՝ հանրահայտ, հայտնի դառնալու սինդրոմն է: Այս երևույթը կարող ենք տեսնել ոչ միայն աշխարհիկ մարդկանց մեջ, այլև հոգևոր աշխարհում և այն դրսևորվում է տարբեր անհատների մոտ տարբեր գայթակղությունների տեսքով, որոնց միջոցով չար ոգիները մարդուն ներքաշում են իրենց ծուղակի մեջ՝ մարդու երևակայությունը պատելով պատրանքներով ու սնափառությամբ: Սա մեծ գայթակղություն է, որից խուսափելն անհնար է լինում, եթե իրական խոնարհության ձգտում չես ունենում: «Հոգևոր պատերազմ» գրքում նշվում է, որ միշտ պետք է վախենալ հոգևոր հպարտությունից, քանի որ այն փուչ է դարձնում մեր բոլոր գործերը: Իսկ Սրբակյաց, ճգնակենցաղ Վարսոնոֆի Օպտինացին նշում է, որ Աստծու համար նախընտրելի է մեղավոր խոնարհը, քան հպարտ ճգնավորը: Հոգևոր կյանքի մեծագույն ձեռքբերումներից է խոնարհությունը: Եվ Հիսուս ասում է. «Սովորեցեք Ինձնից, որ հեզ եմ և խոնարհ սրտով» (Մատթեոս 11.29): Բայց սա այն խոնարհության ընկալումը չէ, որն աշխարհիկ մարդն է հասկանում և նույնացնում խեղճության հետ: Երբ մարդիկ քննադատում են, թե Ավետարանը խոնարհություն քարոզելով սովորեցնում է հլու-հնազանդ հպատակություն և խեղճություն, նշանակում է նրանք կա՛մ չեն կարդացել Ավետարանը, կա՛մ էլ կարդացել են, սակայն չեն ընկալել Ավետարանի պատգամը, որովհետև հոգևոր խորհուրդները դիտարկել են մարմնավոր աշխարհայացքին համապատասխան, հատկապես իրենց անձնական մոտեցումների, ընկալումների մտահորիզոնում: Հոգևոր խոնարհությունը մարդուն օժտում է քաջությամբ, կամքով և ներքին ներդաշնակությամբ: Հիշենք թեկուզ մեկ դրվագ Ավետարանից, երբ եկան Հիսուսին ձերբակալելու, Նա ընդառաջ ելավ նրանց և Նրա զորավոր խոսքից և վեհությունից, խարդավանքի մասնակիցները ետ-ետ գնացին ու ընկան (Հովհ.18.5-6): Խոնարհության մեջ չկա վախ և տագնապ, կասկածներ և տառապանք: Հոգևոր խոնարհությունը լեցուն է աստվածային սիրով ու լույսով: Խոնարհությունը կատարյալ ինքնաճանաչման ուղի է, երբ քեզ տեսնում ես իրապես այնպիսին, ինչպիսին էությունդ է, այլ ոչ թե ինչպես ցանկանում ես տեսնել: Խոնարհությունը նաև սխալը տեսնելու, ընդունելու և ուղղվելու կարողություն է: Եվ ինքդ քեզ իրապես տեսնելով՝ Ադամի նման չես փախչում, թաքնվում Աստծուց, այլ խոնարհ սրտով ու հոգով, լեցուն սիրո լույսով դուրս ես գալիս Երկնավոր Հոր առջև` խոստովանելով քո իրական էությունը, արարքները, ապաշխարություն ապրելով, որը բերում է հոգու խնդություն և խաղաղություն` ընդելուզված աստվածային լույսի երփնավառ զարդանախշերով: Իսկության մեջ խոնարհությունը բացում է մարդու հոգևոր աչքերը` ցույց տալով իրականությունը և ոչ թե այն, ինչ պարզապես մենք երևակայում ենք մեր մասին և դրանով ընկնում թյուրիացությունների, տառապանքի և պատրանքների մեջ: Այդժամ ինքդ լիովին գիտակցում ես, որ ամեն ինչ Աստծունն է, նաև այն բոլոր կարողություններն ու շնորհները և քո շրջապատում ամեն ինչ, որ ունես կամ չունես և այլևս քո անձով պարծենալու տեղ չունես, այլ միայն Տիրոջով (Բ Կորնթ. 10.17), որովհետև հենց այն կյանքն էլ, որն ունես և ապրում ես, Աստծու կողմից է շնորհված: Այսպիսի խոնարհություն ունեցող անձը ի ցույց չի դնում իր անձն ու անունը, որպեսզի բոլորը տեսնեն և գովաբանեն իրեն: Սրբերի կյանքը մեզ այդպիսի բազմաթիվ հարուստ օրինակներ է տալիս, որոնցով ճշմարիտ քրիստոնյան պետք է առանջնորդվի և ապրի: Այդ ժամանակ անհատն այլևս ինքն իրենից չի գործում, այլ թույլ է տալիս, որպեսզի Աստված իր միջոցով գործի, և նրա հոգևոր խոսքը ստանում է համապատասխան զորություն և լույս, որովհետև տվյալ անհատը ոչ թե պարզապես խոսում է լույսի մասին, այլ դառնում է երկնայինից դեպի երկիր ձգվող բազմաթիվ կանթեղներից մեկը, ուր փայլատակում է Աստծո լույսը և ճառագում ամենուր, քանի որ կենդանի հավատքի խոսքն է բխում, այլ ոչ թե սոսկ խոսքեր: Արդ, մենք պետք է լույս դառնանք, այլ ոչ թե ուղղակի լույսի մասին խոսենք: Երբ ցուրտ է լինում, մարդիկ չեն հավաքվում կտավի վրա գեղեցիկ պատկերված խարույկի մոտ, այլ հավաքվում են իրական, հրե լեզուներով վառվող խարույկի շուրջը, որը ջերմացնում է նրանց ու պաշտպանում ցրտից: Այդպես էլ հոգևոր կյանքում, մարդը պիտի դառնա այդ կենդանի լույսը, որպեսզի այն փոխանցվի և ջերմացնի մյուսներին, այլ ոչ թե պարզապես ինքն իրենից խոսի և իրեն կամա, թե ակամա փառաբանի, որովհետև առաքյալն ասում է. «Քանի որ ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ. 10.18):
Հովհաննես սրկ. Մանուկյան