19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Յուղաբեր կանայք

Հուդայի մատնությունից հետո աշակերտները թողեցին Քրիստոսին ու փախան: Պետրոս առաքյալը Քրիստոսին հետևեց մինչև քահանայապետի տան գավիթը, ուր երեք անգամ ուրացավ Քրիստոսին: Իսկ հետո ողջ ժողովուրդը, Պիղատոսին բարձր աղաղակելով, պահանջում էր՝ սպանի՛ր նրան, խա՛չը հանիր նրան:

Ապա Գողգոթա բլրի վրա խաչի առջևից անցնողները, նայելով Քրիստոսին, նախատում էին ու ծաղրում Նրան: Խաչի մոտ էին միայն Աստվածամայրը, սիրելի առաքյալ Հովհաննեսը և կանայք, ովքեր առաքյալների հետ միասին հետևել և ծառայել էին Քրիստոսին՝ ի նպաստ բերելով նաև իրենց նյութական կարողությունը: Այս կանայք կոչվեցին յուղաբեր, նրանք Տիրոջ թաղումից հետո անուշահոտ յուղի սրվակներ առած գնացին Տիրոջ մարմինն օծելու՝ ըստ հրեական սովորության: Այդ կանայք խաչի մոտ լուռ կանգնած մինչև վերջ հավատարիմ մնացին Հիսուսին, ցուցաբերեցին մեծագույն քաջագործություն՝ չվախենալով հնարավոր հետևանքներից: Յուղաբեր կանայք իրենց հավատարմության և նվիրվածության համար եղան Քրիստոսի հրաշալի հարության առաջին ավետաբերները և արժանի եղան առաջինը տեսնելու հարուցյալ Քրիստոսին:

Նրանք Քրիստոսի հարությունից ու համբարձումից հետո առաքյալների և Սուրբ Մարիամ Աստվածածնի հետ օրերն անցկացնում էին աղոթքով, ինչպես գրում է այս մասին Ղուկաս ավետարանիչը Գործք Առաքելոցում: Յուղաբեր կանայք էին Մարիամ Մագդաղենացին, Սողոմեն, Հովհաննան, Շուշանը, Տեառնեղբայրների մայրը ՝ Մարիամը և ուրիշներ:

Մարիամ Մագդաղենացին Կափառնայումին մոտակա Գալիլեայի ծովակի եզերքի Մագդալա փոքրիկ քաղաքից էր, ոչ հեռու այն տեղից, որտեղ մկրտություն էր կատարել Սբ. Հովհաննես Մկրտիչը: Յուղաբեր կանանց մեջ ամենաանձնվերն էր: Նախապես դիվահար կին էր, որից, ըստ Ավետարանի վկայության, Տերը յոթ դև էր հանել: Այդ օրվանից ի վեր նա հավատարմորեն հետևել է Փրկչին ամենուր և նույնիսկ, երբ Նրա չարչարանքների և խաչելության ժամանակ Նրա աշակերտները, բացի Հովհաննեսից լքում են Նրան, Մարիամ Մագդաղենացին հասնում է մինչև Գողգոթա և Տիրամոր ու Հովհաննես ավետարանչի հետ կանգնում Քրիստոսի խաչի մոտ: Մարիամ Մագդաղենացին է արժանացել առաջինը տեսնելու հարուցյալ Փրկչին, երբ գնացել էին Նրա գերեզման և հարության ավետիսը նա է առաջինը բերել առաքյալներին. «Քրիստոս հարություն առավ»,- սա առաջին ուրախ լուրն էր՝ աշխարհի առաջին քարոզը հարության մասին, որ Մարիամ Մագդաղենացին հայտնեց առաքյալներին: Ավանդությունն ասում է, որ Սբ. Մարիամ Մագդաղենացին Քրիստոսի առաքյալների հետ միասին քարոզել է աշխարհի տարբեր կողմերում: Նա մեկնել է քարոզչության նաև հեթանոս Հռոմ: Բոլոր վայրերում նա պատմում էր Քրիստոսի և Նրա ուսմունքի մասին: Իսկ երբ շատերը չէին հավատում, որ Քրիստոս հարություն է առել, նա նրանց կրկնում էր այն նույն խոսքերը, որ ասել էր առաքյալներին հարության պայծառ առավոտ. «Ես տեսել եմ Քրիստոսին, Նա խոսել է ինձ հետ»: Բարի լուրը ավետելու ցանկությամբ Մարիամ Մագդաղենացին հետագայում հասնել է մինչև Իտալիա, ներկայացել Տիբերիոս կայսեր, պատմել Քրիստոսի կյանքի, հրաշքների և ուսուցումների մասին: Կայսրը, հարության հրաշքի հետ կապված կասկած ունենալով, փաստ է պահանջել: Այդ պահին Մարիամ Մագդաղենացին, վերցնելով ձուն, տվել է կայսրին և ասել. «Քրիստոսը հարություն է առել»: Այս խոսքերի ներքո կայսրի ձեռքին գտնվող ձուն կարմրել է: Շնորհիվ Սբ. Մարիամ Մագդաղենացու՝ քրիստոնյա աշխարհում մի գեղեցիկ սովորություն ընդունվեց. Սբ. Զատկի տոնին միմյանց զատկական ձու նվիրել: Այնուհետև Մարիամը որոշ ժամանակ մնում է Հռոմում, ապա ծեր տարիքում անցնում Եփեսոս, ուր գտնվում էր Հովհաննես ավետարանիչը և այնտեղ էլ վախճանվում է ու թաղվում: Հովհաննես ավետարանիչն իր Ավետարանի 20-րդ գլուխը գրել է Մագդաղենացու պատմածի հիման վրա:

Յուղաբեր մյուս կինը Կղեովպասի կին Մարիամն է, Հակոբոսի և Հովսեփի, այսինքն՝ Տեառնեղբայրների մայրը: Կղեովպասը, ըստ եկեղեցու սրբազան ավանդության, Հովսեփ աստվածահոր եղբայրն է, իսկ Սողոմեն Հակոբոս և Հովհաննես առաքյալների մայրն է, ով Մարիամ Աստվածածնի ազգականուհին էր՝ մորաքրոջ դուստրը և ձկնորսապետ Զեբեդեոսի կինը: Նա էր, որ ինչպես պատմում է Ավետարանը, մի անգամ խնդրեց Տիրոջից Նրա թագավորության մեջ իր որդիներին Հակոբոսին և Հովհաննեսին հատկացնել ամենապատվավոր տեղերը՝ Տիրոջ անմիջապես աջ և ձախ կողմում գտնվող աթոռները: Սողոմեի մասին ավանդությունն ասում է, որ Տեր Հիսուսի ծննդյան ժամանակ լվացել է նորածին Մանկանը և Սուրբ Ծննդյան մանրանկարներում երբեմն պատկերում են նաև այդ տեսարանը: Հովհաննայի մասին հայտնի է միայն որ, Հերովդեսի հարյուրապետի Քուզայի կինն էր: Այս հարյուրապետը նույնացվում է այն թագավորազնի հետ, որի մահամերձ որդուն Հիսուս բժշկել էր (Հովհաննես 4:46-54): Ազնվական այս կինը, ի նշան երախտագիտության, իր նյութական կարողությամբ սիրով բաժին էր հանում Հիսուսի համար: Այս ազնիվ կանայք ներկա էին Վերնատանը, Հոգեգալստյան նախօրյակին:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին յուղաբեր կանանց հիշատակում է Վերափոխման իննօրյակին անմիջապես հաջորդող երեքշաբթի օրը՝ Հովակիմի և Աննայի հիշատակի հետ միասին: Մեր Մայր եկեղեցին, նշելով յուղաբեր կանանց տոնը, ընդգծում է նրանց առանձնահատուկ դերը ընտանիքում և հասարակությունում, նրանց անձնազոհ սերն ու ծառայությունն Աստծուն և մերձավորին:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

22.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․