Գրքեր

«Զորավոր արանց» միությունը աղոթքով իմաստավորեց դեպի սրբավայր տանող բարձունքը

Մարդկանց մեծագույն Բարերարն է Աստված, Բարերար, ինչպիսին չի եղել և չի էլ լինի երբեք: Նա մարդուն արարել է ոչնչից և Իր անտեսանելի, ամենակարող ու առատաձեռն ձեռքով ամեն օր Իր արարածներին բազում բարիքներ է շնորհում: Այդ պատճառով ճշմարիտ քրիստոնյաների շուրթերից չեն պակասում փառաբանական աղոթքները և աստվածային անհուն սիրուն ուղղված սիրո քայլերը: Արագընթաց կյանքի հորձանուտում, մի կողմ թողնելով առօրյա հոգսերն ու խնդիրները, Քրիստոսի հետևորդները շտապում են Աստծու տուն՝ Արարչին փառաբանելու, հոգին մաքրագործելու և նորոգելու համար:

Արարչին ուղղված սիրո քայլերից է ուխտի ճանապարհը, որով հերթական անգամ՝ հոկտեմբերի 28-ին, անցավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Տեր Վահան քահանա Առաքելյանի օրհնությունն ստացան, ապա ուղևորվեցին Լոռու մարզի Փամբակ լեռնաշղթայի դժվարամատչելի բարձունքի վրա (2157 մ) գտնվող Ս. Հովհաննես մատուռը: Դեպի սրբավայր տանող ոտքի ճանապարհն ուխտավորները հաղթահարեցին և իմաստավորեցին աղոթքներով: Հասնելով սրբավայր, ուր, ըստ ավանդության, 13-րդ դարում ամփոփվել են սբ. Հովհաննես Մկրտչի մասունքները, ուխտավորները փառաբանեցին Արարչին և սրբի բարեխոսությանը դիմելով՝ Տիրոջ ողորմածությունը հայցեցին Հայոց ազգի համար: «Զորավոր արանց» միության միասնական աղոթքը հնչեց մի սրբավայրում, որը երեք անգամ պայթեցվել ու այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել հարթագյուղցիների ջանքերով։

Միասնական աղոթքից հետո ուխտավորներից մեկը, Տիրոջը տված իր խոստման համաձայն, մատաղ մատուցեց սրբավայր այցելած ուխտավորներին: Սիրո ճաշը վայելելուց հետո «Զորավոր արանց» միությունը վերադարձավ Երևան:

Հայոց աշխարհի բոլոր սրբավայրերն իրենց ուխտավորներին մի շարք կարևոր հիշեցումներից զատ հուշում են դիմել սրբերի բարեխոսությանը, սրբերի, որոնք որպես մարդու և Աստծու միջև բարեխոսներ, հանդիսանում են երկիրը երկնքին կապող ոսկե շղթաներ: Աստծու տաճար դարձած սրբերը միայն ճշմարտության մարմնավորումները չեն, այլ պատկերն են Աստծու Հոգու և նկարագրի:

 

Կարինե Սուգիկյան

 

29.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․