31 Մարտ, ԳՇ, Մեծ Պահքի ԼԷ օր

Գրքեր

«Զորավոր» երիտասարդաց միությունը՝ սուրբ նահատակների բարեխոսությամբ զորացած

Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, մեկնեց Թեղենիքի Սրբոց Նահատակաց, Բջնիի Ս. Աստվածածին և Ս. Սարգիս եկեղեցիներ:

Երիտասարդաց միության անդամները նախորդ օրը, ի հիշատակ սուրբ նահատակների, մասնակցել էին դեպի Ծիծեռնակաբերդ ընթացող ջահերով երթին, իսկ այսօր ուխտավորաբար գտնվելով Սրբոց Նահատակաց եկեղեցում (2000-2003թթ.), մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի՝ հայցելով սուրբ նահատակների բարեխսությունը: Պատարագիչը՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Հմայակյանը, մինչ քարոզը ողջունեց ուխտավորներին՝ մաղթելով, որ Տերն ի կատար ածի իրենց ուխտը՝ սուրբ նահատակների բարեխոսությամբ: Ապա քարոզին, անդրադառնալով աստվածաշնչյան այն համարին, թե՝ մի վախեցեք նրանից, որ մարմինն է սպանում, բայց հոգին սպանել չի կարող (Մատթեոս 10:28)՝ ի մասնավորի ասաց. «Այսօր մեզ համար հարգանքի, խոնարհումի, բայց միաժամանակ պայքարի օր է: Հարգանք և խոնարհում մեր սուրբ նահատակների մասունքների առջև և պայքար, որպեսզի նման արհավիրք այլևս չկրկնվի: Իմաստուններից մեկն ասել է, որ անցյալը հզոր ուժ է այն ժամանակ միայն, երբ դու ես տիրապետում նրան, բայց դառնում է ծանր բեռ, երբ նա է քեզ տիրապետում: Հայոց ցեղասպանության մասին խոսելիս գնահատենք և արժևորենք այն ինքնապաշտպանական մարտերը, որ միավորեց մեր ազգին հանուն գաղափարի, ինչն էլ Հայոց ազգի գոյատևման դասական օրինակն է: Թուրք յաթաղանը կարողացավ սպանել միայն մարմինը, բայց այս տեսակի հոգին և ոգին մնաց կենդանի: Աստվածաշունչ մատյանն ուսուցանում է, որ հոգին առավել է, քան մարմինը և հրահանգում է ընթանալ հոգու ճանապարհով, այսինքն՝ արդարության և ճշմարտության ճանապարհով: Մեր նախնիները եղան եղեռնասպան, խոշտանգվեցին, բայց առասպելական փյունիկ թռչունի նման հարություն առան՝ լրացնելով Հայոց եկեղեցու սրբերի դասը: Ուրեմն, մեր սուրբ նախնիների բարեխոսությամբ զորացած, ընթանանք ճշմարտության և արդարության ճանապարհով»:

Ս. Պատարագին երիտասարդ ուխտավորները, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով, միավորվեցին Տիրոջ հետ, Ով Ս. Հաղորդությամբ, ինչպես Ս. Գրիգոր Նարեկացու աղոթքում ենք կարդում, միավորում է բոլորին մի մարմնի մեջ. «Փշրվելով բաշխվում է միշտ անհատնում մասերով, որպեսզի բոլորին հավաքի մի մարմնի մեջ՝ Ինքը լինելով գլուխ» (Նարեկացի, բան ԽԷ):

Արարողության ավարտին երիտասարդները սիրո ճաշի մասնակցեցին, Տեր Վահանը հոգևոր զրույց ունեցավ նրանց հետ, այնուհետև միության անդամները Տեր Հոր հետ միասին քննարկեցին իրենց նոր անելիքներն ու ծրագրերը:

«Զորավոր» երիտասարդաց միության հաջորդ միասնական աղոթքը հնչեց Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ կամարներից ներս: Նրանց սրտաբուխ աղոթքը միախառնվեց այն աղոթքներին, որ հնչել են այդ սուրբ վայրում ավելի քան հազար տարիներ:

Երիտասարդներն իրենց ուխտի ճանապարհին հաղթահարեցին մի մեծ բարձունք, որպեսզի միասնաբար աղոթեին Բջնիի Ս. Սարգիս եկեղեցում (7-րդ դար): Աղոթքով վեր հառնած փոքրիկ սրբավայրն ուրախություն էր ապրում երիտասարդ ուխտավորների աղոթական ներկայությունից,

Տերունական աղոթքն ասելուց հետո, նրանք ծնկաչոք Տիրոջ ողորմությունը հայցեցին՝ «Տեր ողորմեա» շարականը երգելով:

«Զորավոր» երիտասարդաց միության անդամներից շատերը, այդ թվում Քրիստինե Այվազյանը ևս առաջին անգամ էր այս սրբավարերում: «Հանուն հավատի և հայրենիքի նահատակված մեր սուրբ նախնիների հիշատակության օրը նշանալակից դարձավ ինձ համար, որ Սրբոց Նահատակաց եկեղեցում, Ս. Պատարագին մասնակցելով, նրանց բարեխոսությունը հայցեցի: Մեր նախնիներն ընտրեցին ոչ թե կյանքը, այլ քրիստոնյա մնալը, ինչի համար Տերը նրանց զարդարեց լուսեպսակով»,- ասաց Քրիստինեն:

Օրհնաբեր ուխտի օրը «Զորավոր» երիտասարդաց միությանը, սուրբ նահատակների, Ս. Աստվածածնի և Ս. Սարգսի բարեխոսությամբ, էլ առավել զորացրեց:

 

Կարինե Սուգիկյան

24.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․