22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Զվարճանքը

«Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին:

Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի» (Ժող. 11։9)։

«Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպ. 4։4)։

Մեր մարմնի առողջությունը կամ մեր հոգևոր առաքինությունները, մեր մտքի ուշիմությունն ու, վերջապես, կյանքի երջանկությունը հնարավոր չէ ապահովել միայն աշխատանքի միջոցով: Հիրավի, թեև աշխատանքը կյանքի օրենքներից առաջինն ու գլխավորն է, սակայն հաճույքն ու զվարճությունն էլ կյանքի համար կենսական և առաջնահերթ կարևորություն ունեցող նախապայմաններից են:

Մարդու համար առողջապահական բացարձակ անհրաժեշտություն է իր առօրեական աշխատանքներից դուրս զբոսնելը, զվարճանալը, ուրախանալը, ցնծալը, պարելը և այդպիսով սեփական մարմինն ու միտքը կազդուրելը: Եվ հատկանշական է, որ երբ մարդ անտեսում է կյանքի այս երկու կարևորագույն օրենքներն ու պայմանները կամ մեկը գերադասում է մյուսից, այդ պարագաներում նա անկարող է դառնում հավուր պատճաշի կատարելու իր մարդկային պարտականությունները:

Իսկապես որ, նա, ով առավել նախապատվություն է տալիս աշխատանքին՝ գիշեր-ցերեկ աշխատելով ու առանց հանգստանալու և անընդհատ տաժանելի գործեր կատարելով, այդպիսին հետզհետե կորցնում է մարմնի առույգությունը, մտքի եռանդն ու խանդավառությունը, և ուշ թե շուտ նրան պարուրում է մեղկությունն ու թուլությունը:

Միանշանակ է, որ եթե աշխատանքից հետո ժամանակ հատկացվի զվարճությանը, զբոսանքին կամ ուրախությանը, այդժամ ավելի առողջ, ավելի կայտառ եռանդով, համարձակ ու զվարթորեն մարդ կանցնի իր աշխատանքներին: Միշտ աշխատելով և երբեք չզվարճանալով մարդ ի վերջո ընդարմանում է: Չափավոր զվարճությունները, երգերը, թատրոններն ու հաճույքները կարևոր նշանակություն ունեն և անհրաժեշտ են ամեն անհատի համար:

Կարծիք կա, որ զբոսանքներն ու զվարճությունները, հաճույքներն ու ուրախությունները հակառակ են քրիստոնեական կրոնի բարոյական սկզբունքներին: Դա, սակայն, խստակրոն և մոլեռանդ կրոնավորների հնարած վարդապետությունն է: Մարդկությունը շատ վնասներ է կրել այդպիսի կրոնավորների կողմից քրիստոնեության սխալ մեկնաբանման պատճառով:

Բովանդակ տիեզերքում ոչ միայն աշխատանքը, այլև զվարճանքն ու ուրախությունն է տեսանելի ամեն կողմում: Տիեզերքում ամեն բան ընդունակ է ոչ միայն աշխատելու և գործելու, այլ նաև զբոսնելու, խայտալու, ցնծալու և զվարճանալու:

Հին ժամանակներում կարծվում էր, որ անգամ անմեղ ու չափավոր զվարճությունները չէին համապատասխանում քրիստոնեության սկզբունքներին և բարոյականությանը, բայց այդպես կարծողներն առավել քան սխալ էին: Հնագույն մի ավանդության համաձայն՝ Հիսուսի «սիրելի աշակերտ» Հովհաննեսը, երբ մի անգամ Եփեսոսում, բլրակի մոտ նստած, աղավնի էր շոյում, մի որսորդ տեսավ առաքյալի այդ «զվարճանքը» և զարմանքով ասաց. «Ո՜վ սուրբ առաքյալ, դու, որ տեսել ես Հիսուսին, դու, որ առաքելության մեջ ես ծերացել, որքանո՞վ է պատշաճ քեզ համար այդ թռչնակով տարվելը»:

Առաքյալը, առանց որսորդի հարցին ուղիղ պատասխանելու, հետևյալ հարցումն արեց. «Ինչո՞ւ միշտ լարված վիճակում չես պահում աղեղդ»: «Որովհետև եթե միշտ լարված պահեմ,- պատասխանեց որսորդը,- լարը կկորցնի իր առաձգականությունը»: «Նույնն էլ ե՛ս եմ անում,- ասաց առաքյալը,- եթե մտքիս աղեղը մշտապես լարված լինի լուրջ զբաղումներով, մի օր անխուսափելիորեն կկտրվի»:

Մարդկային գործունեության աղեղն էլ չի կարող միշտ լարված մնալ, մերթընդմերթ պետք է թուլացնել, որպեսզի այն չկորցնի իր առաձգականությունը: 

Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 9-րդը, որ պատմության մեջ հայտնի է «Սուրբ Լյուդովիկոս» անունով ու միջնադարի ամենագեղեցիկ և ուշագրավ դեմքերից է, մի օր, երբ իր պալատի պատշգամբում նստած ճատրակ էր խաղում իր բարեկամներից մեկի հետ, այսպիսի մի հարց ստացավ վերջինիս կողմից. «Եթե այս պահին մի հրեշտակ գար՝ հայտնելու, որ հասել է քո մահվան ժամանակը, ի՞նչ կանեիր»:

Թագավորը պատասխանեց. «Միևնույն աշխուժությամբ և նույն եռանդով պիտի շարունակեի իմ խաղը, որովհետև այս խաղը խաղալով՝ Աստծու կամքն է, որ ես կատարում եմ»:

Այսպես ուրեմն, պարկեշտ և չափավոր զվարճությունները նախախնամության օրենքների և կանոնների համաձայն են ու կյանքի անհրաժեշտ մասն են կազմում: Անհերքելի է, որ գերզբաղված, հոգնած ու ջլատված մարմինը, ինչպես նաև հոգնած միտքը հանգստի, զբոսանքի ու զվարճանքի կարիք ունեն, սակայն մե՞ծ, թե՞ փոքր չափով. ա՛յս է ուշադրության արժանի կետը:

Եթե զվարճությունն ու հաճույքը միշտ բացարձակապես արգելված լինեին, անշուշտ, քրիստոնեությունը ևս կմերժեր դրանք, մինչդեռ ընդհակառակն է, շեշտվում է զվարճության անհրաժեշտությունը, միայն թե դրա մեջ զգուշություն և չափավորություն պետք է դնենք:

Մարդու կյանքը փրկելու համար բժիշկները տարատեսակ դեղեր են տալիս նրան, բայց ոչ թե առանց չափ ու կշիռ նշելու, այլ հստակ չափ ու կշռով և ըստ տվյալ պահի անհրաժեշտության, որպեսզի այդ դեղը մարդուն վնաս չպատճառի: Այդպես նաև զվարճությունը պետք է չափ ու սահման ունենա: Ինչպե՞ս գտնենք այդ չափը: «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով»,- ասում է առաքյալը: Իր հանձնարարականի մեջ Պողոսը հատկապես շեշտում է Տիրոջո՛վ ուրախ լինելու հանգամանքը:

Այդ «Տերն» Աստված է, և մեր ուրախությունն ու զվարճությունն էլ Նրանով, Նրա շուքի տակ պետք է լինի՝ պարկեշտությամբ, չափավորությամբ և համեստությամբ: Երբ կյանքում ամեն բանի չափն ու սահմանը գծված, երբ ամեն ինչի պայմանը որոշված է լինում, պետք է նաև, որ մեր ուրախություններն ու զվարճանքներն էլ «նախապայմաններ» ունենան:

Մեր կյանքում պատահող այդքա՜ն ձախորդություններն ու զանազանակերպ վնասները միշտ չէ, որ այսինչ կամ այնինչ սխալի, այս կամ այն հաճույքի երեսից են լինում, այլ ավելի շուտ պատահում են այդ հաճույքները սխալ գործածելու հետևանքով:

Հաճախ մենք նվիրվում ենք չափազանց ծայրահեղ զվարճությունների, այսինքն՝ այն, ինչ պետք էր որպես դեղ գործածել, մենք օգտագործում ենք որպես սնունդ: Սակայն կարո՞ղ ենք մեր կյանքը միայն դեղով սնուցել և ապրեցնել: Եթե հասարակ սնունդը չլինի, միայն դեղով ի՞նչ կարող ենք անել: Դեղը զորություն է տալիս մարմնին, կազդուրում, նորոգում է այն, մաքրում, բայց դեղով չէ, որ սնվում ենք:

Հաճույքն ու ուրախությունը մշտապես պետք է դիտարկենք որպես դեղ, և ոչ թե որպես սնունդ: Սխալն այն ժամանակ է տեղի ունենում, երբ հաճույքը, որը պիտի գործածեինք իբրև դեղ, ընդհակառակը, որպես կերակուր ենք օգտագործում՝ առանց չափ ու կշռի, առանց անհրաժեշտություն ու պայման հաշվի առնելու:

Այդ սխալ ընթացքն է, որ մեզ շեղում է, և մենք մշտապես հանգստյան, հաճույքի ու զվարճանքի վայրերում բարոյապես և ֆիզիկապես սահում ենք ու անկում ապրում: Հաճույքի այդ վայրերի հատակը լպրծուն ու վտանգավոր է ընկնելու համար, իսկ ընկնողն էլ մեծ դժվարությամբ է ոտքի կանգնում:

Չափ ու կանոն է պետք սահմանել, այլապես հաճույքները կվատթարացնեն մեր կյանքն ու կվնասեն մեզ: Մենք միշտ կարծում ենք, որ անմեղ զբաղմունք է մեր այսինչ կամ այնինչ արածը, մինչդեռ սահմանված կանոն և չափ չունենալու պատճառով է, որ չենք նկատում, թե որքան մեղանչական են մեր կարծիքով անմեղ արարքները:

Չափից դուրս հաճույքները ոչ միայն բարոյականությանը, այլև մարմնին, մտքին ու պատվին են հարվածում: Կիկերոնն ասում է. «Մարդ կոչմանն արժանի չէ նա, ով ամբողջ օրը վատնում է զվարճանալով»: Չափազանց զվարճասեր և հաճոյասեր մարդը կենդանության օրոք իսկ մեռած է համարվում: Միայն խաղին ու զվարճանքին նվիրված կյանքը բնավ էլ կյանք չէ: Այդպիսի մարդն անպիտան է մարդկանց առաջ և մեղապարտ՝ Աստծու առջև:

Չափավոր, բանական և պարկեշտ հաճույքներն ու զբաղումները ազնվացնում և կատարելագործում են մարդու մտավոր, հոգեկան ու բարոյական բարեմասնությունները, և ինչպես որ աշխատասիրությունը խոսում է որևէ ժողովրդի նկարագրի ու առաջադիմության մասին, այդպես էլ այդ ժողովրդի՝ ազատ ժամանակը տնօրինելու եղանակից, ոլորտներից և զվարճասիրությունից պարզ են դառնում նրա բարոյական մեծությունը, նկարագիրն ու ընդունակությունները, քանի որ այդ զվարճանքներն էլ համարվում են ժողովրդի բարոյական մեծության, նկարագրի և առաջադիմության հայելին:

Դժբախտաբար մեզանում հաճույքներն ու զվարճությունները չափազանցության մեջ են գտնվում: Որպես օրինակ վերցնենք պարերը: Ես այն խստակրոն ու մոլեռանդ եկեղեցականներից չեմ, որոնք դատապարտում են ամեն տասակի պարերը՝ որպես անբարոյականության դրդող և քրիստոնեական ոգուն հակասող երևույթներ:

Պարն այնքան հին է, որքան մարդկության առաջացումը. վայրենիներից սկսած մինչև ամենաքաղաքակիրթ երկրներ ամենքն էլ իրենց պարերն ունեն, և սա դեռ ամենը չէ, քանի որ պարերն ընդունված են նաև կրոնական արարողությունների մեջ: Համաձայն Եթովպական Եկեղեցու օրացույցի՝ Պատարագի սկզբում եկեղեցականները խորանի շուրջ պար են բռնում՝ «Ծափս հարէք ամենայն հեթանոսք, աղաղակեցէք առ Աստուած ի ձայն ցնծութեան» սաղմոսը երգելով:

Հնարավոր չէ պարերը վերացնել հասարակության միջից և ոչ էլ այդպես վարվելու անհրաժեշտություն կա, քանի որ պարերի, ոստոստումների, ծածանումների և գայթումների միջոցով է, որ մարդ արտահայտում է իր ուրախությունը, եռանդն ու ցնծությունը:

Սակայն երբ պարերի մեջ ազնվացում չկա, երբ լկտի, անշնորհք ու անազնիվ պարերին է նախապատվություն տրվում, այդժամ բարոյական անկումը և քայքայումն անխուսափելի են: Պետք է վերջ տալ այդպիսի պարերին ու ամենքի ընդունելությանն արժանացնել շնորհազարդ և գեղագիտական պարերը, որոնք անազնիվ մթնոլորտ չեն ստեղծում:

Դժվար է որոշակի և ամենքի համար տեսանելի կանոններ սահմանել զվարճանքների համար, կամ էլ ցուցանակներ պատրաստել՝ զգուշացնելով հեռու մնալ այս կամ այն զվարճանքներից ու զբաղմունքներից: Ոմանք փորձել են թվել և կանոնակարգել շնորհազարդ ու գեղագիտություն բովանդակող զբաղումներն ու զվարճությունները, ինչպես նաև փորձել են շարադրել լկտի ու անազնիվ զվարճանքները, սակայն հաջողություն չեն ունեցել, քանի որ մի զվարճությունը մեկի համար կարող է անազնիվ տրամադրություններ առաջացնել, մեկ ուրիշի համար, սակայն, որևէ սայթաքումի կամ անկման պատճառ չդառնալ:

Հաճույքի ու զվարճության հարցում մեզ համար ճշմարիտ առաջնորդ պետք է լինի Պողոս առաքյալի այս պատգամը. «Վերջապես, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ՝ պարկեշտությամբ, ինչ որ՝ արդարությամբ, ինչ որ՝ սրբությամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինությամբ, ինչ որ՝ գովությամբ, այդ բաները խորհեցե՛ք և գործեցե՛ք» (հմմտ. Փիլիպ. 4։8-9):

Այսպես ուրեմն, մեր բոլոր գործերում, աշխատանքի, հաճույքի թե ուրախության մեջ պետք է վարվենք ուղղամտությամբ՝ առանց ստի ու խարդախության, պետք է ամաչենք մեր այն ընթացքից, որը հատում է պարկեշության սահմանները, պետք է ջանանք մաքուր պահել մեր անունը և բարի համբավ ձեռք բերել, ու այդժամ ինչ էլ որ անենք ու խոսենք կամ ինչպես էլ որ նախընտրենք զվարճանալ, վստահաբար գովասանքի կարժանանանք թե՛ Աստծու և թե՛ ողջ մարդկության առջև:

Արդ, քանի որ կրոնն ու Եկեղեցին բնավ նպատակ չունեն արգելելու մեր հաճույքներն ու զվարճությունները, ուրեմն հետևե՛նք Սողոմոն Իմաստունի և Պողոս առաքյալի այն պատգամներին, որոնք որպես բնաբան էինք ընտրել, և ըստ այդմ էլ՝ «Տիրոջով», անարատ վարքով, զվարճանքների և ուրախությունների մեջ չափավորությամբ նպաստենք մեր իսկ կյանքի առողջությանն ու բարօրությանը և հետևաբար նաև առաջադիմությանն ու հաջողությանը, այլապես, լա՛վ իմանանք, որ «Աստված մեզ դատաստանի պիտի ենթարկի» (հմմտ. Ժող. 11։9):

 

Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

17.10.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․