24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Աստված ինչո՞ւ Իսրայելին ուղիղ և մոտ ճանապարհով Երուսաղեմ տանելու փոխարեն, անապատի կողմը թեքեց:

Որովհետև հրաշքով Կարմիր ծովով պիտի անցկացներ նրան և փարավոնին էլ այնտեղ պիտի ընկղմեր. բացի այդ, Սինա լեռան վրա օրենքը տալով, անապատում զանազան հրաշքներով նոր օրենքի պատկերը պիտի գծեր: Դարձյալ, Քանանի կողմերում կռապաշտ ազգեր կային, և եթե ուղիղ ճանապարհով գնային՝ շուտով ստիպված պիտի լինեին նրանց հետ պատերազմել, այս պատճառով անապատ ուղղեց, որ հանկարծ թշնամուց վախենալով՝ վերադառնալու մասին չմտածեին:

Այժմ անողորմ և համառ փարավոնի թշվառ վիճակը տե՛ս. նա, որ այդքան հրաշքներ տեսնելուց և հարվածներ ստանալուց հետո, իրոք անուղղելի էր մնացել, երբ տեսավ, որ իսրայելացիները ընծայաբերության համար եգիպտացիներից բազում ունեցվածք և հարստություն վերցնելով՝ Եգիպտոսից անվերադարձ մեկնեցին, զղջաց նրանց թողնելու համար և պատերազմի պատրաստությամբ զորքերը ժողովելով, Իսրայելի ետևից է շտապում, որպեսզի կա՛մ հետ բերի, կա՛մ նրանց կոտորելով՝ ունեցվածքը հափշտակի (Ելք 15:9):

Իսրայելացիները, որ Կարմիր ծովի ափին էին իջևանել, փարավոնի գալը տեսնելով՝ սաստիկ վախենում են և Մովսեսին գանգատվելով ասում են, թե. «Ինչո՞ւ մեզ Եգիպտոսից հանեցիր, միթե՞ այնտեղ գերեզման չկար, որ հիմա անապատում մեզ կոտորել պիտի տաս»: Արդարև, նրանք այս խոսքերով ուրացան Աստծո բարությունն ու զորությունը, քանի որ Եգիպտոսում կատարված այնքան հրաշքները մոռանալով՝ Աստծուց կտրեցին իրենց հույսը: Սակայն Մովսեսը, ապավինելով Աստծուն, նրանց պատասխանում է. «Մի՛ վախեցեք, քանի որ Աստված ձեզ համար պատերազմելու է եգիպտացիների դեմ և այլևս նրանց չեք տեսնելու»:

Այո՛, Մովսեսի հավատքը կատարյալ էր և թերևս այս պատճառով քաջալերական այդպիսի խոսքեր ուղղեց ժողովրդին, սակայն մարդկայնորեն խորհելով՝ փրկության միջոց չէր երևում, քանի որ նրանց առջև ծովն էր, ետևում՝ թշնամին, իսկ մի կողմ խույս տալու համար ճանապարհ գտնելն անհանարին էր: Ճշմարիտ է, որ նրանք բազմաթիվ էին, սակայն թշնամուն կանոնավոր դիմադրելու համարձակություն չունեին: Այսքանով հանդերձ, Աստծո զորությունը մարդկանց համար անհնարին թվացող բաներում հայտնի լինելով, Մովսեսն ի սրտե ջերմորեն Աստծուն աղոթելու ժամանակ Աստված հարցնում է Մովսեսին. «Ինչո՞ւ ես աղաղակում Ինձ, ձեռքիդ գավազանով հարվածիր ծովին, որպեսզի այն ճեղքվելով՝ ճանապարհ տա Իսրայելին իր միջով անցնելու համար» (Ելք 14:15):

Ուշադրություն դարձրու. Մովսեսը, բերանը չբացելով, ի սրտե աղաչում է, սակայն Աստված ասում է. «Ինչո՞ւ ես Ինձ աղաղակում»: Օրինակ վերցրու. Քանի որ Մովսեսի միտքը դեպի Աստված էր բարձրացած, այդ պատճառով նրա սրտագին պաղատանքը բարձրաձայն աղաղակելու նմանվեց: Քանի որ ընդունելի աղոթքը այն է, երբ մարդը իր միտքն ու սիրտը դեպի Աստծուն է ուղղում (Աղոթք է մտքի վերացումը դեպի Աստված): Ուստի՝ Աստծո հրամանի համաձայն, Մովսեսը իր գավազանով ծովին հարվածեց և իսկույն, Աստծո զորությամբ, մի ուժգին հողմ ծովը երկու մասի բաժանեց և երկու կողմերը բերդի նման բարձրանալով՝ հրաշալի ձևով ծովի հատակին մի ընդարձակ ճանապարհ բացվեց:

Սակայն, քանի որ հրեշտակը ամպի սյան նման առաջնորդում էր Իսրայելին, այս անգամ ետևի կողմը անցնելով՝ իսրայելացիների և եգիպտացիների բանակների միջև է կանգնում, իսրայելացիներին՝ լույս, իսկ եգիպտացիներին խավար անելու համար, որպեսզի վերջինները անկարող լինեն առաջ գնալով իսրայելացիների բանակին խառնվել: Այս կերպ Իսրայելի ժողովուրդը այն գիշեր սկսեց դիմացի ափն անցնել և երբ նրանց վերջին խումբն էլ անցումը վերջացրեց, այն ժամանակ հիշյալ ամպը նորից Իսրայելի բազմության առջևն անցավ:

Երբ առավոտ եղավ, փարավոնը տեսավ, որ ծովը բաժանվել է և իսրայելացիներն անցնում են հատակի վրայով, ուստի նրանց հասնելու համար, ինքն էլ իր զորքով ծովն է մտնում և երբ մոտ էին, նրանք բոլորն արդեն ցամքի վրա ոտք դրեցին: Այդ ժամանակ, Աստծո կամքով եգիպտացիներին մի սարսափելի երկյուղ և խառնաշփոթություն է տիրում, որից ո՛չ առաջ և ո՛չ էլ հետ գնալ են կարողանում: Ահա՛ այդ ժամանակ, վերջապես իրենց խելքը գլուխները հավաքելով, հարկադրված խոստովանում են և ասում. «Իսրայելի առջևից փախչենք, քանի որ Աստված նրանց համար եգիպտացիների դեմ պատերազմում է» (Ելք 14:25):

Այստեղ արժանի է շատ մեծ ուշադրությամբ խորհել համառ և խստասիրտ փարավոնի ողորմելի վիճակի շուրջ: Նա՝ ով իսրայելացիներին կոտորելով նրանց ունեցվածքին տիրանալու տենչանքով էր այրվում, ինքը կորստյան մատնվեց և Իսրայելը նրանից ավար վերցրեց: Քանի որ մեղքի չափը լրացած, ապաշխարելու ժամանակը անցած և պատժի ժամանակը հասած լինելով, Մովսեսը գավազանով ծովին հարվածելուն պես՝ ծովն իսկույն իր բնական ընթացքը և դիրքը ընդունեց՝ փարավոնին իր ամբողջ զորքով և ունեցվածքով ծովի ալիքներում ընկմելով: Հրաշալին այն է, որ ծովի ալիքները նրանց դիակները դեպի իսրայելացիների գտնված ափն էին քշում, և իսրայելացիները վերցնում էին նրանց վրա եղած բոլոր զենքերն ու պատերազմի այլ պարագաները և գործիքները, որոնց կարիքը խիստ շատ ունեին:

Հիմա տե՛ս. մի քիչ առաջ իսրայելացիները Մովսեսի դեմ գանգատվեցին, թե մեզ անապատում կոտորել պիտի տաս, այժմ Աստծո ողորմությամբ կատարված հրաշքը և թշնամու ոչնչացումը տեսնելով՝ բոլորը միասին խիստ ուրախացած՝ սկսում են Աստծուն փառաբանել և գովել: Մովսեսի քույրը՝ Մարիամը նույնպես բոլոր իսրայելացիների կանանց հետ թմբուկ հարվածելով՝ Աստծո կարողությունն ու հզոր զորությունն էր գովաբանում (Ելք 15:1):

Այս պարագայում դու մի՛ ասա, թե ինչո՞ւ Աստված փարավոնին չսպանեց, որպեսզի Իսրայելի ժողովուրդը օր առաջ ազատի նրա անգութ ձեռքից: Այո՛, Աստված կարող էր մի րոպեում ջնջել իսրայելացիների բոլոր թշնամիներին, սակայն Նրա համբերությունը, գթությունը, զորությունն ու արդարությունը հայտնի դառնալու, ինչպես նաև փարավոնի չարությունը աշխարհի առջև մերկացնելու համար համբերատարությամբ սպասում է, որպեսզի դա խրատվելու և զգուշանալու օրինակ լինի մնացածին, որ աչք և դատողություն ունեն, և այլևս չեն համարձակվի նրա չար օրինակին հետևել:

Քանի որ փարավոնի այնքան երկար ժամանակ ողջ մնալով՝ Աստծո գթությունը, տեսակ-տեսակ հրաշքներ գործելով՝ Նրա մեծ կարողությունը, Իսրայելի ժողովրդին մեծ փառքով Եգիպտոսից հանելով՝ Նրա ողորմությունը և փարավոնին ծովում ընկղմելով՝ Նրա արդարությունը հայտնվեցին, ուստի, մարդիկ խրատվելով պետք է հասկանան, որ երբ անգութ և հարստահարիչ բռնակալի ձեռքում իրավունքին հակառակ կեղեքվեն և պատժվեն, առանց հուսահատվելու՝ Աստծուն աղաչելով համբերեն, որպեսզի ի վերջո ուրախության օրեր վայելեն՝ որպես իրենց համբերության արդյունք, ինչպես որ իսրայելացիները՝ թեև Եգիպտոսում շատ նեղություններ կրեցին, սակայն երբ ազատվեցին՝ նրանց ուրախությունը և ցնծությունը էլ առավել եղավ:

Թող լավ խորհեն նրանք, որոնք Աստծո կամքին և հրամանին հակառակ ընթացք ունեն և չեն ապաշխարում: Քանի որ ինչպես փարավոնը պատժվեց սոսկալի հարվածներով, նույնպես էլ նրանք, ուշ կամ շուտ, պիտի պատժվեն: Արդարև, Աստված համբերող և ողորմած լինելով՝ մեղավորին անմիջապես չի պատժում, որպեսզի հետ դառնա և ապաշխարի, սակայն նա, ով Աստծո բարությունը չգնահատելով, օր օրի իր չար ընթացում առաջանում է, անպատճառ մի օր իր գործերի համեմատ կպատժվի: Ինչքան էլ դանդաղի և ուշանա մեղքի փոխարեն որոշված պատիժը, նույնքան էլ սաստիկ պետք է այն լինի: 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․