19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր
Ինչո՞ւ առաջին պատվիրանը կերակրի վերաբերյալ տրվեց:

Ինչպես որ Աստված նախ կերակուր տվեց մարդուն, այդպես էլ առաջին պատվիրանը կերակրի վերաբերյալ եղավ: Որովհետև մարդը միշտ իր օգտի հակառակ է [գործում], իսկ օգուտը այն է, երբ մեկի բաղձանքը ամբողջացնում ես, և բաղձանքն էլ [մարդուն] հայտնի բաների համար է լինում: Արդ, քանի որ մարդը այս աշխարհի մեջ է, մարմնի վերաբերյալ բաներ է ցանկանում, որ տեսնում է և մարմնական ցանկություններից առաջինը կերակուրն է (Ժողովող Զ:7):

Մանավանդ, մարդը այն աստիճան է պարտավոր Աստծուն սիրել, որ հանձն առնի իր կյանքը Նրա համար զոհել, և մարդու անձը երկրի վրա կերակրով է պահպանվում և կենդանի մնում, այս պատճառով առաջին պատվիրանը կերակրի վերաբերյալ եղավ: Մարդը մանուկ հասակում կաթով է սնվում և ինչքան մեծանում է, [այնքան] զանազան կերակուրներ է ցանկանում, այո՛, մարդուն պետք է կերակուրը, սակայն հացից և ջրից բացի մնացածը անհրաժեշտություն համարելը և կամ տեսակ-տեսակ կերակուրներ ցանկանալը անձը փչացնել է նշանակում [անձին վնասել է նշանակում], քանզի շատ ախտեր անչափ կերուխումներից են առաջանում: Ուտելու խնդիրը մարդու մտահոգության համար մեծ առարկա լինելու պարագայում, նաև հպարտությամբ անվան և համբավի սիրով տոչորվելով, հանդերձների և բնակարանի վերաբերյալ անհաշիվ և անիմաստ զբաղմունքներին ենթարկվել՝ պարզապես ինքն իրեն դատապարտել և պատժել է նշանակում:

Տիտղոսի և զվարճանքների համար շատ դրամ է պետք, շատ դրամ ձեռք բերելու համար կամ շատ նեղություններ պիտի կրել, կամ շատ մեղք գործել, այս երկուսն էլ մարդու հոգուն, մարմնին և հանգստությանը [խաղաղությանը] վնասակար են: Մանավանդ, որ այսպիսի անվայելուչ վարմունքը Աստծո հրամաններին հակառակ է, իսկ Աստծո հրամանին հակառակ գործողը անպատճառ պատժվում է:

Մարդու անձը և էությունը միմյանց հակառակ նյութերից բաղկացած լինելով, արդեն իսկ [նրան] ստիպում է միշտ մեծ պատերազմ մղել (Գաղ Ե 17), որովհետև մարդը երկրի վրա մարմնական բաները տեսնելով՝ դրանք է ցանկանում, իսկ հոգևոր բաները առայժմ տեսնել չկարողանալով՝ միայն ունկնդիր է լինում: Թեպետ ըստ աշխարհի՝ աչքը հաղթում է ականջին (ըստ առածի, թե ճշմարտագույն է տեսություն աչաց, քան ըզլուր ականջաց), սակայն հոգևոր խնդիրների, կամ պարագայի առումով ականջն է հաղթում աչքին (Հռոմ Ժ 17): Արդ, եթե մեր մարմնավոր աչքով տեսածները ցանկանալով, հոգևորը չխորհենք և զանց առնենք, ապա անասունի նման կլինենք:

Քանի որ անասունը ըմբռնում է միայն ներկայում կատարվող և տեսանելի բաները, սակայն մարդու փառքը հոգին է, որքան ավելի հոգու վերաբերյալ խնդիրների մեջ կատարելություն գտնի, այնքան [նրա] փառքը կմեծանա: Ուրեմն հոգևոր իրողությունների վրա լավ և շատ խորհիր, մի՛ ասա, թե նախ հասկանամ, հետո հավատամ, այլ նախ հավատա, որպեսզի հետո հասկանաս (այն առածի համաձայն, թե մի՛ իմանար՝ զի հավատասցես, այլ հավատա՝ զի իմանայցես):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․