Գրքեր
Աստված չգիտե՞ր, որ Ադամը մեղանչելու է, ինչո՞ւ պատվիրան տվեց:

Գիտեր: Սակայն Աստծո կանխագիտությունը մարդկանց մեղքի պատճառ չէ: Քանզի Նրա գիտությունից չի ենթադրվում, որ մարդը մեղանչի, իսկ պատվերը հարկավոր էր, քանզի մեծի և փոքրի մեջ տարբերությունը անհրաժեշտ է, և այս տարբերությունը կատարյալ սիրո և հարգանքի վրա է հիմնված: Արդ, պատվի և մեծարանքի մեջ ամենաընդունելին մեծի հրամանը կատարելն է (Հովհ ԺԴ 23), այս պատճառով պատվեր տրվեց, որպեսզի մարդու առ Աստված ունեցած սերն ու Նրա պատվիրանը պահելու տրամադրվածությունը հայտնի դառնա: Քանզի մարդը բոլոր առումներով պարտավոր է սիրել և պատվել Աստծուն և այս այլ բանով չի կարող հայտնել, եթե ոչ Նրա պատվիրանը կատարելով:

Մանավանդ, որ Աստված պատվիրան տվեց և այն գործադրելու միտքն ու կամքը նույնպես տվեց, որպեսզի մարդը իր մտքով ճշմարիտը ճանաչի և իր կամքով բարին սիրի: Արդ՝ ճշմարտության մեջ Աստծո հրամանը ամենաճշմարիտն է, և սիրելիների մեջ Աստծուց առավել սիրելի էակ չկա: Բացի այս, Աստված բավական շնորհ տվեց մարդուն, որ եթե հրամանին հակառակ գործի, ինքնաարդարացման տեղ չունենալով՝ հանցանքը մարդունը լինելը հայտնվի և պարզ երևա: Հիրավի, Աստված գիտի մարդու սիրտը, սակայն որպեսզի այն մարդուն ևս հայտնի լինի, պատվիրան է տալիս նրան, որով էլ մարդիկ պարտավորվում են Աստծո արդարությունը գովել, երբ հնազանդ եղողին պատիվ և փառք, իսկ անհնազանդին պատիժ տա (Բ Օր. Ը 2): Եթե Աստծո պատվիրանը մի անհնարին բան լիներ, ոչ ոք չէր կարող այն կատարել, սակայն շատերը կատարեցին. և ով որ թերանում է իր պարտականությունները կատարելու մեջ, ոչ թե անկարողության, այլ կամք չունենալու պատճառով է, քանզի Աստված երբեք անկարելի բան չի հրամայում (Հռոմ Ժ 6):

 

Պատվիրանը նման է հարթված ուղիղ ճանապարհի, որով ընթացողը շուտ և չմոլորվելով հասնում է նախատեսված իջևանին. եթե պատվիրան չլինի, մարդը անկոխ և անհետք անապատում մոլորված ճանապարհորդի նման չգիտի գնալու ճանապարհը և հետևաբար իջևան էլ չի կարող հասնել: Մանավանդ, եթե պատվիրան չլինի, կամ Աստված մարդուն ստիպի Իր պատվիրանը կատարել, այն ժամանակ մարդը վարձի չի արժանանա և անասունների աստիճանի կիջնի ու կստորանա: Իրոք, եթե բոլոր մարդիկ իրավունքի և արդարության համաձայն շարժվեն, պատվիրանի անհրաժեշտություն չի լինի, ինչպես օրինակ՝ Ենովքի, Նոյի Մելքիսեդեկի, Հոբի և ուրիշ սրբերի պարագայում, բայց շատերը ապօրեն ընթացքի հակվելով՝ Աստված իր հրամանն, օրենքն ու կամքը Սուրբ Գրքի մեջ հայտնեց, որպեսզի «չգիտենք» ասելով պատրվակների և պատճառաբանությունների չդիմեն:

Ուրեմն, ո՛վ մարդ, կամ պիտի հնազանդվես օրենքին, կամ հույսդ կտրելու ես արքայությունից: Դու պահիր Աստծո պատվիրանը, որպեսզի Աստված էլ քեզ փառավորի ըստ արժանիքներիդ (Ա. Թագ. Բ 30):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․