Գրքեր
Երրորդ դարը ինչո՞վ է զանազանվում երկրորդից:

Աստծո կողմից Աբրահամին կանչելով: Թեպետ երկրորդ դարում օրհնություն շնորհվեց մարդուն և ծիածանը որպես հաշտության նշան տրվեց նրան (ինչը որ Բ դարի առաջին հարցի մեջ հայտնի է), բայց մարդը Երուսաղեմի երկիրը չկանչվեց և Աստված մարդուն չերևաց: Միայն երրորդ դարում Աստծո կողմից հատկապես Աբրահամին կանչելով (Ծննդ. 12:1) նրան երևաց, և Աբրահամի հնազանդությամբ հայտնվեց մի կողմից Աստծո սերը դեպի մարդը, և մյուս կողմից մարդու հնազանդությունը առ Աստված: Որովհետև ինչքան էլ որ Աստված մեղքի պատճառով պատժեց մարդուն, այդ ու հանդերձ չզլացավ իր շնորհը տալ նրան, նույնպես էլ մարդը, որքան էլ որ հանցանք գործեց, այնուամենայնիվ մարդկանց մեջ Աստծո հրամանին հնազանդ եղող մարդիկ անպակաս եղան: Օրինակ. Ադամը դրախտից արտաքսվելուց հետո սգով և տրտմությամբ անցկացրեց իր կյանքը. Աբելը, Սեթը և Նոյը Աստծուն կատարյալ հնազանդություն ցուցաբերեցին: Նույնպես Աբրահամը, որը իր հոր՝ Թարայի հետ Բաբելոնի կողմերն էր բնակվում, Սեմի ցեղից լինելով, ոչ միայն ոչնչով անարժան ընթացքի մեջ չեղավ, այլ նաև կռապաշտության անմիտ և հիմար ըմբոստությանը ո՛չ հավանություն է տալիս և ո՛չ էլ հետևում: Նա, Աստծո ազդեցությամբ իր հոր հետ Խառան գնալուց հետո, որոշ ժամանակ այնտեղ բնակվեց, որտեղից յոթանասունհինգ տարեկան հասակում Աստված կանչում է նրան, որպեսզի իր ծննդավայրը, ազգը և հայրական տունը թողնելով՝ Աստծո ցույց տված տեղը գնա:

Լավ մտապահիր, ինչպես որ ծովի վրա խավար գիշերում իր ճանապարհը կորցրած նավաստին, փայլատակումների լույսով եզերքը նշմարելով, իր ճանապարհն է վերագտնում, այդպես էլ Աստծո կողմից Աբրահամին կանչելը, հավատի ճանապարհը մարդկանց հայտնելն էր:

Քանի որ Աստված Մեսիայի ձեռքով մարդուն պիտի ազատեր սատանայի գերությունից, Աբրահամի սիրտը շնորհներով լցնելով կանչում է նրան, որպեսզի ամբողջ մարդկության կողմից որպես փոխանորդ և ներկայացուցիչ, կատարյալ սիրով և հավատով Աստծուն հնազանդվելով, Մեսիան նրա ցեղից ծնվի և Մեսիային բոլոր հավատացողների հայր կոչվի, որպեսզի ամեն մի մարդ նրանից խրատ և օրինակ վերցնելով՝ հնազանդվի Աստծուն և Մեսիայի շնորհներով արքայությանն արժանանա:

Հիրավի, Աստված Աբրահամի սիրտը իր շնորհների բնակարան դարձնելու արժանի գտավ, բայց Աբրահամն էլ իր սիրտը կատարյալ հպատակությամբ Աստծուն տալու համար «հավատքի հայր» կոչվեց, և նրա «գոգը» արքայության օրինակ եղավ (Ղուկ. 16:22): Աբրահամը, ստացած հրամանի համաձայն, իր կնոջ Սառայի և եղբորորդի Ղովտի և իր ընտանիքի անդամների հետ իր հայրենիքը թողնելով, Քանան եկավ: Սակայն չի համարվում, որ նա իր պանդխտության մեջ խեղճ և թշվառ վիճակ ուներ, ընդհակառակը՝ Աստված նրան «մեծ ազգ» դարձրեց և շատ մեծ հռչակով ու համբավով փառավորեց: Քանի որ ամեն մի ճշմարտապես առաքինի մարդ, ուր էլ որ լինի, իր անարատ և անաղարտ կյանքով փառավորվում է:

Ուրեմն հարկ է, որ մենք ոչ միայն Աստծո բարության և մարդասիրության շուրջ խորհելով գոհ ու շնորհակալ լինենք, որ մարդուն կռապաշտության խավարից հանեց, այլ նաև Աբրահամի պանդխտությունից խրատվենք, քանի որ հիշյալը թեև իր բնիկ երկրում հավատաց Աստծուն, բայց գործնականում մինչև Բաբելոնից դուրս չեկավ, սուրբ Երուսաղեմի հողը չշնորհվեց նրան (Հակ. 2:26):

Նաև Բաբելոնը խառնակություն և Երուսաղեմը խաղաղություն նշանակելով, հեշտությամբ կարող ենք հասկանալ, որ մինչև այս աշխարհի խառնակ վիճակից չխուսափենք, մեզ համար հոգևոր խաղաղություն չկա. ուրեմն թող յուրաքանչյուր անձ իր հոգու փրկության համար խիստ զգուշությամբ ընթանա այս պանդուխտ անցավոր և երկրավոր կյանքում:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․