Գրքեր
Հակոբը միայնա՞կ գնաց Խառան:

Այո՛, միայնակ գնաց: Տխուր և տրտում, ցուպը ձեռքին աղքատի պես քայլելով գնաց: Երբ արևը մայր մտավ և մութը ընկավ, դաշտում մի ամայի վայրում պառկեց քնելու, և որպես անկողին հողն էր, իսկ բարձը՝ քարը (Ծննդ. 28:11): Այստեղ մտապահի՛ր մարդկանց խորհուրդները և Աստծո կարգադրությունը:

Քանի որ Եսավը՝ վրիժառության մտադրությամբ, ցանկանում է սպանել Հակոբին, Ռեբեկան՝ անզավակ չմնալու խորհրդով, Հակոբին օտար երկիր ուղարկելով՝ բաժանում է նրան Եսավից և հեռացնում, Իսահակը՝ Հակոբի համար քանանացի աղջիկ չառնելու նպատակով հրամայում է Խառան գնալ և ամուսնանալ: Հակոբը համաձայնվում է գնալ, որպեսզի ազատվի Եսավի չարությունից: Հիրավի, սրանցից յուրաքանչյուրը մի-մի առանձին մտադրությամբ գործեցին, սակայն միևնույն պահին տեսնում ենք, որ Աստված իր անսահման ողորմությունը Հակոբին հայտնելու համար Խառան ուղարկեց նրան:

Սակայն Ճանապարհին և գնացած տեղում իր հետ ինչ պատահելը չիմանալով՝ Հակոբի սիրտը անհանգիստ է: Ապահով եղի՛ր, ո՛վ Հակոբ և հայրենիքդ թողնելով միայնակ ու առանձին մնալու համար մի՛ տխրիր և մանավանդ մի՛ վախենա, քանի որ քո ապահովության համար երկնքի հրեշտակները մեծ պատրաստության մեջ են և ցանկանում են աստիճան դնելով երկիր իջնել և ընկերանալ քեզ:

Արդարև Հակոբը այն գիշեր երազում տեսավ, որ մի սանդուղք երկրից մինչև երկինք էր բարձրացած, որի վրայով հրեշտակները բարձրանում և իջնում էին. Աստված նրա հետ խոսելով մխիթարում է և քաջալերում, որ չվախենա, որովհետև նրա հետ պիտի լինի և ամեն կերպ նրան պահպանելով՝ Քանանի երկիրը պիտի վերադարձնի (Ծննդ. 28:12): Բացի այդ Աբրահամին և Իսահակին տրված խոստումները նրան էլ են տրվում, թե իր սերունդը չափազանց շատ պիտի աճի և բազմանա, և թե բոլոր մարդիկ նրա զավակով օրհնության պիտի արժանան:

Ուշադիր եղի՛ր, Հակոբը հայրենի երկրից, հորից և եղբորից բաժանվելով և միայնակ մնալով, Աստված նրան մխիթարում է, որ չտխրի: Քանի որ նա, ով հավատում է Աստծուն և հույսը դնում է Աստծու վրա, Աստված էլ, որպես հայր, պահպանում է նրան և հրեշտակներն էլ, որպես եղբայր, ընկերակցում են նրան, նաև երկնքի արքայությունը, որպես ճշմարիտ հայրենիք, շնորհվում է նրան: Հակոբը արթնանալով վախենում է և խոստովանում. «Այստեղ Աստծո տունն և երկնքի դուռն է» (Ծննդ 28:16):

Որովհետև հոգևոր առումով Հակոբի քնած վայրը Գողգոթա լեռան, իսկ սանդուղքը Սուրբ Խաչի օրինակն ու պատկերն է խորհրդանշում: Այս երազով Հակոբը մեծապես մխիթարվելով՝ շնորհակալություն է հայտնում Աստծուն, և որպես բարձ գործածված քարը օծելով՝ որպես նշանաքար է կանգնեցնում: Միևնույն ժամանակ որոշում է, որ եթե խաղաղությամբ վերադառնա՝ այն վայրում Աստծուն երկրպագի, և ինչ նյութական կարողություն էլ, որ իրեն շնորհվի՝ տասանորդ տա դրանից:

Ապա Խառանի դաշտում մի ջրհորի մոտ հասնելով կանգ է առնում, սակայն ջրհորի բերանը մի մեծ քարով փակված էր և մինչև որ այդ կողմի հովիվները չհավաքվեին, անհնար էր այդ քարը վերցնել, որի համար էլ Խառանի հովիվները այդ պահին այնտեղ սպասում էին, որպեսզի մյուսներն էլ գային և քարը մի կողմ տանելով՝ ջրեին իրենց հոտերը:

Հակոբը հարցրեց Լաբանի մասին և նրանք տեղեկություն տալով ասացին, թե ահա նրա աղջիկը՝ Ռաքելը դեպի մեզ է գալիս: Արդարև այդ պահին Ռաքելը (որ հոր ողչխարներն էր արածեցնում) գալիս էր ոչխարներին ջուր տալու. այդ ժամանակ Հակոբը հիշյալ քարը մի կողմ տանելով՝ ջրում է նրա ոչխարներին: Միևնույն ժամանակ ազգականության սիրով սկսում է սաստիկ արտասվել և Ռաքելին հայտնում է, որ ինքը Իսահակի որդին է: Նա գնում և Հակոբի գալստյան մասին տեղեկացնում է Լաբանին, որը նրան դիմավորելով, սիրով իր տունն է տանում և Հակոբը մնում է նրա մոտ:

Այս պատմության մեջ Հակոբը հոգևոր առումով Մեսիայի օրինակն է, քանի որ ինչպես նա հորի վրայի քարը վերցնելով Ռաքելի ոչխարների ծարավը հագեցնում է և մեծ սեր հայտնում Ռաքելին, նմանապես Մեսիան (Քրիստոս) հին օրենքի վրայից ծանր վարագույրը վերցնելով՝ քրիստոնյաներին հոգևոր շնորհներով լցրեց և Սուրբ եկեղեցուն Իր սերը ընծայեց:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․