Գրքեր

Հոբ 6:2-7:13

6:2 «Թէ որ կշռելով կշռէր մէկը իմ սրտմտութիւնը, ցաւերս էլ բարձէր նժարին կշռի, ծովի աւազներից էլ ծանր կը լինէին դրանք: 3 Խօսքերս կարծես խենթ-խելառ լինեն, 4 զի նետերն Տիրոջ մէջն են իմ մարմնի, զայրոյթը նրա արիւնս է ծծում. բերան բացելիս կտըտում են ինձ: 5 Արդ, մի՞թէ զուր է էշն վայրի զռում, եթէ չի խնդրում իր համար նա կեր: Կամ թէ կը գոռա՞յ եզը մսուրում, եթէ ունենայ առատ կերակուր: 6 Կամ կ՚ուտուի՞ առանց աղի հաց: Կամ համ կը լինի՞ դատարկ խօսքերում: 7 Չի կարող հանդարտուել իմ հոգին, քանի որ շարաւոտ եմ տեսնում կերակուրս, ինչպէս հոտն առիւծի: 8 Երանի կատարուի խնդիրքն իմ, եւ յոյսս լիացնի Տէրը: 9 Սկսեց Տէրը ինձ խոցոտել, սակայն թող չսպանի ինձ իսպառ: 10 Գերեզմանս թող լինի քաղաքն իմ, որի պարսպի վրայ ճեմում էի. չպիտի խնայեմ ես նրան, որպէսզի սուտ չելնեն խօսքերը սուրբ Աստծուս: 11 Զօրութիւնս ի՞նչ է, որ համբերեմ. ժամանակս ի՞նչ է, որ դիմանայ իմ հոգին: 12 Մի՞թէ քար զօրութիւն է ուժն իմ. մարմինս պղնձի՞ց է միթէ: Կամ չէի վստահում ես դրան: 13 Զրկուեցի ինքս իմ նեցուկից. Օգնութիւնն հեռացաւ արդ ինձնից. Տիրոջ այցն անտեսեց ինձ լրիւ: 14 Մերձաւոր չնայեց երբեք ինձ. նուազած առուի պէս, ալիքի պէս անցան իմ կողքով:606 15 Ովքեր դողում էին ինձանից, 16 այժմ ահա եկել են ինձ վրայ: 17 Ձիւնն ինչպէս կամ ինչպէս քարացած սառոյցը, որ իսկոյն հալչում է ջերմոյթից, չի յիշում, թէ ինչ էր ինքն առաջ, - 18 նոյն ձեւով լքուեցի բոլորից նաեւ ես, կորստեան մատնուեցի ու դարձայ ես տնանկ: 19 Եւ դուք, որ նայում էք Սաբայի շաւիղին, տեսէք եւ ճամփաներն թեմնացւոց. 20 ամօթով կը մնան, ովքեր որ յոյս դրին քաղաքի, ինչքերի վրայ այս: 21 Դէ ահա դուք նոյնպէս անողորմ հասել էք ինձ վրայ. գէթ վէրքիս նայելով դուք երկիւղ կրեցէք: 22 Այժմ բան խնդրեցի՞ ես ձեզնից, 23 կամ միթէ ձե՞ր ուժով կարող եմ փրկել ինձ թշնամուց, կամ փրկել հզօրաց ձեռքերից: 24 Ուսուցէք դուք էլ ինձ՝ կը լռեմ: Իսկ եթէ մոլորուած ես լինեմ, ինձ խելքի՛ բերէք դուք: 25 Բայց կարծէք իզուր են խօսքերն այս ճշմարիտ. չէ՞ որ ես ձեզանից զօրութիւն չեմ խնդրում: 26 Ոչ էլ ձեր կշտամբանքի բառերն են կարող լռեցնել. պիտ չանսամ նաեւ ձեր բարբառած խօսքերին: 27 Բայց քանի հասել էք ինձ վրայ, իբրեւ մի որբուկի, շարժուել էք բարեկամի վրայ ձեր, - 28 էլի ես նայելով ձեր դէմքին՝ պիտ երբեք չստեմ: 29 Նստեցէ՛ք. դատի մէջ անիրաւ բան չլինի. եւ դարձեալ արդարին հետեւէ՛ք, 30 քանի որ իմ լեզուին անիրաւ բան չկայ, քիմքս էլ չի ձգտում երբեք իմաստութեան»:

7:1 «Փորձութիւն չէ՞ միթէ երկրի վրայ կեանքն մարդու. վարձկանի օրական վարձը չէ՞ կեանքը իր: 2 Ինչպէս որ ծառան է վախենում տիրոջից ու պահւում ստուերում, կամ ինչպէս վարձկանն է սպասում իր վարձին, - 3 այնպէս էլ ես զուր եմ սպասել ամիսներ: Ցաւագին գիշերներ են բաժին ընկել ինձ. 4 թէ քնեմ՝ ասում եմ. “Ե՞րբ պիտի բացուի լոյս”, արթնանամ՝ դարձեալ թէ՝ “Ե՞րբ կը լինի երեկոյ”: Ցաւով եմ լեցուն ես իրիկուն-առաւօտ: 5 Ծածկուած է մարմինս զազրելի որդերով. խեցեր եմ մաշել ես թարախոտ վէրքերն իմ քերելու: 6 Եւ կեանքս խօսքից էլ թեթեւ է. կորել է նա ունայն յոյսերում: 7 Յիշի՛ր, որ քամի է կեանքը իմ. աչքերս է՛լ չեն տեսնի բարի բան. 8 չեն նայի այլեւս ինձ աչքերն տեսնողի: Աչքերդ ինձ վրայ ես յառում. այլեւս չեմ լինի՝ երկնքից ջնջուած ամպի պէս: 9 Զի եթէ իջնի մարդ գերեզման, 10 չի ելնի այլեւս, չի դառնայ՝ իր տունը. իր տեղն էլ նրան չի ճանաչի: 11 Այսուհետ չպիտի զսպեմ ես բերանս. պիտ խօսեմ, քանի դեռ վիշտ ունեմ, տագնապով պիտ բացեմ դառնութիւնն իմ հոգու: 12 Ծո՞վ եմ ես, թէ՞ կէտ ձուկ, որ շուրջս պահակ ես դու կարգել: 13 Ասացի՝ ամոքեն պիտի ինձ մահիճներս. եւ ինքս պիտ քննեմ անկողնում իմ բոլոր գործերը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․