23 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Բ Կորնթացիներ 9:10-10:6

9:10 Եւ Աստուած, որ սերմ է պարգեւում սերմնացաններին եւ ուտելու հաց, պիտի պարգեւի եւ պիտի բազմացնի նաեւ ձեր սերմնացուն եւ պիտի աճեցնի ձեր արդարութեան պտուղները: 11 Ամէն ինչում դուք պիտի հարստանաք ամենայն առատութեամբ, որ մեր միջոցով շնորհակալութեան զգացում է առաջ բերելու Աստծու հանդէպ. 12 որովհետեւ այս պաշտօնիս ծառայութիւնը ոչ միայն սրբերի կարիքները լրացնելու համար է, այլեւ շատերի միջոցով Աստծու հանդէպ շնորհակալութիւնը աւելացնելու համար: 13 Այս ծառայութեան փորձով շատերը պիտի փառաւորեն Աստծուն՝ Քրիստոսի Աւետարանը խոստովանելու հնազանդութեան եւ այն առատաձեռնութեան համար, որով հաղորդակից էք անում նրանց եւ ամենքին: 14 Եւ նրանց աղօթքները ձեզ համար են. քանզի անձկագին սիրում են ձեզ Աստծու այն առատ շնորհների համար, որ կան ձեր մէջ: 15 Եւ գոհութիւն Աստծուն՝ նրա անպատում շնորհների համար:

10:1 Եւ աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզութեամբ եւ քաղցրութեամբ, ես ինքս՝ Պօղոսը, որ իբրեւ թէ խոնարհ մէկն եմ, երբ ձեր մէջ եմ, բայց երբ հեռու եմ ձեզանից, համարձակ եմ ձեր հանդէպ: 2 Աղաչում եմ, որ մօտ գտնուելիս էլ չլինի, թէ համարձակ լինեմ այդ նոյն վստահութեամբ կամ յանդուգն գտնուեմ ոմանց նկատմամբ, որ մեր մասին կարծում են, թէ մարդկային շարժառիթներից ենք մղւում. 3 որովհետեւ, թէպէտեւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատումներից մղուած չէ, որ պայքարում ենք 4 (քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ այլ՝ Աստծու կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները). 5 քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին 6 եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինելու ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․